Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Եթե ԱԺ-ն 1999-ին թիրախ էր, ապա 2008-ի մարտի 1-ին նպաստեց իր անգործությամբ»

«Եթե ԱԺ-ն 1999-ին թիրախ էր, ապա 2008-ի  մարտի 1-ին նպաստեց իր անգործությամբ»
15.07.2008 | 00:00

«ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ՀՆՉԱԾ «ՄԵՍԻՋՆԵՐԻ» ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ «ԿԱՄՈՒՐՋՆԵՐ»
Նախորդ շաբաթ տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 5-րդ համագումարը, որտեղ հնչած ելույթների որոշակի շեշտադրումների շուրջ զրուցեցինք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ։
-«Ժառանգությունը», կարծեք, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում միջանկյալ օղակի դեր է ստանձնել։ Սա նկատելի էր նաև համագումարում ներկա հյուրերի կազմից։ «Ժառանգության» հետագա քայլերը խարսխվելու են այս երկու կողմերի միջև «կամուրջներ կապելո՞վ, թե՞ դրանք այրելով»։
-Մայիսի 30-ին «Ժառանգության» ընդլայնված նիստը որոշեց գնահատել կուսակցության` երկխոսություն սկսելուն միտված միջնորդական ջանքերը և քաղաքական գնահատականներ տվեց դրա ձախողմանը։ Սակայն այսօր էլ երկխոսության կայացման հույսը չենք կորցրել, քանի որ երկփեղկված վիճակով ԼՂՀ-ի հիմնահարցը և մեր պետության շահերը պաշտպանել չի լինում։ Չի կարող լինել նաև արդյունավետ կառավարում, քանի որ հասարակության զգալի հատվածի և իշխանության միջև կա խոր անդունդ, որը բավականին կոշտացավ մարտի 1-ից հետո։ ՈՒզում ենք հուսալ, որ գոնե նույն դահլիճում իշխանության և ընդդիմության հանդիպումը, ինչը համագումարում տեղի ունեցավ, կունենա շարունակություն։ Իսկ մեսիջները, ուղերձները, որ թողեցին բոլոր կողմերը, սկսած «Ժառանգությունից» մինչ Տեր-Պետրոսյան և վարչապետ Տիգրան Սարգսյան, ճիշտ կընկալվեն, և դրանց հիման վրա կկառուցվի կամուրջը։ Բոլոր ելույթները լավ են ընդունվել «Ժառանգություն» կուսակցությունում։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում տեղի ունեցած քաղաքական գործընթացները փորձեց գնահատել միասնական չափանիշերով։
-Րաֆֆի Հովհաննիսյանը չանդրադարձավ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ էլ Տիգրան Սարգսյանի ելույթների շեշտադրումներին։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ նոր մարտավարությամբ է «Ժառանգությունը» փորձում ներկայանալ։
-Ամենևին ոչ։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ միասնության ժամանակաշրջանն է, որը պետք է արտահայտված լինի գործով, կոնկրետ քայլերով, ոչ թե միայն խոսքով։ Սա վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձներից մեկի պատասխանն էր։ Իբրև ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժ՝ մենք գնահատականների առումով ընդհանրություններ ունենք արտախորհրդարանական ընդդիմության հետ, ինչը ևս մատնանշվեց Հովհաննիսյանի ելույթում։ Համագումարում հստակ խնդիրներ հնչեցվեցին՝ սկսած մարտի 1-ի գործի ճշմարտության բացահայտումից, վերջացրած բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելով։
-Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, նշեց, որ «ԱԺ-ն ի՛նքն է մեղսակից մարտի 1-ի և դրան հետևող իրադարձություններին»։ Կարո՞ղ եք ասել, թե ԱԺ-ի որ մեղքի մասին էր խոսքը։
-Միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանն այլ փաստարկներ էլ կներկայացներ, բայց ես կասեմ իմ տեսակետը։ Եթե Ազգային ժողովը 1999-ին թիրախ էր, ապա 2008-ի մարտի 1-ին նպաստեց իր անգործությամբ։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ եթե բանավեճը, մրցակցությունը, անգամ առճակատումը մնային քաղաքական հարթության վրա, մարտի 1-ը չէր լինի։ Ազգային ժողովը սեփական անգործության, քաղաքական խիզախության պակասի, գործադիրից և նախագահից ունեցած կախվածության պատճառով որևէ լուրջ քայլ չկատարեց այդ առճակատումը կանխելու համար։ Իսկ մարտի 1-ի երեկոյան հրավիրած հատուկ նիստը թույլատրեց անթույլատրելին՝ երկրում արտակարգ դրության հայտարարում, ինչը բազմաթիվ խնդիրներ ավելացրեց գոյություն ունեցող բարդ իրավիճակին։ Տեսականորեն դիտարկենք. եթե չլիներ արտակարգ դրությունը, այսօր չէին լինի այսքան կալանավորվածներ, կկարողանային վերահսկողության տակ պահել գործընթացները, այլ ոչ թե արտակարգ ռեժիմով ուժային կառույցներին կտրվեին նպաստավոր պայմաններ` քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար։ Հետևաբար, ԱԺ-ն մեղսակից է դառնում մարտի 1-ի և դրանից հետո ստեղծված իրավիճակին։
-Արդեն հստակեցվա՞ծ է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին «Ժառանգությունը» կուղարկի՞ իր անդամներին։
-Սա ևս խնդիր է, որը նորընտիր վարչությունը պետք է քննարկի։ Մեզ համար, այնուամենայնիվ, անհասկանալի է մեր երկու գործընկերների առաջադրման մերժումը։ Այն դեպքում, երբ ոչ մի օրենսդրական խոչընդոտ չունեինք։
-Հնարավո՞ր է, որ նույն պատգամավորներին կրկին ներկայացնեք։
-Ես ոչինչ չեմ բացառում՝ սկսած չմասնակցելուց։
-Վարչապետը համագումարի ժամանակ ուղղակիորեն կրկին իշխանության հետ երկխոսության պատրաստակամություն հայտնեց։ Ի՞նչ եք կարծում, կգտնվե՞ն իշխանության և ընդդիմության միջև երկխոսության եզրեր։
-Թե՛ վարչապետի, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները բավարար հիմքեր են տալիս ասելու, որ ընդհանուր եզրեր և փոխադարձ կարևորվող խնդիրներ կան։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ եթե յուրաքանչյուր կողմ կարևորում է այս կամ այն խնդիրը, ապա, բնականաբար, օրակարգում կլինի երկխոսությունը։
-Այսինքն, ճգնաժամի հաղթահարման ելքերից մե՞կն է երկխոսությունը։
-Երկխոսություն անհրաժեշտ է, քանի որ առանց դրա որևէ խնդիր չի լուծվելու, բոլոր կողմերը միմյանց հետ չեն հաղորդակցվելու և երևույթներին շարունակելու են նայել տարբեր պատուհաններից՝ հնչեցնելով տարբեր գնահատականներ, ներկայացնելով տարբեր ռազմավարություններ, որոնք մեկը մյուսի հետ փոխկապակցված չեն։ Կարևոր է, որ բոլորը խնդիրները դիտարկեն նույն դաշտից, նույն սեղանի շուրջ, ու դրանց նկատմամբ կիրառեն նույնպիսի չափանիշեր։ Եթե Տեր-Պետրոսյանը և նրան սատարող ուժերը կարևորում են մարտի 1-ի բացահայտումը և քաղկալանավորների ազատումը, վարչապետը՝ բարեփոխումների իրականացումը և այդ գործընթացներին ընդդիմության մասնակցությունը, ապա «Ժառանգությունն» այդ բոլոր խնդիրները մեկտեղել է՝ համակարգային բարեփոխումներ առաջարկելով, հրամայական համարելով քաղբանտարկյալների ազատումը և մարտի 1-ի բացահայտումը։
Կարծում եմ, այս երեք սուբյեկտներն ի վիճակի են և հիմք ունեն ձևակերպելու ընդհանուր օրակարգ։ Ժամանակն է սթափ գնահատելու իրականությունը և համարժեք քայլեր կատարելու։
-Սակայն ընդդիմությունը ներքաղաքական լարվածության չեզոքացումը տեսնում է արտակարգ ընտրությունների անցկացմամբ։ Որքանո՞վ է դա նպատակահարմար։
-Քաղաքական համակարգի խաթարված լեգիտիմությունը անգամ ամենատրիվիալ ուսումնասիրությունների պարագայում, ունի մեկ դեղատոմս՝ համապետական ընտրությունների անցկացում, որի արդյունքում կձևավորվեն հասարակության համար ընդունելի իշխանություններ։ Քանի որ լեգիտիմության ճգնաժամը սկիզբ է առել ընտրություններից հետո, ապա արտահերթ ընտրությունների անցկացումն էլ դիտարկվում է որպես լուծում։ Նախ` իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակության լիարժեք վստահությունը չեն վայելում, և ընտրովի մարմինների կրկին ընտրության անհրաժեշտություն կա, ու գնան այդ քայլին։ Մյուս տարբերակն էլ այն է, որ եթե կողմերը չգնան որևէ քայլի, ապա, միևնույն է, ստեղծված իրավիճակի միակ լուծումն արտահերթ ընտրություններն են։ Լեգիտիմության երկու ուղիներն էլ՝ մեկը իշխանության կամոք, մյուսը՝ նրանց ցանկության բացակայության պարագայում, ուղղակի կարող են հանգեցնել արտահերթ ընտրութունների։
-Այն, ինչ Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս ամիսների ընթացքում իրականացնում է,Դուք որևէ դրական միտում նկատո՞ւմ եք։
-Վարչապետի գործելակերպում կարող ենք առանձնացնել բավականին դրական կողմեր, այդ թվում` որոշ համարձակ քայլեր, մասնակցություն միջոցառումներին, օրենքների կիրառման ապահովում։ Նրա կեցվածքում չենք նկատել ցինիզմ, հեգնանք, արհամարհանք։ Ավելին, վերջին շրջանում վարչապետը ցույց տվեց, որ անգամ իր համար անբարենպաստ միջավայրում ունակ է երկրորդ քայլը կատարելու։
-Իսկ Սերժ Սարգսյա՞նը։
-Բնականաբար, վարչապետը ներկայանում է որպես Սարգսյանի կառավարության ղեկավար։ Չեմ ցանկանում տարբերությունների մասին խոսել, սակայն որոշակի որակներով Տիգրան Սարգսյանը տարբերվում է Սերժ Սարգսյանից (եթե երկուսին համադրում ենք որպես վարչապետի պաշտոնը ստանձնած քաղաքական գործիչների)։ Տարբերությունները գուցե ունեն օբյեկտիվ նախադրյալներ, որովհետև Սերժ Սարգսյանը մինչ նախագահ դառնալը միգուցե չէր գիտակցում այն ախտը, որը վարակել է հանրապետության քաղաքական համակարգը, իսկ լուծումն էլ այլ դաշտում էր պատկերացնում։ Իսկ Տիգրան Սարգսյանի վարքագծի տարբերությունը կայանում է նրանում, որ նա վարչապետ է դարձել խիստ ճգնաժամային իրավիճակում, երբ համակարգի ախտերն ավելի տեսանելի են։ Այսինքն, այն ինքնավստահությունը, որն ուներ Սերժ Սարգսյանն իր վարչապետության օրոք, ու այն վերաբերմունքը, որը ցուցաբերում էր ընդդիմության հանդեպ, այլ էին։ Իսկ այսօրվա վարչապետը պարտավոր է հաշվի առնել իրողությունները և չթերագնահատել ընդդիմության մասնակցությունն ու կարևորությունը։
-Եվ վերջում անդրադառնանք այն խնդրին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը համագումարում նաև հայտարարեց, թե «Ժառանգությունը» լինելու է Հայ ազգային կոնգրեսի «հիմնասյուներից» մեկը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ կառույցի ստեղծումը, և ո՞րն է նրա խնդիրների շրջանակը։
-Մենք որոշել ենք քաղաքական գնահատականներ չհնչեցնել այն գաղափարներին, նախագծերին, որոնք դեռևս գոյություն չունեն։ Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա նորընտիր վարչությունը պետք է բանակցություններ վարի և աշխատի այդ գաղափարի վրա։ Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի բարձր կոորդինացման անհրաժեշտություն կա՝ համակարգված գործելու, պատասխանատվությունը հավասարաչափ կիսելու, հնարավորինս անթերի որոշումներ կայացնելու համար։ Այս կտրվածքով ընդդիմության շրջանակում համակարգվածության խնդիր կա։ Ի՞նչ զարգացումներով կընթանա կոնգրեսի ձևավորումը, ժամանակը ցույց կտա։

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6058

Մեկնաբանություններ