Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով քննչական կոմիտեն արագ ավարտել է նախաքննությունը, սակայն գործով հսկող դատախազը չի հաստատել մեղադրական եզրակացությունը՝ գործը վերադարձնելով ՔԿ-ին: Դատախազությունից հայտնեցին, որ հունիսի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից Շիրակի մարզի դատախազություն է ստացվել նշված քրեական գործը և դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաները՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու միջնորդությամբ: Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժին ուղարկելու վերաբերյալ Շիրակի մարզային նախաքննական մարմնի դիրքորոշումը չի համապատասխանում գործով ձեռք բերված փաստական տվյալներին, իսկ գործով դեռևս առկա է որոշակի առաջնային դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ուստի համապատասխան ցուցումներով քրեական գործը վերադարձվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Միաժամանակ պարզաբանվել է, որ ՌԴ և ՀՀ միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 1-ին և 3-րդ կետերի իմաստով իրավասու մարմին է հանդիսանում նաև ՀՀ քննչական կոմիտեն:
Դեպքը եղել է հունիսի 15-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին նույն քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմական բազայից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել: Դեպքի առթիվ 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվել է նախաքննություն: 2015 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժնի գրությունը, ինչի համաձայն նշված բաժնի վարույթում ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվում է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հաստատվել է ՌԴ 102-րդ ռազմական բազայի շարքային զինծառայող Ի. Ս. Նովիկովի սպանությանը վերջինիս համածառայակից ընկերոջ՝ պայմանագրային զինծառայող Ի. Վ. Բոսխոմջիևի առնչությունը, որը ձերբակալվել է և դեպքի կապակցությամբ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ: ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 519-րդ զինվորական քննչական բաժինը ղեկավարվելով ՌԴ և ՀՀ միջև կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերով» համաձայնագրի 3-րդ և 5-րդ հոդվածների պահանջներով` վերոհիշյալ գրությամբ խնդրել է տրամադրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նույն դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործը դեպքի վայրի զննությամբ առգրավված առարկաների և Ի.Ս.Նովիկովի դիակի հետ միասին՝ իրենց վարույթում քննվող քրեական գործին միացնելու նպատակով: