Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Թե ինչպես թուրքերը հերթական անգամ խաբեցին ռուսներին

Թե ինչպես թուրքերը հերթական անգամ խաբեցին ռուսներին
21.11.2008 | 00:00

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԼՅԱՆՍԸ` ՏԱՊԱԼՄԱՆ ՇԵՄԻՆ
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը և նրա շուրջ կատարվող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հիմնահարցի «լուծման», այսպես կոչված, «ռուսական նախագիծը» տապալման շեմին է։ Համենայն դեպս, դժվար է այլ տպավորության հանգել տարածաշրջանային վերջին մի քանի զարգացումներից և հատկապես ռուս-թուրքական հարաբերություններում ուրվագծվող նոր հակասություններից։
Ընդհանուր առմամբ, գաղտնիք չէ, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «ռուսական նախագիծը» հայտնվեց ասպարեզում։ Գործընթացը սկսվեց անմիջապես Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո և, անշուշտ, պայմանավորված էր ռուս-վրացական հարաբերությունների աննախադեպ սրմամբ։ Օգոստոսին տեղի ունեցած հնգօրյա պատերազմի արդյունքներն իրականում բոլորովին էլ մխիթարական չէին Ռուսաստանի համար։ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելով՝ Մոսկվան, ըստ էության, ստացավ այն, ինչն առանց այդ էլ 1990-ականների կեսերից գտնվում էր իր վերահսկողության տակ։ Դրա փոխարեն Վրաստանով մեկ ռուսական բանակի անխոչընդոտ զբոսանքն այնքան սրեց երկու երկրների միջև հարաբերությունները, որ բոլորի համար պարզ դարձավ. Վրաստանն այսուհետ խիստ երկարաժամկետ կտրվածքով դուրս է լինելու ռուսական վերահսկողությունից, ավելի ինտենսիվ տեմպերով շարունակելու է իր ինտեգրացիան դեպի ՆԱՏՕ և եվրոպական կառույցներ։ Ավելին, այսօր արդեն խոսվում է Վրաստանում մի քանի ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու մասին։ Այլ կերպ ասած՝ Հարավային Կովկասում, իբրև ամբողջական տարածաշրջանում, տեղի ունեցավ գերտերությունների ազդեցության հարաբերակցության փոփոխություն։ Եթե մինչ օգոստոսյան իրադարձությունները Վրաստանն ավելի շատ արևմտյան ազդեցության տակ էր, ավելի քիչ ռուսական, Հայաստանն ավելի շատ ռուսամետ էր և ավելի քիչ արևմտյան ազդեցության դաշտում, իսկ Ադրբեջանում Արևմուտք-Ռուսաստան ազդեցությունը գնահատվում էր իբրև հավասարաչափ, ապա այժմ տարածաշրջանի երկրներից մեկն ամբողջությամբ անցել է արևմտյան ազդեցության դաշտ։
Ստեղծված իրավիճակում Մոսկվան, փաստորեն, փորձեց արևմտյան, հատկապես ամերիկյան ազդեցության տարածումը կանխարգելելու համար նոր գործընկերներ գտնել տարածաշրջանում` ի դեմս Թուրքիայի և վերջինիս արբանյակ Ադրբեջանի։ Ղարաբաղյան հակամարտության բացարձակապես ոչ հայանպաստ «ռուսական նախագիծը» ասպարեզ եկավ հենց այս համատեքստում, քանի որ Անկարայի հետ ռազմավարական ալյանս ձևավորել փորձող Մոսկվան, փաստորեն, որոշեց այդ խնդիրը լուծել հայկական շահերի հաշվին։ Ռուսաստանի բոլոր գործողությունները, այդ թվում՝ մոսկովյան վերջին հռչակագրի ստորագրումը, պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Այլ բան, որ այդ փաստաթուղթը ոչ միայն առանձնակի հիացմունք չառաջացրեց, այլև համապատասխան լրջությամբ ընդունվեց նույնիսկ Հայաստանում ու Ադրբեջանում։
Ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում քիչ թե շատ կշիռ ունեցող բոլոր փորձագետները Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և Մոսկվայի բացահայտ ճնշման արդյունքում ստորագրված այս փաստաթուղթը հատկապես որակեցին իբրև կողմերի համար պարտավորություններ չպարունակող թղթի կտոր, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հիմք հանդիսանալ չի կարող։
Սակայն, ինչպես երևում է, Մոսկվայում բոլորովին էլ համաձայն չեն այս իրողությանը, և հիմա Ռուսաստանը փորձում է ինտենսիվ քայլեր ձեռնարկել առանձնապես քարոզչական դաշտում հիշյալ հռչակագրի կարևորությունը հիմնավորելու առումով։ Ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան են այցելում Հարավային Կովկասով առանձնապես հետաքրքրված քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք երկու երկրներում էլ փորձում են հանրությանը համոզել, թե Ռուսաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի գործընթացներում, առհասարակ, և մոսկովյան հռչակագրի ստորագրման համատեքստում, մասնավորապես, անվիճարկելի է և շատ կարևոր։ Մասնավորապես, վերջին օրերին Երևանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ, ոչ անհայտ Վլադիմիր Կազիմիրովը, Ռուսաստանի Պետդումայի կոմիտեի նախագահ, նույնպես ոչ անհայտ Կոստանտին Զատուլինը, ովքեր էլ հայաստանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին փորձեցին հայ հանրության մեջ արմատավորել մոսկովյան հռչակագրի կարևորությունը և, չնայած իրենց արտահայտած առաջին հայացքից հայանպաստ տեսակետներին, փաստորեն, խնդիր էին դրել համոզել հայ հանրությանը, որ Երևանն այլ ելք չունի, քան Մոսկվայի առաջարկած պայմաններով Ադրբեջանի հետ հաշտության գնալը։ Իսկ պայմանները, ի դեպ, արդեն այնքան էլ գաղտնիք չեն։ Մասնավորապես, հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «ռուսական նախագիծն» իր մեջ պարունակում է ԼՂՀ անվտանգության գոտին կազմող գրեթե բոլոր տարածքների վերադարձ
Ադրբեջանին։ Ըստ տեղյակ փորձագետների մեկնաբանությունների, անգամ Լաչինը ռուսները դիտարկում են իբրև սոսկ միջանցք։ Ինչ վերաբերում է ԼՂՀ կարգավիճակի հստակեցմանը, ապա «ռուսական նախագծով» այդ հարցի լուծումը թողնված է անորոշ հեռանկարին։ Ցավոք, Մոսկվայի վերջին գործողությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն այս ծրագրից չի հրաժարվել և մոսկովյան հռչակագրի շուրջ լայնածավալ քարոզչություն ծավալելու ճանապարհով փորձում է այն ներկայացնել իբրև հիշյալ նախաձեռնության իրականացման առաջին քայլ, տարբեր պաշտոնյաների բերանով հավաստելով, թե մտադիր է շարունակել քայլերը Հարավային Կովկասում իր դերակատարությունը պահպանելու համար, և այդ ճանապարհին դաշնակից Հայաստանի շահերը, փաստորեն, կրկին անտեսված են։
ՊԱՏՐԱՆՔԻ ՎԵՐՋԱԲԱՆԸ
Սակայն այսօր բավական հետաքրքիր զարգացումներ կան այս ողջ գործընթացում Թուրքիայի դերակատարության առումով։ Առաջին հայացքից թվում էր, թե թուրք-ամերիկյան հարաբերություններն աստիճանաբար այնքան են սրվել, որ Անկարան նույնիսկ պատրաստ է երես թեքել Վաշինգտոնից և, դեպի Մոսկվա շրջադարձ կատարելով, ԱՄՆ-ի դաշնակցից վերածվել նրա տարածաշրջանային հակառակորդի։ Անշուշտ, թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա սառնությունը նոր չէ, այն սկիզբ առավ ամերիկյան զորքերի Իրաք ներխուժումից սկսած, երբ Անկարայի համար ակնհայտ դարձավ, որ Իրաքի հնարավոր մասնատման պատճառով նրա հյուսիսային մասում կարող է ձևավորվել ինքնուրույն քրդական պետություն։ Հանգամանք, որն անչափ անցանկալի է Թուրքիայի համար, և թուրքական էլիտայի աստիճանաբար աճող հակաամերիկյան դրսևորումները հիմնականում պայմանավորված են եղել սրանով։ Միաժամանակ Անկարայի նկատմամբ գնալով խստանում էր Եվրոպայի դիրքորոշումը, և բանը հասավ այնտեղ, որ եվրոպական տարբեր պետությունների ղեկավարներ սկսեցին ընդհանրապես կասկածի տակ դնել Թուրքիայի՝ Եվրամիությանը երբևիցե անդամակցելու հարցը։
Անկարայի «սերտացումը» Մոսկվայի հետ վերջին շրջանում հիմնականում պայմանավորված էր այս հանգամանքներով, սակայն միաժամանակ կային լուրջ հիմքեր կարծելու, որ Թուրքիան այդ քայլով ընդամենը փորձում է կրկին բարձրացնել իր գինն Արևմուտքի աչքում։ Նույնը՝ Ադրբեջանը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, անկախ ռուսական և արևմտյան ազդեցությունից, ռազմավարական հարցերում մշտապես գործում է Անկարայի ուղեծրում։ Վերջին մի քանի իրադարձությունները եկան ապացուցելու Անկարայի, հետևապես և Բաքվի կրկին շրջադարձը դեպի Արևմուտք։
Բառացիորեն օրերս Թուրքիան և Իրանը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի՝ Իրանի տարածքում համատեղ միջոցներով կկառուցվի 1800 կմ երկարությամբ խոշոր գազամուղ, այն կմիացվի Թուրքիայի ցանցին, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրանական գազը մատակարարել Եվրոպա։ Նախագիծը ենթադրում է, որ Իրանը տարեկան կտրվածքով մինչև 31 մլրդ խմ գազ կմատակարարի Եվրամիությանը։ Այսպիսով, Միացյալ Եվրոպան, նորվեգական, հյուսիսաֆրիկյան, ռուսական գազատարներին զուգահեռ, ձեռք կբերի ևս մի կարևոր էներգետիկ աղբյուր՝ դրանով իսկ էապես նվազեցնելով իր կախվածությունը Ռուսաստանի մատակարարումներից։ Սա տարածաշրջանային կտրվածքով շատ լուրջ փոփոխություն է։ Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ քննարկվում էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցը, և իրանական կողմն առաջարկում էր այն տրանզիտային դարձնել՝ դեպի Վրաստան, այնտեղից Սև ծովով ՈՒկրաինա և ապա Եվրոպա ընդլայնվելու հեռանկարով, Մոսկվան, Հայաստանի նկատմամբ ճնշում կիրառելով, հասավ նրան, որ կառուցվեց բացառապես Հայաստանի ներքին պահանջների բավարարմանն ուղղված գազամուղ։ Գաղտնիք չէ, որ իրանական կողմը շատ դժգոհ էր այս իրողությունից։ Ռուս-վրացական վերջին պատերազմը և ռուսական բանակի գործողությունները Վրաստանի տարածքում, թերևս, համոզեցին Թեհրանին, որ եվրոպական գազամուղի հայկական երթուղին հեռանկարի կտրվածքով այնքան էլ ապահով չէ, և Իրանը նախընտրեց համաձայնության գալ Անկարայի հետ։ Այս հանգամանքը, անկախ նրանից՝ դուր է գալիս հայ հանրությանը, թե ոչ, կրկին մեծացնելու է Անկարայի նշանակությունը եվրոպական շահերի համատեքստում, եթե անգամ ընդունենք, որ թուրք-իրանական այդ համաձայնագիրը ստորագրվել է Վաշինգտոնի դիրքորոշման անտեսմամբ։ Բոլոր դեպքերում այն, անկասկած, ունեցել է Եվրամիության առանցքային երկրների աջակցությունը, և դրա արդյունքում Թուրքիան կրկին Եվրոպային առաջարկելու բան ունի։
Սակայն այս ամենի մեջ ամենակարևոր իրողությունն այն է, թե ինչպես թուրքերը հերթական անգամ խաբեցին ռուսներին։ Համաձայնագիրը, որ ստորագրվել է Թուրքիայի ու Իրանի միջև, ըստ մի շարք վերլուծաբանների, ռուս-թուրքական վերջին շրջանում կայացած գաղտնի շփումների և որոշ պայմանավորվածությունների բացահայտ խախտում է, որովհետև Մոսկվան, ի դեմս Անկարայի, փորձում էր գտնել արևմտյան, հատկապես ամերիկյան ազդեցության դեմ հանդես եկող դաշնակից, իսկ Անկարան չափազանց լուրջ հարված հասցրեց ռուսական շահերին՝ դառնալով իրանական գազն Արևմուտք արտահանող պետություն և այդ համատեքստում բացարձակապես թքած ունենալով Մոսկվայի կարծիքի վրա։
Ի դեպ, ղարաբաղյան հակամարտության շփման գծում նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած հրադադարի խախտումն էլ դրա վկայությունն է։ Հայտնի է, որ հրադադարը խախտվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ, որի հատուկ նշանակության դիվերսիոն խումբը փորձել էր շրջանցել Արցախի պաշտպանության բանակի դիրքերը և դուրս գալ հայկական ստորաբաժանումների թիկունքը։ Մեկուկես ժամ տևած մարտի ընթացքում հայկական ստորաբաժանումներին հաջողվեց հերթական անգամ շպրտել հակառակորդին ելման դիրքերը, ադրբեջանական կողմը տվեց մեկ զոհ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Բաքվի նախաձեռնությամբ հրադադարի այս խախտումը տեղի է ունենում մոսկովյան հռչակագրի ստորագրումից երկու շաբաթ անց։ Այսինքն՝ Ադրբեջանի նախագահը Մոսկվայում բացառապես խաղաղ միջոցներով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելով, ամիսը չլրացած թքում է այդ նույն թղթի վրա։ Սրանով Անկարան, թերևս, հասկացնում է Մոսկվային, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը շատ ավելի մեծ չափով կախված է թուրքական, քան ռուսական գլխավոր շտաբից։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 4011

Մեկնաբանություններ