Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Չկա այդպիսի օրենք` կստեղծենք, արգելվում է օրենքով` կվերացնենք այդ օրենքը»

«Չկա այդպիսի օրենք` կստեղծենք, արգելվում է օրենքով` կվերացնենք այդ օրենքը»
05.05.2009 | 00:00

ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔ
Թուրքական սուլթանների շարքում կա մեկը` 1389-1402 թթ. իշխած Բայազետ Առաջինը, որն իր անհանգիստ կյանքն ավարտեց մոնղոլական գերության մեջ` 1402-ին Անգորայի մոտ տեղի ունեցած արյունալի ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրելուց ընդամենը մեկ տարի անց։ Ճակատամարտի արյունահեղության մասին պատկերացում կազմելու համար ընդամենը նշեմ, որ Լենկթեմուրի շեղաչք ռազմիկներն ամբողջությամբ ոչնչացրին նաև սերբական 40-հազարանոց, այսպես կոչված, օժանդակ ջոկատը։ Ինչևէ, այդ անձնավորությունը ձեռնարկել է մի գործողություն` ուղղված իր ժամանակի չինովնիկների, առաջին հերթին դատավորների կաշառակերության վերացմանը, ինչը, բնականաբար, արտահայտվել է այդ դարաշրջանին հատուկ ձևով. մեկ օրում կախաղան է բարձրացվել 80 դատավոր։ Կից մեկնաբանության մեջ կարդում ենք` «Սակայն հասարակության կամ թեկուզ հենց իշխանության կողմից կանոնավոր կերպով կազմակերպված վերահսկողության բացակայության և բնակչության վախեցած լինելու պատճառով, բնակչություն, որը զրկված էր բողոքելու հնարավորությունից, նման միջոցառումները ցանկալի արդյունքներ չէին տալիս»։ Եթե տեղյակ չլինես, որ ասվածը բերում է ավելի քան 600 տարվա վաղեմություն ունեցող իրադարձություններին, կարող ես կարծել, թե այս մեկնաբանությունը վերցված է մեր օրերի որևէ լրագրից։
Եվ ուրեմն, դառնանք հենց մեր օրերին։
ՌԴ պետվիճակագրական ծառայության 2007-ի տվյալների համաձայն` այսօրվա Ռուսաստանում չինովնիկների բանակը կազմում է 1 մլն 314 հազար մարդ, չհաշված զինված ուժն ու ուժային կառույցները։ 1991-ին նրանց թիվը տարածքում չորս անգամ պակաս էր։ Պատկերացնո՞ւմ եք` չո՜րս։ Եվ խաչմերուկներում էլ քար լռություն էր։ Նախկին Խորհրդային Միության ողջ Հայաստանի ոստիկանական համակարգում պատկերը գրեթե նույնն է։ Ընթերցողը կարող է տարակուսած հարց տալ` իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, ավելի ապահով կլինենք։ Հենց ամբողջ հարցն էլ այն է, որ ճիշտ հակառակը։ Հանցագործությունները միշտ աճում են իրավապահների թվաքանակի ավելացման հետ։ Պատճառը պարզից էլ պարզ է. իրավապահներն իրենք են դրանում շահագրգռված, հակառակ դեպքում ոչ բավարար կլինի, ոչ էլ ոստիկանների այդչափ մեծ բանակ պահելու անհրաժեշտություն։ Հանցագործները համակարգին պետք են, ինչպես օդը, իսկ եթե չկան, նրանց ուղղակի ստեղծում են։ Հենց դա է պատճառը, որ այսօր ՌԴ-ում տարբեր ժամկետներով ճաղերի հետևում է եղել յուրաքանչյուր չորրորդ հասուն տղամարդը։ Հայելային արտացոլմամբ նույն բանն է կատարվում նաև հատուկ ծառայություններում, այն տարբերությամբ միայն, որ վերջիններիս գործունեության յուրահատկությունները պահանջում են խիստ գաղտնիություն, այսինքն, ամբողջությամբ դուրս են հանրության վերահսկողությունից։
Այս ամենում մի կարևոր հանգամանք կա, որին չենք կարող չանդրադառնալ։ Ռուս հայտնի գիտնական և հրապարակախոս Յուրի Մուխինն այս առիթով գրում է. «Ներկայիս արդարադատությունը, ընդ որում, բոլոր «քաղաքակիրթ» երկրներում, հայտարարում է, որ իր խնդիրը ոչ թե հանցագործության բացակայությունն է, այլ ինչ-որ «արդար դատավարությունը»։ Բայց եթե խոր մտածես` ո՞ւմ է պետք այդ «արդար դատավարությունը», բացի հենց իրենցից` իրավաբաններից։ Պատկերացրեք, որ մեր երկրում հրաշալի գործող արդարադատություն ունենք, բայց ավազակների ու մարդասպանների ահից հնարավոր չէ փողոց դուրս գալ։ Եվ ի՞նչ, նման վիճակը պետք է համարենք մեծ երջանկությո՞ւն։ Բայց հենց նման իրավիճակն էլ երջանկություն է դատարանի և դատախազության համար, քանի որ, եթե հասարակությունը թաղված է հանցագործության մեջ, ապա «արդարադատության» համար ծով աշխատանք կա, ծով կաշառք և այլն։
Հավելենք, որ սրանից զատ, բյուրոկրատական ապարատի տրամադրության ներքո միշտ էլ առկա են բազմաթիվ միջոցներ, որոնցով իրենց գործունեության օգտակարության և գերծանրաբեռնված լինելու պատրանք են ստեղծում։
Եթե այս ամենը կրեր ընդամենը փոքրիկ խորամանկությունների միջոցով պետական լրացուցիչ ֆինանսավորում կորզելու բնույթ, ապա ինչ-որ տեղ կարելի էր անգամ աչք փակել դրա վրա, սակայն խնդիրն ամենևին էլ դա չէ։ Հայաստանում էլ փորձում են արմատավորել մի համակարգ, որտեղ «օրենք» հասկացությունը գործելու է միայն որոշակի քաղաքական և սոցիալական սանդղակից ցած` բուրգի գագաթը դուրս թողնելով օրենքի հասանելիության գոտուց։ Սա առանձնապես դժվար իրականացվելիք գործ չէ։ Դրա առանցքային օղակը դատարանն է։ Բավական է միայն այն դարձնել իշխող քաղաքական ուժի կամակատարը, և շղթան փակվում է։ ՈՒշադրություն դարձրե՞լ եք, թե ինչպիսի ինքնավստահությամբ են հեռուստաէկրաններից չիջնող իշխանամետ «խոսող գլուխները» խորհուրդ տալիս «բոլոր վիճելի հարցերը լուծել դատական կարգով», երբ այն վաղուց արդեն հերմետիկ փակ է։ Դա նույնն է, ինչ ցլիկներին խորհուրդ տաս արդարություն փնտրել... սպանդանոցում։
...Սև ծովի ափին գտնվող մի փոքրիկ բնակավայրի աղքատ թաղամասերից մեկում լույս աշխարհ եկած, կամրջի պահակ հոր ու հանգուցյալներին հուղարկավորության պատրաստող ալբանուհի մոր շառավիղ Էնվերը, ասես, գիշատչային բնազդով զգաց արևմտյան «արդարադատության» էությունը. ընդունիր համապատասխան օրենքն ու սպանիր որքան ուզում ես։ Այդ նույն հիմքով էլ ձևավորվեց նրա վերաբերմունքն օրենքի հանդեպ։ Երբ որևէ մեկը համարձակություն էր ունենում ակնարկել անգամ, թե այն, ինչ նա մտադրվել է իրականացնել, նախատեսված չէ օրենքով կամ օրենքի խախտում է, ծակող հայացքով նայում էր դիմացինին և մետաղյա ձայնով խայթում. «Չկա այդպիսի օրենք` կստեղծենք, արգելվում է օրենքով` կվերացնենք այդ օրենքը»։
Ասել է թե` ամեն ինչ կարելի է, միայն` ըստ օրենքի։ Իսկ թե ինչպես է նույն սկզբունքը գործում մեր օրերում, այդ մասին արդեն մեկ ուրիշ անգամ։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2726

Մեկնաբանություններ