ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Համալսարանական ժողովրդավարությո՞ւն, թե՞ հետապնդումներ

Համալսարանական ժողովրդավարությո՞ւն, թե՞ հետապնդումներ
04.07.2008 | 00:00

ԻՄՊԻՉՄԵՆՏ ՌԵԿՏՈՐԻՆ
Այն, ինչ կատարվում է Երևանի պետական համալսարանում, ոմանք անվանում են համալսարանական ժողովրդավարության դրսևորում, ոմանք՝ հետապնդումներ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանավորությունը չվայելող աշխատակիցների նկատմամբ։ Իսկ իրականում ի՞նչ է կատարվում մայր բուհում։
Բանն այն է, որ վերջին շրջանում արդեն երկրորդ ֆակուլտետի դեկան է ընտրվում ոչ ռեկտորի նախընտրած թեկնածուն։ Հունիսի 20-ին տնտեսագիտության ֆակուլտետում դեկան ընտրվեց Հայկ Սարգսյանը, իսկ ավելի վաղ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան էր ընտրվել Վահրամ Դումանյանը (որը նույնպես չի համարվում ռեկտորի մարդկանցից)։ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություններից անմիջապես հետո ֆակուլտետի չորս դասախոսներ՝ Սարգիս Ղանթարջյան, Հայկ Ղազարյան, Ռուբեն Դավթյան, Սեդրակ Հովհաննիսյան (երկուսը՝ ամբիոնի վարիչներ, երեքը՝ պրոֆեսորներ), ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից ծանուցագիր են ստանում այն մասին, որ թոշակի տարիքի կապակցությամբ հեռացվում են աշխատանքից։ Ավելորդ չէ հիշեցնել, որ նշված դասախոսները դեկանի ընտրությունների ժամանակ սատարել են ոչ ռեկտորի թեկնածուին։ Մի կարևոր հանգամանք ևս. տնտեսագիտության ֆակուլտետում կան ավելի տարեց դասախոսներ (Գրիգոր Ղարիբյան և Մելս Սահակյան), սակայն նրանք հեռացման ծանուցագիր չեն ստացել։ Խտրական վերաբերմունքի պատճառների մասին կարելի է ենթադրություններ անել։
Ինչևէ, ըստ որոշ լուրերի, Երևանի պետհամալսարանում հակառեկտորական շարժում է սկիզբ առնում երեք առանցքային և մեծ վարկանիշ ունեցող ֆակուլտետների դեկանների՝ Հայկ Սարգսյանի (տնտեսագիտության), Վահրամ Դումանյանի (ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի) և Գագիկ Ղազինյանի (իրավաբանության) գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի վերջին ընտրություններում Արամ Սիմոնյանի հիմնական մրցակիցը հենց իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանն էր։
Երևանի պետհամալսարանում ընթացող խմորումների մասին զրուցեցինք տնտեսագիտության ֆակուլտետի վերընտրված դեկան ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ և ԵՊՀ պրոռեկտոր ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻ հետ։
-Պարոն Սարգսյան, ասում են՝ Ձեր և այլ դեկանների գլխավորությամբ ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու շարժում է սկիզբ առնում։
-Նման գործընթաց գոյություն չունի։ Ես, համենայն դեպս, շրջանառվող նման լուրերին տեղյակ չեմ և հակված չեմ դրանք մեկնաբանելու։ Ինչ վերաբերում է 4 դասախոսների հեռացման ծանուցումներին, ապա դա ընթացակարգային խնդիր է և, կարծում եմ, իրավական հարթությունում կունենա իր լուծումը։
-Այդ դեպքում ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ ավելի տարիքով դասախոսները չեն հեռացվում, և հեռացման ծանուցագիր ստանում են միայն ընտրություններում Ձեր թեկնածությունը պաշտպանածները։
-Ինձ համար այդ հարցի բացատրությունն առկա չէ։
-Կարո՞ղ ենք ասել, որ ԵՊՀ-ում որևէ պաշտոն ստանձնելու համար պետք է ունենալ ռեկտորի հովանավորությունը։
-Պաշտոն ստանձնելու հարցը կարգավորվում է համալսարանի նորմատիվային փաստաթղթերով և կանոնադրությամբ։ Ռեկտորը կարող է ունենալ դիրքորոշում, սակայն այս կամ այն պաշտոնը (ամբիոնի վարիչ, ֆակուլտետի դեկան և այլն) ստանձնում են ընտրության արդյունքում։
-Փաստորեն, Դուք վերընտրվել եք ռեկտորի կամքին հակառակ։ Ինչպե՞ս եք տեսնում Ձեր հետագա պաշտոնավարումը համալսարանում և մասնավորապես` համատեղ աշխատանքը բուհի ղեկավարի հետ։
-Ես չեմ կարծում, թե ծանուցումների տեսքով հասցեագրում կլինի իմ պաշտոնի նկատմամբ։ Ես ունեմ աշխատանքային պայմանագիր, որը ռեկտորն է կնքել ինձ հետ։ Ի վերջո, ես կոլեկտիվի ընտրյալն եմ։ Ցավում եմ, բայց կարող էի լինել նաև ռեկտորի ընտրյալը։ Յուրաքանչյուր ոք ազատ է իր կամարտահայտման մեջ, այդ թվում նաև՝ ռեկտորն իր դիրքորոշման մեջ։ Ես դեկանի պաշտոնը ստանձնել եմ այդ դժվարին ֆակուլտետում ընտրությունների արդյունքում։
-ԵՊՀ ուսանողների շրջանում սոցհարցումների արդյունքներով՝ տնտեսագիտության ֆակուլտետում մեծ տեղ ունի կաշառակերությունը։ Ձեր մեկնաբանությունը։
-Ես նման սոցհարցումների արդյունքներին ծանոթ չեմ։ Ինքս՝ որպես տնտեսագետ, որոշակի վերապահումներով եմ վերաբերվում տարբեր պատվիրված հարցումներին, որոնք կարող են այս կամ այն նպատակով օգտագործվել։ Չեմ կարծում, թե համալսարանի տնտեսագիտականն առանձնանում է վատ չափանիշերով։
Մեզ հետաքրքրեց նաև պարոն Սարգսյանի քաղաքական կողմնորոշումը, մասնավորապես՝ արդյո՞ք դեկանն ընդդիմադիր քաղաքական հայացքներ չունի։ Նա նշեց, որ ինքն ունի քաղաքացիական դիրքորոշում, սակայն որևէ ընդդիմադիր ուժի չի հարում։ Ավելացնենք, որ նորընտիր դեկանն իր ծրագրային հիմնադրույթներում նշում է. «Ֆակուլտետում առկա նեգատիվ դրսևորումների (հովանավորչություն, դրամաշորթում, բյուրոկրատական քաշքշուկներ) դեմ պայքարի մակարդակը դեռևս անբավարար է ամենատարբեր պատճառներով, սակայն ինձ համար տեսանելի են առկա լուծումները, որոնց նպատակաուղղվելու է իմ գործընթացը»։
ԵՊՀ պրոռեկտոր Արսեն Քարամյանի հետ զրույցում նախ և առաջ հետաքրքրվեցինք՝ համալսարանի կանոնադրությունը ռեկտորի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու հնարավորություն տալի՞ս է։
-ԵՊՀ կանոնադրությամբ ֆակուլտետները նման իրավասություն չունեն,- նշեց պարոն Քարամյանը,- նման իրավասություն ունի համալսարանի խորհուրդը, որը, ըստ էության, և՛ ընտրում է ռեկտորին, և՛ սահմանված կարգով էլ կարող է անվստահություն հայտնել։
-Հակասությունները ֆակուլտետների և բուհի ղեկավարների միջև չե՞ն անդրադառնա ուսումնական գործընթացի վրա։
-Փառք Աստծո, որ մոտենում են արձակուրդները, և կարծում եմ՝ ուսումնական պրոցեսը չի խաթարվի։
-Հեռացման ծանուցագիր են ստացել տնտեսագիտականի 4 դասախոսներ, սակայն ավելի տարեցները շարունակելու են դասավանդել։ Այս խտրության պատճառը ո՞րն է։
-Գործատուն բուհի ռեկտորն է։ Հարցն իմ իրավասությունների մեջ չէ։ Ես մանրամասնորեն տեղյակ չեմ գործի ընթացքին։
-ԵՊՀ ուսանողների շրջանում անցկացված սոցհարցումների համաձայն՝ տնտեսագիտության ֆակուլտետում բարձր է կոռուպցիայի մակարդակը...
-Ինչո՞ւ միայն տնտեսագիտականում, շատ ու շատ ուրիշ ֆակուլտետներում ևս նշվում է այդ հանգամանքը։
-Հնարավո՞ր է, որ դա լինի դեկանի և նշված դասախոսների նկատմամբ անվստահության պատճառը։
-Կաշառակերությունն այսօր կամ երեկ չի առաջացել։ Կաշառակերության ակունքները շատ խոր են։ Ցավոք, այն մարդկության պատմության ողջ ընթացքում եղել է, և հարցը կաշառակերության հետ կապելը տեղին չէ։ Ի վերջո, մենք այսօր չենք իմացել, որ բուհում նման բան կա։ Կաշառակերության համակարգը շատ ավելի հզոր է, քան մենք ենք պատկերացնում։ Եվ ըստ էության, պետք չէ սևեռվել տնտեսագիտության ֆակուլտետի վրա։ ՈՒսանողների շրջանում անցկացված սոցհարցումները հստակորեն ցույց են տալիս՝ ով ով է։ Բայց քանի որ այդ հարցումներն անանուն են և իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել, մնում են զուտ որպես ինֆորմացիա՝ ծառայողական օգտագործման համար կամ ավելի հստակ՝ ռեկտորի համար՝ որպես գործատուի։ Դրանք, ըստ էության, կարող են ի գիտություն ընդունվել մրցույթների անցկացման և հրապարակային կարծիք հայտնելու ժամանակ։
-Պարոն Քարամյան, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում տնտեսագիտության, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում, կարո՞ղ ենք համարել համալսարանական ժողովրդավարության դրսևորում։
-Անշուշտ, երկու ֆակուլտետներում էլ դեկանների ընտրություններն ընթացել են բարձր մակարդակով, ընթացակարգային որևէ խախտման դեպք չի արձանագրվել։ Մարդիկ ընտրվել են փակ գաղտնի քվեարկությամբ, և ոչ ոք չի կարող ասել, որ ինչ-որ խնդիր եղել է։ Այո՛, կարծում եմ՝ սա հենց ներքին ժողովրդավարության դրսևորումներից մեկն է, և կրթական հաստատություններում դա շատ կարևոր հանգամանք է։

Հարցազրույցը` Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7194

Մեկնաբանություններ