Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Լուրեր

Լուրեր
25.07.2008 | 00:00

«Շնորհազրկում» են
Նոր վարչախմբի ձեռնարկած բարեշրջումների «ուղտը», շրջանառվող լուրերի համաձայն, արդեն տևական ընթացք հիմնավորապես «չոքել» է հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դռանը։ Նպատակը բոլոր ստվերայինների նման նրան ևս հավասար մրցակցային դաշտ բերելն ու մենաշնորհային արտոնություններից զրկելն է, ինչին էին միտված ինչպես մինչ այժմ Ալեքսանյանին պատկանող «օբյեկտներում» անցկացված հարկային ստուգումները, այնպես էլ տնտեսական մրցակցության հանձնաժողովի օրերս կայացած նիստը, որի ուշադրության կենտրոնում այս անգամ հացի գների թանկացումն էր ու դրա արդարացված լինելու հարցը։ Բնավ պատահական չպիտի համարել, որ իշխանությունների խոսափող համարվող «Հայլուրը» բավականին մանրամասն լուսաբանեց հանձնաժողովի նիստը՝ հանգելով եզրակացության, թե այս ոլորտում մենաշնորհային կարգավիճակ ունեցող երկու կազմակերպություն կա, և դրանցից մեկը՝ «Սալեքս-Գրուպը», պատկանում է Սամվել Ալեքսանյանին։ Փաստորեն, իշխանությունները, ընդդիմության ճնշման տակ և քիչ թե շատ վստահության մթնոլորտ ստեղծելու համար, իրոք որոշել են ավարտին հասցնել մենաշնորհային բիզնեսի «քոքը կտրելու» սկսված գործընթացը, և դժվար չէ ենթադրել, որ ժողովրդի մեջ ոչ պոպուլյար օլիգարխներից մեկին «շնորհազուրկ» անելու գործը դեռ նոր է սկսվում։
Լ. Մ.

Մի հատ էլ «պերսոնա նոն գրատա»
Արդեն գրել ենք, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում Երևանի մի շարք համայնքապետերի այսօրվանից «կարմիր քարտ» են ցույց տվել` գլխի գցելով, որ նոր վարչախմբի համար իրենք «պերսոնա նոն գրատա» են։ Իշխող վերնախավին մերձ աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես, արդեն լուծված կարելի է համարել Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի հարցը, իսկ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, լավագույն դեպքում, մնացել է օդում կախված։ «Պլանի տակ» է նաև Նոր Նորք համայնքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը, քանի որ այս համայնքում առաջադրվելու մտադրություն ունի ԱԺ նախկին պատգամավոր Ղուկաս ՈՒլիխանյանի գործարար եղբայրը, և հենց նրան էլ սատարելու է հանրապետական կուսակցությունը։ Հետաքրքիրն այն է, որ թե՛ գործող թաղապետը, թե՛ այս պաշտոնին հավակնող գործարարը հանրապետականներ են, այն տարբերությամբ, որ առաջինը, փաստորեն, սպառել է ՀՀԿ-ի վստահության քվեն, իսկ երկրորդը, ամենայն հավանականությամբ, գալու է կյանքի կոչելու նոր սերնդի բարեփոխումների սերժսարգսյանական ծրագիրը՝ տեղական ինքնակառավարման մասով։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Չի կարող կցորդ լինել
«Ղարաբաղի դիվանագիտությունը չի կարող լինել Հայաստանի դիվանագիտության կցորդը: Այն պետք է ունենա իր ճանապարհը, և անհրաժեշտ է զարգացնել այն ամենը, ինչ ստեղծվել է այս տարիների ընթացքում»,- ասել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հավելելով, որ Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայկական դիվանագիտությունները չեն հակասում միմյանց, բայց և չեն կարող փոխարինել մեկը մյուսին:

Խոսակցությունները չափազանցված են
«Չեմ պատրաստվում Հայաստանից մեկնել, առավել ևս, Հայաստանում դադարեցնել բիզնեսը»,- մեզ հետ զրույցում ասաց «Միկա լիմիտեդ» ընկերության նախագահ ՄԻԽԱՅԻԼ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ։ Այլ կերպ ասած, նա կտրականապես ժխտեց օրեցօր թափ հավաքող խոսակցությունները, ըստ որոնց Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է ընդմիշտ հեռանալ Հայաստանից։ Նկատենք, որ այս խոսակցությունները սկսվեցին այն պահից, երբ «Միկա լիմիտեդ» ընկերության նախագահը վաճառեց «Դիլիջան-Ֆրոլովա» ընկերությունը և է՛լ ավելի սրվեցին, երբ առաջ եկավ «Միկացեմենտ» ընկերության վաճառքի հարցը։ Ինքնաբերաբար հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված կարճ ժամանակահատվածում երկու ընկերությունների վաճառքը։ «Մենք «Դիլիջան-Ֆրոլովա» ընկերությունը վաճառեցինք, քանի որ միջին բիզնեսի նկատմամբ մեր հետաքրքրությունը մարեց։ Ինչ վերաբերում է «Միկացեմենտին», ապա գործարանի վաճառքից ստացված գումարներն ուղղվելու են «Արմավիա» ընկերության զարգացման գործընթացին։ Մասնավորապես, «Արմավիա» ընկերությունը պատրաստվում է արտերկրում ձեռք բերել զարգացած ավիացիոն ընկերություն, որի արդյունքում կձևավորվի ալյանս։ Մեր նպատակն է «Արմավիան» դարձնել գերժամանակակից միջազգային հզոր ընկերություն, ինչը մեծապես կնպաստի հայկական ավիացիայի զարգացմանը։
Չի բացառվում նաև այլ ընկերությունների, այդ թվում՝ «Միկա թրեյդինգի» վաճառքը։ Մենք ցանկանում ենք նեղացնել մեր բիզնեսի շրջանակները և եղած 4-5 տարբեր բիզնեսներից թողնել միայն երկուսը»,- պարզաբանեց Միխայիլ Բաղդասարովը։
Իսկ այս պահին տեղեկացանք, որ «Միկա լիմիտեդ» ընկերությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում բիտումի գործարանի կառուցման ուղղությամբ։ «Բիտումի արտադրությունը, կարելի է ասել, ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի շինարարության ոլորտում։ Հատկապես, երբ Հայաստանը տուրիզմը որդեգրել է որպես տնտեսության գերակա ճյուղ, հետևաբար հյուրանոցային, սպորտային համալիրների կառուցման անհրաժեշտությունը գնալով մեծանում է, մեծանում է նաև բիտումի պահանջարկը»,- ասաց Միխայիլ Բաղդասարովը։ Իսկապես, եթե հիշենք, որ մի քանի տարի առաջ Լինսի հիմնադրամի շրջանակներում իրականացվող «Ճանապարհաշինություն» առաջին ծրագիրը բիտումի հետ կապված խնդիրներ ունեցավ՝ Ռուսաստանից բիտում ներմուծելու պատճառով, ապա պետք է ենթադրել, որ այս շինանյութի արտադրությունը նոր հնարավորություններ է ստեղծում հայ շինարարների համար։
Կ. ՄԻՆԱՍՅԱՆ

Մի կեր և չես «ուտվի»
Անպատժելիության զգացումը, որ հաստատուն արմատներ է ձգել հայ ադմինիստրատիվ վերնախավի գիտակցության մեջ, «մանրից» սկսում է «քաշել» այս շրջանակը ներկայացնող որոշ «անխոցելիների»։ Մասնավորապես, բոլորովին վերջերս «անպատժելիություն» կոչվածն «արջի ծառայություն» մատուցեց ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Ալինա Զաքարյանին, որն ստիպված եղավ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել և բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ հոգնել էր անձնագրեր ու վիզաներ բաշխելու տառապալի գործից։ Իրազեկ աղբյուրներից սպրդած լուրերի համաձայն՝ տիկին Զաքարյանի պաշտոնանկության մեջ «խառն է եղել» իսրայելաբնակ մի հայ ընտանիքի «մատը», որը Հայաստան ներգաղթելու ցանկություն է հայտնել, իսկ ընտանիքի արու զավակն էլ, որն արդեն զինծառայության տարիքին էր հասել, ՀՀ քաղաքացիություն և Հայաստան մուտքի թույլտվություն ստանալու իր փափագը հիմնավորել էր նրանով, որ ցանկանում է ծառայել ոչ թե Իսրայելի, այլ իր հայրենի երկրի բանակում։ Որքան էլ աբսուրդ թվա, սակայն հայրենատենչ հայորդու այս իղձն անգամ չի շարժել կաշառակերության մեջ «շուն խեղդած» «օվիրի» «գութը», որի համապատասխան կառույցները տարիներ շարունակ կատարելագործված ձեռագրով ծանրումեծ քաշքշուկ են սկսել հիշյալ ընտանիքի «գործի» շուրջ՝ ընդունված «տաքսաները» պոկելու բացահայտ մտադրությամբ։ Արտառոց իրողության մանրամասները վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերով փոխանցվել են երկրի նախագահի սեղանին՝ աներևակայելիորեն ափերից հանելով վերջինիս և առիթ տալով նույն պահին հայտարարելու, թե սույն խայտառակությունը ծածկադմփոց չպիտի արվի։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է։ Տառացիորեն մի քանի ժամ անց տիկին Զաքարյանը պաշտոնանկ արվեց։ Ինչպես ասում են, «տարոսը» մյուսներին։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Պատին դեմ տվեց
Երեկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում սպառնալիք է հնչեցրել Հայաստանի հասցեին, եթե ԵԽԽՎ 1620 բանաձևի պահանջները չկատարվեն։ Ըստ որում, հայտարարել է, որ ժամանակ է տրված ոչ թե մինչև 2009-ի հունվարը, այլ այս տարվա սեպտեմբերի 11-ը։ «Եթե Հայաստանը չկատարի բանաձևի պահանջները, շատ արագ պատժամիջոցներ կկիրառվեն։ Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում, ինչպես նաև ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում տեղի ունենալիք քննարկումները կարող են աղետալի լինել Հայաստանի համար։ Հայաստանը չի կարող սպասել մինչև հունվար։ Ավելին, մինչև հունվար հնարավոր է, որ արդեն որոշում կայացված լինի»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը։
Լուիս Մարիա դե Պուչի կարծիքով, Հայաստանը մարտ ամսից հնարավորություն է ունեցել շտկելու ներքին իրավիճակը, իսկ հունիսյան նստաշրջանում Երևանին լրացուցիչ ժամանակ տրամադրել է ԵԽԽՎ նախագահը, գնահատելով դա իբրև բացառություն, որն այլևս չի կրկնվելու։
Վ. Մ.

«Դուխներդ» չգցեք, տղերք
Երեկ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ չանհանգստանալ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգում իրականացվող ռուսական զորավարժություններից, թեպետ սկզբունքորեն չի բացառել Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմի հնարավորությունը։ Ֆրիդը միաժամանակ որոշել է վրացիներին «դուխ» տալ. «Վրացիները պետք է հավատան, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, և խուճապի մատնվելու հիմքեր չկան։ Զորավարժություններն իսկապես ընթանում են, սակայն դրան զուգահեռ Վրաստանում էլ տեղի են ունենում վրաց-ամերիկյան զորավարժություններ։ Դուք վախենալու իրավունք չունեք։ Չեմ կարծում, թե գոյություն ունի պատերազմ սկսելու սպառնալիք»։
Ողջունելով վրաց-աբխազական հակամարտությունը կարգավորելու Գերմանիայի ջանքերը՝ Ֆրիդը միաժամանակ նշել է, որ այն նախատեսում է վրացի փախստականների վերադարձն Աբխազիա, իսկ վերջինիս ղեկավարությունը շարունակաբար չի կարող անտեսել արևմտյան առաջարկները։ «Անջատականների կողմից այդ ծրագրի մերժումը ոչ մեկին չպետք է վախեցնի, քանի որ բանակցային գործընթացը, միևնույն է, այլընտրանք չունի»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Վ. Մ.

Էական քայլեր չեն ձեռնարկվում
«Վերջին օրերին կրկին սրվել է իրավիճակը հայաբնակ Ջավախքում։ Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների են ենթարկվում հայապահպանության մղումներով առաջնորդվող հայրենասիրական ուժերը։ Վերջին դեպքերի առնչությամբ, ակնհայտ հաշվեհարդարի քողի ներքո, շինծու հետաքննություն է իրականացվում այն գործիչների նկատմամբ, ովքեր ակտիվորեն բարձրաձայնում են ջավախահայության խնդիրներն ու փորձում լուծումներ գտնել դրանց համար։ «Նոր ժամանակներ» կուսակցությունը դեռևս 2006 թ. մայիսի 30-ին կազմակերպած և ջավախահայության խնդիրներին առնչվող հանրահավաքում ահազանգել էր հայաբնակ այդ երկրամասում ճգնաժամի խորացման հետագա միտումների մասին՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին հայ-վրացական բոլոր մակարդակի հանդիպումներում բազմակողմանիորեն քննարկել և դրական լուծում տալ ջավախահայությանը հուզող կենսական հիմնահարցերին՝ մինչև երկկողմ սահմանազատման պայմանագրի ստորագրումը»,- երեկ այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՆԺԿ վարչությունը։
Ընդդիմադիր կուսակցության գնահատմամբ, Հայաստանի իշխանություններն էական քայլեր չեն ձեռնարկում Վրաստանում էթնիկ հայերի շահերի պաշտպանության ուղղությամբ։ ՆԺԿ-ն պահանջում է իշխանություններից՝ Ջավախքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտել, այնուհետև բանակցություններ սկսել Թբիլիսիի հետ Ջավախքում իրավիճակի կարգավորման օրակարգով։ Հայտարարության կրկնօրինակը ՆԺԿ-ն մտադիր է ուղարկել ոչ միայն Վրաստանի նախագահին, այլև ԱՄՆ պետքարտուղարությանը։

ՀՍԴՀԿ-ն՝ Կոնգրեսի անդամ
Երեկ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Այսօր, օգոստոսի 1-ի հուժկու և վճռական հանրահավաքից առաջ, մենք հրամայական ունենք Շարժումը դարձնել էլ ավելի կազմակերպված և համախմբված: Ահա այս նպատակով է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչով և առաջարկությամբ ստեղծվում է Հայ ազգային կոնգրեսը: Հայ իրականության առաջին քաղաքական կուսակցության` ՍԴՀԿ-ի վարչությունը որոշում է ընդունել մտնելու Հայ ազգային կոնգրեսի շարքերը»: Վարչությունը նաև կոչով դիմել է ազգի և հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին` կոնգրեսին միանալու հորդորով։
Ռ. Խ.

Անկրակ ծուխը
Լուրեր են շրջանառվում, թե պաշտպանության նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պաշտպանության, ԱԱ և ՆԳ հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանը մտադրվել է դադարեցնել քաղաքական գործունեությունը և նույնիսկ պատրաստվում է ընտանիքով հեռանալ Հայաստանից։ Այս կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը տվեց հետևյալ պարզաբանումը. «Այդպիսի բան չկա։ Դա ուղղակի աբսուրդ է»։
Վ. Մ.

Պրովայդերները դուրս են գալիս պայքարի
Երեկ կայացած ասուլիսի ժամանակ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հայտարարել է, որ «ԱրմենՏելը» բավարարել է տեղական ինտերնետ-պրովայդերների՝ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու կապուղիներ տրամադրելու պահանջը։ «Մեր ընկերության ու պրովայդերների միջև ոչ մի հակամարտություն չկա, պարզապես մենք որոշ տարաձայնություններ ունենք»,- պնդել է Ն. Վելիչկովը։
«Իրավունք de facto»-ի թղթակցի հետ ունեցած զրույցում, սակայն, տեղական պրովայդերների ներկայացուցիչները հերքել են, թե խնդիրը լուծված է։ Հակառակը, նրանք պատրաստվում են նոր թափով պայքար սկսել, որի առաջին քայլը կլինի առաջիկա երկուշաբթի՝ հուլիսի 28-ին, «ՈՒրբաթ» ակումբում կայանալիք «Պրովայդերներն ընդդեմ «ԱրմենՏելի» հայտարարության» ասուլիսը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հակամրցակցային հանձնաժողովն «ԱրմենՏել» ընկերության համար 15-օրյա ժամկետ էր սահմանել, որը լրանալուն պես ընկերությունը տեղի պրովայդերներին պետք է ապահովեր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու կապուղիներով։ Ինչպես տեսնում ենք, դրա փոխարեն պայքարը նոր թափ է ստանում։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հասկացան, որ կապ չունի
Երեկ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ Բանուչյանի շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանն այս միջնորդությամբ դիմել էր նախաքննական մարմնին, իսկ քննչական խմբի ղեկավարը միջնորդությունը բավարարելու մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով, որ «վերացել է Բանուչյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»։ Հիշեցնենք, որ Մատենադարանի փոխտնօրենը կալանավորվել էր մարտի 27-ին օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու, ինչպես նաև զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու «հիմքով»։
Ռ. Խ.

Առողջական վիճակը կայուն է
ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, որը Երևանի Կենտրոնի քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքի մեջ էր, հուլիսի 23-ին տեղափոխվել է Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության և գիտահետազոտական ինստիտուտ: Զուրաբյանը վերջին օրերին բողոքել է սրտի շրջանի սեղմող ցավերից, գլխացավից և արյան ճնշման տատանումներից: Քրեակատարողական հիմնարկի նախնական բժշկական հետազոտման ընթացքում ՀՀՇ վարչության նախագահի մոտ հայտնաբերվել են սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա, հիպերտոնիա: Ըստ այդմ, ստացիոնար հետազոտման նպատակով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ՀՀ գլխավոր դատախազի հետ համատեղ որոշել է Զուրաբյանին տեղափոխել հիվանդանոց: Այս առնչությամբ ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեզ հետևյալը փոխանցեց. «Զուրաբյանը միշտ սրտից բողոքներ ուներ, սակայն այսպիսի հոգեկան վիճակում, բնականաբար, բողոքներն ավելի են սրվել»: Այդուհանդերձ, ինչպես տեղեկացրեց պարոն Քոքոբելյանը, Զուրաբյանը չի ցանկացել տեղափոխվել հիվանդանոց, սակայն փաստաբանի և հարազատների պահանջով տեղի է տվել: Հիվանդանոցում պարզվել է նաև, որ Զուրաբյանը խնդիրներ ունի լյարդի, աղիների հետ։ Այժմ Զուրաբյանը բժիշկների հսկողության տակ է, իսկ առողջական վիճակը, ըստ ՀՀՇ վարչության փոխնախագահի, բավարար է: Այցելություններ չեն թույլատրվում, միայն Զուրաբյանի կինը` Էդիտա Եղոյանն է հնարավորություն ունեցել տեսնելու ամուսնուն:
Ռ. Խ.

Դիտվել է՝ 4678

Մեկնաբանություններ