Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայեցող պոետը

Հայեցող պոետը
16.11.2012 | 11:58

Իվան ԻԼՅԻՆ

Մենք, հայեցող պոետներս, համոզված ենք` այն ամենը, ինչ գոյություն ունի երկրի վրա և երկնքում, կարող է դիտվել կամ լսելի դառնալ մեր կողմից, եթե վերածենք պատկերի ու մեկնաբանենք։ Ընդ որում, պատկերենք նույնիսկ ամենանուրբը, որը զրկված է զգայական նկարագրից, անշշունջ է, անտեսանելի և նվիրական։ Մենք չգիտենք, թե ինչպես է դա մեզ հաջողվում, և ինչ ենք մենք անում դրա համար։ Ոչ մի կանխամտածում այստեղ չի օգնի, ու ոչ մի «մեթոդ» չենք կարող մատնանշել։ Անկարելի է, չէ՞, «մեթոդ» անվանել մեր ինքնամոռաց երազը, մեր հայեցող «խորասուզումը», մեր կենտրոնացած «բացակայությունը» և շրջապատող կյանքը մոռացության տալը։ Մենք ուրիշներից ավելի վատ չգիտենք, որ երազանքը երազանք է, երազը` երազատեսություն, որ երևակայությունը կարող է չհամընկնել իրականության հետ, և որ պոետը վատ վկա է առօրյա գործերում. ախր չափազանց հաճախ է նա, Հերակլիտի իմաստուն խոսքով, «ներկա լինելով` բացակայում»։
«Երազանք»... «Երազ»... «Երևակայություն»... Բայց մի՞թե այդ ամենն այնքան անզոր է ու չնչին։ Մի՞թե հայեցողը, իրոք, ընդամենը «հորինող» է, ինչպես կոչում էին նրան Գոգոլի դարաշրջանում։ Իսկապե՞ս նրա հայեցումները ոչինչ չարժեն։ Իսկ գուցե ճիշտ հակառա՞կն է. գուցե հենց հայեցող բանաստեղծը, այդ երազող երազատեսը մեծ պայծառատես և ճշմարիտ է։ Ես նկատի ունեմ մեր գիշերային հասարակ երազները, որոնցում միշտ դու ես` զանազան օտար կերպարանքների մեջ, ինքդ քեզ վրա զարմանում, զայրանում, ինքդ քեզ գայթակղում ես բազմապիսի կրքերով։ Ո՛չ, ես նկատեցի հայեցող պոետի տեսիլքները։ Իսկ դա բոլորովին այլ բան է։ Տիեզերքի էությունը, նրա խորհրդավոր «ինքնաէությունը» կամ, ինչպես ասում են, «համաշխարհային հոգին», մնում են թաքնված ու չեն բացվում մարդկանց առաջ հեշտ, արագ, առավել ևս, սպառիչ ձևով։ Մենք` երազող պոետներս, բացարձակապես չգիտենք, թե ինչպես են «հասարակ» մարդիկ տեսնում այն, շատ հնարավոր է, որ նրանք իսկապես ոչինչ չգիտեն նրա մասին։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք հակված ենք ենթադրելու, որ աշխարհն ընկղմված է ինչ-որ խորհրդավոր «երազի» մեջ` հեռացել է ինքն իր մեջ, խորասուզվել է իր սեփական խորքը և թաքցրել իսկական էությունը կողմնակի հայացքներից։ Իսկ մե՞նք։ Մենք հետևում ենք նրան, մենք փորձում ենք բռնել նրան և ըմբռնել նրա կենդանի էությունը։
Երբ պոետը տրվում է ստեղծագործելուն, նա արդեն «քնած» չէ։ Սակայն, որպեսզի կարողանա բռնել իրենից հեռացած աշխարհի գաղտնիքը, նրա հետքով գնալիս ասես ինքն էլ է «ննջում»։ Ննջում է նաև նրա լրջմիտ և անօգնական ցերեկային գիտակցությունը` սահմանափակ ընկալմամբ և այդքան «խելացի» դատողունակ մտքերով։ Այդ սահմանափակ, վատատես «սուբյեկտը» քուն է մտնում, լուծվում է ինչ-որ հոգևոր կիսախավարի մեջ և «հեռացվում է» որպես իմացության օրգան։ Դրանով նա տեղ է ազատում նոր, արտաքնապես «քնած», իրականում ոգեշնչված և խորաթափանց հոգևոր հայեցման առաջ։ Այդ ժամանակ հոգու մեջ արթնանում են այլ, թև առած ուժեր, ու նրա առաջ բացվում են այլ տարածություններ, կարծես պատռվում են հատակն ու առաստաղը, նրանք ասես կծկվում են և անհետանում։ Ինչպես քամու ժամանակ, որը փչում է սարերի կողմից, օդը դառնում է թափանցիկ, հեռավորը թվում է շատ մոտ, անտեսանելին` տեսանելի, և աչքը սկսում է տեսնել նախաստեղծ գեղեցկությունն ու խորությունը։ Այդպես էլ պոետն է տեսնում աստղերը ցերեկային լույսի տակ, կարծես նայում է խոր ջրհորի միջից, նա լսում է գիշերային խավարի մեջ աշխարհի խորհրդավոր ձայները և դիպչում նրա բուն էության թաքուն զորություններին։ Ոգեշնչված պոետը մուտք է գործում ուրիշ աշխարհ, կամ նոր աշխարհն է մտնում նրա մեջ և տիրում նրան։ Նա ապրում է այդ աշխարհում, անմիջականորեն հաղորդակցվում է նրան, զննում այն, ականջ դնում նրան, ապրում նրա խորհրդավոր բնությամբ։ Նա կորցնում է ինքն իրեն այս աշխարհի գործնական վազքի մեջ, գոյության նախաստեղծ, նվիրական տարերքի մեջ։ Նա «քնի մեջ է» և «քնում է» աշխարհի հետ, տեսնում է նրա «երազները», զննում է նրա ստեղծագործ, սրբազան գաղափարը` տիեզերքի Աստծո գաղափարը։
Նա ապրում է համաշխարհային հոգու մեջ, որն իշխում է բոլոր իրերի և էակների վրա, և հաղորդակցվում է նրա ստեղծագործական աշխատանքին։
Եթե փորձենք դիտել այս ամենը դրսից և վերարտադրենք սովորական լրջմիտ լեզվով, դա «հարթմնի երազ» է, «պոետի երազանք», «երևակայության թռիչք», նույնիսկ «անմտություն»։ Բայց իրականում դա երազ չէ, այլ «արթնացում». պոետն արթնանում է ամենաիրականի համար այս կյանքում, նրա առաջ բացվում է գոյության կենդանի էությունը։
Եվ այն, ինչը նա «լսում» և «տեսնում» է, կատարելապես այլ բան է, քան մեր սովորական զգայական ընկալումները։ Արևը երգում է նրա համար փառահեղ մի օրհներգ, աստղերը նվիրում են նրան մարգարեություններ, նա տեսնում է, թե ինչպես են աղոթում սարերը, նա լսում է, թե ինչի մասին է երազում առուն, ծովը կանչում է նրան և խոստանում կենդանի անսահմանություն, մեղմ, մաքուր ձյունը բերում է նրան զարմանահրաշ մխիթարանք։ Ամբողջ տիեզերքը լի է ննջող սիրով և լուռ երգեցողությամբ։ Ծաղիկները թաքցնում են իրենց մտքերն ու տրամադրությունները։ Ճնճղուկները գիտեն շատ անհայտ բաների մասին և կարող են կանխագուշակել։ Վեհապանծ ծրագրեր են հասունանում ծառերի ու վտակների մեջ։ Եվ ոչ ոք չի հավատա պոետին, եթե նա փորձի պատմել, թե ինչ էր ասում իրեն քամին։
Քանի դեռ պոետն ընկղմված է այդ երազային խոկման մեջ, նա չի կարող «ստեղծագործել», «հորինել» կամ ստեղծել նոր կերպարներ ու ձևեր։ Սակայն այդ վիճակը չի կարող և չպետք է երկար շարունակվի, հակառակ դեպքում բանաստեղծը կարող է այլևս կյանք չվերադառնալ։ Այն վերջանում ու կորչում է, իսկ պոետը վերադառնում է սովորական կյանք։ Նա վերադառնում է թեթևակի «խելքը թռցրած», ուժասպառ և անօգնական, բայց հարստացած ու երջանիկ։ Նա բերում է իր հետ մի գանձ, որը երբեք չի կարողանալու սպառել բառերով։ Իսկ ինչքա՜ն է նա կորցնում «ճամփին», մոռանում անվերադարձ։ Եվ այն, ինչը նրան հաջողվում է պահպանել ու տեղ հասցնել, հենց իրեն թվում է աղքատիկ ու աղավաղված։ Երբեմն նրան համակում է այնպիսի զգացողություն, ասես ինքը հեքիաթի արքայազնն է` հենց նոր ուժաթափ ընկած իր հարստության ծանրությունից, տեսնում է իր առաջ միայն խեցեղենի կտորներ ու փորձում, չգիտես ինչու, հաշվել դրանք... Եվ այնուամենայնիվ, նա հաղորդակից եղավ աշխարհի նվիրական բնույթին ու ըմբռնեց նրա սրբազան էությունը։ Եվ ահա փորձում է ամբողջ հավաքածն ու տնտեսածը խորությամբ մեկնաբանել, գեղարվեստորեն պատկերել։
Բայց ավելի լավ է չհարցնել, թե ինչպես է գտնում մեկնության ձևը։ Ո՞վ այդքան ուժ ունի, որ կարողանա պատմել Աստծո գաղափարի մասին։ Ո՞վ կգտնի դրա համար ճշմարիտ և ճշգրիտ բառեր։ Խոնարհ անօգնականության մեջ խորհում է դրա մասին պոետը` չդադարելով գիտակցելուց սեփական անզորությունն ու շփոթվածությունը։ Եվ միայն ներքին ուժը, միայն այդ կուտակված հարստություններն են ստիպում նրան անցնելու գործի։ Մեկն արտահայտում է տեսածը հնչյուններով ու երգեցողությամբ, մյուսը նկարում է, երրորդը փնտրում է ճշգրիտ բառեր։ ՈՒրիշները ծեփակերտում են կամ կառուցում, մյուսները փորձում են գտնել ճիշտ շարժումներ պարի միջոցով։ Սակայն ամբողջը, ինչ ստեղծում են այդ հայեցող պոետները, գալիս է ոչ թե հենց իրենցից, այլ իրենց միջոցով։ Նրանց բոլոր ստեղծագործությունները հենց իրենցից էլ մեծ են, որովհետև նրանք միայն գործիքներ են, միայն ձայն են` աշխարհի խորհրդավոր էությունն արտահայտելու համար։
Իսկ ով ճիշտ է լսում նրանց երգեցողությունը, նրա սիրտը թպրտում է, ուրախությամբ է լցվում հոգին, և կամաց-կամաց ի հայտ է գալիս մի այնպիսի զգացում, ասես հենց նոր դիպավ մի այլ աշխարհի. «Ո՛չ, դա պոետի բանաստեղծական երևակայության արգասիքը չէ։ Դա հին է աշխարհի պես։ Եվ, միևնույն ժամանակ, նոր, ինչպես այսօրվա օրը։ Այն, ինչն ըմբռնեցի, նույնպես էական էր, ինչպես կյանքի հացը, և թանկագին, ինչպես հայտնություն։ Ես դիպա աշխարհի նվիրական ճշմարտությանը և երջանկացա»։ Իսկ նրանք, ում տրված չէ լսելու հայեցող պոետի ձայնը, ուսերն են թոթվում ու հեռանում, դա նրանց «դուր չի գալիս», նրանք անվանում են մեզ «հորինողներ» ու «երևակայամոլներ» և կշտամբում են ինքնավստահության ու հավակնոտության համար։ Այդ դեպքում մենք շփոթվում ենք ու լռում, ամոթահար քաշվում ենք մեր անկյունը, որովհետև ոչինչ չենք կարող «ապացուցել», մենք կարող ենք միայն «ցույց տալ», իսկ վեճ բանալ կյանքի անդրաշխարհային տեսիլքների մասին անթույլատրելի է։ Նաև անպատշաճ։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ