ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արժեհամակարգ և ժողովուրդ

Արժեհամակարգ և ժողովուրդ
01.10.2023 | 08:50

Սկիզբը՝ այստեղ

Մի արժեհամակարգային պարադիգմից մյուսին ժողովրդի անցումն ինքը կարող է լինել երկարատև պրոցես և, բացի դրանից, այն կարող է կիսատ մնալ կամ էլ այդ կիսատ վիճակից անցում կատարել դեպի մի այլ արժեհամակարգային պարադիգմ։

Մեր ժողովուրդը նման արժեհամակարգային կասկադային պրոցեսների մեջ է եղել սկսած 19-րդ դարի առաջին երեք տասնամյակներց, երբ Արևելյան Հայաստանը անցավ ռուսական տիրապետության տակ, և մեր ազգակիցները ստրկական անապահովության ու ցածր արժեհամակարգային պարադիգմից անցան դեպի ֆիզիկական ապահովություն, որն էլ, իր հերթին, նոր արժեհամակարգի կառուցման հիմքը դրեց։

Այդ պրոցեսը տևեց համարյա մի հարյուրամյակ, մինչև եղեռն ու ռուսական հեղափոխություն, որի ընթացքում հայ ժողովուրդը արժեհամակարգային վերելք ապրեց՝ ծնելով մտավորականություն, գրականություն, արվեստ, պետական գործիչներ, կապիտալիստներ ու հեղափոխականներ։

Այս ամենը նպաստեց նրան, որ մերոնք աստիճանաբար սկսեցին ավելի ու ավելի ակտիվ գործունեություն ծավալել Կովկասում ու նրա սահմաններից դուրս։

Մասնավորապես, մեր ակտիվությունը շատ բարձր էր Կովկասի մայրաքաղաք Թիֆլիսում, որի քաղաքագլուխները նշված ժամանակաշրջանում, աննշան բացառություններով, հայերն էին։

Այնուհետև, խորհրդային իշխանության հաստատումով, մերոնք ընկան արժեհամակարգային բոլորովին այլ միջավայր՝ իր անգրագիտության հաղթահարման, պարտադիր միջնակարգ ուսուցման, ուսանողական թոշակներով բարձրագույն կրթության և ձրի բժշկության համակարգերով։

Դրանից բացի, մեր ժողովուրդը, մյուսների հետ միասին, անցավ նաև ստալինյան քաղաքական անազատությունների միջով, իսկ խրուշչովյան ժամանակաշրջանում ունեցավ արժեհամակարգային նոր վերելք՝ կապված որոշակի քաղաքական ազատականացման հետ։

Այս մասնակի ազատականացումը խորհրդային մարդկանց միջից հանեց ստալինյան համակարգին կայունություն ապահովող հիմնասյունը՝ մարդկանց վախը, որն էլ ունեցավ ճակատագրական հետևանքներ ամբողջ խորհրդային համակարգի համար։

Արժեհամակարգային տեսանկյունից մարդկանց մոտ կյանքի համար վախի վերանալը բերեց նրանց արժեհամակարգի նախկինում ստվերում մնացած հատկությունների նոր պայմաններում ի հայտ գալուն՝ հանրային սեփականության հափշտակումների ու կաշառակերության աճի տեսքով և, այսպես, մինչև Խորհրդային Միության անկումը։

Այս անկումով մենք, այլ խորհրդային ժողովուրդների հետ միասին, մեծ ու հզոր երկրի քաղաքացու արժեհամակարգով ընկանք բոլորովին նոր պայմաններ, որտեղ, առաջին հերթին, զրկվեցինք կյանքի ապահովության նախկին հզոր համակարգից և ուրիշ շատ բաներից։

Իսկ թե ինչ շահեցինք մեր ազատ ու անկախ կյանքի շնորհիվ՝ պարզ դարձավ հետագա 30+ տարիների ընթացքում։

Ներկայում մեզ մոտ ստեղծվել է մի արժեհամակարգային աջափսանդալ, որը հետագա լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4225

Մեկնաբանություններ