Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Ոչ ասելիք կա, ոչ ինքնատիպություն: Նման ձայներ են, նման դեմքեր, նման երգեր...»

«Ոչ ասելիք կա, ոչ ինքնատիպություն: Նման ձայներ են, նման դեմքեր, նման երգեր...»
19.09.2008 | 00:00

ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴԵՍՊԱՆԸ
Հայկական երգարվեստում ոչ թե «տարվա հայտնություն», այլ իսկապես հայտնություն էր ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ։ Հանդիսատեսին նա ներկայանում է պրոֆեսիոնալ ու միայն իրեն հատուկ մեկնաբանությամբ։ Մենահամերգներով բազմիցս հանդես է եկել Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս՝ հետաքրքրության արժանանալով նաև օտար ափերում։ Անպայման ուզում ես զգալ և հասկանալ՝ ի՞նչ է ուզում ասել այս երգչուհին... Իսկ կա՞ արտիստի համար ավելի մեծ մրցանակ կամ գնահատական, քան այն, երբ նրան լսում են։
-Ալլա, ամուսնացած եք, ունեք երկու զավակ, կարողանո՞ւմ եք համատեղել ընտանիքն ու աշխատանքը։
-Չեմ ասի՝ աշխատասեր եմ, բայց ունեմ ձգտում և, այո՛, կարողանում եմ համատեղել։ Մեկը մյուսին այնքան էլ չի խանգարում։ Միշտ էլ ժամանակ գտնում եմ հյուրախաղերի, մենահամերգների, տեսահոլովակների նկարահանման համար։ Հավաքական շատ համերգների չեմ մասնակցում, որովհետև պարզապես հարմար չեմ գտնում այդ համերգներին մասնակցելը։ Մանավանդ այսօր չկա ներդաշնակություն, ամեն բան իրար է խառնվել, և եթե ասելիք չունես, պետք չէ հոգնեցնել հանրությանը։ Ոմանք ասում են, որ տարվա մեջ մեկ-երկու տեսահոլովակ պետք է թողարկեն, որ իրենց չմոռանան։ Ես նման խնդիր չունեմ։
-Փաստորեն, թվացյալ առաջընթացի հետ երգի աշխարհում շատ են բացթողումները։ Մինչդեռ երգը, երաժշտությունը պիտի ծառայեն ինչ-որ բանի, տանեն ինչ-որ ուղղությամբ։
-Պատահական չէ, որ տեսահոլովակ նկարահանվեց «Գնա ու կռվիր» հեղինակային երգի հիման վրա։ Ի դեպ, աջակցեց պետությունը։ Թեման հայրենասիրական է։ Շեշտվում է այն, որ մայրը զավակին է ասում՝ գնա ու կռվիր, բայց... վերադարձիր: Տա՛ Աստված, որ խաղաղություն լինի, և մեր տղաները պարզապես ծառայեն բանակում: Այսինքն՝ կողմնակից եմ, որ նպատակային լինի երգը, ասելիք ունենա: Իսկ այսօր ոչ ասելիք կա, ոչ ինքնատիպություն: Նման ձայներ են, նման դեմքեր, նման երգեր... Միտք ունեմ տեսահոլովակ նկարահանել մայրական թեմայով։ Երևանի, սիրո թեմայով նույնպես ցանկալի է, պարզապես այդ թեման այնքան է արժեզրկվել, որ չգիտեմ էլ՝ արժե՞ անդրադառնալ, թե՞ ոչ: Հեռուստաընկերությունները մտածում են միայն sms-ներով գումար աշխատելու մասին, և արդյունքում ինչ-որ բան խառնվում է մեր կյանքում:
-«Հայոց բանակ» ծրագրի շրջանակներում երգիչներով շրջագայում էիք զորամասերում, ինչպիսի՞ն է տպավորությունդ։
-Ես զորամասեր այցելել եմ և այն ժամանակ, երբ նոր էր ձևավորվում մեր բանակը։ Եղել եմ Ղարաբաղում, երգել սահմանի մոտ, ուր անընդհատ կրակոցներ էին հնչում։ Ամեն ինչի սկիզբը դժվար է լինում։ Բացթողումներ, թերություններ կան մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Սակայն բարեփոխումները նույնպես ակնհայտ են։ Չենք կարող ասել, որ այսօր ամեն բան նույնն է, ինչ 10 տարի առաջ։ 10 տարի հետո էլ նույնը չի լինելու։ Ես լավատես եմ։
-Ալլա, Ձեր աղջիկը՝ Ժանուլիկը, 5 տարեկան է, Հայկի 9 ամիսը դեռ չի բոլորել, այնուամենայնիվ, երաժշտական ինչ-որ ունակություններ նկատո՞ւմ եք նրանց մեջ։
-Ես այդ առումով չեմ զբաղվում նրանց հետ, ասենք՝ երգել սովորեցնել, խնդրել, որ երգեն հյուրերի մոտ... Բայց, ինչ թաքցնեմ, նրանք երաժշտական են։ Երբ երաԺշտություն են լսում, պարում են և վատ չեն պարում։ Ժանուլիկս գնում է ֆրանսիական թեքումով մանկապարտեզ, այցելում է պարի դասերի։ Հայկս դեռ խոսել չի կարողանում, արդեն փորձում է երգել։ Ես չեմ փորձի նրանց երգի ուղիով տանել, բայց եթե իրենք որոշեն, իհարկե, անպայման կօգնեմ։ Մանավանդ որ ես օգնող չեմ ունեցել, և ինձ համար դժվար է եղել։
-Ի՞նչ է երաժշտությունը։
-Երաժշտությունը խոսք է։ Ես չեմ կարող հիմա նստել դաշնամուրի մոտ ու գրել։ Եվ եթե գրում եմ, չեմ գրում, որ ինձ կանչեն համերգների, այսինքն՝ պարային-ռիթմիկ երգեր կամ երգեր, որ սիրում է ժողովուրդը։ Ես ինքս ինձնից չեմ ուզում հեռանալ։ Իմ երգերը տխուր չեն. լույս կա, ջերմություն։ Ես ուզում եմ երգի միջոցով ասել իմ խոսքը, ժպիտ և ուրախություն, թեթևություն պարգևել մարդկանց։
-Ի՞նչ կմաղթեք մեր երկրին։
-Խաղաղություն, ի սրտե։ Տեսնելով՝ ինչ է կատարվում աշխարհում, և հաշվի առնելով, որ միջանկյալ երկիր ենք, հասկանում ենք, որ հարևան երկրներում կատարվող իրադարձությունները չեն կարող անդրադարձ չունենալ մեր երկրի վրա։ Կուզեի, որ տնտեսական վիճակը բարելավվեր, որ իմ երկրի քաղաքացին չմտածեր հացի մասին, այլ հնարավորություն ունենար շրջագայելու Եվրոպայում, հաճախելու թատրոն, կինո... Թեև դահլիճներն այսօր համերգների համար լեփ-լեցուն են լինում, ինչն ինձ ուրախացնում է։ ՈՒզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն։ Երբ կողքինդ տխուր է, չի կարող դա չանդրադառնալ քեզ վրա։ Կուզեի, որ ժպտացող դեմքերը շատ լինեն մեր քաղաքում, իսկ երեխաներին մաղթում եմ անհոգ և ուրախ ապագա։
-Ինչո՞վ եք զբաղված հիմա և ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում։
-ՈՒզում եմ տեսահոլովակներ նկարահանել իմ նոր երգի և ժողովրդական երգի, հավանաբար՝ «Շալախոյի» հիման վրա։ Թողարկվելու է հայոց բանակին նվիրված իմ մենահամերգի DVD-ն։ Համերգը թողարկվելու է նաև CD տարբերակով։ Հոկտեմբերին ամուսնուս հետ մեկնելու եմ ԱՄՆ, հանդես եմ գալու երեք մենահամերգով՝ Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում։ Այս տարի UNISEF-ի կողմից դարձյալ ընտրվել եմ «Բարի կամքի դեսպան»։ Հաճախ են հարցնում, թե որքան են ինձ վճարում այդ գործունեության համար։ Առիթը եկել է, ուզում եմ ասել, որ գումարը խորհրդանշական է, ստանում եմ տարին 1 դոլար, որը, իհարկե, չեմ վերցնում։ Ինձ համար կարևորը մեր երեխաներին հնարավորինս օգնելն է։ Ասեմ նաև, որ օրերս եթեր դուրս եկավ UNISEF-ի և HSBC-ի բանկի նախաձեռնությամբ «Շարմ» ընկերության նկարահանած տեսահոլովակը, որտեղ հնչում է իմ ձայնը։ Տեսահոլովակի հիմքում ընկած է այն գաղափարը, որ երեխան պետք է մեծանա ոչ թե մանկատանը, այլ ընտանիքում։ Այն ծրագրերի մասին, որոնք դեռևս հստակ չեն, առայժմ չեմ խոսի։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5172

Մեկնաբանություններ