Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«19-րդ դարում Թիֆլիսին 25-26 հայ քաղաքագլուխ ենք տվել…»

«19-րդ դարում Թիֆլիսին 25-26 հայ քաղաքագլուխ ենք տվել…»
17.04.2009 | 00:00

ՔԱՄՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով բազմաթիվ գրքերի և ուսումնասիրությունների հեղինակ է:
-Պարոն Վարդանյան, ապրիլի 14-ին Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի ունեցավ Ձեր կազմած «Փրկված հեքիաթներ» գերմաներեն գրքի շնորհանդեսը: Գրքում ընդգրկված են հայ երեխաների հավաքած ժողովրդական բանահյուսության նմուշներ: Ինչպե՞ս ծնվեց պատանեկան բանահավաքչական այդ շարժումը:

-1978 թվականն էր, աշխատում էի «Պիոներ կանչում»: Թերթը ողողված էր պիոներների նամակներով, որոնք իրենց ջոկատների կատարած լենինյան աշխատանքների մասին էին: Մարդիկ, ովքեր կարող էին պատմել Մուշի, Վանի, Ալաշկերտի, Սասունի, Ղարաբաղի, Նախիջևանի հեքիաթները, մահանում էին ու, փաստորեն, անդառնալիորեն կորչում էին նրանց իմացած բանահյուսական գանձերը, որոնք փրկելու մտահոգությամբ ես «Պիոներ կանչում», որն այդ տարիներին ուներ 220-230 հազար տպաքանակ, հրապարակեցի կոչ՝ ուղղված բոլոր հայկական դպրոցների աշակերտներին, որպեսզի նրանք գրի առնեն իրենց տատիկ-պապիկներից, հարևաններից, ծանոթներից լսած բանահյուսական նյութերը և ուղարկեն խմբագրություն: Շուտով ստացանք հարյուրավոր նամակներ: Ես օրը մի քանի տասնյակ պատասխան նամակ էի ուղարկում, հորդորում, որ շարունակեն գրել, բացատրում, թե ինչպես գրի առնեն հեքիաթները, պատվիրում նշել ասացողի տվյալները: Երկու տարի շարունակ ահռելի քանակությամբ նամակներ ստացանք Հայաստանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցներից: Եղած նյութն ամեն ամիս տպագրում էինք «Պիոներ կանչում»: Դրանց հիման վրա 1981 թ., նկարիչ Նիկոլայ Մանուկյանի գունեղ ձևավորմամբ, 15 հազար տպաքանակով հրատարակեցի «Հրեղեն ձին» ժողովածուն, որն ընդգրկում էր հեքիաթներ, առակներ, հանելուկներ, երգեր: Ժամանակին այն փնտրված գիրք էր, և նրա շնորհիվ բանահյուսության բավականին նմուշներ փրկվեցին:
-2003 թ. լույս տեսած երկրորդ գիրքը՝ «Թագավորի երազները», ի՞նչ նյութեր է ընդգրկում:
-Առաջին գրքից որոշ բան դուրս մնաց: Բացի այդ, թեև ժողովածուն արդեն հրատարակվել էր, բայց դպրոցականներից շատերը շարունակում էին նոր գրառումներ ուղարկել: Մտածում էի դրանք ևս տպագրելու մասին: Եվ դա հաջողվեց անել 20 տարի անց՝ 2003-ին: Գրառողներին գրքեր նվիրելու նպատակով նամակներ գրեցի տարբեր գյուղեր։ Պարզվեց` հասցեատերերից շատերն արտագաղթել են: ՈՒմ կարողացել եմ գտնել, նվիրել եմ գրքեր, այդ թվում՝ բանաստեղծ Վարուժան Խաստուրին, արձակագիր Սուսաննա Հարությունյանին: Մյուսներին փնտրում եմ: Ի դեպ, այդ երկու ժողովածուներից ընտրված մի քանի տասնյակ հեքիաթները թարգմանվել են անգլերեն և գերմաներեն: Անգլերենը տպագրվել է 2007-ին, 500 տպաքանակով, իսկ գերմաներենը, որի շնորհանդեսն էր Խնկո Ապոր գրադարանում, 300 օրինակով, երկուսն էլ պետպատվերով: Նշեմ, որ գերմաներեն գիրքը նկարազարդել են 9-13 տարեկան երեխաները:
-Իսկ ի՞նչ տպաքանակով է օրերս լույս տեսել Ձեր նոր ուսումնասիրությունը՝ «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը»:
-Նախ` ասեմ, որ այդ գիրքը հրատարակելու համար շատ շնորհակալ եմ Երևանի պետհամալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին և օսմանագիտական կենտրոնի ղեկավար, դոցենտ Լուսինե Սահակյանին, որը հորդորեց այն գրել և միջնորդեց տպագրության համար: Գիրքը լույս է տեսել 300 օրինակով, որը, ցավոք, Հայաստանի համար դարձել է սովորական տպաքանակ: 1980-ական թթ., երբ Սուխումում կամ Մայկոպում աբխազ կամ ադըղ գիտնականներն ինձ իրենց գրքերն էին նվիրում, որոնք տպագրվել էին 5-6 հարյուր օրինակով, ես խղճահարության զգացում էի ունենում, պարզապես մեղքս գալիս էին այդ վաստակաշատ մարդիկ: Ի՞նչ անեին, որ իրենց ժողովուրդները փոքրաքանակ էին, շատերն էլ ուծացել էին: Հպարտ էի, որ այդ օրերին իմ «Հայոց մայրաքաղաքները» տպագրվել էր 20000 տպաքանակով, բայց էլի չէր ճարվում, որտեղի՞ց իմանայի, որ կանցնի մի 25 տարի, ու ես կուրախանամ նույնիսկ 300 օրինակով գիրք տպագրելու համար: Եթե Երևանը միլիոնանոց քաղաք է, իսկ հայերն ամբողջ աշխարհում, ըստ որոշ տվյալների, յոթից տասը միլիոն են, ուրեմն 300 օրինակ գիրք տպելն ինքնաոչնչացման նշան է, որի դրսևորումներից մեկն էլ անհանգստացնող չափերի հասնող արտագաղթն է: Իսկ մեր հեռուստաալիքները հրճվանքով ցուցադրում են օտար երկրներում շքեղ առանձնատներում ապրող մեր հայրենակիցներին՝ կարծես շահագրգռելով հայաստանցիներին թողնել և գնալ արտասահման: Ամբողջ գաղափարախոսությունն այն է, որ դրսում ավելի լավ է, քան հայրենիքում: Կարծես՝ ուզում ենք տարրալուծվել, ջնջվել: Չգիտեմ՝ մեր գենի մե՞ջ է մտել այդ ինքնաոչնչացման մանրէն, թե՞ մեր գլխում է ինչ-որ բան խախտվել: Այսօր ում հետ զրուցում եմ, պարզվում է, որ երեխաները Հայաստանում չեն: Բայց իրենք թունդ բանավիճում են՝ Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը, թե ոչ, հողերը կվերադարձնե՞ն, թե ոչ: Բայց երբ հարցնում եմ` եթե քո երեխաները Հայաստանում չեն, ո՞վ պիտի գնա ապրի այդ հողերում, նեղանում են: Այդքան կուսակցություններ ունենք, բայց չեմ տեսել, որ նրանք արտագաղթի մասին խոսեն, մեր եկեղեցին էլ է համառորեն լռում, այնինչ զանգերը պիտի խփեր, քանզի մեր ազգի արյունատար անոթները կտրվել են, և արյունը հոսում է բաց երակներից: Ազգի գենոֆոնդն է կորչում: Հարյուր հազարներ են արտագաղթել՝ թքելով Հայաստանի վրա, կամ` գուցե Հայաստա՞նն է թքել նրանց վրա: Կոպիտ է հնչում, բայց փաստ է: Երբեմն ինձ թվում է, որ մենք՝ հայերս, հայերից ենք փախչում: Բնությունից, ցրտից, անբարենպաստ պայմաններից չենք փախչում: Օրինակ՝ Ռուսաստանի արևելքում, ուր շատ ավելի ցուրտ է, ՈՒրալից մինչև Վլադիվոստոկ և Կուրիլյան կղզիներ մոտավորապես 300000 հայ է ապրում: Քամու բերանն ընկած չոր տերևների նման ուր ասես քշվել ենք:
-«Հայաստանի մայրաքաղաքները» գրքում Դուք տեղեկություններ եք հաղորդում մեր 12 մայրաքաղաքների մասին: Այսքան շատ մայրաքաղաքների գոյությունն ինքնին չի՞ վկայում տեղափոխությունների հակված մեր բնույթի մասին:
-Պարզապես տարբեր դարերում զանազան պատճառներով 12 տարբեր արքայանիստ քաղաքներ ենք ունեցել: Այն ժամանակ այդ փոփոխությունները Հայաստանից դուրս չէին, իսկ հիմա գնում ենք Հայաստանից դուրս: Եվ դասեր էլ չենք քաղում պատմությունից: 1905թ., 1918 թ. Բաքվում հայերի կոտորածներ եղան, ու դրանից հետո հայերը նորից գնացին բնակվեցին Բաքվում: Ես ուղղակի ապշած եմ: Երկու տարեկան երեխայի մատը, երբ դիպչում է տաք վառարանին, նա նույնիսկ չվառվող վառարանին այլևս ձեռք չի տալիս, զգուշանում է, ինչո՞ւ 200000 հայություն լցվեց Բաքու, հետո ամեն ինչ թողած մազապուրծ փախավ: Զանգեզուրը, Դաշտային և Լեռնային Ղարաբաղը դատարկելով` հայությունը գնում էր Բաքու: Ինչո՞ւ: Ես դա չեմ ընկալում: Հիմա բողոքում ենք Թիֆլիսի հայ եկեղեցիների վտանգված ճակատագրի մասին: Կրկին զարմանում եմ մեր մտավորականության, մեր ժողովրդի վրա: Ինչո՞ւ գնացին-լցվեցին Թիֆլիս ու այնտեղ կառուցեցին այդ մի քանի տասնյակ եկեղեցիները, հայկական մշակութային կենտրոնները, երբ հստակ գիտեին, որ Թիֆլիսը Հայաստան չէ, Հայաստանը Երևանն է:
18-րդ, 19-րդ դարերում հայկական ոչ մի քաղաքական ուժ, ազգային գործիչ ապագա անկախ Հայաստանի մայրաքաղաքը Թիֆլիսը, առավել ևս Բաքուն չի նախատեսել, այլ Երևանը: Շ. Շահամիրյանի «Որոգայթ փառացում» և 1778 թ. Վենետիկում հրատարակված Հայաստանի քարտեզի վրա Երևանն է նշված որպես մայրաքաղաք: ՈՒրեմն ինչո՞ւ Հայաստանը լքելով կուտակվեցինք Թիֆլիսում ու Բաքվում, երբ 19-րդ դարի սկզբին Թիֆլիսը, Բաքուն ու Երևանն իրենց բնակչության թվով համարյա հավասար էին, և այն, որ դարավերջին նրանք անհամեմատ առաջընթաց ապրեցին, մեծ մասամբ հայերի շնորհիվ էր: Հենց հայերի կողմից Երևանին վերապահվեց աղքատ ազգականի դեր: Այն դեպքում, երբ այն Հայկական մարզի, հետագայում էլ Երևանի նահանգի կենտրոնն էր և իր իրավական ու վարչական կարգավիճակով զարգանալու մեծ հնարավորություն ուներ: Ասում են, թե 19-րդ դարում Թիֆլիսին 25-26 հայ քաղաքագլուխ ենք տվել: Է, քաղաքագլուխ տվող ժողովուրդ ենք, ինչո՞ւ Երևանին մի կարգին քաղաքագլուխ չենք կարողանում տալ և միլիոնանոց մայրաքաղաքը որբի գլուխ ենք դարձրել, ով ասես վարսավիրություն է սովորում:
-Դուք զբաղվում եք նաև համշենահայերի, մուսուլմանացած հայերի խնդիրներով: Խնդրում եմ, պատմեք նաև այդ մասին:
-Արդեն հինգ տարի է, որ տպագրվում է «Ձայն համշենական» ամսաթերթը, որն անվճար բաժանվում է Աբխազիայում, Կրասնոդարի երկրամասում, սփյուռքի մի շարք գաղթօջախներում: Թերթում պարբերաբար անդրադառնում եմ ոչ միայն քրիստոնյա, այլև մահմեդական համշենահայերին: Վերջերս Աբխազիայում էի և մի տարօրինակ իրողության ականատես եղա. այսօր Հայաստանից մարդիկ տեղափոխվում են Աբխազիա՝ պատերազմող գոտի: Ապշելու բան է: Աբխազահայերն ու անգամ բնիկ աբխազներն արտագաղթում են, բայց Ապարանից, Թալինից, Արմավիրից, այլ տեղերից, նույնիսկ Երևանից բազմաթիվ հայեր վերջին տարիներին գնացել ու բնակություն են հաստատել Աբխազիայում և ... իրար հետ ռուսերեն են խոսում: Ես այս երևույթների բացատրությունը չեմ գտնում: Եթե Ամերիկա, Եվրոպա են գնում, հասկանում եմ, թե ինչու: Լավ կյանքի, անհոգ ապրելու նպատակ ունեն: Բայց պատերազմի վտանգը չթոթափած տարածաշրջա՞ն: Աբխազիայի շատ գյուղերում անգամ հեռախոս չկա, կյանքը դժվար է: Աշնանը, ձմռանն ու գարնանը օրեր շարունակ չդադարող անձրևներ են, ցեխոտ, դժվարանցանելի ճանապարհներ, բայց էլի Հայաստանից արտագաղթում են Աբխազիա:
-Հիմա Աբխազիայում քանի՞ հայկական դպրոց կա:
-1941 թ. այնտեղ եղած 128 հայկական դպրոցների փոխարեն այժմ գործում են միայն 32-ը, 12 հազար աշակերտից մնացել են 1916-ը: Մարդիկ գյուղից գյուղ դպրոց են հաճախում: ՈՒղղակի հերոսություն է նրանց արածը: Ցեխը տրորելով, անտառներն ու բլուրները հաղթահարելով՝ ուսուցիչները, գեղեցիկ, մաքուր հագնված, ճերմակ ժապավեններով աշակերտներն ամեն օր կիլոմետրերով ճանապարհ են կտրում, որ գան հայկական դպրոց: Էլի ու էլի համոզվում եմ, որ մեր ժողովրդի հենասյունը ուսուցիչներն են: Իսկական հայրենասիրությունը, հերոսությունն այդ դժվարությունների գնով դպրոց պահելն է:
-Ինչպե՞ս են մուսուլմանացած հայերը հայտնվել Միջին Ասիայում:
-Դրանք Աջարիայի սահմանակից գյուղերի մահմեդական համշենահայերն են, որոնք պատերազմի շրջանում՝ 1944 թվականին, Ստալինի կամքով աքսորվել են Միջին Ասիա: Դա պատճառաբանվում էր այն սխալ մտայնությամբ, թե Թուրքիայի դեմ պատերազմելու դեպքում նրանք կանցնեն թուրքերի կողմը: Աքսորավայրերում՝ Ղազախստանում և Ղրղզստանում, մահմեդական համշենահայերին բնակեցրել են իրարից հեռու՝ մասնատված փոքր խմբերով: Խեղճ մարդիկ մինչև Ստալինի մահը մեկուսացված են ապրել՝ զրկված ամենատարրական բաներից: 1984 թվականին իմացա, որ Ղրղզստանի Օշի մարզի Կզըլ-Կիյա քաղաքում կան մահմեդական համշենցիներ: Իսկույն ինքնաթիռի տոմս գնեցի ու մեկնեցի այնտեղ: Հենց փողոցում արտաքինից ճանաչեցի մեր հայրենակիցներին, որոնցից շատերը, ի դեպ, խարտյաշ էին: Նրանք ինձ ասացին, որ առաջին հայն եմ, որը նրանց ասում է, թե իրենք հայ են: Մինչ այդ, բոլոր հայերը, իմանալով, որ նրանք մահմեդական են, ասել էին, որ նրանք հայ չեն: Ահավոր է ազգություն չունենալը: Երբ ապրում ես բազմազգ երկրում և չունես քո ազգային պատկանելությունը, դու ոչինչ ես: Անկախ այն բանից, թե նրանք քանի տարեկան էին, ինչպիսի գերդաստան ունեին, քանի ոչխար ունեին, ինչ հարստության տեր էին, իրենց անտեր էին զգում: Հայ լինելը, աշխարհին հայտնի մեծություններ տված ազգի զավակ լինելը նրանց համար հպարտություն էր: Ես այդ մարդկանցից լսեցի ու գրի առա հրաշալի նյութեր՝ հայերեն երգեր ու հեքիաթներ: ՈՒսումնասիրեցի նրանց բարբառը: Մինչ այս գիրքը տպագրելը որոշ բաներ լույս ընծայեցի «Ձայն համշենական» ժողովածուի 3-րդ հատորում՝ 1989 թվականին: Մեր հանդիպումներից հետո նրանցից շատերը ցանկացան բնակություն հաստատել Հայաստանում: Ես ծրագրում էի, որ մահմեդական համշենահայերը բնակվեին Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո և այլ ռուսաբնակ գյուղերում՝ ռուսների, նաև Սև ծովի առափնյակից Հայաստան տեղափոխվել ցանկացող քրիստոնյա համշենահայերի հետ, քանզի Միջին Ասիայում նրանց երեխաները ռուսական դպրոցներ էին գնում, բացի այդ, նրանք գրական հայերեն չէին հասկանում: Բայց պետական աջակցություն չեղավ: Հետո էլ երկրաշարժ, պատերազմ, բռնագաղթածներ, ու Միջին Ասիայի համշենցիների մի մասը տեղափոխվեց Կրասնոդարի երկրամաս, որտեղ, հուրախություն բոլորիս, հետագայում ամուսնություններ գրանցվեցին նրանց և քրիստոնյա հայերի միջև, ամրապնդվեց հայության երկու հատվածների կապը:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3851

Մեկնաբանություններ