Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Մեր ընդդիմախոսների «գուշակությունները» չիրականացան, և համաշխարհային տնտեսական ճգնաժամը չկործանեց Հայաստանը»

«Մեր ընդդիմախոսների «գուշակությունները» չիրականացան, և համաշխարհային տնտեսական ճգնաժամը չկործանեց Հայաստանը»
16.01.2009 | 00:00

«ՄԻԱԲԵՎԵՌ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ բացառիկ հարցազրույցը «Իրավունքը de facto»-ին

-Պարոն վարչապետ, սկսենք համաշխարհային ճգնաժամից. Ձեր և ընդդիմախոսների գնահատականները խնդրո առնչությամբ անչափ տարբեր են։ Ինչո՞ւ:
-Պետք չէ գերագնահատել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա: Դա ձևավորում է բացասական սպասումներ, ինչն էլ կարող է խորացնել խնդիրները: Չափազանց կարևոր են գործընթացի իրատեսական գնահատականները: Նկատեք նաև, որ մեր ընդդիմախոսների «գուշակությունները»՝ 2008 թվականին առնչվող, չիրականացան, և համաշխարհային տնտեսական ճգնաժամը չկործանեց Հայաստանը: Ավելին, մեր ընդդիմախոսները չեն համարձակվում ընդունել փաստը, որ, ի տարբերություն ՈՒկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Վրաստանի, մենք կարողացանք ճգնաժամի առաջին ալիքին դիմակայել և չունենալ այնպիսի կորուստներ, ինչպիսիք ունեցան ԱՊՀ-ի մյուս երկրները:
-Ընդդիմախոսները կարծում են, որ դրա պատճառը Հայաստանի` տնտեսություն չունենալն է, ուստի ճգնաժամի առաջին փուլը մեզ շրջանցեց:
-Բայց այդ դեպքում ինչպե՞ս վարվենք չարագուշակ այն կանխատեսման հետ, թե Հայաստանը, նրա տնտեսությունը կկործանվեն: Իրենք ասում էին` վատ է լինելու, բանկերը պայթելու են, չեն կարողանալու ավանդները վերադարձնել, և այդպես շարունակ։ Չեղած բանն ինչպե՞ս կարող է կործանվել: Այդ ամենը տեղի չունեցավ: ՈՒ սա փաստ է, որը պետք է արձանագրել: Եվ, ընդհանրապես, մեր քննադատներն ընկնում են նույն մշտական ծուղակի մեջ` նրանց ասածները երբեք չեն իրականանում: ՈՒ տպավորությունն այնպիսին է, թե վերջիններս կարծես նստած՝ երազում են, որ մեր երկիրն անպայման պրոբլեմներ ունենա:
-Եվ, այնուհանդերձ, պարոն Սարգսյան, եկեք անկեղծ լինենք և արձանագրենք, որ ամեն բան այնքան էլ իդեալական չէ, որքան Դուք եք ներկայացնում. աշխատատեղերը մեզանում փակվում են, մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում, և ոլորտը բավականին մեծ ջանքերի գնով է ապահովում հարաբերական կայունությունը:
-Գիտե՞ք, համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի կարող չազդել մեր տնտեսության վրա, ինչպես չի կարող չազդել աշխարհի ցանկացած երկրի վրա. աշխարհն այսօր շատ փոքր է ու գնալով ավելի է փոքրանում` արագ տեմպերով փոխվելով: Բնականաբար, փոքրացող աշխարհում ցանկացած խոշոր խաղացողի վարքագիծ էական ազդեցություն է թողնելու մյուս երկրների, այդ թվում և` Հայաստանի վրա:
Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած՝ հանքարդյունաբերության ոլորտին, ապա ոլորտում համաշխարհային գները կտրուկ նվազում են, գործընթացը, բնականաբար, պետք է իր ազդեցությունը թողնի նաև մեր հինգ խոշոր ձեռնարկությունների շահութաբերության մակարդակի և աշխատունակության վրա:
Ոլորտում ունենք շուրջ 6 հազար աշխատատեղ, պետք է միջոցներ ձեռնարկենք, մի կողմից, որպեսզի պահպանենք այս ձեռնարկությունները` մինչև համաշխարհային շուկաներում գները վերականգնվեն, մյուս կողմից, պետք է մտածենք աշխատողների սոցիալական ապահովության մասին: Քաջարանի կոմբինատը, որը խոշորագույնն է, կկարողանա դիմակայել աշխարհի ամենավատագույն կոնյունկտուրայի պարագայում, որովհետև իր ցուցանիշներով աշխարհի խոշորագույններից և լավագույններից է, և եթե աշխարհում ինչ-որ ծավալի մոլիբդենի կարիք է լինելու, ապա Քաջարանի կոմբինատն անմիջապես արձագանքելու է:
Զուգահեռաբար աշխատելու ենք նաև նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Մեր ռազմավարությունը շատ պարզ է. էապես ավելացնել պետության ծախսերը ենթակառուցվածքային ոլորտներում` ճանապարհաշինություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր, էներգետիկա, աղետի գոտում` վերականգնողական աշխատանքներ: Այս բոլոր մեծածավալ ներդրումները ստեղծելու են նոր աշխատատեղեր, ինչը հնարավորություն է տալու հնարավորինս չեզոքացնել սպասվելիք` Ձեր նշած բացասական ալիքը:
Եվ, վերջապես, կտրուկ ավելացնելու ենք փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալները, ինչը նույնպես նպաստելու է հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը:
-Ի դեպ, փոքր և միջին բիզնեսի հետ կապված` ԱԺ-ում այնպիսի «դանակ-մկրատ սրեմի» աղմուկ առաջացավ, որ բոլորն իրենց «դանակներն» առած` զբաղված էին որոնումով` «իսկ ո՞ւր են շնաձկները»:
-ԱԺ ներկայացրած հարկային այդ փաթեթով մենք ուղղակի էապես հեշտացնում էինք ձեռներեցների առնչությունները պետության հետ: Գաղտնիք չէ՝ կան փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ոլորտներ, ուր նպատակահարմար չէ, որ սուբյեկտներն առնչվեն հարկային մարմինների հետ, որ հարկային տեսուչները գնան, ստիպեն նրանց՝ գրանցվել որպես անհատ ձեռներեց, ներկայացնել հաշվետվություն, վճարել հարկեր: Ասել է՝ կառավարությունը հեշտացրեց նրանց կյանքը: Ընդամենն այսքանը:
-Դուք մոռացաք «շնաձկներին»:
-Նկատի ունեք խոշոր բիզնե՞սը։ Այն մեր հիմնական թիրախն է լինելու առաջիկա տարում, այդ մասին ես արդեն հայտարարել եմ: Ասել է՝ հարկային-մաքսային վարչարարության բարելավման թիվ մեկ կետը կառավարության համար համարվելու է հենց այդ խնդիրը: Մեր ուշադրության կենտրոնում են գտնվելու խոշոր ձեռնարկությունները: Եվ որպեսզի կարողանանք խոշոր` 720 ձեռնարկության հետ աշխատել թափանցիկ, հրապարակային, հավասար դաշտում, ԱԺ-ն ընդունեց կարևորագույն օրենք. այսուհետև բոլոր այդ ձեռնարկությունները պետք է անցկացնեն տարեկան աուդիտ, աուդիտորական ընկերությունները պետք է հաստատեն այդ հաշվետվությունները և հրապարակեն: Այս դեպքում արդեն թե՛ հարկային մարմինների, թե՛ հասարակության համար հեշտ կլինի վերահսկել խոշոր ձեռնարկություններն ու «ձեռնարկները»:
-Հավատանք Ձեր ասածներին, մանավանդ թափանցիկության ու հավասար դաշտի «առումով», ու անցնենք առաջ: Տնտեսական ճգնաժամին «ընդառաջ»՝ Հայաստանը սպասում է վարկեր Ռուսաստանից, Համաշխարհային բանկից, միջազգային ֆինանսական այլ կառույցներից և, իհարկե, Չինաստանից: Մեկ միլիարդ դոլար «համամասնությամբ»: «Սպասումների» ո՞ր փուլում ենք այսօր:
-Նախ՝ գումարները, որոնց շուրջ մենք բանակցում ենք թե՛ ՀԲ-ի, թե՛ Ռուսաստանի և թե՛ մեր այլ գործընկեր երկրների հետ, Ձեր նշած «համամասնությամբ»՝ 1 միլիարդ չեն, այլ ավելի մեծ են: Հաշվի առնելով հանգամանքը, որ երկու հեղինակավոր կազմակերպություններ՝ «Ֆիթչը» և «Մուդիսը» (որոնք պետություններին վարկանիշներ են շնորհում), բարձր են գնահատել Հայաստանի վարկունակությունը, և մեր երկրի վարկանիշը 2008-ին 2B-մինուսից բարձրացել, դարձել է 2B։ Դա նշանակում է, որ Հայաստանի վարկունակությունը բարձր է, և մենք ի վիճակի ենք վերադարձնելու մեր պարտքերը, ի վիճակի ենք ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ` ապագայում հնարավորություն ունենալով մարելու այդ պարտքերը ևս, ինչի ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում:
-Կոնկրետացնենք:
-Կոնկրետացումը կլինի բանակցությունների ավարտից հետո. միջազգային պրակտիկայում ընդունված չէ մինչև բանակցությունների ավարտը որևէ հայտարարություն անել:
-Լավ, հայտնեք, խնդրում եմ, Ձեր անձնական տեսակետն առ այն, թե որքանով է հնարավոր Ռուսաստանի կողմից մեծ գումարի ներարկում հայաստանյան տնտեսության մեջ:
-Չափազանց բարձր:
-Քաղաքական ի՞նչ կոնտեքստում:
-Քաղաքական որևէ կոնտեքստ չկա, դա զուտ տնտեսական խնդիր է. մեր ռազմավարական գործընկերն օգնում է մեզ` հաղթահարելու համաշխարհային տնտեսական-ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները:
-Անձնազոհ է մեր ռազմավարական գործընկերը, և, այնուհանդերձ, ի՞նչ ժամկետներում կարող ենք սպասել այդ օգնությանը:
-Շատ կարճ:
-Պարզ է: Ի դեպ, հոկտեմբերի կեսերին Դուք եղաք ԱՄՆ-ում, ուր արժանացաք անչափ բարձր ընդունելության. մի քանի ամսվա վարչապետին ընդունեցին ԱՄՆ-ի փոխնախագահը, պետքարտուղարը... Դա ինչի՞ հետևանք էր:
-Երևի թե վստահության, որովհետև հայաստանյան կառավարության ծրագրերը և գործողությունները բարձր են գնահատել մեր ամերիկյան գործընկերները, և նրանք, թերևս, ուզում էին ընդգծել այդ հանգամանքը, ասել, որ սատարելու են այդ ծրագրերին:
-Թե՞ նաև, որ Դուք համարվում եք մեզանում արևմտյան արժեհամակարգ կրող քաղաքական գործիչ:
-Այդպիսի գնահատականներ տալը, թերևս, լրագրողների սիրած զբաղմունքն է. ով ինչ ուղղվածության քաղաքական գործիչ է, ինչ արժեհամակարգի կողմնակից: Իսկ ես այն կարծիքին եմ, որ մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է, որովհետև ինչքան քիչ կախված լինենք մեկ վեկտորից, այնքան մեր անկախության աստիճանը բարձր կլինի: Այսինքն` մենք շահագրգռված ենք մեր բոլոր գործընկերների հետ ունենալու բարիդրացիական հարաբերություններ: Միաբևեռ քաղաքականությունը վտանգավոր է մեր պետության անվտանգության, անկախության համար:
-Եվ, այնուհանդերձ, Չեյնիի, երկաթյա լեդի Քոնդոլիզա Ռայսի հետ Ձեր հանդիպումները չէին անցնում ամերիկյան սառցե ոճով, դրանք բավականին ջերմ էին, Դուք էլ այնպես` «ոչինչ»:
-Ասացի` դա պայմանավորված է մեր տասը տարվա համագործակցությամբ. կա վստահություն, կա փոխադարձ ըմբռնում՝ բոլոր խնդիրների շուրջ: Եվ այն բոլոր ծրագրերը, որ մինչ այժմ մենք իրականացրել ենք Միացյալ Նահանգների հետ, պսակվել են հաջողությամբ, և չի եղել որևիցե ծրագիր, որն անհաջողության մատնված լինի: Համագործակցության այդ արդյունքները Միացյալ Նահանգները, երկրորդեմ, շատ բարձր են գնահատել: Ինչը նաև հույս է ներշնչում` ծրագրերը, որ մենք մշակում ենք ԱՄՆ-ի կառավարության մասնակցությամբ և օժանդակությամբ, նույնպես հաջողություն կունենան:
-Ամերիկյան Ձեր այցի ընթացքում Դուք, որ երբեք չեք խաղացել ղարաբաղյան դաշտում, զարմացրիք՝ բավականին կտրուկ դիրքորոշում դրսևորելով խնդրո առնչությամբ, վտանգավոր համարելով հնչող այն հայտարարությունները, որոնք միակողմանիորեն նշում են տարածքային ամբողջականության սկզբունքը` անտեսելով միջազգային մյուս սկզբունքները: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք տնտեսականից այդքան սահուն անցում կատարել ղարաբաղյան դաշտ, այն էլ՝ ԱՄՆ-ում:
-Առաջին հերթին պետք է նշել, որ մենք ունենք քաղաքական թիմ, որի ղեկավարը հանրապետության նախագահն է: Հասկանալի է՝ այն հայտարարությունները, որոնք ես արեցի Միացյալ Նահանգներում, արվում էին մեր քաղաքական թիմի անունից, ինչը չափազանց հստակ էր և հասկանալի. ես պարոն Չեյնիին և Քոնդոլիզա Ռայսին փոխանցեցի մեր նախագահի գնահատականներն ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան իրադարձությունների զարգացման առնչությամբ:
-Հանդիպեցի՞ք փոխըմբռնման:
-Այո:
-Ինչո՞ւմ դա դրսևորվեց:
-Առաջին հերթին պետք է նշեմ, որ իմ հանդիպումը Քոնդոլիզա Ռայսի հետ տեղի ունեցավ հանրապետության նախագահի այցից անմիջապես հետո. Նյու Յորքում նրանք արդեն քննարկել էին այդ խնդիրները: Այդ հանդիպումներից հետո ակնառու դարձավ, որ մեր երկու երկրների միջև կա ամբողջական փոխըմբռնում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ:
-Եվ քանի որ էսպես «փոխըմբռնված» ենք, հնարավո՞ր եք համարում առաջիկա ամիսներին «շրջանակային» համաձայնագրի ստորագրումը, ինչպես կարծում են մի շարք փորձագետներ, այդ թվում և` ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
-Գիտե՞ք, Ղարաբաղի հարցում ամենակարևորն այն է, թե կարգավորումն ինչպես են ընկալելու Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունները: Եվ հետևելով, թե ինչպիսին են տրամադրություններն Ադրբեջանում, ինչ հայտարարություններ են այնտեղ հնչում, հասկանալի է դառնում, որ նրանք դեռևս պատրաստ չեն գնալու համաձայնագրի ստորագրման: Իսկ թե ինչպիսին են տրամադրությունները Հայաստանում, կարող են դատել Ձեր ընթերցողները։
-Հասկանալի՜ է: Հետաքրքիր մանրամասներ են պատմվում նաև մոսկովյան Ձեր վերջին այցի մասին. ըստ որի ՌԴ վարչապետի հետ համատեղ ասուլիսից հետո, իր ավտոմեքենայով, Դուք կրկին վերադարձել եք Մոսկվայի «Սպիտակ տուն», շարունակելու զրույցը, ինչը «պրոտոկոլով» ընդունված չէ: Եթե գաղտնիք չէ, ի՞նչ էիք այդքան զրուցում պարոն Պուտինի հետ: Ի դեպ, դրանից առաջ Մինսկում ԱՊՀ վարչապետերի գագաթաժողովի մասին էլ «պատմվում» է, որ ֆինանսական ճգնաժամին առնչվող Ձեր առաջարկներին պարոն Պուտինն արձագանքել է. «Հետաքրքիր է, այդ մասին չէի մտածել»: Այնքան «հետաքրքիր» է, որ հետո Ձեզ է մոտեցել նրա տեղակալ Շուգալովը և «տեղեկացրել», որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ցանկանում է հանդիպել Ձեզ հետ։
-Լավ ինֆորմացված եք։
-Պատկերացրեք` այո. և՞:
-Բնականաբար, երկու վարչապետերին մտահոգող հարցերի շրջանակը շատ մեծ պետք է լիներ այս օրերին: Այդ քննարկումներն ու շփումներն օգտակար էին, որպեսզի մենք բացահայտեինք մեխանիզմները, թե ինչպես ենք դիմակայելու խնդիրներին, որոնք այսօր առկա են երկու երկրներում: Ընդ որում, այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետության փորձը, մշակած միջոցառումները, մեխանիզմները հետաքրքրական են մեր ռուս գործընկերների համար: Ռուսաստանի մոտեցումները մեզ համար նույնպես չափազանց կարևոր են, որովհետև վերջինս տնտեսական և քաղաքական հարաբերություններում էական դերակատարություն ունի Հայաստանի համար, Ռուսաստանում մենք ունենք շատ մեծ համայնք, արտագնա աշխատողներ, մասնավոր տրանսֆերտների մեծ ծավալ:
-Մենք դա գիտենք, պարոն Սարգսյան, «մեզ» հետաքրքրում են Ձեր և Վլադիմիր Պուտինի «միջպետական» հարաբերությունների մակարդակը, ջերմության աստիճանը:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանում ռուսական մասնակցությամբ հազար ձեռնարկություն կա, և, բնականաբար, Ռուսաստանի վարչապետին հետաքրքրում էր այդ ձեռնարկությունների ապագան, անդրադարձանք համատեղ ծրագրերին, ատոմակայանի, երկաթգծի կառուցման խնդիրներին, հայ-թուրքական տնտեսական հարաբերություններին, սահմանի բացման հնարավորությանը` տնտեսական համագործակցության հեռանկարում:
-Իսկ մինչ այդ հանդիպե՞լ էիք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ:
-Այո, երկու անգամ, ԱՊՀ վարչապետերի հավաքներին, հնարավորություն էինք ունեցել համատեղ ոչ ֆորմալ որոշ հարցեր քննարկելու։
-Ի՞նչ տպավորություն էիք ստացել նրանից:
-ՌԴ վարչապետն անչափ պրագմատիկ քաղաքական գործիչ է, ունի ընկալման շատ սուր զգացողություն. նա միանգամից և շատ արագ կողմնորոշվում է, ինչը բնորոշ է շատ խելացի մարդկանց, կարողանում է շատ շուտ հասկանալ և բնութագրել դիմացինին:
-Ձեր կարծիքով` Դո՞ւք ինչ տպավորություն թողեցիք իր վրա:
-ՈՒզում եմ հավատալ` ոչ վատ:
-Կուզե՞ք` ասեմ հեռուստադիտողիս «վիզուալ» կարծիքը:
-Փորձեք:
-Պարոն Պուտինն իրեն, ինչպես միշտ, պահում էր (եթե թույլ կտաք լրագրողական արտահայտություն օգտագործել) «պապայի» նման, բայց նրա հայացքում կար արտահայտություն առ այն, որ իր դիմաց նստած «երիտասարդը», այսինքն` Դուք, ընկալման սանդղակ ունի:
-«Հետաքրքիր» է: Եվ, այնուհանդերձ, անկախ ամեն ինչից, անկախ Ձեր վիզուալ-պատկերավոր-լրագրողական արտահայտչա-գնահատականներից, ես գոհ եմ այդ հանդիպումից: Նաև՝ շնորհակալ: Գիտե՞ք, հանդիպումից առաջ ես առաջարկել էի պարոն Պուտինին, որ հանդիպումը ծրագրվածից կարճ տևի, որովհետև առավոտյան, երբ ժամանեցինք Մոսկվա, տեղեկացանք՝ մահացել է համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի 2-րդը: Հասկանալի էր` ՌԴ վարչապետը շատ զբաղված պետք է լիներ: Եվ, այնուհանդերձ, հանդիպումը նախանշված ժամից փոքր-ինչ ուշ սկսվեց, բայց տևեց նախատեսվածից բավականին երկար, որովհետև մեր երկու երկրների առջև կանգնած են լուրջ մարտահրավերներ` տնտեսական-ֆինանսական ճգնաժամի տեսքով, և մենք փորձում էինք համատեղ ուղիներ գտնել դրանց դիմակայելու համար:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հ. Գ. -Ներքաղաքական հարցերի և «մնացյալ» հարցերի շուրջ վարչապետի հետ զրույցը` «Իրավունքը de facto»-ի հաջորդ համարում

Դիտվել է՝ 3077

Մեկնաբանություններ