Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինչու չեղարկվեց «Ազովստալի» գրոհը

Ինչու չեղարկվեց «Ազովստալի» գրոհը
22.04.2022 | 07:38

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երեկ զեկուցելով Մարիուպոլ քաղաքի ազատագրման մասին, ասել է նաև, որ ամբողջ Մարիուպոլը հսկողության տակ է, իսկ ազգայնական կազմավորումների մնացորդները հուսալիորեն արգելափակված են «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտու տարածքում։ Այսինքն` «Ազովստալում» պատսպարվածները դեռ այնտեղ են, խոսքն ավելի քան 2000 հոգու մասին է:

ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինն օրերս «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել էր, որ, իր տեղեկություններով, գրոհային խմբերի միջոցով հարձակումն «Ազովստալի» վրա արդեն սկսվել է։ Առկա տեղեկություններից ելնելով, կարելի էր եզրակացրել, որ գրոհը հետագայում ինչ-որ մի պահից դադարեցվել է, քանի որ Ռուսաստանի զինված ուժերը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ (https://ria.ru/20220419/azovstal-1784247830.html ), «Ազովստալում» հաստատված ուկրաինական ստորաբաժանումներին, ազգայնամոլական գումարտակների գրոհայիններին և օտարերկրյա վարձկաններին մինչև կեսօր ժամանակ էին տվել զենքերը վայր դնելու և հանձնվելու համար:


Միաժամանակ, Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել էր, որ «Ազովստալն» արդեն ապրիլի 19-ին կազատագրվի, հսկողության տակ կվերցվի: Փաստորեն այն դեռ ազատագրված չէ, բայց ամբողջ պարագծով մեկ հսկողության տակ է վերցված, ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով` «Ազովստալում» թաքնվածներն արգելափակված են այնտեղ հիմնավորապես և ամբողջ պարագծով։


Շոյգուն Պուտինին ասել է նաև, որ ռուսական զորքերին 3- 4 օր է անհրաժեշտ «Ազովստալում» աշխատանքներն ավարտելու համար։ ՌԴ նախագահը, Շոյգուի զեկույցը լսելուց հետո, Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա ավելի վաղ նախատեսված գրոհը համարել է աննպատակահարմար և հրամայել է չեղարկել այն: Պուտինն իր հրամանը բացատրել է ռուս զինվորականների կյանքը փրկելու նկատառումներով։
«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ մենք միշտ պետք է մտածենք, բայց տվյալ դեպքում առավել ևս` մեր զինվորների ու սպաների կյանքը և առողջությունը փրկելու մասին,- ասել է Վլադիմիր Պուտինը:- Պետք չէ մագլցել այդ կատակոմբները և սողալ այնտեղ գետնի տակ այդ արդյունաբերական օբյեկտներով»։
«Արգելափակեք այդ արդյունաբերական տարածքն այնպես, որպեսզի ճանճը չթռչի»,- կարգադրել է ՌԴ նախագահը:


Պուտինը նաև հանձնարարել է Շոյգուին` ևս մեկ անգամ առաջարկել բոլորին, ովքեր դեռ չեն վայր դրել զենքերը, վայր դնել դրանք ու հանձնվել:
«Ռուսական կողմը երաշխավորում է նրանց կյանքը և արժանապատիվ վերաբերմունքը՝ միջազգային իրավական ակտերին համապատասխան,- ասել է նախագահը։- Բոլոր վիրավորներին կտրամադրվի որակյալ բուժօգնություն»:
Վլադիմիր Պուտինի վերոնշյալ հրամանից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, որն ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը հայտարարել էր, որ ռուսական զորքերն օրվա ընթացքում վերահսկողության տակ կվերցնեն «Ազովստալը» (արդյունաբերական գոտու վերին մասը գրավելու իմաստով), այսօր Telegram-ի իր ալիքում նշել է, որ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը, հանրապետության ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սուլթան Ռաշաևը և իր զարմիկ Խալիդ Քադիրովը նախօրեին ծրագրում էին գրոհել գործարանը։ Քադիրովը միաժամանակ հայտարարել է, որ Մարիուպոլում գլխավոր նպատակն իրականացվել է:
«Գլխավոր նպատակն արդեն իրականացված է, բանդերականները և ազգայնականներն արգելափակված են արդյունաբերական գոտում և ոչ մի տեղ չեն գնա,- մեկնաբանելով «Ազովստալի» վրա հարձակումը չեղարկելու Պուտինի հրամանը, գրել է Չեչնիայի ղեկավարը:- Նրանց միակ ելքը հանձնվելն է։ Հուսով եմ, որ նրանք բավական խոհեմություն կունենան դրա համար»:


Այո, «Ազովստալի» արդյունաբերական գոտու տարածքում ու գործարանի ստորգետնյա հարկաբաժիններում պատսպարվածների, թաքնվածների միակ ելքն, իրոք, հանձնվելն է, և, ուշ թե շուտ, երբ նրանց սննդամթերքի ու ջրի պաշարները սպառվեն, հարկադրված կլինեն հանձնվել, այնպես որ, Պուտինի հրամանը պատճառաբանված է ու հիմնավորված ռուսական զինծառայողների ավելորդ կորուստներ թույլ չտալու անհրաժեշտությամբ: Բայց խնդիրն այլ կողմ էլ ունի…
«Ազովստալի» արդյունաբերական գոտու հսկայական տարածքի հուսալի արգելափակման և այնպիսի վերահսկողության համար, որպեսզի այնտեղից «ճանճը չթռչի», Ռուսաստանը ստիպված է Մարիուպոլում, «Ազովստալի» արդյունաբերական գոտու շուրջ դեռ թողնել Ուկրաինայում իր ոչ այնքան մեծաքանակ և Դոնբասի ամբողջական ազատագրման համար անհրաժեշտ զինված ուժերի մի զգալի մասը, որովհետև եթե նշված գոտու որևէ հատվածում պաշարումը թույլ կամ ոչ բավարար լինի, «Ազովստալում» գտնվող ավելի քան 2000 զինյալները, օպերատիվ կերպով տեղեկանալով այդ մասին, կարող են այն ճեղքել ու դուրս գալ:


Հայտնի է, որ «Ազովստալում» գտնվողները վաղուց նախապատրաստած և, ամենայն հավանականությամբ, պաշտպանված ռադիոկապ կամ արբանյակային հեռախոսակապ ունեն Կիևի հետ, իսկ Կիևն էլ ողջ Մարիուպոլում գտնվող ռուսական զորքերի վերաբերյալ օպերատիվ կամ առցանց տեղեկատվություն է ստանում ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից, նրանց հետախուզական արբանյակների միջոցով:
Վերոշարադրյալից, կարծում ենք, հասկանալի է, որ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության համար անհրաժեշտություն էր «Ազովստալի» խնդիրն օր ու գուցե նույնիսկ ժամ առաջ լուծելը, որպեսզի այնտեղ կենտրոնացված ուժերն այլ տեղ օգտագործվեին, բայց «Ազովստալի» վրա գրոհը ռուսական բանակի զինծառայողների կյանքը և առողջությունը չվտանգելու պատճառաբանությամբ չեղարկվել է: Արդյոք միակ պատճառը դա՞ է եղել…


Դժվար է վերոնշյալ հարցին վստահ պատասխանելը: Բացառված չէ, որ որոշումը չեղարկելու հարցում իրենց դերն ունեցած լինեն Ղրիմի կամրջին հարվածելու վերաբերյալ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովի սպառնալիքը, ինչպես նաև ուկրաինական կողմի հնարավոր սպառնալիքը Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու վերաբերյալ: Սակայն սա ընդամենը միայն ենթադրություն է, իրականությունը գիտեն միայն իրենք` Պուտինը և Շոյգուն:


Երեկ երեկոյան Քադիրովը Telegram-ի իր ալիքում կատարած գրառմամբ հայտարարել է, որ ռուսական զորքերը «վերջնականապես և անդառնալիորեն գրավեցին Մարիուպոլը, այդ թվում՝ «Ազովստալ» մետալուրգիական գործարանի շենքը», ապա պարզաբանել, որ խոսքը վարչական շենքի գրավման մասին է, ուկրաինացի զինվորականները, ինչպես ավելի վաղ գրել էր, արգելափակված են ձեռնարկության արդյունաբերական գոտիներում ու այնտեղից ոչ մի տեղ չեն գնալու։


«Հսկողության տակ է վերցվել «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի վարչական շենքը, որն առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի, ինչպես նաև մաքրվել է ամբողջ հարակից տարածքը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական ուժերին առջևում սպասվում են «էլ ավելի վառ հաղթանակներ»։ Այս պահին Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 38730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ