Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Զանգեզուրը՝ ռուբիկոն

Զանգեզուրը՝ ռուբիկոն
15.10.2023 | 21:04

Հայաստանի ողնաշարը վտանգված է:

Մինչ քաոսի ու պերմանենտ սթրեսի ենթարկված, պառակտված, այլայլված ու հիասթափված ժողովուրդը կքննարկի, թե Պուտինն ինչ ասաց, Բատյան ինչ հեգնեց, Էրդողանն ինչ ակնարկեց, Ռաիսին ինչ հուսադրեց, Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն ինչ պատրաստակամություն հայտնեց, Միշել-Մակրոն-Շոլց եռակոմբինացիան ինչ հավաստիացումներ տվեց և թե ԵԽԽՎ-ում մերոնք ինչպես Ադրբեջանի ներկայացուցչի «պորտը տեղը դրեցին»՝ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մի խումբ կոնգրեսմենների զգուշացրեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավ ներխուժելու իրական վտանգ կա:

Որքանով է այս ինֆորմացիան հավաստի, ադրբեջանական հնարավոր հարձակումն էլ ճշգրիտ՝ պարզ կլինի մոտ օրերս:

Բայց այն, որ Ադրբեջանը չի ձերբազատվել իր ծավալապաշտական նկրտումներից՝ փաստ է:

Մանավանդ, երբ նրան այդ հարցում, կամա թե ակամա, բացահայտ թե հետնաբեմային՝ ոգևորում, քաջալերում ու դրդում են այդ քայլին գնալու թե՛ Թուրքիան և թե՛ ՌԴ-ն:

Առավել ևս, որ «Զանգեզուրյան միջանցքի» կյանքի կոչման հարցում վերջիններիս մոտ կա անվերապահ կոնսենսուս, ավելին՝ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն և ըստ այդմ այդ ուղղությամբ տարվում է սինխրոն աշխատանք:

Չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունը գործադրվի մինչ տարեվերջ:

Չի բացառվում նաև այն, որ Սյունիքում՝ սեփական կամքով «արտատարածքային միջանցք» չտրամադրելու պարագայում այն բացվի ռազմական ուժով:

Իսկ մինչ այդ կգործադրվի «փափուկ ուժը».

կբանեցվեն տարատեսակ քաղաքական ճնշումներ, կհրամցվեն իբր շահեկան ու գրավիչ առաջարկներ, կտրվեն անվտանգության երաշխիքներ, արդյունքում՝ կփորձեն կորզել ավելին:

Իսկ եթե ՀՀ իշխանություններն անդրդվելի մնան, ապա նրանց այլ բան չի մնում, քան ուլտիմատում ներկայացնել, որը չբավարարվելու պարագայում՝ հաջորդիվ ինչ-որ արհեստածին պատրվակով ռազմական գործողություններ սկսեն Սյունիքի հատվածում:

Այսօր, արդեն իսկ «Զանգեզուրը»՝ թուրքական իշխանական մամուլի առաջին էջերում է:

Եթե Էրդողանն առայժմ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» օր առաջ գործարկման մասին, ապա իշխանական ողջ մամուլը տարածում է խիստ վտանգավոր ինֆորմացիա, թե իբր Արցախից դուրս եկած ռազմական խմբավորումները 17 ահաբեկչական ճամբար են հիմնել Զանգեզուրում։

Թե ինչ նպատակով է սա արվում և ինչ հող է նախապատրաստվում՝ կածում եմ, բոլորիս է հասկանալի:

Այսպիսով՝ Սյունիքը վտանգված է:

Իսկ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի՝ «Բաքուն չի պահանջում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան արտատարածքային միջանցքի բացում, սակայն պնդում է, որ Երևանն ապահովի երթևեկության անվտանգության հուսալի երաշխիքներ» և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ «Ադրբեջանը մտադիր չէ ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ.

Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է:

Բաքուն մտադիր չէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի սուվերեն տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար: Մենք փորձում ենք դրան հասնել խաղաղ ճանապարհով»՝ դրամատիկ հավաստիացումներն արժեք չունեն, մանավանդ, երբ նրանց հնչեցրած հայտարարություններից ժամեր անց, Ալիևը հայտարարում է, թե «Հայաստանը ևս ադրբեջանական հող է և մենք ղարաբաղյան հակամարտությունը լուծելուց հետո, հաջորդիվ պետք է լուծենք Արևմտյան Ադրբեջան (Զանգեզուր) վերադառնալու հարցը»:

Իսկ ոմանց այն պնդումները, թե տարբեր երկրների ինքնառաջարկներով հյուպատոսարանների բացումը Կապանում ինչ-ինչ երաշխիքներ մեզ կտա՝ պարզապես քաղաքական ինֆանտիլություն է:

Հյուպատոսարաններ հիմնելով՝ Սյունիքը չես ձերբազատի թուրք-ադրբեջանական հնարավոր օկուպացիայից։

Ո՛չ էլ Բրյուսելը, Վաշնգտոնը, Թեհրանն ու Մոսկվան են մեզ փրկելու:

Բազմիցս եմ կրկրնել, որ ոչ մեկը և ոչինչ մեզ չի ապահովագրի թշնամիների ռազմական ագրեսիայից ու պարտադրված պատերազմներից:

Ոչ մեկը մեզ չի տա անվտանգության երաշխիքներ:

Մեզանից բացի և մեր փոխարեն ոչ մեկը չի կռվելու Հայաստանի և ոչ մի թիզ հողի համար:

Իսկ մենք վերստին կանգնած ենք պարտադրված պատերազմի առաջ:

Բազմիցս եմ մանրակրկիտ ներկայացրել Սյունիքում թշնամու ռազմական գործողությունների հավանական սցենարները, տվել հնարավոր հարձակումների քարտեզագրությունը, զորքի և զինտեխնիկայի տեղաշարժի երթուղիները:

Առանց չակերտներ բացելու՝ հորդորում եմ գործող իշխանություններին և մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությանը՝ անխնա զինել հարավային բանակային կորպուսը, զինպատրաստվածությունը հասցնել ամենաբարձր մակարդակի, պատշաճ կահավորել առաջնագիծը, մաքսիմալ սեղմ ժամկետներում կատարել և ավարտին հասցնել ինժեներական բոլոր աշխատանքները:

Ամենաուշը մեկ ամսից այնտեղ ձմեռ է:

Հապաղելը ճակատագրական է:

Չփորձե՛ք հույս դնել Աստծո բարեգթության, եղանակային բարենպաստ պայմանների, աշխարհագրական դիրքի առավելության վրա (չնայած, որ սեպտեմբերյան օկուպացիայից հետո թշնամին գրավել է մի շարք ստրատեգիական կարևորության բարձունքներ և իր դիտակետի տակ է պահում գրեթե ողջ Սյունիքը):

Իսկ այս ամենից զատ, սկսեք խոսել Կրեմլի հետ:

Խոսե՛ք ուղիղ, առանց քաղաքական վայրիվերումների, առանց մեծամտության ու արկածախնդրությունների:

Խոսե՛ք ռացիոնալ ու իրատեսական մոտիվացիայով:

Վստահեցնում եմ, եթե «միջանցքի» հարցում Մոսկվայի հետ չգաք ընդհանուր հայտարարի ու ձեռք չբերեք հստակ պայմանավորվածություն՝ այն մեզանից խլելու են ռազմական ուժով:

Բնականաբար, արեք հնարավորն ու անհնարինը, որպեսզի բացառվի «էքստերիտորիալ» եզրույթը:

Պայքարե՛ք այն իսպառ բացառելու համար:

Պնդե՛ք բացառապես ՀՀ մաքսային և հարկային օրենքներին համապատասխան անվտանգ ճանապարհ տրամադրելու ձեր պատրաստակամությունը:

Վատագույն ընդունելի տարբերակը կարող է լինել՝ կոմունիկացիայի տրամադրումը ռուսական ՖՍԲ-ի հետ համատեղ հսկողությամբ:

Մանավանդ, որ, ցավոք, մանևրելու տեղ չունեք, քանզի գոյություն ունի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որի 9-րդ կետում սևով սպիտակի վրա հստակ գրված է հետևյալը.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:

Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:

Մենք, որպես պետություն, ստորագրել ենք սրա տակ, հետևաբար, ուզենք, թե չուզենք կրելու ենք այս պատասխանատվության բեռը:

Այս երկու տարբերակները բացառելու պարագայում խիստ հավանական է դառնում ուժի կիրառմամբ ավելի մեծ տարածքի օկուպացիան:

Մանավանդ, երբ թշնամիներն ու ոխերիմ բարեկամը հստակ չեն էլ ասում, թե «միջանցք» ասելով ինչ հատված են ակնկալում.

Գուցե իրենց տրամաբանությամբ ու ցանկությամբ «միջանցքը» ողջ Սյունիքի մարզն է և ոչ միայն…

Իսկ այս պարագայում, երբ թշնամին գրավի Սյունիքն ու հարակից համայնքները՝ արդեն ամեն ինչ ավարտված կլինի:

Կատարյալ խայտառակություն կլինի վերստին կապիտուլյացիայով միջանցքի ստեղծումը, առավել ևս, եթե գրավվի այդ տարածքը, այնտեղ սահմանվի ռուս-թուրքական վերահսկողություն, բայց և որպես «ադալժենիա» ֆիկտիվ ճանաչվի ՀՀ սուվերենությունն այդ տարածքների հանդեպ:

Դե իսկ Ռուսաստանն այդ համատեքստում վերստին կլինի «մեր փրկիչը»:

Չի բացառվում նաև այն, որ Սյունիքն ամբողջովին գրավվի, որից հետո Հայաստանին ընդամենը ասվի հետևյալը.

30 տարի մենք տեսել ենք «մեր հողերի օկուպացիան», իսկ հիմա ես իմ վերահսկողության տակ եմ վերցնում գրեթե նույն մակերեսի չափով տարածք:

հիմա էլ դուք տեսեք և ձեր կաշվի վրա զգացեք թե դա ինչ տհաճ ու անարդար բան է:

Բայց և եթե կարող եք հետ նվաճել, ապա փորձե՛ք:

Եթե իհարկե ուզում եք և եթե այն ձեզ մոտ ստացվի:

Այնպես որ գործե՛ք հիմա, վաղը կարող է ուշ լինել:

Ալիևն արդեն իսկ լեզու է գտել ու ընդհանուր հայտարարի է եկել Պուտինի հետ:

Հիմա գնդակը մեր դաշտում է:

Ընդունե՛ք նաև Իրանի՝ լարվածությունը նվազեցնելու կամ բացառելու նպատակով

հայ-ադրբեջանական սահման իր դիտորդներին ուղարկելու առաջարկը:

Կարելի է ասել, որ վերջին շրջանում սա լավագույն առաջարկներից մեկն է, որը Հայաստանը ստացել է:

Իրանի պատրաստակամությունը շատ ողջունելի է:

Սա հոյակապ տարբերակ է, որը կարող է կյանքի կոչվել:

Մանավանդ, երբ մենք գիտենք Իրանի կարմիր գծերը:

Եվ հետո, այդ առաջարկը ընդունեք, որովհետև այն մերժելուց կամ անտեսելուց հետո, Իրանն առանց ձեր իմացության և առանց ձեզ հետ հաշվի նստելու՝ կարող է նման առաջարկներ անել կամ ստանալ Ռուսաստանից կամ Թուրքիայից:

Թվարկածներս առաջնահերթություններ են, սակայն երբ տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն իրենց արկածախնդրությամբ, դիլետանտությամբ, քաղաքական ինֆանտիլությամբ ու պատեհապաշտությամբ, հակապետական վարքագծով ու վտանգավոր քաղաքականությամբ ՀՀ պետության գոյության գլխավոր սպառնալիքն են դարձել՝ հասկանում ես, որ ինչ էլ ասես, ինչ էլ անես իզուր է:

Մնում է պարզապես բարձրաձայնել երկրի առաջ ծառացած մարտահրավերները, խնդիրները, տալ առաջարկներ, մատնացույց անել ելքեր՝ հուսալով, որ գոնե հասարակության ադեկվատ, գիտակից ու հայրենասեր հատվածը կընկալի պահի լրջությունը:

Այն օրին ենք հասել, որ ժամանակին հաղթանակներ կերտած հայերիս այսօրվա հարձակողական զենքը դարձել է անեծքը, պաշտպանողականը՝ աղոթքը:

Բարոյալքված, նվաստացած, խուճապահար, կամազուրկ, անզոր ու անճար հասարակություն ենք դարձել:

ՈՒ սա պետական կառավարման ու պետական քարոզչության արդյունքն է:

Այն իշխանությունների, որոնք «դուխով» էին քարոզում:

Որոնք դուխով եկան, դուխով պատերազմներ տանուլ տվեցին, դուխով Եռաբլուրը մեծացրին, դուխով կապիտուլյացիաներ ստորագրեցին, դուխով հողեր հանձնեցին, հիմա էլ դուխով երկիր են կործանում:

Չեմ զարմանա, որ Արցախի կորստի և դրա մարսման, անպատժելիության համատեքստում՝ իշխանությունների համար խնդիր առաջանա սեփական ժոովրդին համոզելու, որ Սյունիքի մեծ մասը մեզ պետք չէր, առավել ևս որ այնտեղ հիմնականում ձնառատ սարեր ու խորը ձորեր են:

Այնպես որ՝ «Միջանցքը տանք, հանգիստ ապրենք»-ը պահեստային «արդարացված» տարբերակն է:

Ինչևէ…

Հարգելի՛ գիտակից քաղաքացի,

այսքանով չի ավարտվել` պատերազմ կա առջևում:

Ինքնակազմակերպվի՛ր:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4309

Մեկնաբանություններ