ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծուղակ, որտեղ մաշվում և մսխվում են ռեսուրսները

Ծուղակ, որտեղ մաշվում և մսխվում են ռեսուրսները
09.04.2024 | 16:00

Մեկ տարի է անցել, բայց արդիական է նաև այսօր

ՈՒկրաինայում մղվող պատերազմի ավարտական արդյունքները կպայմանավորեն նոր աշխարհակարգի կառուցվածքը: Կհաջողվի՞ արդյոք Ռուսաստանին ԱՄՆ-ի գերակայությունը համաշխարհային արենայում նվազեցնել և նոր աշխարհակարգը իրականում դարձնել բազմաբևեռ, որին ձգտում է նաև Չինաստանը:

ՈՒկրաինայում ռուսները բախվում են հավաքական Արևմուտքի հետ, որի տնտեսական և ռազմական պոտենցիալը բազմակիորեն գերազանցում է: Շատերը կարծում են, որ հաղթանակի ռուսները չեն հասնի, և Պուտինը ստիպված կլինի հեռանալ: Մոսկվայում պնդում են, որ չհաղթելու տարբերակ չունեն: Քարոզչական նարատիվներից հեռանալով, պրոարևմտյան և պրոռուսական կարծրատիպ թեզերը վանելով՝ ճիշտ կլինի կանխատեսումներ անել՝ ելնելով պատմության դասերից: Ճիշտ կանխատեսման հիմքը անցյալի օբյեկտիվ և անկողմնակալ լուսաբանումն է:

Եվ այսպես, ի՞նչ հավանական ելքեր կարելի է տեսնել: Առավել գիտական է ուկրաինական պատերազմը հետազոտել փլուզված Ռուսական կայսրության տարածքում 1918-20 թթ. մոլեգնած քաղաքացիական պատերազմի հետ համեմատությամբ: Այն ժամանակ մի բևեռում Արևմուտքի կողմից մերժված և չճանաչված բոլշևիկյան իշխանությունն էր, մյուս կողմում՝ սպիտակգվարդիական կառավարությունները, որոնց ողջ տնտեսական և ռազմական կարողությունները տրամադրում էին արևմտյան պետությունները: Տեղի ունեցավ անհավանականը՝ համաշխարհային պատերազմում արյունաքամ եղած երկրում բոլշևիկները հաղթանակ տարան և վերականգնեցին կայսրությունը արդեն որպես ԽՍՀՄ: Այժմյան պատերազմը, ինչ-որ իմաստով, շատ նման է մեկ դար առաջ ծավալված քաղաքացիական պատերազմին: Նորից մի բևեռում Արևմուտքն է, որը զինում և ֆինանսավորում է ուկրաինական կողմին: Կրկին հիմնահարցը Ռուսական կայսրության նախկին տարածքում ազդեցության գոտիների համար պայքարն է: Երկու սլավոն ազգերի եղբայրասպան պատերազմը շատ նման է 1918-20 թթ. պատերազմին: Ես այստեղ ո՛չ ռուսական, ո՛չ էլ ուկրաինական ազգային շահ չեմ տեսնում: Տեսնում եմ ծուղակ, որտեղ մաշվում և մսխվում են այն ռեսուրսները, որոնք պետք են Կրեմլին համաշխարհային ուժային բևեռի կարգավիճակը Ռուսաստանին վերադարձնելու համար: ՈՒկրաինան այն երկիրն է, որին պոկելով Ռուսաստանից Վաշինգտոնը կարող է փոշիացնել այդ ձգտումները: Եվրոպական Միության համար պատերազմը նույնպես կարողությունների վատնում է: Թանկ էներգակիրների հետևանքով Եվրոպայում կրճատվում են արտադրական կարողությունները, ուժեղանում է կախվածությունը ԱՄՆ- ից: Պատահական չէին Պեկինում Մակրոնի բանակցությունները Սի Ծինպինի հետ: ԵՄ կառավարության ղեկավար մեծարգո տիկինը ուղեկցում էր, բայց չերևաց բանակցություններում: Բրյուսելում ուշացումով աշխատում են ելքեր գտնել, որովհետև, ինչպես հարյուր տարի առաջ, այժմ էլ ռուսական ցամաքային բանակը շարունակում կանգուն մնալ: Ռուսաստանի ռեսուրսները և ռազմավարական խորությունը կրկին ապացուցում են երկարատև բախման պայմաններում դիմադրողականության բարձր մակարդակը: Երևանում պետք է դասեր քաղեն Կիևի սխալներից: Տարբերությունն այն է, որ Կիևում գործած սխալը կարող է կորուստների տանել, բայց երկիրը չի կործանվի, որովհետև մեծ է և նվազելու տեղ ունի: Հայաստանը նվազելու տեղ չունի, գոյության պայքար է մղում:

Գարիկ Քեռյան

09. 04. 23

Դիտվել է՝ 3961

Մեկնաբանություններ