ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անհրաժեշտ է Չինաստանի հետ, նախևառաջ, մշակութային, քաղաքակրթական երկխոսություն զարգացնել

 Անհրաժեշտ է Չինաստանի հետ, նախևառաջ,  մշակութային, քաղաքակրթական երկխոսություն զարգացնել
07.04.2024 | 18:00

Հայ-չինական հարաբերությունների 32-ամյակի առթիվ

1992 թ. ապրիլի 6-ին հաստատվեցին հայ-չինական դիվանագիտական հարաբերությունները:

Ի՞նչ արդյունք տվեցին դրանք այս 32 տարվա ընթացքում: Արդյո՞ք գոնե մասամբ իրագործվում է երկկողմ հարաբերությունների ներուժը: Այս հարցերն, իհարկե, ունեն հռետորական բնույթ:

G2 աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ Չինաստանը դիտվում է որպես լիիրավ աշխարհաքաղաքական բևեռ, պաշտոնական Երևանի համար առանցքային մարտահրավեր պետք է լինի ոչ թե եվրոպաների դռներն ընկնելն ու երկու կոպեկ մուրալը, այլ հայ-չինական երկխոսությանը նոր, խորքային բովանդակություն հաղորդելը:

Մինչդեռ տեղի է ունենում հակառակը:

2020-ին Հայաստանը միացավ փաստացի հակաչինական մի նախաձեռնության, որը հայտնի է որպես «Կրոնական ազատությունների միջազգային այլանս»՝ գրեթե զրոյացնելով հայ-չինական հարաբերություններում նախկինում ձեռք բերված համեստ արդյունքները: Որպես հետևանք՝ նույն 2020-ին Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չհրավիրվեց «Գոտի և ճանապարհ» գագաթնաժողովին:

Առևտրատնտեսական ուղղությամբ թեև առաջին հայացքից արդյունքները վատը չեն, սակայն դրանց կառուցվածքը ևս որևէ հույս չի ներշնչում: 2023-ի արդյունքների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրում Չինաստանը զբաղեցնում է 2-րդ տեղը՝ Ռուսաստանից հետո: Առևտրաշրջանառությունը հասցվեց մոտ 2 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է 2022-ի ցուցանիշը 40%-ով: Միաժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի համար Չինաստանի հետ իրականացվող առևտրաշրջանառությունն ունի բացասական սալդո: Դրա կառուցվածքում 80%-ը ներկրումն է կազմում: Իսկ արտահանում ենք հիմնականում հումք՝ պղնձի ու մոլիբդենի խտանյութ:

Ընդ որում, այս պահին կա առնվազն երկու ռազմավարական ուղղություն, որոնց ներքո անհրաժեշտ է զարգացնել հայ-չինական երկխոսությունը:

1. Միջուկային էներգետիկա: Չինաստանը միջուկային էներգետիկա զարգացնող աշխարհի առաջատար երկրներից է: Ավելին՝ այն աշխարհի երկու երկրներից մեկն է (մյուսը Ռուսաստանն է), որը փոքր հզորության մոդուլային ռեակտոր է շահագործում: Եվ եթե մենք պլանավորում ենք ապագայում ունենալ «խաղաղ ատոմ», ապա Չինաստանի հետ համագործակցությունը կարող է լուրջ հեռանկարներ ունենալ:

2. Տրանսպորտային ենթակառուցվածքներ: Չինաստանն այլևս գլոբալ տրանսպորտային ցանցի առանցքային դերակատարներից է, որին միաժամանակ հաջողվում է բալանսավորվել Արևելք-Արևմուտ և Հյուսիս-Հարավ անտագոնիստական ռազմավարությունների միջև: Ինտեգրելով Հայաստանում խայտառակ դանդաղ տեմպերով իրականացվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագիծը չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը՝ ապագայում կարող ենք ստանալ ոչ միայն լուրջ տնտեսական դիվիդենտներ, այլ նաև հնարավորություն՝ դիրքավորվելու Պեկինի կողմից ձևավորվող անվտանգային էկոհամակարգում:

Կարևոր է գիտակցել, որ նշված ուղղություններով աշխատելու, չինական ներդրումներ կամ վարկեր ստանալու, ռազմավարական երկխոսություն հաստատելու համար նախևառաջ անհրաժեշտ է Չինաստանի հետ մշակութային, քաղաքակրթական երկխոսություն զարգացնել՝ չդիտարկելով այն բացառապես որպես «ոսկե ցլի»: Դա չինացիների համար կարևոր չափանիշ է արտաքին առաջնահերթությունների սահմանման գործում:

Բնականաբար, այսօրվա պաշտոնական Երևանը չունի այս երկխոսության համար անհրաժեշտ ռեսուրսներ՝ ո՛չ աշխարհաքաղաքական մտածողություն, ո՛չ կոմպետենցիա, ո՛չ քաղաքական կամք:

Դա լավ հասկանում են նաև Չինաստանում, առնվազն՝ չինական դիվանագիտական կորպուսի հայաստանյան ներկայացուցիչներն ու Հարավային Կովկասով զբաղվող փորձագետները: Այստեղից էլ՝ հայկական ուղղությամբ Չինաստանի պրոակտիվության բացակայությունը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3728

Մեկնաբանություններ