38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ժխտման ու պարտվողականության քաղաքականություն կամ նահանջ առանց օրհներգի

Ժխտման ու պարտվողականության քաղաքականություն կամ նահանջ առանց օրհներգի
21.06.2023 | 21:58

Պետական կառույցների փոշիացում և պետական միջոցների մսխում՝ արտաքին պարտքի ուռճացմամբ, ազգային արժեքների ժխտում, նախընտրական խոստումների երդմնազանցություն և ճիշտ հակառակ գործողություններ: Հասարակության պառակտում և ատելության սերմանում, ստի, կեղծիքի, խաբեության, քծնանքի և տգիտության հաղթարշավ:

Ապազգային նոր չափորոշիչներ, Հայոց առաքելական եկեղեցու թիրախավորում, ԱԺ մեծամասնական խմբակցության խայտառակ գործունեություն և պահվածք, կոռուպցիոն նորանոր դրսևորումներ՝ գործադիր և օրենսդիր չտես և ագահ նորաթուխների կողմից, դատական համակարգի գրպանման տվայտանքներ՝ ողորմելի սպառնալիքներով, սոցիալական անարդարություն և քաղաքական ստորաքարշություն, ազգային արժանապատվության նվաստացման ամոթալի դրսևորումներ:

Արցախյան քառասունչորսօրյա պատերազմ՝ բազմաթիվ անհայտներով, անթիվ զոհեր և գերիներ, դեմարկացիայի և դելիմիտացիայի մանիպուլյատիվ խաղեր, Արցախի Հանրապետության ուրացում, Շուշիի, Քարվաճառի, Բերձորի, ՀՀ ինքնիշխան տարածքներ Շուռնուխի, Սոթքի, Ջերմուկի, Սյունիքի, Գորիս-Կապան մայրուղու, Ալ լճերի մի մասի հանձնում և նոր տարածքներ դարավոր թշնամուն նվիրաբերելու նկրտումներ, տասնմեկ հազար դավաճան-դասալիքի մասին հրապարակում՝ առանց նշելու՝ իշխանության թրքահպատակ, թե ժողովրդի (բանակի) շարքերը նկատի ունեն: Ճանապարհների ու մայրուղիների ապաշրջափակում, ըստ էության՝ ինքնաշրջափակում և ինքնամեկուսացում արտաքին աշխարհից, աքցանի և գերության մեջ հայտնված Արցախ և արցախահայություն՝ սովի, անտեսման և ցեղասպանության սպառնալիքով: Դիմադրության կազմակերպման, անվտանգության ամրապնդման, դիվանագիտական խողովակների կիրառման փոխարեն խաղաղության կեղծ և պարտվողական օրակարգի ներմուծում, որը շեղում է իրական ինքնապաշտպանական գործընթացից և առ ոչինչ է, երբ թշնամին կրակում է ամեն օր Արցախի և Հայաստանի հանրապետությունների սահմաններին, շրջափակման մեջ պահում մի ամբողջ ժողովրդի իր բնօրրանում: Փոխզիջումային խաբկանք, երբ այն բացառապես միակողմանի սիրահոժար զիջումների շարք է: Մի ամբողջ պետության և ժողովրդի ճակատագրի վերաբերյալ միանձնյա և թիմային ազգադավ և թշնամահաճո անօրինական որոշումներ: Տիգրանաշեն, անկլավներ, այնուհետև՝ Հայ դատի, Սփյուռքի ազգային նվիրական ուժերի անտեսում և չեզոքացման փորձեր, ոտնձգություններ պատմական հիշողության դեմ և օտար, պետականակործան ու ազգակործան ծրագրերի անվերապահ կամակատարություն, Նեմեսիսի հուշակոթողի խամաճիկային մեկնաբանություններ, անտրամաբանական և չհիմնավորված հղում խորհրդային ընտրովի ինչ-որ քարտեզի, ապա՝ կասկածի տակ հայտնված բիբլիական սրբազան Արարատ լեռ, Զինանշան, Օրհներգ, շարունակական հոժարակամ զիջումների ստրկահաճո պատրաստակամություն և նահանջ բոլոր բնագավառներում և այլն և այլն:

Արդեն քանի տարի երկրում թևածում է ժողովրդի քվեով հոխորտացող ինքնակոչ գ.գ. հրամանատարի սանձազերծած՝ որքան վատ այնքան լավ դիրքավորումը, մինչդեռ շարքային քաղաքացին ոչ միայն վարչապետ չի դառնում, ինչպես խոստացվել էր, այլ շարունակում է խրվել անելանելիության և չքավորության ճահճի մեջ, առավել առարկայորեն վերածվել տուգանքների անփարատելի մատերիալի, ծեփվել ասֆալտին, մսագործի կացնից ահով թաքցնել լեզուն, մատները, այլ մարմնամասերը՝ հնարավոր աքացիներից և գլխի հարվածներից, թուքումուրից, ենթարկվել պետականորեն խրախուսվող բիրտ կամայականությունների ուժայինների կողմից, իսկ լաստանավից տոնահանդեսում հայտնված ցնցոտիավոր փողոցայիններին արտոնվեց անպատիժ ցինիզմն ու գռեհկությունը, անվայելուչ վարքագիծն ու հայհոյանքը նույնիսկ ամենաբարձր ամբիոններից: Այս կործանարար աղետը մեր ազգին ու երկրին պատուհասեց թրքահպատակ մի խմբակի պատճառով, որի անդամներին թյուրիմացաբար անլուրջ ենք դիտարկել, բայց հայ ենք համարել՝ անտեսելով, որ տգետ, հոգեմտավոր և մարմնավոր տարատեսակ ախտերով տառապող այլասերված-խեղվածների համար ազգային և պետական շահ գոյություն չունի, որ այդ տեսակի համար աթոռն ու հարստությունը, անձնական բարեկեցությունն ու վայելքը վեր են հողից, հայրենիքից, ընտանիքից, ազգից, նվիրական բոլոր սրբություններից: Նրանք մղձավանջի վերածեցին հասարակության կյանքը, իրենց ճանապարհին ամենուր դաջելով աղետաբեր հետագիծ՝ այստեղով մերօրյա իշխանականներն են անցել, որոնց համար դասալքությունը, ձախողումն ու պարտությունը ունեն պատասխանատու և չունեն մեղավոր, քանզի պարտության դեպքում անգամ նրանք իրենց պարտված չեն համարում... Եվ այս չարաբաստիկ իրականության համապատկերում անամոթ ինքնասիրահարվածությամբ և ինքնագոհությամբ դեգերող վայ քաղաքական գործիչներ ու պետական այրեր, ցոփությանն ու շվայտությանը գերված դուրսպրծուկներ...

Ո՛րն է աներկբա աննախադեպ հաջորդը «Ապագա կա, Կա Ապագա» կարգախոսի ենթատեքստում՝ անցյալում քոսոտ, ներկայում՝ դժբախտ ու դժգույն երկրին հրամցվող սցենարում: Հայաստանն առանց հայերի, թե հայերն առանց Հայաստանի, որպես օտարի պետական-վարչական միավորի մաս:

Միգուցե, երկուսը մեկտեղ, միգուցե, հային որպես թանգարանային նմուշ պահպանելու գթասրտություն, միգուցե նաև որպես ողբերգության վերջին արար ՀԱՅ էթնոսի իրողությունն ու գոյությունը կասկածի տակ դնելը, մերժե՛լն ու վերջնականապես Հայկական հարցի գլուխկոտրուկից հայությանն անվերջ անատամ հորդորող, կոչ անող, նշաձողն իջեցնելու դրդող միջազգային հանրությանն ազատելը. և համաշխարհային քաղաքկրթական հիմնասյուներից մեկը, բարբարոսների և ահաբեկիչների հետ ուս-ուսի տված ոչնչացնելը՝ հանց մզկիթի վերածված եկեղեցիները, փշուր-փշուր արված խաչքարերը, քրիստոնեական մշակույթի պղծված սրբություններն ու տարբեր ազգերի պատկանող միլիոնավոր խաղաղ բնակիչների գլխատումը:

Չի՛ ստացվելու:

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ