Բողոքական հակաիշխանական շարժման պատճառը Տավուշի մարզի Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հատվածի շուրջ ծավալված գործընթացներն էին: Դրա հետ կապված հանրային գժգոհության բուռն վերելքը առաջադրեց իր հարցադրումները, որոնք հանգում էին հետևյալին.
1. Ինչու՞ է սահմանագծումը սկսվում հենց Տավուշի հատվածից:
2. Ինչու՞ գործընթացից առաջ չի կնքվում խաղաղության պայմանագիր, որի բացակայությունն արդեն նշանակում է պատերազմական վիճակի պահպանում:
3. Ինչու՞ Ադրբեջանի իշխանությունը չի գնում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, որը էականորեն կարող է փոխել միջպետական հարաբերությունների բովանդակությունը՝ թշնամականից վերածելով բարի դրացիականի:
4. Ինչու՞ է սահմանների ճշտման գործը տարվում հատվածաբար, մյուս հատվածներում սպասվող մարտահրավերները, հատկապես Սյունիքի, Գեղարքունւքի և Նախիջևանի հատվածներում ի՞նչ բարդություններ կարող են ծնել:
5. 1976 թ. քարտեզը կիրառվելու՞ է արդյոք սահմանային նշված հատվածներում:
6. Ի՞նչ քննարկումներ և պայմանավորվածություններ կան անկլավների հարցի շուրջ, արդյոք հնարավոր չէ՞ փոխադարձ հրաժարվել անկլավային պահանջներից:
7. Ինչու՞ է Արևմուտքը ողջունում սահմանագծման և սահմանազատման այս գերծընթացը, որի արդյունքում ժողովրդավար Հայաստանը տուժում է ավտորիտար և իրենց կողմից «քննադատվող» Ադրբեջանի ճնշումից և անզիջողական կեցվածքից:
8. Արդյոք հայկական դիվանագիտությունը կիրառե՞լ է բոլոր հնարավոր գործիքները առավել բարենպաստ փոխզիջումային տարբերակ գտնելու համար:
9. Այս ճակատագրական պահին որքանո՞վ է նպաստավոր հայ-ռուսական հարաբերությունների բացասական հռետորաբանությունը:
Կարելի էր հարցադրումները շարունակել, բայց իշխանությունները խուսափեցին հանրային հետաքրքրությունների կիզակետում գտնվող այս հարցադրումների հստակ պատասխաններից, որոնք, անշուշտ, կնպաստեին ներքաղաքական լարվածության անկմանը: Ընդդիմությունն էլ, այս հարցադրումների շուրջ կառավարությանը բաց քննարկման բերելու փոխարեն, առաջնային դարձրեց հեղափոխական ճնշմամբ իշխանափոխության և վարչապետի հրաժարականի պահանջը՝ առանց սթափ քաղաքական հաշվարկների: Արդյունքում փխրուն քաղաքական համակարգով և արտաքին անվտանգային խնդիրներ ունեցող մեր երկիրը հայտնվել է քաղաքական անկայուն իրավիճակում, ոմանք արդեն նշում են քաղաքացիական բախումների սպառնալիքը: Միաժամանակ հանրային քննարկումների մեջ նորից հայտնվել է ղարաբաղյան թեման: Ներկա պահին լրիվ չարդարացված քայլ է: Վերը նշված հարցադրումների պատասխանները լսելու փոխարեն նորից նույն գաղափարական ճակատամարտերը՝ սկսած 1996 թ. Լիսաբոնի բանաձևերից մինչև 2024 թ., երբ, ինչպես ծախեց Ղարաբաղը: Ղարաբաղյան հակամարտության պատմության պատառոտումը ներկա պահին ոչ մի գործնական նշանակություն չունի սահմանների ճշտման համար: Թվում է, թե միտումնավոր շեղում են հիմնական թեմաներից: Քաղաքագիտական և քաղաքական առումով իրավիճակի ներքաղաքական փոխզիջումային լուծումներ են անհրաժեշտ:
Իմ մասնագիտական-ոչ կուսակցական դիրքորոշումն արտահայտեցի:
Գարիկ Քեռյան