38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նպաստավոր պայմաններում մեր ժողովուրդը կդրսևորի իր լավագույն հատկությունները

Նպաստավոր պայմաններում մեր ժողովուրդը կդրսևորի իր լավագույն հատկությունները
13.05.2023 | 22:12

Կա հիմնարար բնույթի մի հարց, ինչը շատ կարևոր է որևէ ժողովրդի էությունն իր ամբողջության մեջ գնահատելու համար, որը կայանում է նրանում, որ հաճախ ժողովրդի լավ կամ վատ վիճակները կապված չեն լինում իր էության հետ, այլ որոշվում են արտաքին հանգամանքներով:

Օրինակ, խորհրդային իշխանության պայմաններում ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող բոլոր ժաղովուրդները գրանցեցին մոտավորապես նույնատեսակ հաջողություններ՝ անկախ իրենց էությունից:

Նույն ձևով, այն ժողովուրդներն ու պետությունները, որոնց տարածքում նավթ ու գազ կար, այս կամ այն աստիճանի հաջողեցին՝ դարձյալ անկախ իրենց էությունից:

Նմանապես, կարող է լինել հակառակը՝ պայմաններ, որոնցում իրենց էությամբ ամենատարբեր ժողովուրդներ նույն ձևով դրսևորում են իրենց վատ կողմերը, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բոլոր ժողովուրդների կատաստրոֆիկ նահանջը իրենց կյանքի ու գործունեության բոլոր ոլորտներում:

Սա խոսում է այն մասին, որ մանավանդ թույլ ժողովուրդները, պայմաններից կախված, կարող են դրսևորել բոլորովին իրարից տարբեր լավ և վատ հատկություններ:

Եվ հետո էլ այս ամենը նշանակում է, որ տվյալ կոնկրետ պայմաններում ի հայտ եկող որակները որևէ ժողովրդի էության մի մասն են արտացոլում ու վերհանում միայն, ստվերելով մյուս մասը, այդ թվում նաև՝ նրա հնարավոր լավագույն հատկությունները:

Այս իմաստով առաջին հերթին պետք է պարզել, թե տվյալ ժողովուրդը որ պայմաններում կդրսևորեր իր լավագույն հատկությունները կամ էլ, այլ խոսքով, որոնք են այն պայմանները, որոնք հաշվի առնելով տվյալ ժողովրդի հոգեբարոյական առանձնահատկություններն ու էֆեկտիվ գործելու ոլորտները կապահովեն նրա էության լավագույն կողմերի դրսևորումը:

Դրանից բացի, պետք է հաշվի առնել, որ ինքնուրույնության իմաստով ժողովուրդները բաժանվում են երկու խմբի, առաջինը, երկրներ, որոնք հզոր լինելով, պայմաններ ու միջավայր են ստեղծում իրենց և ուրիշների համար և երկրորդ՝ թույլ ժողովուրդները, որոնք ապրում են հզորների ստեղծած պայմաններում ու հաճախ էլ ստիպված են անում դա:

Եվ ինչքան հզոր է ժողովուրդը, այնքան նա կարող է մասնակցել այն պայմանների ու միջավայրի ստեղծմանը, որոնցում ապրում է ինքը:

Այս իմաստով շատ հետաքրքիր են նաև գունավոր հեղափախությունների տեխնոլոգիաները, որոնք իրենց հիմնական գծերով նույնն են տարբեր երկրների ու ժողովուրդների համար:

Այսինքն, այդ տեխնոլոգիաները ստեղծելու հիմքում ընկած հիմնական թեզը այն է, որ բոլոր ժողովուրդները ունեն իրար շատ նման հիմնարար հատկություններ, որի շնորհիվ նրանք նմանատիպ պայմաններում իրենց կպահեն նույն ձևով, իհարկե, որոշ վարիացիաներով:

Ասվածները պիտանի են նաև մեր ժողովրդին ներկա վիճակը ճիշտ հասկանալու և գնահատելու համար։

Բացի դրանից, մեր ժողովուրդը, ուրիշ շատ ժողովուրդների նման, նպաստավոր պայմաններում կդրսևորի իր լավագույն հատկությունները, բայց դրա համար պետք է իսկապես արդարամիտ միջավայր և օրենքների խստագույնս կիրառում։

Ես ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովրդի էության ճիշտ գնահատականը դեռևս առջևում է, քանի որ նա դեռ իր ողջախոհությունն ու ստեղծարար հատկությունները չի կորցրել:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 6344

Մեկնաբանություններ