Իրադրությունն առաջնագծում մնում է լարված: Հակառակորդը շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական դիրքերը:
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /11 արկ/, 82 /66 արկ/, 120 /14 արկ/ միլիմետրանոց ականանետերից և ՀԱՆ-17 /16 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք /35 կրակոց/:
Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի սադրիչ գործողությունները անպատիժ չեն մնալու: Ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: