ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պուտինը, Էրդողանը ու Լեռնային Ղարաբաղը

Պուտինը, Էրդողանը ու Լեռնային Ղարաբաղը
20.10.2020 | 10:24

Նախագահ Պուտինը ողբերգություն անվանեց Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բախումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի բնակիչները մեզ համար օտար մարդիկ չեն»՝ ասաց Պուտինը: Ռուսաստանում ապրում ու աշխատում են երկու միլիոն ադրբեջանցիներ ու երկու միլիոնից ավելի հայեր: Մեկն էլ, մյուսն էլ բարեկամական կապեր ու տնտեսական շահեր ունեն Ռուսաստանում: Պուտինը երկու կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ու վերադառնալ բանակցություններին՝ առանց նախապայմանների: Պուտինը նաև հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի, որ անկասկած, կկատարի:

Ի՞նչ կա այս ընդհանուր դրույթների տակ:
Ռազմական գործողությունների թատերաբեմը Լեռնային Ղարաբաղն է՝ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում, որչի ճանաչել ոչ մի պետություն, անգամ՝ Հայաստանը: Այդ պատճառով Ռուսաստանը պաշտոնապես իրավունք չունի մտնել կոնֆլիկտի մեջ՝ ՀԱՊԿ-ի հիման վրա, որովհետև բախումները Հայաստանի տարածքում չեն: Պուտինի խոսքը երկու ժողովուրդների վերաբերյալ ցույց է տալիս, որ նրանք բազում տարիներ ապրել են «ռուսական համաստեղության» տակ՝ սկզբում՝ ցարական, հետո՝ սովետական, և մինչև հիմա կապված են անքակտելի քաղաքական, տնտեսական, ռազմական ու այլ կապերով:

Ռուսական հակահետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը (Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը)հաղորդեց, որ իր տվյալներով ղարաբաղյան ճակատ մշտապես հարյուրավոր, գուցե հազարավոր վարձկաններ են բերվում Սիրիայից ու Լիբիայից: Այս տեղեկությունը, թեպետ չի հիշատակում Թուրքիայի իբրև երկրի մասին, որ պատասխանատու է ջիհադականների տեղաշարժի համար, բայց այդ գործընթացը արձանագրում է: Հետո կլինի ավելի:

Գործնականում, «Русвесна» տեղեկատվական պորտալի տվյալներով, ռուսական ռազմաօդային ուժերն արդեն սկսել են Իդլիբի ապաէսկալացիոն գոտում ճամբարների վերացումը, որտեղ վարժվում են Ղարաբաղ ուղարկվող վարձկանները: Հոկտեմբերի 4-ին ռուսական ՌՕՈՒ-ն օդային հարվածով ավերել է ջիհադականների ստորգետնյա ապաստարանը, ոչնչացնելով 300 զինված ահաբեկիչների՝ պարագլուխ Աբու Կատանի հետ, որ մեկ ամիս առաջ մահափորձ էր արել ռուս գեներալի նկատմամբ: Այդ ճամբարը Իդլիբի գոտում է, որ Սիրիայի վերահսկողության տակ չէ և պահվում է ամերիկյան զինուժով: Այդ շրջաններից և հատկապես այդ շրջանների թուրքմեններից, որ մատակարարում են Ջեբհատ ան Նուսրային և Ալ Կայիդայի ու ԻՊ-ի դուստր կազմակերպություններին, Անկարան հավաքագրում է զինյալների ու «օգնության» ուղարկում Ադրբեջանի զինված ուժերին: Թվում է՝ Էրդողանը ջանում է «նեղացնել» Պուտինին՝ ոտքը դնելով Ռուսաստանի ցավոտ տեղին՝ Կովկաս: Ինչու՞: Յուրաքանչյուրը, որ անաչառ է վերաբերվում Սիրիայում զարգացող իրադարձություններին, հասկանում է, որ Սիրիայից մի նշանակալից հատված յուրացնելու Էրդողանի ամբիցիոզ ծրագրերը ձախողվել են: Շնորհիվ ռուսական միջամտությանը՝ Սիրիան փրկվեց, իսկ ԻՊ-ը և իր դուստր խմբավորումները կորցրին 130 000 զինյալներ ու սպառազինության 70 տոկոսը:

Թուրքիայի նախագահը դա գիտակցեց որոշ ժամանակ առաջ և իր գործողությունների գոտին տեղափոխեց Լիբիա: Հազարավոր ջիհադականների Էրդողանը փոխադրեց Լիբիա և մի քանի առաջ թվում էր, որ ստացավ տարածքը, որին հավակնում էր գեներալ Խալիֆա Խաֆթարը: Բայց վերջին շաբաթների իրադարձությունները՝ ընտրությունների անցկացման համաձայնությունը, Տրիպոլիի «վարչապետ» Սարաջի պաշտոնանկությունը, Եվրոպայի ու Ռուսաստանի աջակցությամբ կառավարության դերի մեծացումը, արժեզրկեցին և այդ ժամանակավոր հաջողությունը: Նոր ճակատ բացելով Սև ծովում ու Կովկասում, Էրդողանը կատարում է քայլեր, որ հատկապես ռիսկային են հատկապես իր համար, բայց գլխավորապես տարածաշրջանային կայունության: Նա ձգտում է, և այս պահին հաջողվում է, իր վտանգավոր խաղի մեջ ներքաշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով նա նախաձեռնել է պատմության մեջ աննախադեպ գործողություններ: Ադրբեջանը երբեք չի եղել Օսմանյան կայսրության մաս, ադրբեջանցիների նշանակալից մասը ապրել է ու շարունակում է ապրել Իրանում՝ վաղեմի ժամանակներից հաստատուն հարաբերություններ պահելով Ռուսաստանի հետ: Մոսկվան, հստակ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում կաջակցի Հայաստանին ՀԱՊԿ-ի հիման վրա, շարունակում է փորձերը՝ համոզել Բաքվին, որ նոր օսմանյան մաքսիմազլիզմին աջակցությունը իր երկրի ապագային լավ ոչինչ չի տալու:

Ռուսական մամուլի վերլուծությունը՝ Լեռնային Ղարաբաղի արյունալից իրադարձությունների վերաբերյալ, հասկանալի է դարձնում, որ Թուրքիան այս կոնֆլիկտի մասնակիցն է, և տարբեր փորձեր են ձեռնարկվում համանման դիրքում դնել Ռուսաստանին, բայց բարիկադների հակառակ կողմից՝ ստիպել բացահայտ աջակցել Հայաստանին և կոնֆլիկտի մեջ մտնել Թուրքիայի հետ: Պարզամիտ քայլ, որ հատկապես շահավետ է «մեծ խաղացողներին», որ գտնվում են գործողությունների վայրից շատ կիլոմետրեր հեռու: Ռուսաստանը, թերևս, չի պատրաստվում Անկարային նվիրել Բաքուն և շարունակում է Բաքվի հետ բանակցել, ինքնին հասկանալի է՝ նաև Երևանի: Միաժամանակ՝ Ռուսաստանը գրոհում է վարձկաններին հյուսիսային Սիրիայում, որոնց Էրդողանն օգտագործում է իր նպատակներով և շարունակում է փորձերը ռազմական-դիվանագիտական ճանապարհով շրջել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Կովկասյան իրադարձությունները հիշեցրին ինձ ռուս բարձրասիճան մի պաշտոնյայի 2018-ին ասածը՝ երբ նրա կիպրոսցի գործընկերը սարսափ հայտնեց, թե ինչ կլինի Կիպրոսի հետ, եթե Մոսկվան ու Անկարան սկսեն միասին գործել.«Բարեկամներս, մենք Ռուսաստանում սովորել ենք կարդալ պատմությունը: Տնտեսական, առևտրական միավորումնեչ միշտ են ստեղծվել ու ստեղծվելու են: Բայց պատմությունը և ռուս-թուրքական տասնյակ պատերազմները մեզ սովորեցրել են, որ Ռուսաստանը երբեք չի դառնա Թուրքիայի ռազմական դաշնակիցը»:

Դիմիտրիս Լիացոս, iEidiseis (Հունաստան)

Հ.Գ. Հա՞ որ: Իսկ Ս-400-ների վաճառքը միայն տնտեսական ու առևտրակա՞ն, թե՞ ռազմական դաշնակցություն էր: Թե՞ ՆԱՏՕ-ից կտրելու քաղաքականություն էր, որ ձախողվեց, ինչպես բոլոր աթոռներին միաժամանակ նստելու Կրեմլի ցանկությունը: Իսկ Սիրիայում անվերջ զիջումները Թուրքիայի՞ն: Քաղաքականությու՞ն, թե՞ բիզնես էր «Թուրքական հոսքը», որ չգործեց ոչ մի օր: Թուրքիայում ատոմակայան կառուցելն ի՞նչ է՝ բարեգործությու՞ն: Ռուսաստանը սխալվեց Անկարայի հետ իր խաղում, իսկ հիմա մնում է հարաբերությունների ավերակների վրա արժանապատիվ դեմք ընդունել, երբ Անկարան հայտարարում է, որ կօգնի Ուկրաինային վերադարձնել Ղրիմը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ