38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Wikileaks-ը Էրդողանի իշխանության մեխանիզմների մասին

Wikileaks-ը Էրդողանի իշխանության մեխանիզմների մասին
09.12.2016 | 10:34

Wikileaks կայքը հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի փեսայի՝ Բերատ Ալբայրաքի 57 հազար էլեկտրոնային նամակները: Պատահական զուգադիպությամբ Ալբայրաքը Թուրքիայի էներգիայի ու բնական ռեսուրսների նախարարն է՝ գրում է Foreign Policy-ը: Նամակներից երևում է Ալբայրաքի մեծ ազդեցությունը իշխանական կառույցների վրա և բացահայտվում է թուրքական ավելի ու ավելի ռեպրեսիվ դարձող կառավարության ներքին կառուցվածքը՝ կարծում է Ռոբի Գրեյմերը: Դա Ալբայրաքի անձնական նամակագրությունն է 2000- 2016-ին: Ոչ նախարարը, ոչ կառավարությունը չեն հաստատել նամակագրության իսկությունը: Թերևս ամենամերկացնող բացահայտումը՝ Ալբայրաքը Powertrans ընկերության միջոցով կողմնակի կապ է ունեցել նավթի առևտրի հետ, որ վաճառում էր ԻՊ-ը, առևտուր, որի հաշվին ֆինանսավորվում էր ահաբեկչական խմբավորումը:


2011-ի նոյեմբերին Թուրքիայի կառավարությունը արգելեց երկաթուղով և ավտոմեքենաներով նավթի սահմանային տեղափոխումը՝ թե ներմուծումը, թե արտահանումը: Սակայն Powertrans-ը ստացավ Իրաքյան Քրդստանից Թուրքիա նավթ ներմուծելու մոնոպոլ իրավունք: 2014-2015-ին թուրքական ԶԼՄ-ները գրում էին, որ Powertrans-ը խառնում է ԻՊ-ից ստացած նավթը Թուրքիա ներմուծվող նավթին: Էլեկտրոնային նամակներից մեկում Ալբայրաքը գրում է իր իրավաբանին. «Ես երբեք կապ չեմ ունեցել այդ ընկերության հետ»` նկատի ունենալով Powertrans-ը: Բայց Wikileaks-ի հրապարակած էլեկտրոնային նամակներում 32 երկխոսություն կա Powertrans առանցքային բառով, այդ թվում՝ երկխոսություններ, որտեղ Ալբայրաքը ցուցումներ է տալիս ընկերությանը կամ իր կարծիքը հայտնում աշխատավարձին ու կադրերին վերաբերող որոշումների մասին: Նամակներում տեղեկություններ կան և մամուլի ազատության ու սոցիալական մեդիայի վրա գործադրվող ճնշումների մասին:
Ռոբի ԳՐԵՅՄԵՐ, Foreign Policy


Հ.Գ. Ավստրիական Die Presse-ում Դույգու Էզկանը գրում է, որ Wikileaks-ի վերջին բացահայտումները ծայրահեղ տհաճ կարող են լինել Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրաքի համար: 50 հազարից ավելի էլեկտրոնային նամակները փոխանցել է թուրքական RedHack հակերային խումբը: Նամակագրության մեծ մասը վերաբերում է անկապ կատակների, բնակարանի որոնմանը, թերթերի հրապարակումներին: Որոշ նամակների համաձայն՝ Ալբայրաքը ստորագրել է նամակը, որն առաջարկում էր աներոջը՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին իբրև ռազմական հանցագործի, դատի տալ: Պայթուցիկ էֆեկտ ունեն 30 նամակները, որ հաստատում են Ալբայրաքի դերը Powertrans ընկերությունում և Էրդողանի կապը նավթային բիզնեսին: Powertrans-ը միակ ընկերությունն է Թուրքիայում, որ իրավունք ունի նավթ ներմուծելու: Ընկերության ստեղծման որոշումն ընդունել է կառավարությունը, 2011-ին: Գույքային ունեցվածքը հայտնի չէ, հետքերը կորչում են Սինգապուրում և բրիտանական Վիրգինյան կղզիներում: Նավթային ընկերությունում բաժնեմաս ունի Çalık Holding-ը, որի ղեկավարը երկար ժամանակ եղել է Ալբայրաքը: Ինտերնետ նամակագրության մեջ Ալբայրաքը կադրերի տնօրենի հետ քննարկում է պաշտոնների ու աշխատավարձի հարցերը Powertrans-ում: Ալբայրաքն է հաստատել բոլոր առաջարկները և զբաղվել նավթային ընկերության կազմակերպական հարցերով: Փաստաբանի հետ նամակագրության մեջ Ալբայրաքը պարզել է, թե ինչպես մեկնաբանի իր մասնակցությունը Powertrans-ի գործերին: Փաստաբանը խորհուրդ է տվել ասել. «Այլևս չեմ խառնվում», Ալբայրաքը վճռել է հայտարարել, «ընդհանրապես չեմ խառնվել»:
Ալբայրաքի անձնական էլեկտրոնային փոստի 57 հազար նամակներից 149-ը առնչվում են Հայաստանին և հայերին: Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին նա մանրամասն ներկայացնում է կուսակցության ղեկավար անդամներից մեկի` Օմեր Չելիքի տեսակետը Հայաստանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ընդգծում թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորությունը: 2014-ի մայիսին թվագրված վերլուծական մի գրության մեջ էլ Ստամբուլի «Բիլգի» համալսարանի կազմում գործող «Գլոբալ խնդիրների հարթակ» կառույցի փորձագետները Էրդողանի փեսային տեղեկացնում են իրանական գազի` եվրոպական շուկա արտահանման հեռանկարների մասին` հատուկ հիշատակելով Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղին:


2013-ի նոյեմբերին Նյու Յորքում բնակվող թուրք ակտիվիստներից մեկի` Բերատ Ալբայրաքին և Էրդողանի որդուն` Բիլալին ուղարկված նամակում ներկայացված են Թուրքիայի այն ժամանակվա ամենաազդեցիկ քրդական ուժի` Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության անդամների և Վաշինգտոնի հայկական կառույցների հանդիպումների մանրամասները: Այս նամակը վերնագրված է` «Դաշնակների և Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության/Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների Վաշինգտոնում կայացած հանդիպումների մասին»: Այս ուղերձին չորս լուսանկար է կցված, որոնցում պատկերված են Թուրքիայի ամենահայտնի քուրդ գործիչներից մեկը` Սելահեթդին Դեմիրթաշը և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարները:
Foreign Policy-ը առանձնացնում է նաև նամակների այն խումբը, որոնցից պարզ է դառնում, որ Բերատ Ալբայրաքը կարևոր դեր ունի Թուրքիայի ներքաղաքական զարգացումներում` ընդդիմության դեմ սկիզբ առած ճնշումների հարցում: «2013-ի ամռանը, Գեզի զբոսայգու շուրջ ծագած բողոքի ակցիաների ժամանակ, հենց Էրդողանի փեսայի նախաձեռնությամբ ստեղծվեց 6 հազար օգտատերերից կազմված խումբը, որը Թվիթերում պաշտպանում էր կառավարության տեսակետները և կոշտ հակադարձում Էրդողանի ընդդիմախոսներին»,- գրում է ամերիկյան հանդեսը: Independent-ն էլ ընթերցողներին տեղեկացնում է. «Պարոն Ալբայրաքը Թուրքիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Երկրում լայնորեն քննարկվում է, որ հենց Ալբայրաքը կարող է դառնալ Ռեջեփ Թայիբ Էրդողանի քաղաքական ժառանգորդը»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ