Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հասունացող «Ծիրանի» տարօրինակ դառնահամը

Հասունացող «Ծիրանի» տարօրինակ դառնահամը
18.07.2008 | 00:00

ՆՎԱՍՏԱՑՄԱՆ ԲՈՎՈՒՄ
ՊՏՏՎԻՐ, ՊՏՏՎԻՐ, ԺԱՊԱՎԵՆ...
Երևանյան միջազգային այս կինոփառատոնի առաջին՝ 5-րդ տարեդարձով «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներից ավելի խանդավառված էինք դրա իրադարձային նշանակությամբ քաղաքական հախուռն կրքերի լաբիրինթոսում շփոթահար մեր հայրենակիցներին ազգային սնապարծությունը շոյող մշակութային հուսառատ իմպուլսներով գոտեպնդելու առաքելությամբ «Ծիրան»ավազքում հոժարակամ ընդգրկվածներս։ Մայրաքաղաքում առկա գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներս փառատոնի պաշտոնական բացումից ամիսներ առաջ։ Հիմնադիրների կազմակերպած մամլո պարբերական ասուլիսներում առանձնակի կարևորված ձեռքբերումների փաստերը ապրիորի ընդունելով և մեկ առ մեկ լուսաբանելով՝ օրավուր աճող հոգնությամբ, բայց և՝ չնվազող եռանդով։ Մեզ համար ընտրված 17 ֆիլմերի նախնական ցուցադրության, մեղմ ասած, զինաթափող ընդհանուր տպավորությամբ ինքնաբուխ հայտնվել էինք վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ձգվող աշխատանքային խելահեղ առօրյայում։ Ամենայն պատասխանատվությամբ շարունակում էինք նորանոր հուսադրող փաստեր պեղել, արձանագրել։ «Երևան» հյուրանոցի առաջին հարկի մամլո սրահից փութալով Տիկնիկային թատրոն, Ազգային պատկերասրահից սուրբ Սարգիս եկեղեցի, ապա ՀՀ ԱԳՆ խորհրդակցությունների դահլիճ։ Շարունակական հանդիպումներ փառատոնի մասնակիցների հետ, հրավիրված հայտնի կինոգործիչների վարպետության դասընթացներ, «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) համաժողով... Մասնագիտական պարտքի թելադրանքով՝ նաև տարբեր կինոդահլիճներ. առաջնահերթ պետք է լիներ, անշուշտ, միաժամանակ 8 տեղերում ցուցադրվող ֆիլմաշարերի անմիջական դիտումներով հնարավորինս ամբողջացնելը փառատոնի բուն բովանդակությունը։ Նախ, մեզ համար։ Այնուհետև, մեր համակարգված պատկերացումներով, կինոսիրող հանրության։ Եվ, լուրջ չընդունելով մեր տարբերանշաններում փառատոնային անցաթղթերում օրինակարգի մանրատառ հիշեցման մեջ սպրդած վիրավորական արտահայտությունը («...ազատ մուտք՝ 1. կինոդահլիճ՝ ազատ տեղերի առկայության դեպքում. 2. հրավիրատոմսով՝ կինոդիտումներին»), դեգերում «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Դահլիճների մուտքերի մոտ հանդիպելով գերպարտաճանաչ հսկիչների վիկինգային դիմադրությանը («մեզ հրահանգված է ներս թողնել միայն տոմսերով»)՝ զարմանում ենք։ Ամենահամառների ներթափանցումից հետո՝ զայրանում։ Կինոդիտումների մեծամասնությունն անցնում է կիսադատարկ դահլիճներում։ Այսինքն՝ չի հարգվում «ազատ տեղերի» նսեմացուցիչ իրավունքն անգամ։ Ի սկզբանե սահմանված։ Բջջային հեռախոսակապով անհնար է դառնում ընդդիմության հաղթահարումը։ Մամլո պատվիրակների հետ անմիջական հաղորդակցությունն ապահովող հեզաբարո Մերին պարզապես իրավասու չէ ձնագնդի նման օրավուր մեծացող անհեթեթությունը կանխարգելելու։ Նկարչի հիմնանորոգված տան գազախցիկ-վերնահարկում (կարծում եմ, ՀՆՄ նախագահ պարոն Աղամյանը միջազգային բիենալեների իր վաղեմի երազանքն իրագործելուց առաջ լրջորեն պետք է մտահոգվի խորհրդակցությունների համար նախատեսված նորաստեղծ այդ սրահի օդափոխությամբ՝ անհապաղ...) գործող մամլո կենտրոնում խմբված երիտասարդների միջոցով բարեկիրթ վերաբերմունքի արժանանալն անիմաստ է պարզապես։ Փառատոնային առօրյա խնդիրները հոգալուն կոչված՝ իրենք էլ կարոտ են մարդկային վերաբերմունքի աշխատանքային բառիս բուն իմաստով անօդ տարածությանը զոհ չգնալու համար։ Լրագրողների քառօրյա նվաստացումն իր կիզակետին հասավ «Նաիրի» կինոթատրոնում։ Ի թիվս այլոց անդրդվելիորեն կասեցնելով «Ոսկե ծիրան» փառատոնային օրաթերթին թղթակցող Անիի և Սեդայի մուտքը դահլիճ։ Խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Դարիուշ Մեհրջուիի մասին հոդված պատրաստողը տոմս պետք է գներ նրա ցուցադրվելիք «Կովը» ֆիլմը նայելու համար։ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի աշխատակցուհի Կարինը նույնպես։ Ոմանք, մարդկային արժանապատվությունից դրդված, 300 դրամով մուտքի տոմս գնեցին։ Մյուսներն արդարացիորեն հոխորտալով միահամուռ անդրադառնալ ստեղծված ամոթալի իրավիճակին` հեռացան։ Առանձնաշնորհյալ արտոնությունս, ամենևին չպայմանավորված «Ոսկե ծիրանի» հիմնադիր կազմակերպիչների` արածիս ու անձիս բարձր գնահատությամբ, հիմք չդարձավ կրտսեր գործընկերներիս դատն անտեսելու, ինչպես տեսնում եք։ Նախնական ասուլիսներին «Ոսկե ծիրանի» զանգվածային վերլուծական լուսաբանման անհետաձգելի անհրաժեշտության գիտակցությունն ամիսներ շարունակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներարկող հիմնադիր կազմակերպիչների սթափ տրամաբանությունը հարկ եմ համարում մտասևեռել դրան միտված իրենց կոնկրետ նախագծերի նպատակադրվածությանը բևեռայնորեն հակասող աշխատաոճի վրա։ Հայկական «Ծիրանի» միջազգայնացումն անանջատ է ԶԼՄ-ների հոծ բանակի բարյացակամ ակտիվությունից։ Աշխարհի կինոփառատոներում բազմիցս ներկա գտնվելով՝ նրանք պետք է որ ականատես լինեին անհերքելի այդ իրողության հեռատես ու ակնածալից դրսևորումներին։ Իրենց կայացրած միջոցառումների հանրագովազդն ապահովող ու գրավոր պատմությունը ստեղծող մարդկանց նկատմամբ հարգանքի տուրքին։ Զարմանալի է, որ «ինչպես է նրանց մոտ» կարգախոսը համառորեն տեղ է գտնում մեր հասարակական-քաղաքական կեցության տարբեր ոլորտներում (հաճախ՝ առանց տեղայնացնելու), բայց այդպես էլ չի արմատավորվում հոգևոր-մշակութային որոմախեղդ դաշտում։
ԿԻՆՈՊԱՍՏԱՌԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ժողովելով անուղղելի լավատեսությանս (կամ՝ բարությանս) փշրանքները՝ «Ծիրան»ավազքուղուց դուրս չեմ գալիս։ Մի խումբ կրտսեր գործընկերներիս նման ձգտում եմ լրացնել փառատոնի կինոխճանկարի գույները նոր ֆիլմերի դիտումներով։ Դրանց մի մասն առանձին անդրադարձի արժանի համարելով՝ երեք տասնյակից ավելի ժապավեններից ստացածս ընդհանուր տպավորությամբ ուզում եմ մատնանշել հիմնական ասելիքիս առանցքը։ Փառատոնային ֆիլմերում չպետք է փնտրել կինոարվեստի շլափայլ գլուխգործոցներ։ Դրանք ամենից առաջ ուշագրավ են ժամանակի գեղագիտական խմորումների նորարարական միտումների, նորահնար տեխնիկական մոտեցումների, թեմատիկ հետաքրքրությունների մասին որոշակի պատկերացում կազմելու առումով։ «Գեղարվեստական» բնորոշումը, կարծես, հնաոճ է դարձել։ «Խաղարկային» նորաստեղծ կինոժապավենները միջանկյալ մի որակ են «գեղարվեստականի» ու «վավերագրականի» մեր ունեցած երբեմնի պատկերացումներին մոտավոր առնչվող։ «Ոսկե ծիրանում» ներառված խաղարկային ժապավեններից շատ-շատերին ակնհայտորեն պակասում է գեղարվեստականությունը։ Հաճախ կարևոր ասելիքը կորչում է միապաղաղության աստիճան երկարաձգված կինոժապավենի անվերջանալի թվացող պտույտում։ Երբեմն դառնում ինքնանպատակ։ Երբեմն՝ ճապաղ ու անհետաքրքիր։ Նեղ անձնական թեմատիկ ընդգրկման խոշորապլան ցուցադրությամբ՝ հաճախ անճանաչելիորեն հեռանում ոչ միայն ռեալ իրականությունից, այլև սյուժեում ակնարկվող բեկումնային իրադարձության հետ որևէ կոնկրետ առնչությունից։ Վավերագրական ֆիլմերից շատերն էլ հեռուստատեսային հաղորդման տպավորություն են թողնում՝ կարևորվելով սոսկ տեղեկատվական տեսակետից։ Ստացած մրցանակներով, նախապես, դրանց գերակշռող մեծամասնությանը տրված դափնեպսակի մշտադալար տերևներն իսկույն չորանում են, երբ անմիջապես հայտնվում ես կադրերի շարժընթացում։ Հանրածին արատների հանդեպ կինոբեմադրիչի բացասական հստակ վերաբերմունքը հազվադեպ է զգացվում։ Իրարահաջորդ առօրեական դրվագներում դրանց ցուցադրությունից պարզ չի դառնում, թե ինչ է ակնկալում ֆիլմի հեղինակը հանդիսատեսին առաջարկած երկխոսության հրավեր-ժապավենից։ Այս մասին կարելի է լիարժեք խոսակցություն ծավալել փառատոնային ֆիլմապտույտի կանգ առնելուն պես։ Վաղաժամ եզրակացություններով խուսափում եմ «Ծիրանի» ենթադրվող քաղցրությանը իմ կողմից դառնահամ խառնելուց։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9252

Մեկնաբանություններ