38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մեզ կայուն Ռուսաստան է պետք

Մեզ կայուն  Ռուսաստան է պետք
19.06.2015 | 00:17

Ռուսաստանյան ԶԼՄ-ներում քննարկվող հրատապ թեմաներից մեկը, անշուշտ, Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն կոչված երևույթն է: Եվ հարցը միայն այն չէ, որ դա այսօր աշխարհի ամենահզոր ահաբեկչական կազմակերպությունն է: Դա իր հերթին, թեև Իսլամական պետության (ԻՊ) ռազմական գործողությունները դեռ հեռու են Ռուսաստանից: Միևնույն ժամանակ ներկա իրավիճակում նվազ կարևոր գործոն չէ մեծ արդյունավետությամբ գործող «խալիֆայության» քարոզչական մեքենան, որը չի կարող չմտահոգել ավելի քան 20 միլիոն մուսուլմանական բնակչություն ունեցող երկրի ղեկավարությանը: Եվ կարելի է հասկանալ, թե լրատվամիջոցները ինչու այդքան մեծ ուշադրություն դարձրին ու լայնորեն մեկնաբանեցին իսլամ ընդունած ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովայի «այցը» Թուրքիա՝ Ստամբուլ, Սիրիա թափանցելու նպատակով:

2014 թվականի հունիսին ԻՊ-ի լիդեր Աբու Բաքր ալ-Բաղդադին, իրեն հռչակելով խալիֆ, երկու օր հետո հայտարարեց, որ իրենց գլխավոր թշնամիներն են Ամերիկան և Ռուսաստանը: Վերջինիս ներկայացվող հիմնական մեղադրանքը ռազմաքաղաքական աջակցությունն է Բաշար Ասադի ռեժիմին և կովկասցի մուսուլմանների իրավունքների ոտնահարումն ու բռնությունները նրանց նկատմամբ:
Երկու տասնյակից ավելի լեզուներով մղվող լայնապլան ագրեսիվ քարոզչական հաղորդումներում արաբերենից ու անգլերենից հետո երրորդ լեզուն ռուսերենն է: Լայն առումով ԻՊ-ի առաջացումն ու նրա գործողությունները ռուս շատ փորձագետներ դիտում են որպես քրիստոնեա-մուսուլմանական համապարփակ հակամարտության արտահայտություններից մեկը, ինչի հավանականության մասին դեռևս անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կանխագուշակել էր ամերիկացի քաղաքագետ Սամյուել Հանթինգթոնը իր հռչակավոր «Քաղաքակրթությունների բախումը» գրքում: Եվ իր քարոզչական պայքարում ԻՊ-ը մեծ արդյունավետությամբ օգտագործում է հատկապես Եվրոպայի կրոնական-բարոյական-սեռական այլասերվածությամբ ներկա իրավիճակը (հավատի անկում, ընտանեկան ինստիտուտի վերացում, միասեռականության տարածում, սեռերի նույնականացում և այլն): Դրանց են հակադրվում իսլամական արդարության ու ազնվության, ներդաշնակության, խաղաղության, իսլամական զարգացման գաղափարները (ոչինչ, որ այդ «վեհ» սկզբունքները իրականացվում են եզակի դաժանությամբ ու բարբարոսությամբ): Պատկերացրեք, իսլամիստները ինչպես կարող են ընկալել Լյուքսեմբուրգի վարչապետի օրերս կայացած «ամուսնությունը», երբ նա գերերջանիկ տեսքով հանրությանը ներկայացրեց իր ընտրյալին՝ իր նմանին, պարզ չէ՝ կնոջը, թե ամուսնուն: Եվ որ շուտով այդ մարդը պիտի դառնա եվրոպական հանրակցության գլխավոր չինովնիկը: Իսկ Ռուսաստա՞նը: «Կոռումպացված քաղաքական վերնախավի, ազգային գաղափարների բացակայության, տնտեսական բևեռացման, ապագայի հանդեպ անվստահության ֆոնի վրա,- գրում է ռուս մի քաղաքագետ,- ԻՊ-ը կարող է հույսի փարոս դառնալ այդ ամենից հոգնած ու հուսահատված մեր շատ մուսուլմանների (և ոչ միայն) համար: Հոգևոր դատարկություն ապրող հասարակությունը դյուրինս խոցելի է, տվյալ դեպքում՝ հավաքագրման առումով»:
Ասվածը առավել քան արդարացի է հնչում հատկապես Ռուսաստանի հյուսիսկովկասյան մուսուլմանաբնակ տարածաշրջանի նկատմամբ. տնտեսության անկում, համատարած գործազրկություն, առօրյայի վերածված կաշառակերություն, կլանային անողոք պայքար, նյութական ահավոր շերտավորում և այլն: Ինչպես Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովն է դառնությամբ արձանագրում՝ հանրապետությունում չգիտեն ինչ է ճգնաժամը, որովհետև այն երբեք դուրս չի եկել ճգնաժամից:
Այլ է իրավիճակը, ասենք, Թաթարստանում: Այս հանրապետությունը տնտեսական-արդյունաբերական առումով ամենազարգացածներից է Ռուսաստանում: Սակայն բոլոր կարգի նացիոնալիստները այստեղ միահյուսված են իսլամիստների հետ, մզկիթներում անհաշտ պայքար է ծավալված ավանդական իսլամի դեմ:
Որոշ արտոնություններ ստանալով, առայժմ սսկված են Ղրիմի թաթարները: Սակայն որ նրանք իրենց դեռևս զգալ կտան, դառնալով յուրօրինակ դանդաղ գործող ռումբ, ոչ ոք չի կասկածում: Եվս մի պարագա. հնարավոր չէ անտեսել միլիոնավոր միջինասիացիների ներկայությունը ռուսաց երկրում: Պարզ չէ՞, թե ռուս-մուսուլմանական հակասությունների դրսևորման դեպքում ում կողմը կբռնեն եկվոր մուսուլմանները:
Ըստ ռուսական մամուլի տվյալների, ԻՊ-ն արդեն հավաքագրել է մոտ երկու հազար ռուսաստանցիների: Ընդ որում, ինչպես առհասարակ ջիհադականների զորախմբավորումներում, այնպես էլ վերջիններիս մեջ առկա են ինչպես ֆանատիկներ, այնպես էլ մոլորված մարդիկ, զանազան արկածախնդիրներ ու պարզապես քրեական տարրեր: Եվ պատկերացրեք ինչ կլինի, երբ միայն զենք ու համատարած դաժանություն տեսած այդ մարդիկ կայացած թե չկայացած «խալիֆայությունից» վերադառնան իրենց «հին» հայրենիքը՝ քրիստոնեական Ռուսաստան: Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը այդ վարձկանների հետդարձը համարում է «խիստ վտանգավոր սպառնալիք» պետության համար:
Բոլոր դեպքերում, ի դեմս ԻՊ-ի Ռուսաստանում տեսնում են անհաշտ ու դաժան պոտենցիալ թշնամու: Առճակատումը նրանց միջև չի հիշեցնի սովորական պատերազմ. կլինեն խռովություններ, ահաբեկչական գործողություններ, դիվերսիաներ, պետական, քաղաքական, կրոնական գործիչների սպանություններ և այլն:
Եվ վերջապես Անդկովկասյան տարածաշրջանին առնչվող մի դիտարկում: Իհարկե, Ռուսաստանում չեն բացառում, որ ադրբեջանցիները ևս, մասնավորապես ռուսաստանաբնակ, կարող են ապակայունացնող դերակատարում ունենալ: Ի դեպ, վերոհիշյալ ձախողակ իսլամիստ Կարաուլովայի աղմկահարույց ստամբուլյան «ուղևորության» ժամանակ ուղեկիցների մեջ եղել է 4 ադրբեջանցի: Աղմուկ առաջացրին նաև մոսկվացի հայտնի իսլամագետ Հեյդար Ջեմալի ու նրա որդու որոշ սադրիչ «իսլամամետ» հայտարարությունները: Սակայն զարմանալիորեն ավելի շատ այստեղ խոսվում է Վրաստանի բացասական դերի մասին: Որոշ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, թե Պանկիսի կիրճը, որը 90-ական թվականներին վարժաճամբար էր չեչեն և այլազգի ահաբեկիչների ու գրոհայինների համար ու տարանցիկ ուղի դեպի Ռուսաստան, վերածնվում է: Վրացական ԶԼՄ-ները նշում են հարյուրավոր վրաստանցի մուսուլմանների՝ վրացի թե ադրբեջանցի, առկայությունը ԻՊ-ի զորքերում:
Մեզ կայուն Ռուսաստան է պետք:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3273

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ