Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 31-ին ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ զինված ուժերի անձնակազմին շնորհավորական ուղերձում հայտարարել է, թե 2016-ը սկսելու են «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով: Նա վստահեցրել է, թե «Զինված ուժերը՝ Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, ամեն օր բարձրացնելով բանակի նյութատեխնիկական ապահովումը, բարձր մակարդակի են հասել: Լուծվում են անձնակազմի սոցիալ-կենցաղային խնդիրները, շարունակվում է բանակի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ և տեխնիկայով, պատրաստվում են բարձր որակավորման մասնագետներ»: «Անձնակազմի բարձր մարտական ոգին, հայրենասիրությունը, մարտական և բարոյահոգեբանական պատրաստականությունը նախադրյալներ են ստեղծում, որ ադրբեջանական բանակը ազատագրի Խանքենդին (Ստեփանակերտը), Շուշին, Լաչինը և թշնամու օկուպացրած մեր մյուս տարածքները, և մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի»,- հայտարարել է Հասանովը: «Հավատում եմ, որ դուք կարդարացնեք վստահությունը հայրենիքին, ժողովրդին և պետությանը նվիրված ծառայությամբ, միշտ պատրաստ կլինեք կատարել Ադրբեջանական Հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները և նոր տարում՝ 2016-ին, որը մենք կսկսենք «Ղարաբաղի հողը այրվելու է հայ զավթիչների ոտքերի տակ» նշանաբանով, մեր ժողովրդին կուրախացնեք հաղթանակների լուրերով»,- ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարի ուղերձում: «Ցանկանում եմ, որ 2016-ը պատմության մեջ մտնի որպես Ղարաբաղը օկուպացումից ազատագրելու և հաղթանակների տարի»,- հայտարարել է Զաքիր Հասանովը: