38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Սերիական մարդասպանի անխուսափելի անկումը

Սերիական մարդասպանի անխուսափելի անկումը
15.05.2022 | 11:51

(ըստ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի)

ՀԱՅԱՑՔ ԱՊԱԳԱՅԻՆ


Նախ կարդանք Ալեքսանդր Պուշկինի “Вольность” (Ода) (1817 թ. դեկտեմբեր) բանաստեղծության հայտնի քառատողը.


Самовластительный Злодей!
Тебя, твой трон я ненавижу,
Твою погибель, смерть детей
С жестокой радостию вижу.


Իհարկե կա հայերեն թարգմանությունը Հովհաննես Թումանյանի մատուցմամբ, բայց մեջբերեցի ռուսերեն տարբերակը, քանի որ, ըստ իս, բնագրին երբե՛ք չի փոխարինի, թեկուզ և ամենավիրտուոզ կատարումը:
Այժմ փաստենք գլխավորը՝ պուշկինագետներին ու ընդհանրապես գրականագետներին արդեն երկու դարից ավելի հուզող հարցերից մեկն է՝ “О ком это Пушкин”?
Նապոլեոնի՞ն նկատի ունի, Լյուդովիոս 18-րդի՞ն, Ալեքսանդր 1-ինի՞ն, թե՞…
Մինչ օրս էլ չկա «թե»-ի բոլորի կողմից ընդունված ճշգրիտ պատասխանը: Հետևապես ինձ թույլ կտամ եզրակացնելու՝ ինչպես իր «Աստվածային կատակերգությունն» է Դանթեն գրել տեսիլքի ժանրով (եթե իհարկե կարելի է այդպես բնութագրել), այնպես էլ Պուշկինը, որպես մարգարե, իր ներկայից հայացք է գցել ապագային ու տեսել մեր ժամանակների սերիական մարդասպանի եղկելի մարմնազանգվածն ու բնության սխալի անխուսափելի անկումը:


Читают на твоём челе
Печать проклятия народы.


Նաև՝


Ты ужас мира, стыд природы,
Упрёк ты Богу на земле.
Տեսածն ու զգացածը “Вольность” ներբողով պոետն ավետել է հետնորդներին (այդ թվում նաև մեզ՝ հայերիս, եթե նկատի ունենանք, որ բարձր արվեստը չի ճանաչում ժամանակ, ազգություն ու սահմաններ):


О КОМ ЭТО ПУШКИН?
“Вольность”-ից (Սանկտ Պետերբուրգ) 200 տարի անց:
2018-ի մայիսի 8: Հայաստանի հանրապետություն:
Երևանյան խաղաղ, արևոտ մի առավոտ:
ՀՀ ԱԺ-ում կրկին ընտրություն է (կրկին, որովհետև առաջին, այսպես կոչված, «ռաունդում»՝ 2018-ի մայիսի 1-ին, հայտնի դասալիքը, Աստծո կամոք, պարտություն էր կրել):
Բնության հանդարտությունը մի քանի ժամից խաթարեց «բոթը»՝ երկրի վարչապետ է կարգվում...
«Գույժին» զուգահեռ մթնեց ու անսպասելի պայթեց երկինքը՝ կայծակ, որոտ, գոռգռոց, ամեն ինչ սրբող-տանող հորդառատ արձրև:


Երկինքը լալիս էր:
Կեղծ հաղթանակի լուրից հարբած-խելագարված ամբոխները գոռում-գոչյունով, վայրի աղաղակներով, ոռնոցներով լցվել էին փողոցներ ու դեռ չէին գիտակցում, որ «ազգակործան պատուհասի» «հայտնությանը» զուգահեռ կորցնելու են Արցախը, որ…
«Որ»-ին հաջորդող բազմակետերի թաքցրած ողբերգությունները նրանց դեռ ընկալելի չէին, ցնծացող-դժբախտները չէին հասկանում՝ ԵՐԿԻՆՔԸ նշանների լեզվով խոսում էր Հաբեթի ժառանգների հետ.
- Չլսեցի՞ք ինձ, փողոցից եկած, փող աշխատող ճարպիկ տգետի՞ն ուզեցիք կարգել ձեզ ղեկավար, ստացե՛ք: Բայց հետո չնայեք վեր ու չբողոքեք. «ՈՒ՞ր էիր Աստված»:
Մահացու մեղքերից պարարտացած «արատավոր հորթն» ինքներդ բարձրացրիք պատվանդան: Դե՛, բացեք դռներն ու անտրտունջ ընդունեք ճակատագրի հարվածները, դիմացեք ձեզ պատուհասող արհավիրքներին:
Անդառնալի կորուստները, հազարավոր մահերը, ավերածությունները, երկրորդ եղեռնը ձեր անհեռատեսությամբ ու հրաժարումով դու՛ք «ոգեկոչեցիք»:
Դե՛, վայելե՛ք:


ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՍՏԱԽՈՍԻ ԱՍՊԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ


Երկու հարյուրամյա հեռվից Ալեքսանդր Պուշկինին ուրվագծված «Самовластительный Злодей»-ն արդեն մեր օրերում «գահին» բազմելուց անմիջապես հետո, յուրացրեց բոլոր ժամանակների ու ժողովուրդների «հայհոյանքի հայր» «վեհ» կոչումը:


Ինչին դիպավ նրա անմաքուր «շունչը» մաս-մաս արեց, թունավորեց, աղտոտեց ու քայքայեց:
Քայլող ու շնչող ավերիչ խորշակը դոմինանտ դարձրեց բանսարկությունը, մատնությունը, զրպարտությունը, թշնամանքը, դավաճանությունը:
Ասպարեզ նետեց «պետք է թուրքին թշնամի չնայենք, որպեսզի թուրքը մեզ թշնամի չնայի» ազգակործան թեզը, չմանրամասնելով՝ թուրքն իհարկե մեզ թշնամի չի դիտարկի, եթե հրաժարվենք մեր ինքնությունից, որպես պետություն ու պետականություն լինելուց, եթե ինքնակամ վերածվենք վիլայեթի:
«Գործ սարքելով» ու սրան-նրան սոսնձելով վարկաբեկեց ՀՀ զինված ուժերի սպայակազմին, քարուքանդ արեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը:
Հրահրեց պատերազմ և 5000-ից ավելի լույս տղաներ «Բայրաքթար»-ների զոհ դարձան:
Ընդլայնեց (3-4 անգամ), Եռաբլուրը:


Խաթարեց 12 000-ից ավելի հաշմանդամ ու խեղված դարձածների կյանքը:
Հանդուրժեց, որ գերի ընկածները թշնամու ձեռքում դառնան վայրագությունների, նվաստացման օբյեկտ:
Հայրենիքը վաճառասեղանին դրած, Պուշկինի շուրթերով՝ «стыд природы» կոչվածը, հայ զինվորից «ճանկռեց»-գողացավ նրա հաղթանակն ու վերջնականապես կազմաքանդեց հայոց բանակը, ջարդեց նրա ողնաշարը:


Գլխատեց մի ողջ սերունդ, բայց իրագործած ցեղասպանությունը մատուցեց որպես 25-30 հազար կյանքերի, ի վերջո, հայրենիքի փրկություն:
Եվ այդ հայրենիքը «փրկելու նպատակով» թշնամուն հանձնեց Արցախի 75 տոկոսը, 187 գյուղ ու 6 քաղաք, 200 վանք ու եկեղեցի, սրբատեղիներ, ամրոցներ, բերդեր, 4000-ից ավելի պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ:


Կատարած ավերից հետո կապիտուլյանտը 2020-ի նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան «3 միլիոն վարչապետերի» թիկունքում ստորագրեց խայտառակ եռակողմ պայմանագիրն ու մտավ բունկեր, փրկելով իր անպետք-անիմաստ գոյությունը:
Օրեր անց ընդհատակից լույս աշխարհ դուրս գալուց հետո շարունակեց այն գործը հանուն ինչի իրեն քայլեցրել էին և ապահովել փափուկ վայրէջքը ՀՀ վարչապետի աթոռին:
Զիջեց սուվերեն Հայաստանի շուրջ 45 քառակուսի կիլոմետր տարածք:
Հակառակորդին հանձնեց 21 կմ երկարությամբ միջպետական նշանակության ռազմավարական ճանապարհ:


Հարյուրավոր ոստիկանների ու դիպուկահարների թիկունքում տեղաշարժվող պատուհասը, զրահաբաճկոն ու զրահապամպերս հագած ժամանակ առ ժամանակ սպառնում է «ջարդել» ոչ թե Հայաստան ներխուժած, ՀՀ տարածքում զինվորներ սպանող ու տղաներ գերեվարող թշնամուն, այլ սեփական հայրենիքի առուծախը խոչընդոտողների ատամները:
2022-ի ապրիլի 13-ին ԱԺ-ում «Կառավարության ծրագրի 2021 թ. կատարողական զեկույցի» քննարկման ընթացքում սովորական մանիպուլյացիաներով փորձեց խաղալ իրեն դեռևս հավատացողների նուրբ լարերի վրա:
Նրա ակամա խոստովանությունը՝ տարածքները «հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», քողարկված սպառնալիքը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչումը «վտանգ է ոչ միայն Արցախի այլև Հայաստանի համար», իմա՝ պատերազմով ահաբեկելու փորձը, հստակ ձևակերպում ունեին՝ իր իսկ բառերով ասած՝ «դա ավելին էր, քան դավաճանությունը»:


Հետևա՞նքը… փողոցային պայքար, ուրվականներից փախչող «խելագարված Սաքո», ոստիկանական մեքենաներով ու ավտոբուսներով ուղեկցվող ավտոշարասյան վրաերթ՝ մահվան ելքով, փախուտ հանցանքի վայրից, «Թոռնիկ»-ների մատնություններ, պուշկինյան «Злодей»-ի կողմնակիցների բացահայտ թուրքամետ ռևերանսներ, 44-օրյայի մասնակից տղաների ձերբակալություններ, վախվորած տեղաշարժ՝ կենդանի ոստիկաններից սարքված սակոֆագով:
Իրավիճակ, որ վկայում է՝ Հայաստանը հղի է հեղափոխությամբ:


Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ.Գ. Ալեքսանդր Պուշկինի ատելի հերոսի «քաղաքական կապիտալը» սուտն է:
Ստում է միշտ և ամենուր, որովհետև պաթոլոգիկ ստախոս է:
Իսկ «ամուր ձեռքը», որը կսանձի պետականաքանդ, երկիր ավերող, ազգակործան ստախոսի հետագա ասպատակությունը հայկական գյուղերով ու բնակավայրերով, ուժ է հավաքում…


…Հավատում եմ Պուշկինի տեսիլքին՝
Молчит неверный часовой,
Опущен молча мост подъёмный,
Врата отверсты в тьме ночной
Рукой предательства наёмной…
О стыд! о ужас наших дней!
Как звери, вторглись янычары!…
Падут бесславные удары…
Погиб увенчанный злодей.

Դիտվել է՝ 24161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ