Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Թուրքական պահանջ, հայկական նահանջ

Թուրքական պահանջ, հայկական նահանջ
21.02.2024 | 12:10

Այն, որ թուրք-ադրբեջանական նոր պահանջներ են ի հայտ եկել, ապագայում էլ ի հայտ են գալու՝ բոլորս գիտենք:

Թե ինչպես է վարչապետ կոչեցյալն իր ալեգորիկ մտքերով ու այլաբանություններով դրանք հրամցնում սեփական ժողովրդին՝ ականատեսն ենք օրվա ռեժիմով:

Թուրք-ադրբեջանական քմահաճույք-ցանկությունները սեփական նախաձեռնության քողի տակ՝ գեղեցիկ փաթեթավորած, իբր հայանպաստ ձևակերպումներով մատուցվում է ազգին և այդ «ճշմարտանման մուտիտներն» առ այսօր ուտվում են:

Մյունխենում Ալիևի հետ հանդիպումից հետո պարզվում է՝ Ադրբեջանը «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար բոլորիս հայտնի պահանջներից զատ, հիմա էլ առաջ է քաշել ՀՀ Սահմանադրությունն ու հռչակագիրը փոփոխության ենթարկելու նախապայմանը:

Եթե մինչ այս, այդ մասին խոսվում էր փորձագիտական դաշտում, ապա այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն իսկ պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի մեջ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ առկա պահանջները և հավակնությունները պետք է վերացվեն»:

Ավելին՝ «վերպետական կառույցներում հայկական կողմն այլևս չպետք է օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» տերմինը:

Այլապես այն կդիտարկվի որպես Ադրբեջանի դեմ «հռետորական պատերազմ»:

Բնականաբար, չպետք է զարմանանք, որ այսպես շարունակվելու, առավել ևս այն բավարարելու դեպքում չի բացառվում վաղն էլ հնչի պահանջ, որ «Արցախ» բառն առհասարակ չօգտագործվի ո՛չ փաստաթղթերում, ո՛չ գրքերում ու ամսագրերում և ո՛չ էլ հանրային խոսույթում:

Չնայած՝ այն արդեն իսկ բավարարված է, անգամ առանց պահանջի:

ՀՀ պետական բոլոր մարմինները վաղուց չեն գործածում «Արցախ» անվանումը, դե իսկ, բարձրաստիճան գործիչներն այն պատահմամբ արտաբերելուց ներողություն են խնդրում ու տվայտանքով հավանական դատաստանին սպասում:

Նույն տրամաբանությամբ այլևս չես գտնի Սրբազան լեռան՝ Արարատի պատկերը, իսկ ողջ քաղաքում կտեսնես վերջինիս փոխարինած, որպես նոր տոտեմ՝ Արագածի պաստառները:

Չեմ զարմանա, որ մի օր էլ Արարատը նկարելու և այն Վերնիսաժում վաճառելու համար տուգանվեն նկարիչները:

Չպետք է զարմանանք, որ նույն տրամաբանությամբ՝ պահանջ է հնչելու ճանաչել հայերենը որպես ալբաներեն լեզու, եկեղեցիներն էլ՝ ալբանական:

Որ դասագրքերից (և ոչ միայն) հանվելու են՝ «Արևմտյան հայաստան», «ՈՒրարտու», «Կիլիկյան Հայաստան», «հայոց ցեղասպանություն» եզրույթները, հայկական տեղանունները, հերոսամարտեր՝ «Բաշ Ապարանը», «Ղարաքիլիսան», «Սարդարապատը», «Զանգեզուրի գոյապայքարը», «Արցախյան շարժումը», հերոսներ՝ Անդրանիկը, Մոնթեն, Դրոն ու Նժդեհը, հաղթանակների ու սգո հուշակոթողներն ու հուշահամալիրները, պատմության ու ցեղասպանության թանգարարանները:

Հաջորդիվ չասեմ թշնամու անելիքն ու գլխներիս գալիքը:

Իսկ թե չբավարարվեն վերը թվարկվածները, ապա թե՛ Ալիևը և թե՛ Փաշինյանը սինխրոն կխոսեն պատերազմի մասին:

Մեկը՝ «Իրեվան» հասնելու, մյուսը՝ ամեն ինչը տալով «Իրեվանը» փրկելու:

Այո՛, պարադոքսը, աբսուրդը, մառազմը, կազուսն ու քաոսն է մեր այսօրվա իրականությունը:

Դե իսկ, ժողովուրդը…

Ժողովուրդն էլ՝ գանգատավոր, հոգնած, զզված, վհատված ու հիասթափված, փրկիչի հույսով, հերոսի փնտրտուքով, Աստված կանչելով, խաղաղություն տենչալով:

Բայց այդպես էլ ո՛չ խաղաղություն եղավ, ո՛չ խաղաղաբեր ու փրկիչ-հերոս գտնվեց:

Ինչքան խոսվեց ու դեռ խոսվում է խաղաղությունից, այդքան ստացանք ու ստանալու ենք նոր պատերազմներ, նոր արհավիրքներ ու նորանոր կորուստներ:

Եվ այս դառը շրջափուլը չի ավարտվում և չի էլ ավարտվելու:

Քանզի՝ պորտաբույծն ու մակաբույծը, ստահակն ու դիլետանտը, ռենեգատն ու կոլաբորանտը, ճշմարտանման ու հրապուրիչ «մուտիտները», Ֆանտաստիկ կլյաուզիաներն ու բլեֆները, պիղծ երեսպաշտությունը, պոպուլիզմն ու դեմագոգիան դեռ տեղ ունեն յուրաքանչյուրիս կյանքում:

Էլ չեմ ասում՝ ներքին անհանդուրժողականությունը, խայտառակ անտագոնիզմն ու համատարած ապատիան, որ տիրում է մի բուռ ժողովրդի մեջ:

Այսքան անդեմ ու ամորալ, հարմարվող ու հանդուրժող, այս աստիճան թշվառ, ստրկացած, նվաստացած ու ստորացված չենք եղել:

Ե՞րբ ես, ի վերջո, գիտակցության գալու, զարթնելու ու զարթոնքի պատրաստվելու, Հա՛յ ժողովուրդ.

ՈՒ՞ր է քո բնազդը, քո իմաստությունը, ազգային դիմագիծը:

Հայաստանը հանձնվում է,

Հայաստանը ոչնչացվում է,

Հայաստանը «դուխով» կործանվում է,

Այն թրքադրբեջանացվում է, Հայե՛ր,

ՈՒշքի՛ եկեք, ոտքի՛ կանգնեք:

Անհայրենիք քոչվորը հայրենիքիդ տեր, արիականդ քոչվոր անհայրենիք է դառնում:

Դառնացած ժողովուրդ, ներսից է լինելու փրկությունդ:

Ոչ մեկը քո փոխարեն քեզ չի փրկելու:

Մտածի՛ր ու գործի՛ր, գոնե, հաջորդող սերնդի համար:

Վաղն արդեն ուշ է լինելու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2597

Մեկնաբանություններ