Նոյեմբերի կեսերին Հայաստանում սպասվում է ԼԳՏԲ համայնքի աղմուկ հանած ֆորումը: Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցին արդեն հանդես են եկել հայտարարությամբ` դատապարտվելով երևույթը և կոչ անելով Հայաստանի իշխանություններին` կանխել այդ դարակազմիկ ամոթը։
Վերջերս այս խայտառակ իրողությանն անդրադարձավ նաև Բաղրամյան 26-ի նոր աթոռակալը, բայց չմոռանանք, որ վերջինիս մոտ, ինչպես իր գրքի վերնագիրը, այնպես էլ հայտարարությունների ճնշող մեծամասնությունը, հակառակ կողմ ունեն: Նայելով հակառակ կողմի դիտանկյունից, պարզ է դառնում, որ հիշյալ հայտարարությունը, ըստ էության, անկախ Հայաստանի առաջին քաղաքական լուրջ քայլն էր` ԼԳՏԲ համայնքին, այսպես ասած, տեղավորելու նպատակով: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղ թե ուշ, ուզենք թե չուզենք, մի ուրիշ կառավարություն, ասենք` մեկ-երկու տասնամյակ անց, հաշվի է նստելու այդ հարցի հետ: Բայց ակադեմիական գիտելիքներ հարկավոր չէին հասկանալու համար, որ այդ տասը, տասնհինգ կամ քսան տարի հետո եկող կառավարությունն արդեն եկել է, եկել է մայիսի 8-ին և արդեն հաշվի է նստել խնդրո առարկայի հետ:
Այդ կառավարությունն անընդհատ խոսում է ժողովրդավարության, ժողովրդի կամքի մասին, բայց, ներեցեք, ո՞վ է այս հարցի շուրջ այսքան ժամանակ հաշվի առել ժողովրդի կարծիքը: Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը, երբ ժողովրդի կամքն արհամարհելով, Եվրոպայից բերված մի քանի թղթի կտորներ օդում թափահարելով` այն օրենք են համարում և ժողովրդին հորդորում, համոզում, հարկ եղած դեպքում ստիպում, որ հաշվի նստի դրա հետ:
Վարչապետի պաշտոնակատարը պնդում է, թե ինքն ավանդական ընտանիքի կողմնակից է, միաժամանակ հայտարարելով, որ պետք է հաշվի նստել ստեղծված իրողության հետ: Ցավն այն է, որ չի պարզաբանվում` ո՞րն է այդ հաշվի նստելը, ինչպե՞ս է արտահայտվելու այն, այնպես, ինչպես Բելառուսու՞մ, թե՞ ինչպես Հոլանդիայում: Սրանք լուրջ հարցեր են, որոնց պատասխանն առաջին հերթին հենց վարչապետը պետք է հնչեցնի, միևնույն ժամանակ չմոռանալով, որ դատավորը ժողովուրդն է լինելու, իսկ ժողովրդի դատն ահեղ է:
Որպես արդարացում, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ցանկացած միջավայրում, նույնիսկ ամենաավանդականում ու ամենաբռնապետականում, գոյություն ունի այդ համայնքը: Բայց, հուսով եմ, չի մոռանում, որ մերը ցանկացած միջավայր չէ, այս միջավայրն անուն ունի` հայկական, որի այսօրվա համար հազարավոր երիտասարդներ են զոհվել: Թող սա դիտվի որպես էթնիկ սնապարծություն, թքած: Իսկ եթե Եվրոպան որևէ «փոքրամասնության» իրավունքների մեծ պաշտպանի դեր է խաղում, ապա վարչապետի պաշտոնակատարի ամենամեծ քայլն այն կլինի, որ նույն Եվրոպային հիշեցնի, թե 100 տարի առաջ Թուրքիայում ինչ փոքրամասնություններ կային, որոնք իրոք պաշտպանության կարիք ունեին, որոնք անխնա մորթվեցին ու ողջակիզվեցին, կորան Դեր Զորի անապատի ավազներում: Եվ թող այդ հիշեցմանը հավելի, որ այդ ամենը տեղի է ունեցել այն երկրների աչքի առաջ, եթե չասեմ` մասնակցությամբ, որոնք այսօր խոսում են այդ բուծյալ փոքրամասնությունների ու նրանց իրավունքների մասին:
Իսկ եթե այս ամենի փոխարեն Բաղրամյան 26-ը որոշել է լռել ու արհեստածին փոքրամասնության իրավունքները պաշտպանել, թող պատրաստ լինի հարյուր հազարավորների պարսավանքին:
Եվ թող Բաղրամյան 19-ի ու Բաղրամյան 26-ի դռները պինդ փակեն, որովհետև գալու ենք:
Դուք պաշտպանեք ձեր աճեցրած փոքրամասնություններին, մեծամասնությունն ինքն իրեն կպաշտպանի:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ