Ռուսաստանը ԻԼ-76 ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Պաշտոնական աղբյուրը հաղորդել է, որ խաղաղապահներին տեղափոխել են Ուլյանովսկից։ Խաղաղապահ առաքելության կազմում ներառված են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում նաև նշել են, որ առաքելության հրամանատարությունը տեղակայված է լինելու Ստեփանակերտում։
Նոյեմբերի 9 ին, Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, որով հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում 2020 թվականի նոյեմբերի 10-ից։
Ըստ հայտարարության, Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի դաշնության խաղաղապահ ուժեր։