Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Թուրքի հետ կատակ չեն անում»

«Թուրքի հետ կատակ չեն անում»
17.04.2009 | 00:00

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԵԼ, ԱՅԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ»
«Եթե ՀՀ իշխանությունները դեռ չգիտեն Թուրքիայի իրական նպատակները, ինչո՞ւ չեն ուզում լսել հայ հասարակության գիտակ շերտի կարծիքը, ինչո՞ւ են անտեսվում, անպատասխան մնում մասնագետների բարձրացրած տասնյակ հարցերն ու զգուշացումները, ինչո՞ւ չեն կազմակերպվում հրապարակային բանավեճեր Հայաստանի` թուրքական դիվանագիտության վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեցող մասնագետների մասնակցությամբ»,- այսպիսի հարցադրումներով հանդես եկավ «Արարատ» ռազմավարական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ներկայացնելով կենտրոնի` «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով իրականացրած շուրջ 200 հարցազրույցների արդյունքները։ Դրանց համաձայն` հարցվողների 11 տոկոսը կողմ է արտահայտվել Հայաստանի` Թուրքիայի հետ մերձեցման ներկա քաղաքականությանը, իսկ 61 տոկոսը` դեմ։ Հարցին կոնկրետ պատասխան չի տվել 6,5 տոկոսը, 1,5 տոկոսն էլ պատասխանել է` չգիտեմ։ Հարցվածների 20 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, սակայն լուրջ վերապահումներով։ Կենտրոնի հարցաշարը ներառել է նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությանը, բաժնետոմսերի գնմանն առնչվող հարցեր։ Ամփոփելով հարցման արդյունքները` կենտրոնի տնօրենը փաստեց. «Հայ-թուրքական հակամարտության կարգավորումն այսօր քարոզվող արագ, «սպորտային» միջոցներով անհնար է։ Այդպիսի չկշռադատված փորձերի արդյունքում կարող է տուժել միայն Հայաստանը։ Իրատեսությունը պահանջում է Հայաստանի արտաքին քաղաքականության վերանայում` Թուրքիայի ակնհայտ թշնամության անտեսումից դեպի Հայաստանի շահերի վճռական պաշտպանություն։ Միայն ամուր և պաշտպանունակ Հայաստանի կայացումից հետո Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը կհաշտվեն հայկական պետականության գոյության իրավունքի հետ»։
Քննարկմանը մասնակցում էր նաև էթնոհոգեբան, դոցենտ, «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ, ում մի քանի հարցեր ուղղեցինք թուրք էթնոսի նկարագրի վերաբերյալ։
-Կտրականապես դեմ արտահայտվելով հայ-թուրքական սահմանի բացմանը` Դուք այդ դիրքորոշումը բացատրեցիք թուրք էթնոսի առանձնահատկություններով։ Ո՞ր առանձնահատկությունները նկատի ունեիք։
-Թուրքն ագրեսիվ է, էքսպանսիոնիստ, աչք ունի մեր վերջին հողակտորի վրա։ Նրանք ամեն կերպ իրենց ոտքի համար տեղ են բացում, որ աստիճանաբար հայ ժողովրդին զրկեն նաև այս փոքր հողակտորից։ Թուրքը զավթիչ ազգ է։ Նրանց մեջ կա հետևյալ մտայնությունը. որտեղ որոշ ժամանակով մտնում, ապրում են, համարում են իրենցը։ Թուրքերի մասին այսպիսի կարծիք կա. երբ թուրքն առաջին անգամ հյուր է գնում, իրեն հյուր է զգում, երկրորդ օրը` տանտիրոջը հավասար, իսկ երրորդ օրը` տանտիրոջը դուրս է հանում ու դառնում տանտեր։ Իզուր չէ այս օրինակը։ Հետևաբար, մեզանից պահանջվում է խիստ զգուշավորություն, առավել ևս, որ մեր ուժերն անհավասար են։
-Կա երկու հակադիր կարծիք. ա) թուրքերը փոխվել են, բ) հայն ու թուրքը գենետիկորեն անհամատեղելի են։ Ո՞րն է ավելի մոտ իրականությանը։
-Թուրքիայի և ընդհանրապես յուրաքանչյուր ազգի փոփոխություն, եթե դիտում ենք հատկապես կարճ ժամանակահատվածի կտրվածքով, մակերեսային է։ Ազգի մտածելակերպը, հոգեկերտվածքը, աշխարհի նկատմամբ վերաբերմունքը, ազգային ինքնագիտակցությունը պատմականորեն են առաջանում և շատ կայուն են։ Դրանք առկա են մշակույթի, գրականության, պատմության, քաղաքագիտության մեջ։ Թուրք էթնոսի մեջ ինչ-որ խորքային փոփոխությունների մասին այս պարագայում խոսել պարզապես չի կարելի։ Դրանք լոկ մակերեսային փոփոխություններ են, որոնցով մարդիկ խաբվում են։ Ասում են` կոստյում են հագնում, լեզուներ գիտեն, սակայն թուրքը մնում է թուրք։ Ազգային ինքնագիտակցության կորիզը մնում է նույնը` նա նվաճող է։ Իսկ ինչ վերաբերում է անհամատեղելիությանը, ապա տարբեր ժողովուրդներ ձևավորվում են տարբեր պատմական պայմաններում և ունեն տարբեր հոգեկերտվածքներ։ Հնարավոր չէ, որ հայն ու թուրքը բարեկամներ լինեն, քանի որ նրանք շատ տարբեր են, մանավանդ որ երկար ժամանակ մեկը տիրող է եղել, մյուսը` ենթակա։
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները։
-Կարծում եմ` նույնիսկ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չպետք է հաստատել, այլ հյուպատոսական։ Բնականաբար, առևտրականների, քաղաքացիների գնալ-գալու խնդիր կա, բայց սա կարելի է կարգավորել նաև հյուպատոսական ծառայությունների, երրորդ երկրի միջոցով։ Դիվանագիտական ոլորտում նման երևույթ գոյություն ունի։ Թուրքերի հետ կատակ չեն անում, մանավանդ եթե քրիստոնյա ես ու հատկապես` հայ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2846

Մեկնաբանություններ