Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Չնախատեսված արար

Չնախատեսված արար
31.07.2012 | 05:11

Նախորդ երեք հրապարակումներից հետո ինձ առաջարկեցին գրել սիրո մասին, ինչպես խոստացել էի ու չէի արել` գրելով միայն տաբուների մասին: Իսկ ես համոզված էի, որ սիրո մասին գրել եմ, պարզապես չեմ անվանել: Չեմ ասել` սերը սա ու սա է սիրելը: Ինձ թվացել է, որ պարզ է ու ակնհայտ: Բայց այդպես չէ:

Եվ երբ խնդիր առաջադրվեց անվանել, զգացի, որ աշխարհի ամենաանորսալի երևույթը պիտի բառավորեմ, ու հաստատ` կորուստներ են լինելու այդ բառավորումից, որովհետև միշտ չէ, որ զգացածդ հնարավոր է ու արժի ասել:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Հայաստանում սովորաբար կամ իներցիայով ուշադրություն են դարձնում միայն իշխանությունները: Բնական է, որովհետև կառավարելը դժվար է, երբ քո ենթական քո համախոհը չէ, այլ ընդդիմախոսը: Բայց առանց ընդդիմախոսի կառավարումը կարճ ժամանակում վերածվում է կամակատարության: Հետևանքներին ամեն օր բախվում ենք բոլորս: Կյանքի բոլոր ոլորտներում: Անխտիր` բոլոր: ՈՒ բողոքում ենք նաև բոլորս` հետևանքներից, բայց ոչ պատճառներից, որովհետև պատճառների մեջ խորանալ չենք ուզում: Որովհետև համարում ենք, որ պատճառները մեզ չեն վերաբերում, կան համակարգեր, ու այդ համակարգերը պիտի գործեն` մատուցելով ծառայություններ, որ իրենց բուն գործն է, ու մենք դիլետանտորեն չպիտի խառնվենք մասնագետների գործին: Ինչը ճիշտ է: Սկզբունքորեն ճիշտ է: Բայց կյանքում ուրիշների սխալները դառնում են մեր դժբախտությունը:
Վաղուց արդեն մարդը հասարակության մեջ դադարել է անհատ լինելուց ու վերածվել է բիզնես նախագծի: Կարո՞ղ եք ասել` ի՞նչ սկզբունքով է կազմակերպվում կրթությունը: Համաժողովներում ու գիտաժողովներում, նախարարության փաստաթղթերում ինչ ձևակերպումներ էլ տրվեն, կյանքում ցանկացած ուսանող ընդամենը բիզնես նախագիծ է, որ իր վճարած ուսման վարձով ապահովում է ուսումնական հաստատության գործունեությունը: Բուհի ռեկտորը, ֆակուլտետների դեկանները մի խնդիր ունեն` ուսանողը պարտքեր պիտի չունենա, ուսանողը բարեհաջող պիտի կուրսից կուրս փոխադրվի ու վճարի, վճարի, վճարի... Ի՞նչ է կատարվում այդ գործընթացում գիտելիքի, ուսանողի հոգեբանության, դասախոսի հեղինակության հետ: ՈՒսանողը դառնո՞ւմ է մասնագետ: Դասախոսն ուզո՞ւմ է և հնարավորություն ունի՞ սովորեցնելու: ՈՒսումնական հաստատությունը կատարո՞ւմ է իր բուն առաքելությունը, թե՞ ընդամենը դառնում է մի խումբ մարդկանց աշխատատեղի, որ հավաքվում են կամ պատահաբար, կամ կուսակցական պատկանելությամբ, կամ ինչ-որ մեկի միջնորդությամբ: Արդյոք երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծելու չբարձրաձայնված խնդրի լուծման գործող մեխանիզմը չի՞ դառնում փորձառու, բայց տարիքն առած մասնագետներին պարտադիր վաստակած հանգստի ուղարկելու պատճառ, իսկ նրանց փոխարինողները գալիս են ոչ այնքան արժանիքների, որքան բուհի ղեկավարության հետ ունեցած կապերի միջոցով: Գիտության ու կրթության մեջ սերնդափոխության խնդիրն այդքան մեխանիկորե՞ն է լուծվում: Արդեն չեմ անդրադառնում ուսումնական ծրագրերին, մեթոդներին, դասագրքերին: Կրեդիտային համակարգը բերեց գրավոր աշխատանքների պարտադրանքը: Հենց պարտադրանքը, որովհետև եթե տեսականորեն գրավորը պիտի դառնա ուսանողի յուրացրած գիտելիքների պատկերը, գործնականում դառնում է ուսանողի ճարպկության, նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ` յուրացրած գիտելիքի պատրանք ստեղծելու միջոց: Ամեն կուրսում սովորում է առավելագույնը 4-5 ուսանող, մնացածը բիզնես նախագծեր են: Եվ դա դառնալու է որա՞կ, դա հնարավորություն է տալու վաղը որակյալ մասնագետնե՞ր ունենալու: Թերուսը կյանքում հաջողության հասնելու է ո՞ւմ և ինչի՞ շնորհիվ: Պարզ է, չէ՞: Ո՞վ պիտի այս համակարգը, որ նորմալ գործում է ամբողջ աշխարհում, այնպես գործարկի Հայաստանում, որ համակարգն իր առաքելությունը կատարի: Նախարա՞րը: Պատասխանն առավել քան պրիմիտիվ է ու անկատար, որովհետև ով էլ լինի նախարար, իր բուն խնդրից շեղված համակարգը նրան պարտադրելու է իր ուղեգիծը:

Ո՛չ նախարարը, ո՛չ նախարարությունն այսօր ի վիճակի չեն աշակերտին գիտելիք տալու դպրոցում, ուսանողին էլ` բուհում: Երբ առաջին դասարանից աշակերտի համար դասուսույց են վարձում, արդեն ավելորդ է այդ դպրոցը լուրջ ընդունել: Իսկ թե ինչ գումարներ են ծնողները ծախսում` ստանալու այն, ինչ անվճար է, արդեն թողնում եմ ձեր փորձին ու երևակայությանը: Այս մտածողության և այս մեխանիզմների գործունեության պատճառով ուղղակի սխրանք է նորմալ, միջին կարողություններով աշակերտ կամ ուսանող լինելը, ինչպես սխրանք է ուսուցիչ կամ դասախոս լինելը: Որովհետև երբ չափանիշը սևն է, ճերմակը դառնում է աղտոտության խորհրդանիշ: Իսկ երբ չափանիշ չկա, սևն էլ, ճերմակն էլ, գծավորն էլ օրինակելի են:
Մենք արդեն ընտելացել ենք, որ խանութում 100-գրամանոց հացի փոխարեն նույն գնով մեզ վաճառում են 70-գրամանոցը, որ օրվա արտադրանքի անվան տակ մատուցում են 3-4 օրվա վաղեմություն ունեցողը, որ ամսվա սկզբի համեմատ ամսվա վերջին առաջին անհրաժեշտության բոլոր սննդամթերքները պարտադիր գնաճ են ունենում մինչև մի քանի հարյուր դրամ (և դա ոչ մի կապ չունի տվյալ ապրանքատեսակի իրական գնի հետ), իսկ գնանկումը միշտ պայմանավորված է որակի անկումով:
Մենք արդեն ընտելացել ենք, որ մեզ խաբում են դեղատներում` թանկարժեք, թե շատ օգտագործվող դեղերի փոխարեն մատուցելով հաբեր ու հեղուկներ, որոնք իրենց պիտակի հետ կապ չունեն: ՈՒ ոչ ոք պատասխան չի տալիս ներկրված, արտադրված դեղերից հիվանդի պաշտպանվածության համար: Լրատվամիջոցներն օր ու մեջ հաղորդումներ ու հրապարակումներ են ներկայացնում, որևէ մեկը չի գտնվել ու չի պատժվել, որևէ ուսումնասիրություն չի արվել` ովքեր ու ինչքան են տուժել, ոչ մի երաշխիք չկա, որ այսօր դեղատնից ձեր գնած դեղը, որ պիտի անցկացնի ձեր գլխացավը, բուժի հոդատապը, կանխի սրտանոթային անբավարարությունը, երիկամային քարարտադրությունը ու ևս մի տասնյակ ախտեր, ընդամենը կավիճ չէ` տպավորիչ փաթեթավորված: Գործնականում մեր բժիշկները բուժում են ոչ թե հիվանդին, այլ հիվանդությունը, որ տվյալ հիվանդը կարող է և՛ ունենալ, և՛ չունենալ: Բուժում են երկար ու հանգամանալից` անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ (որ հիվանդը չի կարող իմանալ) ուսումնասիրություններից հետո ու առաջ: Կարո՞ղ ես` ապրիր:
Ամենաանարդարը` հազարավոր հրաշալի ուսուցիչներ ու բժիշկներ կան, նրանց շնորհիվ է, որ մենք դեռ տառաճանաչ ենք ու ողջ, որ առանց դիրք ու տեսք ընդունելու կատարում են իրենց գործը` ցերեկ-գիշերվա մեջ տարբերություն չտեսնելով, հիվանդի գրպանին չնայելով, այլ աչքերին, բայց նրանց աշխատանքը գնում-հավասարվում է անարժանների ու սրիկաների բիզնես-նախագծերին: Քանի չկա տարբերակման պահանջ, չկա տարբերակման հնարավորություն, մարդը մնալու է բիզնես նախագիծ, իսկ բիզնեսը մեր երկրում իր կանոններն ունի` մրցակցություն չկա, կան մենաշնորհներ, հարկատուների ցանկում էլ մենաշնորհներ չունեցողներն են:
Օրենքը իր լավագույն օրերն ապրում է ստեղծման փուլում` երբ ինչ-որ մեկին պետք է իր համար ինչ-որ հարց լուծել, համապատասխան նախարարությունը ներկայացնում է օրենսդրական նախաձեռնություն, Ազգային ժողովն էլ գաղափարը տաշում-տաշտշում է երեք ընթերցումների ընթացակարգերով ու ընդունում: Հետո օրենքը գործում է միայն այն դեպքում, երբ պետք է պատվիրատուին, հասարակական նշանակության օրենքները մնում են թղթին, մտադրությունների մակարդակում, որովհետև իրականում օրենքներն էլ մեր երկրում բիզնես-նախագծեր են` ստեղծվելուց մինչև գործունեություն իրենց ճանապարհին: Որպեսզի օրենքը գործի (կամ շրջանցվի), վճարել է պետք: Մարդը և օրենքն ապրում են միմյանցից անկախ, առավել անկախ կյանք ունի դատական համակարգը, որտեղ գործող միակ օրենքը չգրվածն է (վերջին ապացույցը ՀԱԿ-ի ակտիվիստների դատավարություն-դատավճիռն է): Եվ այս ամենի հետ անցնում է մեր կյանքը: Այս ամենի մեջ մեծանում են մեր երեխաները, իսկ նրանք բարոյական տաբուներ չունեն, նրանք ընտրում են հարմարը, արագն ու արդյունավետը: Եվ նրանք ճիշտ են, որովհետև հենց հարմարն ու արդյունավետը, արագը պետք է ճիշտ լինեն կյանքում, եթե գործում են ճիշտ համակարգեր ու ճիշտ չափանիշներ:
Սերը բառավորելը ամենաանհեթեթ զբաղմունքն է, որ ներելի է միայն բանաստեղծներին ու գրողներին, որովհետև գործի բերումով նրանք պարտավոր են անբացատրելին բացատրել, սերը և սիրելը իրականում ոչ մի կապ չունեն ասված ու չասված բառերի հետ, սերը գործողություն է:
Գործողություն, որ միշտ պետք է ուրիշին ուղղված լինի: Եվ պարտադիր ունենա ստեղծման, հաստատման մղում: Հակառակը դառնում է ավերածության և ոչնչացման բանալի: «Սերն ամեն ինչի առանցքն է»: «Սիրիր մերձավորիդ»: «Աստված սեր է»: Իհարկե, բայց եթե բովանդակային, այլ ոչ ձևական է: Եթե հավուր պատշաճի չի հնչում ու հեռանում, ինչպես քամուց խատուտիկը: Այնքան հեշտ է հայրենիքը սիրել հեռվից կամ հեռվում, ամեն օր նայելով չտեսնել, լսելով` չանսալ: Այնքան հեշտ է սիրել հարուստ և առողջ, երջանիկ ու գեղեցիկ հայրենիքը: Հեշտ ու նույնիսկ հաճելի:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նորից բոլորը բոլորի հետ թշնամանալո՞ւ են, ընտրվելու են միակուսակցական մեծամասնության թեկնածունե՞րը, ընդդիմությունը նեղանալու-հեռանալո՞ւ է: Բիզնես նախագծից մարդը վերջապես հասարակության մեջ անհատի կարգավիճակ ձեռք բերելո՞ւ է: Եվ` ինչպե՞ս: Եվ` ե՞րբ: Ես այս հարցերի պատասխանները չունեմ: Դա իմ խնդիրը չէ: Եվ ես չունեմ լծակներ ու լիազորություններ այդ ու այդ շարքից տասնյակ հարցերի պատասխանելու համար: Բայց դա չի նշանակում, որ ես կարող եմ չմտածել ու իմ դարն ապրել սպասելով, թե երբևէ ինչ-որ մեկը գալու և լուծելու է այդ հարցերը: Դա չի նշանակում, որ ես իրավունք ունեմ այդ ամենի հետ հաշտվելու և հարմարավետ դիրքավորվելու` անհոգս ապրելու: Ես ունեմ նախընտրություններ ու գիտեմ հրաշալի հնչող բոլոր բառերի տեղը, բայց ես չեմ գրում այդ բառերը, որ զրնգուն են, գեղեցիկ ու տպավորիչ, որովհետև բառերով արտահայտված սերն ապրում է միայն բառերի մեջ: Իսկ սիրելը գործողություն է, որ անում ես կամ չես անում, որովհետև ուզում ես, որ, քեզնից բացի, մյուսներն էլ իրենց լավ զգան: Ջերմ ու ապահով: Կարևորված: Պարզապես զգան, որ կյանքը գեղեցիկ է, որ իրենց սիրում են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Եթե նորից չգրեցի սիրո մասին, Չարենց կարդացեք: Անպայման` «Նավզիկեն»: Բայց չասեք, որ անսեր սերը չէ ձեր որոնածը: Եվ հետո, ինչ էլ կարդաք ու ինչ էլ գրեք, կարևորն այն զգացողությունն է, որ մնում է ձեզ հետ ու ձեզ մղում ապրելու: Չնախատեսված այս արարն ընդամենը տագնապի ազդանշան համարեք և մի հարցրեք, թե ում համար է հնչում զանգը... Եվ, ընդհանրապես, սիրո մեջ ի՞նչ հարց ու պատասխան:

Դիտվել է՝ 20185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ