Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

«Բամբասողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. 6:10)

«Բամբասողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. 6:10)
10.05.2024 | 20:18

Դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձավորին:

Այսինքն՝ դու, որ մարդ ես և բազում դատապարտության արժանի, դու ո՞վ ես, օրենսդիրների՞ց ես, թե՞ դատավորներից, փրկողների՞ց, թե՞ կորստյան մատնողներից: Արդ, ասա՛ ինձ, դու ի՞նչ իշխանություն ունես կամ ո՞վ ես քեզ կարծում, որ ընկերոջդ համար դաժան դահիճ դառնալով՝ անողորմաբար դատում ես, և Քրիստոսի դատաստանից առաջ՝ դատապարտում նրան: Այս մասին նաև Պողոսն է ասում. «Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թե ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կկանգնի, որովհետև կարող է Տերը նրան կանգուն պահել» (Հռոմ. 14:4):

ՀՈՐԴՈՐԱԿ

Սիրելինե՛ր, այսպիսի սոսկալի խոսքեր լսելով՝ սթափվե՛նք խելագարությունից և ոչ մեկի զուր տեղը չդատենք, կամ իրավացիորեն, բայց անողորմաբար, որպեսզի անողորմների դատաստանը չընդունենք:

Եթե մեղավոր ու վիրավոր է նա, ում դատում ես, ապա դրա համար նա ողորմության և արտասուքի է արժանի քո կողմից, այլ ոչ թե դատապարտության, իրեն կարեկից լինելու և ցավակցելու, այլ ոչ թե բամբասելու: Իսկ եթե արդար է նա, ում դատում ես և մաքուր, ապա դրանից առավել պետք է վախենայիր և դողայիր, քանզի նա ազատ է դատաստանից և բամբասանքից, սակայն դու, նախանձից կամ չարությունից դրդված դատում ես նրան ինչպես հանցավորի, և ի լուր բոլորի բամբասում ես նրան ինչպես մի մեղավորի՝ դրանով արատավորելով նրա բարի համբավը: Մի՞թե չգիտես, թե ինչ չափով չափես, նույն չափով էլ դու պիտի չափվես դատավորի կողմից, քանզի այն մեղքերով, որոնցով ստությամբ բամբասեցիր արդարին. թե շնություն լինի կամ այլ որևէ ծանր կամ թեթև մեղք, ապա նրա դատաստանը դու ինքդ պիտի կրես: Այդ պատճառով բամբասողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու: Եվ եթե հանցավորներին իրավունք չունենք դատելու, ապա առավել ևս՝ արդարներին:

Առավել հարկ է վախենալ Քրիստոսի դատաստանից, որ խստորեն հանդիմանում է նրանց, ովքեր այսպես դատում են՝ իրենց մեղքերը ոչինչ համարելով, թեպետ և մեծագույն լինեն, իսկ ընկերոջ փոքր մեղքերի համար դատավոր են և հանդիմանող: Այդ պատճառով Տերն ասաց. «Ինչու՞ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում…

Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը և ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Մատթ. 7:4-5):

Արդ, ինչու՞ չես զարհուրում այսպիսի դատավճիռ լսելուց, այն էլ ոչ թե որևէ մարդուց և ոչ էլ պատգամաբեր հրեշտակից, այլ՝ բոլորի Տիրոջից և դատավորից:

Տեսնու՞մ ես սրբերի հանդիմանության օգուտը: Այդպիսի

հանդիմանության օգտի մասին Տերն ինքն էլ ցույց տվեց՝ ասելով.

«Եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր, իսկ եթե քեզ չլսի…թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը» (Մատթ. 18:15-17):

Եվ հատկապես մեծ դատապարտության ենք արժանի, որ մեր չարությամբ ենք ուրիշներին դատապարտում, այսինքն՝ մենք նման մեղքեր ենք գործում և ոչինչ ենք համարում, սակայն ուրիշներին այդ նույն մեղքերի համար մեղադրում ենք, որոնց պատճառով մեր գործերի համար անվրեպ դատաստան ենք կրելու, որովհետև ինչ չափով, որ չափում ենք, նույն չափով պիտի չափվենք դատավորից, և ինչ դատաստանով, որ դատենք, նրանով ենք դատվելու Քրիստոսի կողմից (Մատթ. 7:1:2):

Արդ, այս ամենն իմանալով, եղբայրնե՛ր, դադարե՛նք միմյանց դատելուց, լռեցնե՛նք մեր լեզուն բամբասելուց, և չտեսնե՛նք ուրիշների աչքի շյուղը, այլ մեր գերանը հանենք, և ուրիշներին բժիշկ չլինենք՝ չարաչար աղտեղություններով լցված: Այլ ինքներս մեզ նայենք և մեր սրտի գաղտնիքները քննենք, մեր մեղքերը դատենք, և մեր ցավերը բժշկենք՝ խոստովանությամբ բոլորը թվարկելով: Ոչ միայն գործերը, այլև դատարկ խոսքերը և չար խորհուրդները, և կամ արատավոր նայվածքները, կամ աղտեղի լսողությունը և մտքի չար շարժումները:

Բոլորը խոստովանենք, բոլորը քննենք ու դատենք, այդ ամենի համար զղջանք, հոգոց հանենք, ողբանք և արտասվենք: Քանզի, եթե մենք թվարկենք, Տերը կմոռանա, և եթե մենք մեր ամբողջ կյանքի ընթացքն արդարացիորեն դատենք, ապա դատաստանի օրը Դատավորը գործ չի ունենա մեզ հետ: Եվ եթե մեր աղոթքների մեջ թողություն տանք նրանց, ովքեր մեզ պարտք են, ապա մեր պարտքերի համար թողություն կգտնենք Տիրոջ՝ Քրիստոսի կողմից, որին մեծապես պարտք ենք ոչ միայն ակամա, այլև բազմաթիվ կամավոր և գիտակցաբար գործած (մեղքերի համար):

Եվ հատկապես, եթե սրանից հետո կարիքավորներին ողորմություն անենք՝ քաղցածներին գիտության կամ զգալի հաց տալով, և մերկերին հագցնելով, աղքատներին և անտուններին մեր հարկի տակ առնելով:

Այդ ժամանակ շուտ կծագի մեր լույսը՝ Քրիստոս Աստծու ողորմությունը՝ արժանացնելով մեզ իր ողորմությանը, գթությանն ու արքայությանը: Թող որ բոլորս էլ հասնենք դրան շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որի հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փա՛ռք, իշխանությո՛ւն և պատի՛վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Երանելի Սարգիս ՇՆՈՐՀԱԼԻ

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ