38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ո՞րն է հերոսների հայրենիք Չարդախլուի գաղտնիքը

Ո՞րն է հերոսների հայրենիք Չարդախլուի գաղտնիքը
24.11.2015 | 11:49

Այս օրերին հանդիսատեսի դատին է հանձնվել «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմը։ Չարդախլուն բազմադարյա մշակույթ ունեցող հանրաճանաչ հայկական գյուղերից մեկն է, որը պատմական Գարդմանի (ՈՒտիք-Արցախ) մի մասն է։ Չարդախլուն եզակի գյուղ է՝ հայտնի որպես մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք։ Աշխարհում չկա այդպիսի մի գյուղ, որը տվել է Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետ, 2 մարշալ, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։ Այստեղ են ծնվել մարշալներ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը։

1988-ի հայտնի իրադարձությունների ժամանակ գյուղի բնակչությունը բռնի տեղահանվեց իր բնօրրանից և ցրվեց աշխարհով մեկ։ Մարդկանց մեծ մասը տեղափոխվեց Հայաստան ու ապաստան գտավ Տավուշի մարզի Զորական գյուղում: Այսօր զորականցիները ցանկանում են գյուղն անվանել Չարդախլու։
Ֆիլմի պրոդյուսեր ԱԻԴԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ տեղեկացրեց, որ «Չարդախլու-հերոսների հայրենիքը» «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է։ Արդեն նկարահանվել է 4 ֆիլմ, որոնք վերաբերում են Արցախի պատմությանը, բնակավայրերին, բնական ու պատմական հուշարձաններին, ազատագրական պայքարին։ Պրոդյուսերը տեղեկացնում է, որ ֆիլմում փորձում են հասկանալ չարդախլեցիների ոգին, այդ հողի ուժը։ Հեղինակների ցանկությունն է ֆիլմի միջոցով այդ հերոսապատումը դարձնել հասանելի ու հասկանալի։
Ռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նկատում է, որ ֆիլմը կառուցված է չարդախլեցիների հիշողությունների ու պատմությունների վրա, և շատ դեպքերում չարդախլեցիներն էլ չեն կարողանում բացատրել իրենց գյուղի գաղտնիքը։ Ռեժիսորը նշում է, որ շատ կարևոր է պահպանել այդ մարդկանց պատմությունները, ներկայացնել սերունդներին, քանի որ դրանից է ծնվում սերը հայրենիքի նկատմամբ։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ «Չարդախլու-հերոսների հայրենիքը» արժեքավոր և խիստ անհրաժեշտ ֆիլմ է այսօրվա ադրբեջանական կեղծարարության պայմաններում, երբ փորձում են սեփականացնել ոչ միայն մեր ազատագրած, այլև հայկական այն տարածքների պատմությունը, որոնք այսօր Ադրբեջանի հսկողության տակ են։ «Չարդախլուն մեր պատմական հայրենիքի շատ կարևորագույն հատվածն է, որի մասին հիշատակություններ կան դեռևս 1-ին դարից սկսած։ Այն նույնիսկ Քրիստոսից առաջ 4-3-րդ դդ. առանձին տեղեկություններ պահպանած և հնագույն հուշարձաններ ունեցող գյուղ է։ Ընդ որում, Չարդախլուն պատմության մեջ հայտնի է միջնադարյան պատմական հուշարձաններով, ժողովրդի միասնությամբ, կամարտահայտությամբ։ Պատմության ընթացքում միշտ դիմադրություն է կազմակերպել, տեղի ժողովրդի մեջ զինվորական ոգին դեռևս հնուց է եղել։ Թուրք-սելջուկները, մոնղոլները, թուրքմենական ցեղերն իրենց կազմակերպած ներխուժումներում հաջողություն չեն ունեցել։ Չարդախլուն, բացի մեծանուն զինվորականներից, տվել է նաև հայտնի բժիշկներ, գիտնականներ։ Պայքարող, մաքառող մարդիկ են, ու այդ ոգին փոխանցվել է սերնդեսերունդ։ Չարդախլեցին միշտ զինված է եղել, զինվելու, զենք գնելու տեսակետից փող չեն խնայել։ Նույնիսկ խորհրդային տարիներին իրենց զենքն անտառներում էին պահում, և միշտ դիմադրական պայքարի կենտրոնատեղի են եղել։ Փոքր հասակից չարդախլեցիները մասնակցել են ձիավարժությունների, նաև որսորդության սիրահարներ են եղել և այդ ավանդույթները փոխանցել են իրենց երեխաներին։ Միայն 80-ական թվականների վերջին ուղղակի խաբեցին տեղի ժողովրդին»,- ասում է պատմաբանը։
Էդիկ Մինասյանը նշում է, որ բանակցային գործընթացում պետք է ներկայացնել նաև հայկական կողմի տարածքային կորուստները, որոնցից մեկն էլ Չարդախլուն է: Ադրբեջանցիները գյուղն այսօր անվանափոխել են։ Նախկինում ավելի քան 4000 հայերի բնակավայրն ամայի մի վայր է դարձել։ Ադրբեջանցիները քանդել են գյուղի հայկական գերեզմանոցը, ոչնչացրել հուշարձաններն ու հայկականությունը պահպանող ամեն ինչ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ