Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               

Պատերազմ խաղաղության համար՝ երեք կոալիցիաների կատարմամբ

Պատերազմ խաղաղության համար՝ երեք կոալիցիաների կատարմամբ
26.12.2015 | 08:59

2016-ին իրաքյան ու սիրիական հարթակներում մենամարտելու են երեք ռազմական կոալիցիաները, որ միմյանց ներհակ նպատակներ ունեն և վտանգավոր բախումների սպառնալիք են ստեղծում: Ռազմական առումով ավելի ամուր է Ռուսաստանի գլխավորած կոալիցիան, որ ներառում է Իրանը, Բաշար Ասադի վարչակարգը, «Հըզբոլլահը» և Իրաքը: Կոալիցիայի նպատակն է պաշտպանել Դամասկոսը, գրավել Ալեպոն, հաստատուն վերահսկողություն սահմանել արևմտյան Սիրիայի վրա և ԻՊ-ի ջիհադականներին մղել Իրաքի սահմանամերձ անապատները:


Ռուսները և սուննիները
Առաջին հայացքից այս սցենարը լիովին հնարավոր է իրականացնել՝ Ասադի դեմ հանդես եկող ապստամբական ուժերը և դիմակայող կոալիցիաները, կարծես, ի վիճակի չեն դիմադրել ռուսների երկարատև հարձակմանը, սակայն Կրեմլի ռազմական գործողության հաջող ելքը կասկածի տակ է սուննիական կոալիցիայի պատճառով, որը ԻՊ-ին չանդամագրված իսլամիստ ապստամբների թիկունքում է: Այս կոալիցիան ղեկավարում են Սաուդյան Արաբիան և Թուրքիան՝ Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Բահրեյնի ֆինանսական աջակցությամբ: Վերջին սամմիթը Էր Ռիադում ցույց տվեց սուննի ապստամբական շարժման բոլոր մասնակիցներին և սիրիական բնակչության մեծամասնությանը միավորելու նրանց ունակությունը: Զենքի, փողի հետևում, որով Էր Ռիադն ու Անկարան ապահովում են Ասադի դեմ կռվող խմբավորումներին, թաքնվում է նոր սուննիական պետություն ստեղծելու մտադրությունը՝ հիմնված Բաաս կուսակցության կորիզը կազմող ալավիտներին թշնամաբար վերաբերվող սիրիական ցեղերի վրա: Պուտինի և սուննիների կոալիցիաների մենամարտը տոտալ է՝ նրանք կռվում են մարտադաշտում և տարբեր շահեր են հետապնդում Վիեննայի բանակցային սեղանի շուրջ, քանի որ Մոսկվան ձգտում է պահպանել Ասադի վարչակարգը մինչև նախագահական ժամկետի ավարտը, իսկ Էր Ռիադի նպատակը նրա անհապաղ հրաժարականն է:


Երրորդ անհարմար հանգամանքը
Արևի տակ տեղի համար այս պայքարին մասնակցում է նաև ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան, որ Փարիզի ահաբեկչությունից հետո ակտիվացրել է ռազմական գործողությունները ալ Բաղդադիի գլխավորած ԻՊ-ի դեմ և մտադիր է առաջիկա 12 ամիսներին գրոհել խալիֆաթը մի քանի ճակատներով, որպեսզի լուրջ ռազմավարական հարված հասցնի: Պենտագոնի գլխավոր նպատակը Ռաքան է՝ խալիֆաթի մայրաքաղաքը: Ռաքայի շուրջը սիրիական քրդերի պարտիզանական ջոկատներն են, որ ունեն արաբ ցեղախմբերի աջակցությունը, նրանք բոլոր պայմանները ստեղծում են գրոհի համար՝ արևմտյան ուժերի ավիացիոն հարվածների ուղեկցությամբ, որը կարող է կրկնել Թուրքիային սահմանակից Քոբանիի ազատագրման հաջողությունը: ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողությունների ակտիվացումը առնչվում է ժամանակի հետ՝ Օբաման միայն մեկ տարի ունի: ԱՄՆ-ի նախագահն ուզում է Սպիտակ տնից հեռանալ՝ որոշակի ռազմական հաջողության հասած, թուլացրած կամ նույնիսկ ոչնչացրած ԻՊ-ը: Նույն պատճառով, բայց հակառակ կողմից, իր գործողությունները ակտիվացնում է Պուտինը: Նա ուզում է օգտագործել Սիրիան՝ Մերձավոր Արևելքում ռուսական հեգեմոնիայի հիմքեր ստեղծելու համար՝ մինչև Սպիտակ տանը նոր նախագահ կհայտնվի, որ կարող է ավելի վճռական լինել արտաքին քաղաքականության մեջ, քան Օբաման:
Ստացվում է, որ 2016-ին Մերձավոր Արևելքում բոլոր հիմնական խաղացողները փորձելու են հնարավորինս արագ ստանալ միմյանց հետ անհամատեղելի ռազմավարական արդյունքներ, այդ պատճառով էլ չի բացառվում ազգային շահերի մակարդակով բախումների վտանգը: Ավելին՝ վտանգ կա, որ քաղաքացիական սիրիական պատերազմը կվերաճի պետությունների բացահայտ կոնֆլիկտի: Հավելեք խալիֆաթի դերը, որ երկակի նպատակ ունի՝ ամրապնդել ԻՊ-ի իշխանության հիմքերը և սալաֆիտական հեղափոխությունը տարածել իսլամական աշխարհի բոլոր անկյուններում:
Մաուրիցիո ՄՈԼԻՆԱՐԻ, La Stampa


Հ.Գ. Եթե Մաուրիցո Մոլինարին ճիշտ է իր դիտարկումներում, իսկ նա օբյեկտիվորեն ներկայացնում է Մերձավոր Արևելքում ուժերի դասավորությունն ու նպատակները, իսկապես մեծ է վտանգը, որ Սիրիան կարող է դառնալ երեք կոալիցիաների բացահայտ առճակատման մարտադաշտ: Կդիմանա՞ Ռուսաստանը այդ մրցավազքին տնտեսապես, դեռ որքա՞ն հեռուստացույցի ու սառնարանի մենամարտում կհաղթի հեռուստացույցը: Եթե Մաուրիցիո Մոլինարին ճիշտ է, ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ երկարաձգվելու են ոչ միայն վեց ամսով, այլև շարունակվելու են շատ ավելի երկար՝ քաղաքականությունը գերակշռելու է տնտեսական ու բիզնես շահերին: Արևմուտքը փորձելու է հնարավորինս թուլացնել Մոսկվային՝ Մերձավոր Արևելքում ստանալու ազատ գործելու հնարավորություն: Այս տրամաբանության մեջ լիովին տեղավորվում է և ռուսական խփված ինքնաթիռը՝ Անկարային շատ էր պետք կասեցնել ռուսներին ՆԱՏՕ-ի միջոցով: Բայց ՆԱՏՕ-ն խայծը կուլ չտվեց՝ Էրդողանը շատ էր շտապել, ամեն ինչ իր ժամանակն ունի: Խփված ինքնաթիռը պարզապես ամեն ինչ ավելի պարզ դարձրեց՝ ով ինչ է ուզում ստանալ Սիրիայի ու Իրաքի հաշվին: Հավելեք նաև Թուրքիայի ռազմական ուժի Իրաք մտնելը՝ հակառակ միջազգային նորմերի, որին առարկեցին ոչ միայն ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը, այլև Սաուդյան Արաբիայի առաջին ջութակությամբ՝ Արաբական ազգերի լիգան: Ակնհայտորեն Իրաքը միայն Թուրքիային չի պետք: ՈՒ այս ամբողջ խայտաբղետ պատկերը՝ Արևելքի ու Արևմուտքի առճակատումը, համեմվում է Արևելքի ներսում շահերի բախումով ու կոչվում է ԻՊ-ի դեմ պայքար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ