Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հեղափոխության անուղղակի ռազմավարությունը

Հեղափոխության անուղղակի ռազմավարությունը
14.11.2008 | 00:00

ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ
«Քաղաքական գիտակցության թերին, անինքնավստահություն, սարսափի հոգեբանություն. ահա մեր եռագլխանի թշնամին»։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները կոալիցիոն ուժերը որակում են իբրև արտաքին ուժերի ակտիվ միջամտության արդյունք։ Անգամ փորձ է արվում զուգահեռներ անցկացնելու ուկրաինական և վրացական գունավոր հեղափոխությունների միջև։ Այդ պատճառով իշխանությունների որդեգրած մարտավարությունն այս խնդիրների լուծմանը հաճախ հակազդվում է և ունենում հակառակ արդյունք։ Այն բացասական ազդեցություն է ունենում նաև արտաքին քաղաքականության և համաշխարհային հանրության կարծիքի վրա։
Սակայն միշտ էլ լինում են միջոցներ և հնարավորություններ՝ առաջացած խնդիրների լուծման համար։ Գլխավորը, նախ, խնդրի ճշգրիտ ձևակերպման և ապա՝ դրա բանաձևումի անսխալ լուծումն է։ Որպես կանոն, գոյություն չունեն անլուծելի խնդիրներ, լինում են միայն սխալ ձևակերպումներ, որոնք էլ խնդիրները դարձնում են այլևս անլուծելի։ Կարևորագույն պայմաններից է այն, որ երբևիցե չպիտի փորձել` լուծելու արդեն իսկ առաջադրված «ձևակերպված և մատուցված» խնդիրը։ Ստեղծված իրավիճակը պիտի նորովի գնահատվի և վերաձևակերպվի միայն ու միայն համապատասխան ակտիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, և ապա նոր միայն մշակվի հետագա մարտավարությունը։
Իշխանությունների որդեգրած մարտավարության մեջ մի քանի կարևորագույն գործոնների առկայությունը թույլ է տալիս կոալիցիոն որոշ ուժերի «մեղադրել» իշխանություններին՝ հատկապես նախագահի դեմ քաղաքական սուբվերսիոն իրականացնելու համար, իմա՝ քաղաքական մի շարք ավանտյուրաներ, որոնց նպատակն է շեղել, այլ ուղղությամբ առաջնորդել նախագահին, ականապատել իշխանությունների և ընդդիմադիր շարժման միջև հնարավոր երկխոսության դաշտն ու խորացնել ժողովրդի մեջ առաջացած վիհը։
Մինչդեռ առկա հեղափոխականների ժամանակակից շարժումը թևակոխել է պայքարի անուղղակի ռազմավարության փուլ։ Անուղղակի ռազմավարությունը ոչ ուժային միջոցներով նպատակակետին հասնելու ստրատեգիան է։ Այն մեծապես կախված է հեղափոխականների ոգուց և կամքից` իր մեջ խտացնելով ինչպես հոգեբանական պայքարի, ապատեղեկատվության, այնպես էլ քարոզչության հիմնադրույթները։
Անուղղակի ռազմավարությունն իբրև տեսություն պայմանավորված է մի քանի հիմնական (նախնական) սկզբունքներով.
* ուժային հարաբերության ճշգրտում,
* սեփական ջանքերի խնայողություն,
* ֆիզիկական և հոգեբանական խարազանում,
* իշխանությունների մանիպուլյացիա և ուժերի սպառում,
* հանկարծակիություն։
Պատմականորեն անուղղակի ռազմավարության կիրառումն աշխարհագրական և մշակութային պատճառներ ունի։ Սակայն այսօր այն մեծ մասամբ կիրառվում է որպես զուտ քաղաքական պայքարի ձև` մերժելով կոպիտ առճակատումներն ու բիրտ ուժը։ Անուղղակի ռազմավարությունը տիրապետում է քաղաքական պայքարի գործիքների մի ամբողջ զինանոցի, ուր առկա են տակտիկական հնարքներն ու հաջորդական քայլերի քողարկումները, իշխանությունների լոգիստիկայի դեմ ակտիվ նախաձեռնություններն ու իշխանությունների բարոյազրկումը։ Առանց բախումների իշխանական, պետական կառույցների սասանումը, նրա անվտանգության ականապատումը, հարվածներն իշխանությունների առկա ռեսուրսներին, բարոյական կորովին և միայն այն պարագայում, երբ հարվածի անվրեպությունը հաշվվում է 100-տոկոսանոց սանդղակով։
Անուղղակի ռազմավարությունը խտրականություն չի դնում քաղաքական պայքարի ձևերի և տեսակների միջև` նպատակ հետապնդելով հավասարակշռությունից հանել իշխանություններին և առկա թուլություններն օգտագործելով հասնել քաղաքական հաղթանակի։ Առկա աշխարհաքաղաքական գործընթացները մեկ անգամ ևս ապացուցում են, որ քաղաքական հաղթանակները միշտ էլ գերազանցում են ռազմական հաղթանակները, բարոյահոգեբանական ուժերը միշտ էլ գերակա են ֆիզիկական ուժերի նկատմամբ։
Մինչդեռ իշխանությունների «հակահեղափոխական պայքարի մարտիկները» նպատակադրվել էին նախ և առաջ բիրտ ուժի գործադրման միջոցներով նախաձեռնությունը վերցնել շարժման ձեռքից։ Այդ իսկ պատճառով հակահեղափոխական առաջին և գլխավոր «գրոհային» ուժ դիտվեց ոստիկանությունը։ Սա դասական օրինակ էր և ստեղծված իրավիճակում ենթակա էր հակազդման, ինչը և տեղի ունեցավ։ Սակայն մինչև իսկ այս պարագայում նախ անհրաժեշտ էր հասկանալ շարժումը, նրա պայքարի բնույթը, հեղափոխության ռազմավարությունը և իրավապահ համակարգը վերաձևավորել ու հարմարեցնել ստեղծված իրավիճակի պահանջներին։
Շարժման նկատմամբ իշխանությունների իրականացրած ճնշումներն ու անարդարությունները միայն լրացուցիչ միջոց հանդիսացան հեղափոխական պայքարը ծավալելու համար։ Մինչդեռ այն հիմնական գործոնները, որոնք խթանելու և նոր ուժ են տալու պայքարին, ունեն ավելի խոր արմատներ և բխում են ազգային ավանդույթների, ազգային գաղափարախոսության և ցեղային ոգու ընդերքից։ Եվ անկախ այն հանգամանքից, թե շարժումը վաղն ինչ ընթացք կստանա, այնուամենայնիվ, հեղափոխության կենսական պահանջն ու նրա պարտադրումները մեր իրականության մեջ այլևս անխուսափելի են։ Հեղափոխական շարժման սկզբնական էներգետիկան, իմպուլսը միշտ էլ ավանդականությունն է, որն իր մեջ խտացնում է կոնսերվատիվ հեղափոխության էլեմենտները։ Եվ եթե ժողովուրդը ճնշված է, ու նրանից բռնորեն խլված է ազատ ապրելու, ազատ արարելու և ազգային արժանապատվության միակ իրավունքը, ապա այս պարագայում է միայն, որ ազգայնականությունն ու հայրենասիրությունը միաձուլվում են իրար՝ ծնունդ տալու ազատության, գոյի պահպանման և ազգային արժանապատվության իրավունքի վերականգնման պայքարին։
Հակառակ այն հանգամանքին, որ իշխանությունը լիարժեքորեն չի տիրապետում իրավիճակին, այնուամենայնիվ, ունի հետևյալ առավելությունները.
l բանակ և ոստիկանություն,
l կառավարչության համակարգ,
l արտաքին որոշակի օժանդակություն,
l ֆինանսական ռեսուրսներ,
l ինֆորմացիոն դաշտի վերահսկում։
Սակայն ամենակարևորը երեք հետևյալ գործոններն են, որոնցից առայժմ զուրկ է իշխանությունը.
l ակտիվությունը, վճռականությունն ու քաղաքական կամքի դրսևորումը,
l հասարակության որոշակի շերտերի թեկուզ նվազագույն աջակցությունը,
l գաղափարախոսական ու աշխարհայացքի նոր որակական փոփոխությունն ու տրանսֆորմացիան դեպի ազգային արժեհամակարգ։
Այս ամենի համար պահանջվում է ժամանակ, իսկ ժամանակ իշխանությունը չունի, հակառակ տարածված այն համոզմունքին, թե ժամանակն աշխատում է վերջինիս օգտին։ Եվ խնդիրն այստեղ ժամանակը չէ, այլ դրա ճիշտ օգտագործումը։ Ժամանակը նրա օգտին է աշխատում, ով գիտե արդյունավետորեն օգտվել դրանից։
Իշխանական ԶԼՄ-ների ոչ ճիշտ կազմակերպած հոգեբանական պայքարի արշավը դատապարտվեց ոչ միայն ձախողման, այլև ունեցավ հակառակ ազդեցությունը։ Այն դեռ շարունակում է ընթանալ նույն ոգով՝ հարվածի տակ դնելով իշխանությանը։ Մինչդեռ արշավը պիտի հիմնված լիներ միայն շարժման ակտիվի ոգին և խառնվածքը ձեռնավարելու արվեստի վրա՝ ստիպելով նրան ենթարկվելու իր կամքին առանց ավելորդ բռնությունների և զոհերի։ Սակայն այն իրականացվեց հակազդման մեխանիզմով, և արշավի թիրախ դարձան նախ՝ նախագահն ու իր թիմը և ապա՝ հասարակության մի զգալի հատվածը։ Բարոյահոգեբանական եզրը պայքարների մեջ միշտ էլ առկա է։ Գոյություն ունեն պայքարի տեսակներ, որոնք ավելի շատ առնչվում են հոգեբանական եզրի հետ, դրանք ստիպում են կողմերին՝ զբաղվել հակառակորդի հոգեվիճակի վրա ազդելու ունակ ռազմավարություն մշակելու գործով։ Հաճախ էլ հիմնվում են հանրային կարծիքի մանիպուլյացիայի վրա, հատկապես ժողովրդավարական հասարակարգերի պարագայում։ Սակայն Հայաստանում դա նույնպես չհաջողված իրողություն է։ Դեռ ավելին, առկա քարոզչության և սխալ գործադրված կանխարգելիչ և այլ միջոցառումների բնական հակազդեցության արդյունքում ժողովրդի մոտ ստեղծվեց թշնամու ընկալումը, իմա՝ թշնամի իշխանության կերպարը, իսկ շարժման առաջնորդները հենց դրա հիման վրա էլ կարողացան իրենց ռազմավարությունը մշակել։
Մինչդեռ գաղափարախոսությունը շատ ավելի հզոր հոգեբանական ուժ է, քան քարոզչական, բարոյահոգեբանական կամ ճանաչողական արշավ։ Խորաթափանց և երկարաժամկետ գաղափարախոսությունն է հեղափոխական պայքարի, ուժերի հարաբերակցությունը շրջելու միակ ձևը։ Սակայն համաժողովրդական շարժումը չի առաջնորդվում գաղափարախոսական սկզբունքներով, այլ հեղափոխության անուղղակի ռազմավարության միջոցը ծառայեցնում է որպես արդյունավետ գործիք, քաղաքական ստիպողական լուծումների հասնելու ձև։ Եթե համաժողովրդական շարժման ակտիվն ու առաջնորդը վճռականորեն են տրամադրված՝ երկրով մեկ իրականացնելու լուրջ բարեփոխումներ և ձերբազատվելու ներկայիս պսևդոազգայնական իշխանակոալիցիոն ռեժիմից, ապա ստեղծված իրավիճակը միայն խթանիչ ուժ կարող է հանդիսանալ կոնսերվատիվ հեղափոխության ճանապարհով երկիրը դուրս բերելու մի նոր որակական հարթություն` հեղափոխության կուտակված էներգիան օգտագործելով ի շահ ազգի զարգացման ու ազգային ինքնիշխան պետության հզորացման։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«Նուբարաշեն» ՔԿՀ, ՊԱՉ, 14 հունիս, 2008 թ.

Դիտվել է՝ 4344

Մեկնաբանություններ