Գերմանիայի Bild պարբերականի գլխավոր խմբագրի տեղակալ Պոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:
Ռոնժեյմերը թվիթերում գրել է. որ Ալիևը ստում է: «Միայն BBC-ն չէ, որ գիտի՝ նախագահը կրկին ստում է: Մենք տեղում ենք երկու շաբաթ: Գրեթե ամեն օր և գիշեր տեսել եմ քաղաքացիական հատվածների հրետակոծում: Կան բազմաթիվ լրագրողներ, որոնք կարող են ապացուցել, որ ուք ստում եք»,-գրել է գերմանացին:
Bild-ի գլխավոր խմբագրի տեղակալը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գերինի գրառմամբ, որում վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի խոսքերն առ այն, որ BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «կեղծ լուր է»:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «կեղծ» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով: