ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գուցե իսկապես սատանան այնքան սարսափելի չէ, որքան ներկայացնում են...

Գուցե իսկապես սատանան այնքան սարսափելի չէ, որքան ներկայացնում են...
10.03.2009 | 00:00

ՍԱՏԱՆԱՆ, ՈՐ ԵԿԱՎ՝ ՀԱԿԱՌԱԿ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐԻ
«Ի՞նչ է արվում Հայաստանում տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար» ամիսներ առաջ խորհրդարանում հնչած հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի րոպեում հիանալի դասախոսություն կարդաց ընդհանրապես ճգնաժամագիտության մասին` հավաստելով, որ ամենաարդյունավետը ճգնաժամի մասին չխոսելն է կամ գոնե քիչ խոսելը: Վարչապետը, հարկավ, ճիշտ էր. պետք չէ խուճապի ու տագնապի տրամադրություններ տարածել: Իբրև բանկային համակարգի գիտակ և մարդ, որ ի պաշտոնե փայլուն պիտի իմանա երկրի տնտեսական վիճակը, Տիգրան Սարգսյանը իրավունք ուներ այդպես ասելու, եթե...
«Եթե»-ից սկսվում են մանրամասները...
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին հաճույքով գրում էին նաև հայկական թերթերը, ներկայացնում էին հայկական հեռուստաընկերությունները` գերտերություններում փակվող ձեռնարկությունների, գործազուրկների օրեցօր աճող թվերի, ճգնաժամի պատճառով ինքնասպան եղող սնանկացած միլիարդատերերի, ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի հակաճգնաժամային ծրագրի, 20 պետությունների ղեկավարների խորհրդակցությունների, Եվրամիությունում Արևելյան ու Արևմտյան Եվրոպաների՝ միմյանց դեմ արվող քայլերի, Մերձբալթյան պետությունների աղետալի տնտեսական վիճակի ու տասնյակ այլ ոչ մխիթարական իրողությունների մասին։ Իսկ Հայաստանն այնքա՜ն հեռու էր այդ ամենից... Փակված մի քանի հանքերը` հեչ, աշխարհում կատարվողի համեմատությամբ: Ճգնաժամը կարծես չէր գալու Հայաստան: Դա էր հմտորեն ու տևականորեն ստեղծվող պատրանքը: Չէր գալու` այդքան մեծ ճգնաժամի համար Հայաստանը փոքր ու «անհետաքրքիր» երկիր էր, բանկային կայուն համակարգով, համարյա անխոցելի տնտեսությամբ ու...
Եկավ: Այն, ինչ կատարվեց մարտի 2-ից սկսած, դեռ պետք է գտնի իր ճշգրիտ անունը և բացատրությունը: Սկսվեց դոլար-դրամ փոխհարաբերությունների խաղերից. դեռ նախօրեին բանկերը հրաժարվում էին դոլարի դիմաց դրամ տրամադրել. պատճառաբանությունը՝ դրամ չկա: Պատճառաբանությունը, իհարկե, ոչ պաշտոնական էր: Գործարքներ համարյա չէին կատարվում: Տարադրամի փոխանակման կետերի քաոսային ու չկարգավորվող վիճակը սահուն անցավ խանութներին: Երևանի կենտրոնի սուպերմարկետները ենթարկվեցին տոտալ հարձակման` գնում էին, ինչ կար... Օրվա որոշակի ժամերի սուպերմարկետները, ինքնապահպանման բնազդով, փակվեցին, դիմադրում էին փոքր խանութները` այնտեղ առավոտյան 400 դրամով վաճառվող 200-գրամանոց կարագի տուփը կեսօրին կգնեիր 600, երեկոյան` 900-ով, եթե լիներ: Ձեթի 500-դրամանոց շիշն առավոտից երեկո արդեն 800-ի էր հասել, գրեթե նույնը` շաքարավազը: Առաջին անհրաժեշտության սննդամթերքները սրբվում էին խանութներից: Գինն արդեն կարևոր չէր: Կարևորը գնել հասցնելն էր:
Ամենատարօրինակն այդ իրավիճակում, որ առաջին պահ, թերևս, չնկատվեց, դեղատների պահվածքն էր: Փոքր դեղատներն ուղղակի փակ էին: Պատճառները չէին բացատրվում: Մեծ դեղատներն աշխատում էին` 25 տոկոս ավելացված գնով: Բոլոր դեղերի` սկսած գլխացավի սովորական հաբերից մինչև թանկարժեք դեղամիջոցների: Գնի 25 տոկոս հավելումը չէր պատճառաբանվում` լավագույն դեպքում մեղավոր մի ժպիտ էր գծագրվում. այդպես են ասել: Բարեկամաբար կարող էին ավելացնել. եթե հնարավորություն ունեք` շատ գնեք, կարող է ավելի թանկանալ: Դեղերը մի քանի ժամում ու մի քանի օրում ներմուծման հետ կապված գնի բարձրացման ոչ մի տարբերակի տակ չէին կարող հայտնվել, բայց փաստ է 25, տեղ-տեղ` 30 և ավելի տոկոսի հավելումը: Հազարավոր հիվանդ մարդկանց դեղերը, դժբախտաբար, ավելի անհրաժեշտ են, քան նույնիսկ առաջին անհրաժեշտության սնունդը` սկսած հացից: Ո՞վ է այս մասին մտածելու:
Օրավարտին դատարկված խանութների դարակները հաջորդ առավոտյան փոփոխական հաջողությամբ լցվում էին նոր ապրանքներով կամ մնում էին դատարկ: Ճգնաժամ է:
Այս իրավիճակում լուրջ բացատրություն չէին ոչ Կենտրոնական բանկի ղեկավարների անվստահ թոթովանքները, թե Հայաստանի բանկերը լավ կապիտալիզացված են (ոչ ոք չբացատրեց էլ, թե դա ինչ է նշանակում), ու ամեն ինչ վերահսկվում է, քաղաքում ու հանրապետությունում խուճապ չկա, ոչ էլ դրան հաջորդած վարչապետի հանգամանալից, բայց ուշացած մասնագիտական հարցազրույցը: Բացատրություն չեն ոչ միայն այն պատճառով, որ իրավիճակը չի ներկայացվում իրականությանը համարժեք, այլև այն, որ որևէ մեկը երաշխիք չի տալիս, որ տարադրամի լողացող կուրսի վերաբերյալ դժվարությամբ ընդունված որոշումը ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման չի հանգեցնի: Հերթական: Շարունակական: Իսկ մարդկանց դա է պետք: Ինձ` Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացուս, հստակություն է պետք` ի՞նչ է կատարվելու իմ դրամապանակի հետ. դրամների տրցակն աղետալի արագ հալվում է, իսկ ես փոխարենը չեմ կարողանում ձեռք բերել այն ապրանքները, որոնք ինձ պետք են նվազագույն կենսապահովման համար: Ոչ շաբաթվա, ոչ էլ ամսվա կտրվածքով: Օրվա: Որովհետև իմ եկամուտը համապատասխանաբար չի ավելացել ու չի էլ ավելանալու` ի հակադրություն աճող գների:
Չէ, իհարկե, ինձ զգալիորեն «մխիթարեց» պատգամավոր Գագիկ Մելիքյանը, երբ ասուլիսում հայտարարեց, որ կատարվածի մեղավորը ... ես և ինձ նմաններն են, որ նետվեցին խանութներ` մի քանի կիլոգրամ շաքարավազ, կարագ, ալյուր, մի քանի շիշ ձեթ հնարավորինս էժան գնով ձեռք բերելու, ու ստեղծեցին խառնաշփոթ: Իհարկե, այդպես է, բայց կա՞ այլընտրանք` ավելի թանկ գնով ձեռք բերելու պարագայում ես վճարունակ չեմ լինելու: Ինձ ու ինձ նման հազարավորների համար ոչ մի նշանակություն չունի, թե տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոչ բարեխիղճ քանի՞ տնտեսավարողի դեմ դատ կհարուցի, քանիսի՞ն կպատժի մի քանի հազար դրամ տուգանելով` գների չհիմնավորված աճի ու ինձ ուղղակի կողոպտելու համար: Նախ` այդ գումարներն իմ դրամապանակի պարունակության վրա չեն ազդելու, և հետո` ոչ մի որոշում երաշխիք չէ, որ վաղը ես ավելին չեմ վճարելու այն ապրանքների համար, որ այսօր կարող եմ դեռ գնել ոչ թե բազմապատկված, այլ գոնե կրկնապատկված գնով: Իսկ Հայաստանի շարքային քաղաքացու համար դա ավելի կարևոր է, քան տնտեսագիտական ու քաղաքական տասնյակ բացատրություն-հիմնավորումները, որոնք բոլորն էլ փլվում են փակ խանութների ու իր դատարկ գրպանի դեպքում:
Ահա և իսկապես` սատանան մանրամասների մեջ է և ավելի սարսափելի է, քան իր մասին պատկերացումները: Իսկ դա ինձ ոչ միայն իրավունք է տալիս, այլև պարտադրում է պարզել` դեռ ինչքա՞ն են ինձ ասելու գեղեցիկ, բայց իրականության հետ կապ չունեցող բառեր` մեկ, դեռ ինչքա՞ն և ե՞րբ են թանկանալու առաջին անհրաժեշտության ապրանքները` երկու, ի՞նչ նոր թանկացումներ են սպասվում` երեք, էներգակիրների սակագնի թանկացումներ և՞ս լինելու են` չորս, ինչպե՞ս են դրանք անդրադառնալու նվազագույն կենսապահովման իմ զամբյուղի վրա` հինգ, պետությունը փոխհատուցելո՞ւ է այդ թանկացումները` վեց, և յոթ` ինչքա՞ն ու ինչպե՞ս ես կդիմանամ այս ճգնաժամին, որ չի սպառնում իմ երկրին` իմ պետության ղեկավարների հավաստիացմամբ, բայց սպառնում է ինձ, որ դեմ առ դեմ մենակ եմ մնում օրվա հացի ապահովման խնդրի հետ: ՈՒ ամենակարևորը` ի՞նչ կարող եմ և ի՞նչ պետք է ես անեմ:
Այս հարցերին պետք են իրական և ոչ վիրտուալ պատասխաններ: Ճգնաժամը, պարզվեց, վիրտուալ չէ, ուրեմն առաջացած հարցերի լուծումներն էլ պիտի իրական լինեն:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3019

Մեկնաբանություններ