ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Չինական ֆունդամենտալիզմը» ամերիկյան քաղաքականության մեջ

«Չինական ֆունդամենտալիզմը» ամերիկյան քաղաքականության մեջ
17.04.2009 | 00:00

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ
Գիտատեխնիկական, պաշտպանական և տնտեսական ոլորտներում Չինաստանի հաջողությունները բավական վաղուց են անհանգստացնում ԱՄՆ-ին ու Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետություններին։ Ամերիկացիներն արդեն վաղուց են պատրաստվում «չինական պրոբլեմի» մշակմանը, ունեն պատրաստված մասնագիտական կադրեր շատ ոլորտներում։ Եթե եվրոպական առաջատար երկրներում Չինաստանի գծով ուսումնասիրությունների տարեկան դոտացիաները կազմում են ընդամենը մի քանի կրթաթոշակ և համեստ ծրագրեր գիտական կենտրոններում, ապա ԱՄՆ-ի վերլուծական հանրության մեջ այդ խնդիրը դարձել է ամենահեռանկարային ու պատվաբեր ոլորտներից մեկը, որով հաճույքով զբաղվում են հարյուրավոր երիտասարդ մասնագետներ։
Ընդ որում, ԱՄՆ-ն ակտիվորեն օգտագործում է Չինաստանի գծով այլ պետությունների մասնագետներին, սակայն, այնուհանդերձ, փորձում ստեղծել չինական խնդիրների ուսումնասիրման ինքնաբավ կենտրոններ իր գիտական հաստատություններում ու համալսարաններում։ Ամերիկացիները հասկանում են, որ աշխարհում չկա մեկ այլ պետություն, իրենցից բացի, որն ընդունակ լիներ ընդունելու չինական մարտահրավերները։ Ներկայումս շարունակվում է ամերիկյան քաղաքականության մեջ չինական ուղղությամբ երկարաժամկետ ռազմավարության մշակումը։ Ջորջ Բուշի վարչակազմը փորձում էր հետևողականորեն զբաղվել չինական թեմայով, ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ տարբեր մոտեցումների մշակման համար։ Բուշի նախագահության երկրորդ ժամկետում ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Զոելիկը, որն այժմ գլխավորում է Համաշխարհային բանկը։ Դա հատուկ նշանակում էր, և Ռոբերտ Զոելիկը պետք է շարունակաբար զբաղվեր Չինաստանի պրոբլեմներով։ Սակայն այդ նախաձեռնությունից ոչինչ չստացվեց, և այդ պաշտոնում նա մնաց ընդամենը կես տարի։ Ռոբերտ Զոելիկը չինական ուղղությամբ իր կրեդոն հռչակեց հետևյալ կերպ` թե կարիք չկա մտնել Չինաստանի հետ հակադրության կամ մրցակցության մեջ, այլ անհրաժեշտ է ներգրավել Պեկինին համաշխարհային տարբեր պրոբլեմների լուծման մեջ, դրանով իսկ վերածելով ԱՄՆ-ի գործընկերոջ։ Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալի առաջին իսկ այցը Չինաստան հանգեցրեց մեծ հուսախաբության, և ԱՄՆ-ի քաղաքականության մեջ սկսվեց դադարի մի ժամանակաշրջան, որը բնութագրվում էր տարբեր ուսումնասիրությունների ու մոտեցումների բացակայությամբ, որոնք այնքան անհրաժեշտ էին չինական ուղղությամբ ԱՄՆ-ի քաղաքականության համար։
Ռիչարդ Նիքսոնի` 1970-ականների սկզբին Պեկին կատարած պատմական այցից և ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ժամանակներից անցել է մի քանի փուլ, սակայն ամերիկացիներն այդպես էլ, ըստ էության, լիովին չեն հասկացել, թե ինչպիսի քաղաքականություն պետք է կիրառել այդ ահռելի երկրի նկատմամբ։ Կար ոչ քիչ ժամանակ համապատասխան երաշխավորությունների իմաստավորման ու մշակման համար, քանի դեռ Չինաստանը գտնվում էր տեխնիկական ու տնտեսական առումով հետամնաց վիճակում։ Բայց այդ ժամանակներն անցան, ու հիմա անհրաժեշտ է համարժեքորեն արձագանքել Ասիայում ու Խաղաղ օվկիանոսում այդ հզոր տերության հավակնություններին։ Թեպետ Չինաստանն ու ԱՄՆ-ը մեծ չափով ինտեգրացվել են ֆինանսատնտեսական առումով, ձևավորվել է փոխադարձ կախվածություն, ինչը, կարծես, պետք է պայմաններ ստեղծեր շատ հարցերի շուրջ համախմբվելու համար։ Բայց դա տեղի չի ունենում։ Ընդհակառակը, պրոբլեմներն ավելանում են և ԱՄՆ-ը, այսպես թե այնպես, հարկադրված եղավ անցնելու հակադարձ արձագանքի, ընդ որում փոխադարձ պրոբլեմների ու հարաբերությունների ամբողջ ճակատով։ Այդ կապակցությամբ հետաքրքիր է ամերիկա-չինական հակադրության տարածաշրջանային հարթությունը` իր բոլոր առանձնահատկություններով, փոքր ու մեծ պետությունների սպեցիֆիկ արձագանքներով։
Ջորջ Բուշի վարչակազմը չափազանց զբաղված էր Մերձավոր Արևելքում, ամենից առաջ Իրաքում, ինչպես նաև Աֆղանստանում, որպեսզի հնարավորություն ունենար հիմնավորապես մոտենալու աշխարհաքաղաքական կառուցվածքների ստեղծմանը` Չինաստանի ճնշումը զսպելու համար։ Չինաստանին հարող բոլոր տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականությունն իրենից ներկայացնում էր չափավոր ու սահմանափակ գործողությունների կամ նախաձեռնությունների համադրություն։ Հարավարևելյան Ասիայում ԱՄՆ-ը փորձում էր չակտիվացնել, այլ ընդհակառակը «պահածոյացնել» առկա հիմնախնդիրները։ Թեպետ այդ տարածաշրջանում Վաշինգտոնն ունի բազմաթիվ առավելություններ, քանի որ գործնականում ռեգիոնի բոլոր պետությունները խիստ շահագրգռված են Չինաստանի էքսպանսիան զսպելու հարցում և պատրաստակամությամբ էին ընդունում ԱՄՆ-ի առաջարկությունները անվտանգության համակարգի կառուցման առումով, թեկուզ ոչ այնքան հավակնոտ ձևաչափում։ ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Վիետնամի հետ հարաբերություններին` գիտակցելով, որ միայն այդ պետությունը կարող է դառնալ իրական գործընկեր ու դաշնակից Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Հարավարևելյան Ասիայում ուժեղացել են չինական համայնքների նկատմամբ խտրականության տրամադրությունները, թեկուզ և տարածաշրջանի երկրների կառավարությունները չեն կարող դրան տալ պաշտոնական բնույթ։ Կոնֆլիկտային իրավիճակներ կան Հարավչինական ծովում նավթի պաշարների շուրջ։ Օրակարգում է մնում Թայվանի խնդիրը, որ գլխացավանքի է վերածվել ամերիկացիների համար։ Սակայն Հարավարևելյան Ասիան իրենից ներկայացնում է դասական «պոլիգոն» ամերիկացիների ու Չինաստանի հակադրությամբ։ Մնացած ուղղություններով ԱՄՆ-ի քաղաքականությունը դեռևս մշակված չէ և իրականացվում է ալիքաձև, շատ կողմերով համաշխարհային և տարածաշրջանային այլ հիմնախնդիրներով պայմանավորված։
Մի քանի տարի առաջ Բուշի վարչակազմը փորձեց վերախմբագրել և ընդհանրացնել Չինաստանի հետ պրոբլեմների շուրջ Արևմուտքում առկա բոլոր առաջարկները։ Արդյունքում առաջարկվեց վերակողմնորոշել էներգետիկ ու այլ նախագծերի իրականացումը Կենտրոնական Ասիայում` ներառյալ Աֆղանստանը, դեպի Հարավային Ասիա։ Ինչը սկզբունքորեն նշանակում է դեպի Հնդկաստան։ Սա ենթադրում է ամերիկա-հնդկական դաշինքի ստեղծման հնարավորություն, որը միանշանակ ունենալու է հակաչինական ուղղվածություն։ Սակայն ավելի ուշադիր դիտարկելու դեպքում այստեղ կարելի է նկատել նաև ուղղվածություն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) դեմ։ Այսինքն` ընդդեմ ռուս-չինական դաշինքի, ասել է թե` նաև Ռուսաստանի։ Այսպիսով, խոսվում է նոր ինտեգրացված դաշինքի մասին` ոչ միայն իր մասնակիցների կազմով, այլև առաջադրված խնդիրների բովանդակությամբ։ Իսկ այդպիսի դաշինք հնարավոր է ձևավորել միայն Աֆղանստանում պրոբլեմների լուծման պարագայում, հակառակ դեպքում նախագիծն այդպես էլ կմնա վիրտուալ։ Հնդկաստանը վերջին քսան տարիների տատանումներից և աշխարհում իր կողմնորոշումների շուրջ մտորումներից հետո ընտրեց այն միակ տարբերակը արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ, որը որոշակի հեռանկար է խոստանում։ Քանզի Հնդկաստանը չէր կարող ասոցիացվել ոչ իսլամական աշխարհի, ո՛չ Եվրամիության կամ Ռուսաստանի հետ, իսկ Չինաստանի հետ նման հարաբերություններն ընդհանրապես աբսուրդ են։ Միայն ԱՄՆ-ը կարողացավ առաջարկել Հնդկաստանին այն քիչ թե շատ նախընտրելի պայմանները, որոնք անհրաժեշտ են պաշտպանության ու անվտանգության ապահովման և հաջող տնտեսական զարգացման համար։
Դիտարկելով այս պրոբլեմը` կարելի է հասկանալ, որ ԱՄՆ-ի խնդիրներն Աֆղանստանում շատ ավելի լայն են, քան իսլամական արմատականության հետ պայքարը, որը գնալով կորցնում է հրատապությունը։ Աֆղանստանի վերահսկողությունը վաղեմի բրիտանական աշխարհաքաղաքական ծրագրերի պաշտպանությունն է` նոր խմբագրությամբ։ Այսինքն` դա նշանակում է ապահովել պայմաններ ամերիկա-հնդկական ահռելի դաշինք ստեղծելու համար։ Հարկ է ընդգծել, որ ԱՄՆ-ի կարևորագույն նպատակն այս նախագծի շրջանակներում հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցության մեծացումը աֆղանական օպերացիային։ Հնդկաստանն իր հերթին դիտարկվում է որպես կարևորագույն գործընկեր և նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ հեռանկարում։ Այդպիսով փորձ է արվում ատլանտիզացնել այս տարածաշրջանը` ինտեգրելով այն եվրատլանտյան կառույցների քաղաքականության ու գաղափարախոսության ուղեծրում։ Ինչի՞ կարող է հանգեցնել այս նախագիծը, կայունության հաստատմա՞ն, թե՞ լարվածության մեծացման Ասիայի տարածաշրջաններում։ Ամենայն հավանականությամբ, համաշխարհային հակադրության կենտրոնը կտեղափոխվի այս տարածաշրջան։
Նախագահ Բարաք Օբաման այս նախագծի իրագործմանը ձեռնամուխ է եղել այնպիսի եռանդով, որը միայն հնարավոր է ներկայիս բարդ իրավիճակում։ Միաժամանակ դրված խնդիրն այնքան գլոբալ է ու հակասական, որ Չինաստանն առայժմ ունի ԱՄՆ-ի մտադրությունների անտեսման բոլոր հնարավորությունները և շարունակում է գեոտնտեսական էքսպանսիան հարևան երկրներ ու տարածաշրջաններ։ Չնայած Աֆղանստանում տիրող բարդ իրավիճակին, Չինաստանն ակտիվորեն ձեռք է բերում աֆղանական հանքային ռեսուրսները։ Մասնավորապես աֆղանական կառավարությունից գնվել է խոշորագույն պղնձահանքերի շահագործման իրավունքն ու ջանքեր են գործադրվում գազի հանքավայրերի օգտագործմանը հասնելու ուղղությամբ։ Չինաստանի գլխավոր պրոբլեմն այն է, որ դա սահմանափակ ռեսուրսներով երկիր է ու պատրաստ իրականացնելու լայնամասշտաբ քաղաքականություն հանքահումքային պաշարներ ձեռք բերելու համար։ Չինաստանի համար հատուկ նշանակություն ունի Կենտրոնական Ասիան, որտեղ Պեկինն ավելի քան հաջողությամբ իրագործում է տարածաշրջանի էներգետիկ ռեուրսների վերակողմնորոշման իր քաղաքականությունը։ Այսօր Չինաստանն ակտիվորեն ընդգրկված է Ղազախստանի գազի ու նավթի արդյունահանման ոլորտում, ընդհուպ մոտեցել է Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի ռեսուրսների շահագործմանը։ Հաշվի առնելով Արևմուտքում մերձկասպյան պետությունների գազի արտահանման հարցերում անհամաձայնությունները, Իրանի ու Իրաքի հետ կապված նույն խնդիրները, Չինաստանի առջև հեռանկար է բացվում նաև այս տարածաշրջանի էներգակիրների օգտագործման։
ԱՄՆ-ը ձեռնարկում է բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա Չինաստանին լուծելու էներգետիկ պրոբլեմները։ Այդ կապակցությամբ նախկին պոստուլատը` թե կարևոր չէ, որ ուղղությամբ է հոսում նավթը, միայն թե դուրս գա համաշխարհային շուկա, այլևս օրակարգային չէ։ Ամերիկյան քաղաքագիտության խոշոր դեմքերից մեկին` Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի էներգետիկ ծրագրերի ղեկավար Ռոբերտ Իբելին, հարց է տրվել, թե որքանով ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից նշանակություն ունի, թե որ ուղղությամբ կհոսեն կենտրոնասիական գազն ու նավթը։ Կարճատև դադարից հետո փորձագետը պատասխանել է, որ «չինական ուղղությունը ցանկալի չէ»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ԱՄՆ-ը, այնուհանդերձ, ունի համաշխարհային էներգետիկ և այլ ռեսուրսների հասցեավորված բաշխման մտադրություններ։
Անկասկած է, որ Կենտրոնական Ասիան Չինաստանը դիտարկում է իբրև իր ռազմավարական շահերի գոտի, և չինական քաղաքականությունն ուղղված է այս տարածաշրջանի բազմակողմանի յուրացմանը։ Չինացիներին հետաքրքրում են ոչ միայն նավթն ու գազը, այլև սև և գունավոր մետաղների հարուստ հանքերը, հատկապես ուրանը, որն այս տարածաշրջանի գլխավոր «մրցանակն» է։ Հանքահումքային ռեսուրսներից բացի, չինացիները հետաքրքրված են նաև կենսական տարածությամբ, ինչն ուրվագծվում է Ղազախստանի լայնածավալ տարածությունները չինացիներով բնակեցնելով, որը խրախուսվում է չինական իշխանությունների կողմից։ Սա չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, որը, ինչպես և ԱՄՆ-ը, շփոթության մեջ է և չունի չինական էքսպանսիայի զսպման ոչ մի ծրագիր։ «Ժառանգություն» հիմնադրամի և «Գործարարության ամերիկյան ինստիտուտի» փորձագետների գնահատմամբ, ԱՄՆ-ն իրականում այնքան էլ անհանգստացած չէ ՇՀԿ-ի ցուցանակի ներքո ռուս-չինական հնարավոր դաշինքի ձևավորմամբ։ ԱՄՆ-ում ձևավորվել է կարծիք, թե Մոսկվայի ու Պեկինի միջև հարաբերությունները մեծ մասամբ կայուն չեն եղել, և դրանց բարելավումը պարբերաբար մթագնում է լարվածության աճով։ Ամերիկացիները համարում են, որ ռուս-չինական դաշինքն ավելի շատ վիրտուալ է, քան իրական, գոյություն ունեցող հակասությունները վաղ թե ուշ կհիշեցնեն իրենց մասին։ Ամերիկյան քաղաքական ծրագրավորողների շրջանում այս տեսակետի ամրապնդումը բազային է դարձել Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման առումով, ներառյալ և զինաթափման շուրջ բանակցությունները։ Հնարավոր է, որ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է «կապել» Ռուսաստանին հակաչինական ծրագրերի հետ այս կամ այն ձևաչափով։
Իրականում բավականաչափ ժամանակ կար ՇՀԿ-ի շրջանակներում ռուս-չինական իրական դաշինքի ձևավորման համար։ Բայց դա տեղի չի ունենում, Չինաստանն օգտագործում է ՇՀԿ-ն Ռուսաստանի հակազդող գործողությունները սահմանափակելու համար, այդ թվում` տարածաշրջանային հարթության մեջ։ Երկու տերություններն էլ ցանկություն չունեն իրենց վրա վերցնելու մյուսի պրոբլեմները։ Նույն ֆոբիաները Ռուսաստանը զգում է Իրանի ու Թուրքիայի հետ գործընկերության դաշտում, և հնարավոր է` այդ պատճառով է ներսում ուժեղանում տարածաշրջանային, բայց ոչ գերտերություն լինելու զգացողությունը։ Այսինքն` Ռուսաստանը հարկադրված է հաշտվել իր նոր տեղին ու դերին աշխարհում ու մասնավորապես Եվրասիայում։
Այսպես թե այնպես, Եվրասիայի կենտրոնական տարածաշրջանները, ներառյալ Սև ծովը, Հարավային Կովկասը, Կասպից ծովի ավազանն ու Կենտրոնական Ասիան, ձեռք են բերում նոր նշանակություն, երբ հակառուսական վեկտորը կորցնում է իր առաջնահերթությունը, և նոր հնչողություն է ստանում հակաչինական վեկտորը։ Ընդ որում Ռուսաստանն այս համատեքստում ավելի շատ է սկսում դիտարկվել Չինաստանի հետ ունեցած հարաբերությունների պրիզմայով։ Ամերիկյան քաղաքականության մեջ ուժգնանում է «չինական ֆունդամենտալիզմի» երևույթը, և դա չի կարող իր ազդեցությունը չթողնել Հարավային Կովկասի, Թուրքիայի, Իրանի ու Պակիստանի վրա։ Իրանը, Թուրքիան ու Պակիստանը դառնում են շատ անցանկալի դերակատարներ Կենտրոնական Ասիայում, հատկապես գաղափարախոսական ու ռազմաքաղաքական առումով։ Ամերիկացիները հասկանում են, որ տարածաշրջանային տերությունները չեն խաղալու ենթակայի դեր Առաջավոր ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում։ Ամերիկացիները կաշխատեն առաջնահերթ հարաբերություններ կառուցել Իրանի հետ, որպես ավելի խոցելի պետության, որը շարունակում է մնալ մասնակի ֆունկցիոնալ շրջափակման պայմաններում։ Իրադարձություններն Աֆղանստանում, Պակիստանում և Իրաքում ցույց տվեցին, որ գոյություն ունի շահերի խոր համադրություն ԱՄՆ-ի ու Իրանի միջև։ Չի բացառվում, որ սա ավելի շատ բրիտանական գաղափար է, քան ամերիկյան, նկատի ունենալով, որ Մեծ Բրիտանիան վերջին 30 տարիներին միշտ ծրագրեր է ունեցել Իրանն ընդգրկելու անգլոսաքսոնական բլոկի ազդեցության ուղեծրում` փորձելով հանդես գալ իբրև միջնորդ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև։ Իսկ Թուրքիան միանշանակ դառնում է ԱՄՆ-ի թշնամին ու չնայած մի շարք հաճոյախոսություններին ու «ռևերանսներին», որ թույլ տվեց Բարաք Օբաման 2009-ի ապրիլի 6-ին Թուրքիա կատարած այցելության ժամանակ, ակնհայտ է, որ Անկարան կորցրել է ԱՄՆ-ի և առհասարակ եվրատլանտիզմի հուսալի գործընկերը լինելու ընդունակությունը։ Թուրքիան ու Պակիստանն իրենց հավակնություններով ու նպատակներով շատ նման են, ինչպես նաև համանման են նրանց քաղաքականությունը չեզոքացնելու մեթոդներն ու ձևերը։
ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայում ամենացանկալի գործընկերը Ռուսաստանն է, ինչը սկզբունքորեն անհնարին է։ Ամերիկա-ռուս-չինական խաղը Կենտրոնական Ասիայում երբևէ չի ավարտվի այդ երեք պետություններից մեկի լիարժեք ու բացարձակ հաջողությամբ։ Նույնը տեղի է ունենալու Հարավային Կովկասում, բայց այլ կատարմամբ ու տարբերակով։ Հարկ է ընդգծել, որ այս տարածաշրջանների բոլոր երկրները, առանց բացառության, փորձելու են իրականացնել բազմավեկտոր քաղաքականություն։ Բացառված չէ նաև Եվրամիության դերակատարության մեծացումն այս տարածաշրջաններում։ Անշուշտ, հայտարարելով այս տարածաշրջաններն ազդեցության գոտիների բաժանելու անթույլատրելիության մասին, ԱՄՆ-ն իրականում ցանկանում է հաստատել իր համար նախընտրելի սահմաններն ու վերահսկողության ձևերը` առաջին հերթին նկատի ունենալով կարևորագույն կոմունիկացիաները։ Ռուսաստանի համար դա կնշանակեր թվացյալ աղետ, ինչի հետ նա չի կարող համաձայնել։ Ռուսաստանը հասկանում է, որ ընդունելով ԱՄՆ-ի պայմաններն ու ծրագրերը սերտ համագործակցության մասին, այդ թվում` ՆԱՏՕ-ի հետ, ինքը կորցնելու է իր միջազգային նշանակությունը։ Չինաստանը դեռևս ժամանակ ունի հիմնավորապես ներդրվելու Կենտրոնական Ասիայում` մինչև տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորումը։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ը, շեշտը դնելով Աֆղանստանում առկա խնդիրների վրա, փորձում է ընդլայնել ՆԱՏՕ-ի փաստացի պատասխանատվության դաշտը, բայց ոչ թե «դասական» Արևմուտք-Արևելք ուղղությամբ, այլ Հնդկաստանի նման հզոր հրապարակի օգտագործմամբ։ Հարավասիական ուղղությամբ ՆԱՏՕ-ի պատասխանատվության դաշտի ընդլայնումը կարող է դառնալ ՈՒինստոն Չերչիլի «եվրոպական փափուկ փորատակի» գաղափարի իրականացումը այլ աշխարհագրական մեկնաբանությամբ։ Գործընթացների այսպիսի զարգացման պայմաններում հարավկովկասյան ու կենտրոնասիական պետություններն աշխարհի քաղաքական քարտեզի վրա պահպանվելու շանս ունեն։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3055

Մեկնաբանություններ