Շուտով լույս կտեսնի «Իրատեսի» հեղինակ ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Հեռավոր տարիների լույսը» հուշագրական վիպակը, որը Արցախի պատմական Վարանդայի նշանավոր տոհմերից մեկի շառավիղների մասին է։ Նրանցից շատերը, ավա՜ղ, չկան, մինչդեռ յուրաքանչյուրն անհատականություն էր և իր կյանքն է ունեցել, մարդիկ, ովքեր իրենց նվիրումն են դրել, որ անմար մնա տոհմի ծուխը։ Ընթերցողներին ենք ներկայացնում վերոհիշյալ վիպակից մի հատված։
ԿԻՍԼՈՎՈԴՍԿ ԵՄ ԹՌՉՈՒՄ
Երբ ինքնաթիռը, պոկվելով հողից, բարձրություն վերցրեց, օդանավի ուղեկցորդուհին հայտարարեց` ամրագոտիները կապել, ապա ծանոթացրեց անվտանգության կանոններին, թե ինչ պիտի անենք վթարի դեպքում, ինչպես պիտի պահենք մեզ։ Իսկ ներքևում Կովկասյան լեռներն են։
Ինչ-որ տեղ կարդացել եմ, թե ողբերգական պատահարների ժամանակ, կյանքի վերջին րոպեներին մարդիկ իրենց մանկությունն են հիշում։ Պատկերացնում եմ, թե ահա եկել են այդ րոպեները, մահը շատ մոտիկ է։ Ոչ, մանկությունս չէ, որ պիտի հիշեմ, հավատացած եմ, թոռնուհիս կհայտնվի աչքերիս առջև, իմ անուշ, իմ քաղցրիկ Ինեսան։ Ես անսահման սիրում եմ նրան։ Տասնմեկ տարեկան է նա։ Մի ակնարկի վրա էի աշխատում, նոր էի ավարտել, լուռումունջ մոտեցավ գրասեղանիս, նայեց ինձ ու ասաց.
-Պապի՛կ, նկատել եմ, աշխատանքի պահերին դեմքդ տխուր է։
Հուզվեցի, ուրախացա, թղթերս հավաքեցի, դրեցի մի կողմ ու խորհում էի` ուրեմն տխուր են բոլոր նրանք, ովքեր գրում են։
Կարդացել եմ նաև, թե ամենասոսկալին վախին ենթարկվելն է, նրան անձնատուր լինելը։
Ինքնաթիռը սկսեց վայրէջք կատարել, ես նրա թևերի տակ տեսա երկիրը` անծայրածիր դաշտերով, ու միանգամից փարատվեց տագնապս։ Ամբողջ թռիչքի ժամանակ ուզում էի ափերիս մեջ պտղունցը լիներ հայրենի հողի, լուռ շոշափեի հողն այդ սուրբ ու իմ էությունից վանեի Կովկասյան լեռներին մոխիր դառնալու կասկածը մթին։
Մինվոդիի օդանավակայանում մեզ դիմավորեցին ջերմորեն։ Քիչ հետո բռնեցինք Կիսլովոդսկի ճանապարհը։
Աշնանային պարզ օր է։ Արևի լույսը ծիածաններ է վառել լեռների ձյունաճերմակ կատարներին։ Ավտոմեքենան Արտակն է վարում` Կարենի որդին։ Փարամազյանների նշանավոր տոհմի շառավիղներից է Կարենը` Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղից։ Կիսլովոդսկում է ապրում ընտանիքով։ Արտակը ավտոմեքենայի պատուհանից ցույց տվեց ինձ Էլբրուսը։ Սառցե լեռը շողում էր կապույտների մեջ, ասես վիթխարի զանգ է երկնքից կախված։
Քիչ հետո Արտակը մեքենան կանգնեցնում է քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա գտնվող մի բազմահարկ շենքի մոտ։ Վերելակով բարձրանում ենք վեր` նախավերջին հարկում են ապրում։
Դուռը բացվում է, մեզ ընդառաջ է գալիս Կարենը։ Ողջագուրվում ենք։ Այդ պահին ինձ համար ավելի թանկ բան չկար, քան վաղեմի բարեկամի ողջագուրանքի ջերմությունը։
Հաջորդ օրը Կարենի ավտոմեքենայով գնացինք Ժելեզնովոդսկ, ինձ թվաց, թե ծիածան կապած լույսերի միջով էինք անցնում։ Եղանք նաև Եսենտուկիում ու Պյատիգորսկում։ Հայաշունչ են այգիների մեջ սուզված այդ քաղաքները։ Սակայն, չգիտեմ ինչու, ինձ ավելի շատ Կիսլովոդսկն էր հիացնում։ Հայ առաքելական եկեղեցի կա այնտեղ` «Սուրբ Վարդանանք» եկեղեցին, ուր իմ հայրենակիցներն ամեն օր մոմ են վառում ու աղոթում։ Կարենի հետ շրջեցինք քաղաքում, եղանք առողջարանային համալիրներում, զբոսայգիներում ու պուրակներում, բարձունքից դիտեցինք գիշերային Կիսլովոդսկը, քաղաքը շողում էր լուսնաքարե գմբեթի նման, նրա պայծառ լույսերից ցոլցլում էին երկինք սլաքված սոճիների կատարները։
Եղանք նաև մի պուրակում։ Ծառուղիներով երիտասարդ զույգեր էին ճեմում։ Գեղեցիկ է պուրակի բնությունը` կանաչին տվող թավուտներ են, վարդի թփեր, մոխրագույն ժայռեր են, դրանց ծերպերին քարե արծիվներ` թևերը բացած։ Լեգենդներով է զարդարված պուրակը, որ անվանել են «Սիրո և խարդավանքի ամրոց»։
Եվ այսպես, անողորմ աշխարհի ցուրտ հողմերի մեջ խարդավանքի մատնված սիրահարները վճռում են ժայռի կատարից նետվել ցած։ Տղան իրեն ցած է նետում։ Վերջին պահին աղջիկը վարանում է... Եվ ահա հյուսվել է լեգենդը, որ շուրթից շուրթ է անցնում։
Կարենենց տանը հանդիպեցի Կամո Ավագյանին, կնոջ` Ռիտայի հետ էր եկել, Կարենն է հրավիրել կորկոտ ուտելու, նրանք մտերիմ ընկերներ են։
Կամոն Չարդախլուից է։ Ծննդավայր է կորցրել, հայրական տուն, թանկ հիշատակներ։ Տարիներ առաջ գիրք էի գրել իրենց տոհմի, 1988-ին բռնի տեղահանված իր հայրենի գյուղի մասին։ Գրքի համար նյութեր հավաքելու առիթով Կամոյին հաճախ էի հանդիպում Երևանում ու ամեն անգամ բերկրանք էի ապրում նրա հոգուն հաղորդակցվելով։
Եվ ահա նորից հանդիպել ենք։
Կամոն իր հետ մի տեսահոլովակ էր բերել` վավերագրական ֆիլմ է Չարդախլուի մասին։ Ցուցադրվող կադրերում իր հայրենի գյուղն է դարավոր այգիների մեջ, բնության սքանչելի տեսարաններ են, դաշտեր, հովիտներ։ Կամոյի աչքերում ծննդավայրի մղկտացող կարոտն էր։ Հեռուստաէկրանին իրենց տունը տեսավ, բակը` օտարի երեխաներով լցված, տեսավ լուսահոգի հոր ձեռքերով աճեցրած այգին ու ծանր հոգոց հանեց, շնչահատ էր լինում։
Ֆիլմը դիտելիս ես այդպես էլ հարցեր չտվի նրան, ոչինչ չասացի, թողնում էի ինքն իր հետ լիներ, հիշողության խորքերից դուրս լողացող իր այրող հուշերի հետ։
Հաջորդ օրը Կամոն մեզ հրավիրեց իրենց տուն։ Պյատիգորսկում են ապրում։ Այդտեղ նաև Վարդուշ մայրիկին տեսա, Կամոյի մայրն է։ Իննսունմեկ տարեկան է։ Իսկույն հիշեց տարիներ առաջ մեր հանդիպումը Դիլիջանում, Կամոյի հետ էինք գնացել։ Այն ժամանակ Վարդուշ մայրիկը դստեր մոտ էր մնում։
Կնճիռներով է ակոսված Վարդուշ մայրիկի դեմքը` բռնագաղթի արհավիրքի միջով անցած, տառապած, սակայն տոկունությունը պահպանած հայ կնոջ դեմք է։ Քսաներեք տարի առաջ նրան դուրս են քշել իր տնից, ճանապարհներին կործանվելու սարսափից կծիկ դարձած, եկել հասել է Երևան, հետո տեղափոխվել Դիլիջան` դստեր մոտ։
Կամոյենց տանը մթնոլորտն այնքան ջերմ էր, որ հաճախ ինձ թվում էր, թե Հայաստանում եմ։
Հետդարձի ճանապարհին` ինքնաթիռում ես մտածում էի այն մասին, թե Պյատիգորսկն ու Եսենտուկին, Կիսլովոդսկն ու Ժելեզնովոդսկը հարազատ քաղաքներ են դարձել հայրենակիցներիս համար։ Իսկ հեռվից, Կովկասյան լեռների վրայով ինձ էր կանչում արցախյան մասրենին` իմ ներշնչանքի ծաղիկը հրեղեն։
Եվ ահա վերադարձել, այդ քաղաքներում ապրող հայրենակիցներիս էի հիշում, նրանց հետ սրտառուչ հանդիպումները։ Կարենին էի հիշում, Կամոյին, այդ հմայիչ հոգու տեր մարդուն։ Հիշում էի իմ վաղեմի բարեկամ Բոգդանին ու նրա կնոջը` Վալյային։ Ես նրանց շնորհիվ ճանաչեցի Պյատիգորսկը։ Մենք եղանք նաև այն վայրում, ուր Լերմոնտովն է զոհվել։ Ես ծաղիկներ դրեցի մեծ բանաստեղծի հուշաքարին ու խոնարհվեցի նրա ոգեղեն սխրանքի առաջ։
Մուրադ պապին էի հիշում, այդ համով-հոտով մարդուն, որի տաք զրույցներից իմ հայրենի հողի բույրերն էի առնում։
Կիսլովոդսկում գտնվելու օրերին Կարենից նոր մանրամասներ իմացա Փարամազյանների տոհմի սյուներից մեկի` Հայկ Փարամազյանի մասին, սակայն մոտս եղած նյութերը բավարար չէին նրա դիմանկարը ստեղծելու համար։ ՈՒ հիշեցի, որ նրա թոռը` Վլադիսլավը, Երևանում է ապրում։
Եվ ահա Վլադիսլավենց տանն եմ։ Զուսպ, համեստ մարդ է։ 38 տարի ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում, ապա ՀՀ ոստիկանությունում է ծառայել ոստիկանության պահեստազորի գնդապետ Վլադիսլավ Փարամազյանը, պարգևատրվել գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։ Վաստակած հանգստի անցնելուց հետո էլ շարունակում է աշխատել. ՀՀ քրեակատարողական ծառայության պետի գլխավոր խորհրդականն է Վլադիսլավը։ Դեպքերի, իրադարձությունների մանրամասները պատմում էր հանգիստ, վերլուծության ենթարկում, հիմնավորում պատմական փաստերը` համեստորեն պատասխանելով իմ հարցերին։ Պատահում է` դժվարանում էր պատասխանել, զանգահարում էր մորը, պարզում, ճշգրտում, որից հետո գրի էր առնում։ Նրա հիշողությունը շատ բան է պահպանում իր հեռացած նախնիների ու նրանց սերունդների մասին։
Երբ պատմում էր Վլադիսլավը, դեմքը պայծառանում էր, ոգեշնչման լույսով ողողվում։ Իր պապի կյանքի ոդիսականը պատմեց։ Նաև որդիները` Հայկն ու Վարդանն էին լսում` համակ ուշադրություն դարձած։
Ռուսական բանակի զինվորներից է եղել Հայկ Փարամազյանը։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ավստրոհունգարական ճակատում է կռվել ու գերի ընկել։ Ծանր ու տառապալի են եղել գերության մեջ գտնվելու տարիները։ Աշխատել է մի ֆերմերի մոտ, հող մշակել, վարուցանք արել։ Հոգնածությունից հաճախ ծալվել են ոտքերը, բայց դիմացել է, անտրտունջ հաղթահարել սովը, ցուրտը, անհուսությունը, դիմացել է ամեն մի փորձության։
Հետո այնպես ստացվեց, որ ամուսնացավ ֆերմերի դստեր հետ։ Երկու զավակ ունեցան` աղջիկ ու տղա։
Հայկը երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում` Խերխանում, ուր հայրական տուն էր թողել, ծնողներ։ Ծննդավայրի կարոտը կեղեքում էր նրան։
1918 թվի ձմռանն էր, երբ Հայկը կնոջ` Աննայի ու վեցամյա որդու հետ մեկնեց Արցախ։
Դաժան է նրանց դեգերումների, կրած զրկանքների պատմությունը։ Ճանապարհներին երեխան ցրտահարվում է, մահանում հոր ձեռքերի վրա։ Մեծ դժվարությամբ են հասնում Խերխան, հետո տեղափոխվում Ստեփանակերտ, բնակություն հաստատում այնտեղ։ Հայկը տուն է կառուցում, տնկիներ է բերում գյուղից, այգի գցում։
-Տունը այգու մեջ պիտի լինի, որ զգա տոհմածառիդ արմատների ուժը,- ասել է կնոջը։ Նույնը զավակներին է ասել ու պատգամել։- Չմոռանաք ակունքները, չկտրվեք արմատներից, նախնիների թողած հիշատակները սրբությամբ կպահեք։ Այդ հիշատակները հիշողությունն են սերունդների։
Հայկ Փարամազյանը ութսունվեց տարի ապրեց։ Նրա շիրիմը Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանն է։ Կողքին կինն է` Աննան, այդ տոկուն ու վեհանձն սլովակուհին։ Նա սիրում էր Հայկին։ Հայ ասպետի հանդեպ այդ անմեղ ու մաքուր սերն է նրան պոկել իր հայրենի լեռներից ու բերել Արցախ։ Եկավ ու մնաց ընդմիշտ, և նրա համար արցախյան սրտաչափ ու բարի հողը դարձավ խանդաղատանք, մոր ձեռքերի քնքշանք դարձավ նրա համար` արցախյան հորովելի երգը։ Հայկը և Աննան Արցախ վերադառնալուց հետո ունեցել են 9 երեխա։
Վլադիսլավի պատմածներում կա մի դրվագ, որն իմ մեջ խոր է տպավորվել։
1918 թվին Արցախ մեկնելուց առաջ Աննան ութամյա դստերը` Մարգարիտային, թողնում է ծնողների մոտ։ Տարիներ հետո Մարգարիտան ամուսնանում ու բնակություն է հաստատում Սլովակիայի Սվիտ քաղաքում։ Այդտեղ էլ պատահաբար հանդիպում է Արցախից ժամանած մի լրագրողի ու նրան պատմում ծնողների կյանքի ոդիսականը։ Լրագրողը Մարգարիտայից իմանում է նրանց բնակության վայրը և հասցեն, վերադառնում Ստեփանակերտ, որոնում, գտնում է տունը, որտեղ Մարգարիտայի եղբայրն է ապրում` Գեորգի Փարամազյանը ¥Վլադիսլավի հայրը¤, պատմում նրան քրոջ հետ իր հանդիպման մասին։
Եվ ահա 1979 թվին Մարգարիտան ընտանիքով գալիս է Ստեփանակերտ, այցելում ծնողների շիրիմներին, իր անհուն սիրո ու երախտիքի տուրքը մատուցում նրանց։
-Տատս յոթանասունվեց տարեկան էր, երբ կյանքից հեռացավ,- ասում է Վլադիսլավը ու շարունակում պատմել իր լեգենդացած պապերի մասին` պահպանելով դեպքերի, իրադարձությունների տրամաբանական հաջորդականությունը։ Դեմքին դարձյալ նույն պայծառությունն է, նույն ոգեշնչանքի վեհությունը։
Կինը կիտրոնով թեյ է մատուցում։ Էլմիրան բանաստեղծուհի է։ Երբ ուզում էի հրաժեշտ տալ, մոտեցավ` կանացի ամոթխածության շառագույնը դեմքին, իր բանաստեղծությունների գիրքը նվիրեց ինձ։ Տանը կարդացի ու հուզվեցի։ Ինձ հիացնում էին խոր զգացմունքայնությամբ գրված նրա բանաստեղծությունների պարզությունն ու անկեղծությունը, իսկ ամենադժվարը, այո, պարզ ու անկեղծ լինելն է։
Հիմա, երբ գրում եմ այս հուշերը, մտածում եմ այն մասին, թե ինչու հաճախ լավերն են հեռանում անվերադարձ։ Այդպես հեռացան Վլադիսլավի պապը` Հայկ Փարամազյանն ու նրա որդին` Գեորգի Փարամազյանը։ Այդպես հեռացավ Աննա մայրիկը։ Ես փորձում էի նրանց կյանքով ապրել, նրանց ուրախություններով, ցավերով ու կարոտներով, փորձում էի հասկանալ նրանց մտքերն ու զգացմունքները։ Այդ մարդիկ նախնիների թողած հիշատակները մոռացնող, մարդկային հոգիներն ամայացնող արհավիրքների դեմ էին պայքարում, չարի ու դաժանության դեմ։ Պայքարում էին մեր հին ավանդույթների պահպանման, բարեկեցիկ կյանքի հաստատման համար։ Ցանկալի է, որ սերունդներն իմանան այդ մասին։