Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Աղդամի «դամ» պահողներին` իմ պատգամը

Աղդամի «դամ» պահողներին`  իմ պատգամը
26.08.2023 | 20:45

Արցախում ներքաղաքական ճգնաժամն օրեցօր խորանում է։

Հետկուլիսային հակասությունները, որոնք մինչ այդ տեսանելի չէին հասարակության լայն շերտերին, վերջին օրերին սկսել են հրապարակային դրսևորումներ ստանալ:

Նախագահի հրաժարականի մասին լուրեր են պտտվում, որոնք մե՛կ հերքվում են նախագահի կողմից, մե՛կ հաստատվում նրան մոտ կանգնած մարդկանց կողմից:

Հնչում են նաև առաջարկներ:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կան կարծիքներ, որ օրվա իշխանությունն ունի երկու ճանապարհ.

կա՛մ պետք է իր շուրջը համախմբի ռազմաքաղաքական ղեկավարման ծանրակշիռ փորձ ունեցող, բայց այսօր, նույն այդ իշխանության մեղքով կամ կամքով անտեսված գործիչներին կա՛մ առանց ցնցումների, կառավարման ղեկը թողնել երկրի Ազգային ժողովի կողմից ստեղծվելիք արտակարգ մարմնին և հեռանալ:

Դե իսկ ադրբեջանցիներն էլ այս փաստից հիացած սպասում են պատեհ առիթի:

Միաժամանակ, նրանք ավելի քան վստահ են, որ Ստեփանակերտը ստիպված է ընդունել Աղդամի ճանապարհի բացման Բաքվի պահանջ-առաջարկը:

Ավելին, որ Լաչինի միջանցքն էլ լիարժեքորեն չի շահագործվելու:

Եվ դա բնավ զարմանալի չէ:

Անգամ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ուղիղ տեքստով ասում է, թե «մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ»:

Սա էլ քիչ չէ, Արցախից էլ հնչում են հայտարարություններ (որոնք, ի դեպ, կարծես ոչ թե գտնվում են քննարկման փուլում, այլ իրողություն է), որ Աղդամի ճանապարհի գործարկման մասին Արցախում որոշում են կայացրել:

Եվ սա առանց չակերտներ բացելու, թե այդպիսի «հավաստի տեղեկություններ» տվողները, Արցախում նման որոշումներ կայացնողներն ո՞վքեր են, Օվերտոնի պատուհան հիշեցնող խոսակցությունները որտեղի՞ց են:

Նման տեղեկատվություն տարածողներին ուզում ես հարցնել.

ժողովրդի տրամադրություններն ու ռեակցիա՞ն եք ստուգում, թե՞ համբերության չափը:

Սա էլ քիչ չէ, ավելի վտանգավոր մեկ այլ նարատիվ էլ կա.

թե բա «ավելի լավ է Արցախում հայությունը շարունակի ապրել, բայց անկախ չլինի, քան դուրս գա անտեղից»։

Նմաններին մնում է հարցնել` մոռացե՞լ եք Նախիջևանը:

Նախիջևանացմանն եք պատրաստում Արցախն ու արցախցու՞ն:

ՈՒ՞մ համար պարզ չէ, որ այդ քայլով Ադրբեջանն այնպիսի պայմաններ ու իրավիճակ է ստեղծում, որ հիմա էլ Արցախում հայ չմնա:

Չկա հայ, չկա և հայկական հարց` սա՛ է նրանց պարզ բանաձևը:

ՈՒ՞մ համար պարզ չէ, որ ադրբեջանցին քինախնդիր է, որ նա վրեժխնդիր է լինում, որ նա բնավ չի պատրաստվում հաշտ ու համերաշխ, հավասարը հավասարին ապրել հայերի հետ:

Որ անտագոնիզմն ու թշնամանքը անասելի մասշտաբների են հասնում, որ ժամ անգամ չեն կարողանա մեկմեկու հանդուրժել, ուր մնաց՝ համագոյակցել:

Ո՞վ չի գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ եթե վերը նշված տեղեկատվությունը հավաստի է, և եթե դրանք գործադրվեն ու իրականություն դառնան` ինչո՞վ են դրանք հղի և թե ինչպիսի պատճառահետևանքների կհանգեցնեն:

Որ թշնամուց օգնություն ակնկալելով ու ողորմածությանը մատնվելով՝ հարցը չի լուծվելու, ավելի է խնդիրը խորացնելու միջնաժամկետ կտրվածքով։

Ո՞վ չի հիշում ադրբեջանցի վերլուծաբանների՝ «Ղարաբաղցիները վայրի կատվի պես են, կգցենք վանդակը, սոված կպահենք, կխելոքանան, կանեն մեր ուզածը» միաբերան հայտարարությունները:

Ժողովու՛րդ, թշնամին ուղղախոս է ու անկեղծ:

Նրանք ասում են.

«մենք ձեզ՝ հայերիդ, չենք ասում մինչ հանդիպում, և ոչ էլ՝ ցտեսություն, մենք ձեզ ասում ենք՝ ձեր ոտքը մեր հողի վրա այլևս չլինի»:

Այնպես որ՝ կամ ինտեգրացիա, կամ միգրացիա ` բանաձևը պարզ է:

Իսկ մեզ համար այս ամենն արդյոք պա՞րզ է:

Մեր հայրենակիցները գիտակցու՞մ են թշնամու հետապնդող նպատակների իսկությունը։

Բազմիցս եմ ասել` չեմ զլանա ևս մեկ անգամ կրկնել ու ավելի մատչելի բացատրել թշնամու նպատակներն ու մասնավորապես՝ Աղդամի «սինդրոմը».

թշնամին նախ ստեղծում է ապրելու համար անտանելի պայմաններ, քաոս, էքզիստենցիալ վտանգ, միաժամանակ սպառնում է նոր պատերազմով, հետո միակողմանի բացում է ճանապարհը, որպեսզի հայության մի զգալի հատվածը պարզապես հեռանա իր բնօրրանից։ Բնականաբար, ապագայում թույլ չտալով նրանց վերադառնալ իրենց ծննդավայր։

Մասամբ դատարկելուց հետո, արդեն հակաահաբեկչական օպերացիայի շրջանակում, կիրականացնի ռազմական ներխուժում Արցախ:

Մնացյալը չասեմ:

Ժամանակին ասել եմ:

Ակնայի ճանապարհի բացումը Արցախի վերջի սկիզբն է, որից ծայր են առնելու Արցախի պաշպանական բանակի լուծարումը, պետական ինստիտուտների կազմալուծումը և հազարավոր արցախցիների Բաքվի բանտերում և գերությամբ ազատազրկումը:

Իսկ մինչ այդ Աղդամի ճանապարհի բացումը թշնամին կօգտագործի որպես խաղաթուղթ միջագային ասպարեզում իր քարոզչության և բանակցությունների մեջ՝ իբրև արցախահայերը պատրաստ են «ինտեգրման» և որ այլևս կարիք չկա առանձնահատուկ երաշխիքների։

Թշնամու ձեռքին Աղդամի բաց ճանապարհը հաղթաթուղթ կդառնա, որով միջազգային հանրությանը «կկերարեն», որ Արցախը բլոկադայի մեջ չէ:

Աղդամի ճանապարհի բացվելուն պես, հաջորդելու է Ադրբեջանի իրազեկումն աշխարհին, որ Արցախը բլոկադայի մեջ չէ, հետևաբար՝ հումանիտար աղետ ու ճգնաժամ չկա։

Աղդամով սկզբում կգա վառելիքը և գազը, իսկ Հայաստանից Լաչինով՝ պարեն ու դեղորայք։

Որոշ ժամանակ անց, Լաչինի միջանցքը ինչ-ինչ պատճառաբանությամբ կրկին կփակեն:

Իսկ ադժամ այլևս չենք կարողանա ասել, թե Արցախը շրջափակված է, քանի որ Աղդամի ճանապարհը բաց է լինելու։

Արդյունքում՝ Լաչինի միջանցքի բացման հարցը կմղվի հետին պլան և կկորցնի իր ակտուալությունն ու առաջնահերթությունը:

Հայաստանի հետ ցամաքային կապն էլ վերջնականապես կփակվի։

Իսկ այդ պարագայում, ուզենք թե չուզենք, սնունդ ու դեղորայք Արցախ բերելու ենք Ադրբեջանից:

Իսկ դա ինքնըստինքյան առիթ կտա միջազգային հանրությանն ու կառույցներին ասելու և հաստատելու, թե Ադրբեջանը հումանիտար աղետ չի ստեղծում, ընդհակառակը՝ օգնում ու օժանդակում է տեղի հայերին:

Այսպիսով՝ հաջողության հասնելու պարագայում Աղդամի ճանապարհը կդառնա հերթական ճնշման գործիք։

Եվ հետո, երբ կուզեն կբացեն, երբ կուզեն մի արհեստածին ու հիմար պատճառաբանությամբ կփակեն ու էլի սովի կմատնեն:

Հետո աստիճանաբար ադրբեջանցիներ կհայտնվեն Արցախում, իսկ մի օր էլ կֆիքսենք, որ Արցախում ավելի շատ ադրբեջանցի կա, քան հայ։

Դե իսկ հետո՝ արտագաղթ, կոտորած, բախումներ կամ ձուլում։

Այնպես որ, Կառավարության նիստում հնչած՝ «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ» խիստ մտահոգիչ արտահայտությունը ոչ այլ ինչ է քան համակերպում և առերեսում էթնիկ զտմանը:

Նման հայտարարություններ հնչեցնողները, առավել ևս կատարողները կրում են այդ հայտարարությունից բխող և անելիքի արդյունքում առաջանալիք հետևանքների ողջ պատասխանատվությունը։

Այլևս փաստ է, որ այն պահից սկսած, երբ վարչապետը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս՝ Արցախի շրջափակումն ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։

Այսօր քաղում ենք այդ պայմանավորվածությունների ու հայտարարությունների պտուղները:

Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝ փոխել բանակցությունների բովանդակությունը։

Իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ երբ փոխվի բանակցողը։

Իսկ առհասարակ, փաստ է, որ միայն զենքով կա հային փրկություն։

Որ Արցախի կյանքի ճանապարհը հնարավոր է բացել միայն ռազմական ուժով, քանզի դիվանագիտական գործիքակազմը, որով հնարավոր էր ժամանակին այն բացել, այսօր` այս իշխանությունների օրոք, կա՛մ սպառված են կա՛մ մսխված:

Իսկ պետականամետ ու ազգային շահերով առաջնորդվող իշխանությունների օրոք ուժային գործոնը աներկբա պետք է համադրվի դիվանագիտության հետ։

Անհրաժեշտ է վերազինել բանակը, ռազմական արսենալը, այդկերպ՝ վերականգնել խախտված ռազմաքաղաքական բալանսը, մշակել ու կյանքի կոչել ուժի վերականգման ռազմավարական պլանը, վերամշակել ռազմական դոկտրինը:

Այդ ամենն իրականացնելուց հետո նոր պատրաստ կլինենք պարտադրված պատերազմի, որն այս անգամ լինելու է երկարատև ու հյուծող:

Իհարկե թշնամին այդքան ժամանակ չի նստելու և սպասելու:

Պատերազմի մեկնարկը նա կարող է տալ ցանկացած պահի:

Ինչևէ, այսպիսի դառը իրականության մեջ ենք:

Սա՛ է այսօրվա իրավիճակն ու հրամայականը:

Սա՛ է յուրաքանչյուր գիտակցող հայի պարտադիր հասկանալիքը:

Իսկ մինչ այդ՝ դեռ զուսպ ու տարտամ դիմադրությամբ հույս փայփայենք, թե ինչ-որ մեկը մեզ հարեհաս է լինելու ու մեր փոխարեն մեր իսկ խնդիրները լուծելու է…

Դրա առիթը նորից ընձեռվել է. Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ ԱԽ բանաձևի նախագիծ ներկայացնել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի հարցով։

Սա իհարկե չի նշանակում, որ կրկին մեզ պետք է մատնենք անգործությանն ու մեր պարտքը համարենք, հաջողություն գրանցելու համար, առավոտյան մոմ վառել, երեկոյան էլ հեռուստացույցով նիստին հետևել…

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ