ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ամասիան քաղաքից քիչ է տարբերվում, սիրուն, կոկիկ համայնք է»

«Ամասիան քաղաքից քիչ է տարբերվում, սիրուն, կոկիկ համայնք է»
09.10.2018 | 02:00

Շիրակի մարզի Ամասիա համայնքը ձևավորվել է 1829 թ. Բասենից, Կարսից և այլ տեղերից գաղթած բնակիչներով։ Նախկինում ունեցել է Համասիտ, Ղուկասյան, Ներքին Ղուկասյան անվանումները: Ամասիան իր կազմավորման սկզբից ի վեր նեղ ու լայն օրեր շատ է տեսել և այսօր համայնքների խոշորացման ծրագրի շնորհիվ իր շուրջը համախմբելով Արեգնադեմ, Գետաշեն, Ջրաձոր, Բանդիվան, Հովտուն, Բյուրակն, Մեղրաշատ, Ողջի բնակավայրերը, փորձում է կին համայնքապետի գլխավորությամբ բարելավել դրանց կյանքը, նպաստել առկա խնդիրների լուծմանը: Ամասիայի բնակիչների համոզմամբ կյանքը կլավանա, քանի որ երկար տարիներ համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի աշխատանքի արդյունավետության մեջ բազմիցս են համոզվել:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՄՈՍԿՎԱՆ ՄԻ ՕՐՈՒՄ ՀՈ ՉԿԱՌՈՒՑՎԵ՞Ց»


Բնիկ ամասիացի Արթուր Գևորգյանը տեղական իշխանություններից գոհ է. «Սովոր ենք, որ համայնքապետը տղամարդ պիտի լինի, բայց ինչի՞, մեր համանքապետը կին է, ու շատ էլ գոհ ենք նրանից, լավ է աշխատում, էն որ ասում են՝ տնտես, հավասար տես, հիմա նա է: Լուսավորության հարցը լուծել է, երկու տարի շարունակ ձմռան սեզոնին ճամփեքը փակ էին, հիմա նման բան չկա: Ամեն ինչ լավ կլինի, Մոսկվան մի օրում հո չկառուցվե՞ց»:
Արթուրը հաշմանդամ է, նախակրթարանում պահակ է աշխատում, ստանում է 54 հազար դրամ աշխատավարձ, նոր իշխանություններից ակնկալում է էժանություն, թոշակի ու աշխատավարձի բարձրացում: «2012-ին անասնապահ էի աշխատում, քարափից ընկա, թևս կոտրեցի, 2-րդ կարգի հաշմանդամ եմ, բայց մի օր Երևանից կամիսիա եկավ, ինձ հաշմանդամության ցուցակից հանեց, հիմա ամենամեծ բողոքս էդ ա: ՈՒֆայում աշխատող տղաս գումար ա ուղարկում, ձմեռվա վառելիք եմ առնելու՝ մի ավտո աթարը՝ 80 հազար դրամով, փայտը շատ թանկ ա: Ժամանակը գա, երևի մեր համայնքում ջեռուցման հարցն էլ կլուծվի, աշխատատեղերը կավելանան, ջահելները չեն հեռանա, թե չէ գնում են ու մոռանում վերադարձի ճամփան»:


Համայնքի կենտրոնում բացված գեղեցիկ ու կանաչապատ զբոսայգում հավաքված տարեցներից մեկի համոզմամբ՝ Ամասիայում կյանքը, ի տարբերություն մյուս համայնքների, լավ է, աշխատատեղեր կան, կաթը մթերվում է բարձր գնով՝ ի շահ բնակչի, խոտի տուկը նախկին 1000 դրամի փոխարեն 500 դրամ է: «Տարեցներին էլ ի՞նչ է հարկավոր, որ զավակներն ու թոռները մնան իրենց մոտ, ապրեն-աշխատեն, շենացնեն տունը, համայնքն ու երկիրը»:


Մասնագիտությամբ ծրագրավորող Արթուրի պես շատ երիտասարդներ չեն պատրաստվում լքելու համայնքը: «Ամասիան քաղաքից քիչ է տարբերվում, ամեն ինչ էլ կա, սիրուն, կոկիկ համայնք է, աշխատանքն ունեմ, մասնավոր գործ՝ նույնպես, բջջային կապի օպերատորների ծառայությունները գերազանց են մեզ մոտ, ու՞ր գնամ, որ ավելի լավ ապրեմ: Ես գոհ եմ մեր համայնքից»: Արթուրը հավատում է, որ համայնքում նոր աշխատատեղեր կբացվեն, իսկ աշխատանք ունեցողը իր տունն ու գյուղը չի լքի: Ինքը պատրաստվում է ընտանիք կազմելու:

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԻՑ ԳՈՀ Է, ՄԻ ՄԱՍԸ՝ ԴԺԳՈՀ»


5500 բնակիչ ունեցող Ամասիայի համայնքի փնջում ներառված բնակավայրերի խնդիրները, ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ փոխանցմամբ, բավական շատ են: Նրա խոսքով, եթե չլինի պետության հատկացրած դոտացիան, ապա որոշ վարչական համայնքներ չեն կարող անգամ աշխատավարձ ապահովել: Համայնքների խոշորացումից հետո այդ հարցը կանոնակարգվել է:
«Բնակչության մի մասը խոշորացումից գոհ է, մի մասը՝ դժգոհ, որտեղ համայնքի բյուջեն քիչ է, նրանք շահում են: Խոշորացված համայնքի կենտրոնը ուշադրությունը կենտրոնացնում է այդ բնակավայրի խնդիրների վրա, որ չասեն, թե կենտրոն համայնքը միայն իր մասին է մտածում: Ողջին, որտեղ մինչ խոշորացումը նույնիսկ փողոցային լուսավորություն չկար, նորմալ ճանապարհ չկար, խոշորացումից հետո լուսավորվեց, ինչը շատ եմ կարևորում: Ամասիայում կան գյուղացիական փոքր տնտեսություններ, մեկը պանրի գործարանն է, մյուսը «Բանդիվան» ՍՊԸ-ն, որն զբաղվում է կաթի վերամշակմամբ ու խոզաբուծությամբ: Ընկերությունն արտադրում է կարագ և պանիր, իսկ կաթը մթերում է Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների 140 տնտեսություններից: Ներկայումս ընկերության արտադրանքը սպառվում է հայրենական շուկայում, սակայն ակնկալվում է, որ այն նաև կարտահանվի: Դժվարություններ ունենք մսի իրացման հարցում, քանի որ համայնքի տարածքում սպանդանոց չկա, մսի մթերմամբ զբաղվում են անհատներ, որոնք հաճախ գումարը դժվարությամբ են վճարում կամ չեն էլ վճարում: Կազմակերպությունն իր միջոցներով սպանդանոց է կառուցում, շինարարությունն ընթացքի մեջ է»,- ասում է համայնքի ղեկավարը:
2013 թվականից համայնքում գործարկվեց հայ-գերմանական համատեղ կարի արտադրամաս, որը լուծեց կարևորագույն խնդիրներից մեկի` աշխատատեղերի հարցը: Կարի արտադրամասում այսօր աշխատանքով ապահովված է շուրջ 80 մարդ: Կարող բանվորուհիների աշխատավարձը նվազագույն աշխատավարձից ցածր է՝ 30-35 հազար դրամ, սակայն նրանք աշխատանքը կորցնելու վախից համաձայնել են աշխատելու այդ պայմանով, հակառակ դեպքում սեփականատերը կարող է փակել արտադրամասը: Իրավիճակին ծանոթ է նաև համայնքի ղեկավարը, սակայն, իր փոխանցմամբ, ոչինչ ձեռնարկել չի կարող:
Ամասիացիները հիշում են, որ խորհրդային տարիներին բրդի վերամշակման գործարան են ունեցել, սակայն այն ավերվել է, ու տարիներ շարունակ բուրդը իրացնել չեն կարողացել: Այս տարվա սկզբին Եվրամիության ֆինանսավորմամբ Ամասիայում առայժմ 44 աշխատատեղ ապահովող բրդի վերամշակման արտադրամասի կառուցումը պարզապես նվեր է Ամասիայում ապրող կանանց:


2017-ին «Վորլդ Վիժն Հայաստանը» Ամասիայում բացեց ռոբոտաշինության կրթական կենտրոն, ուր հաճախող 12-18 տարեկան թվով 25 դպրոցական ¥նաև՝ հարակից համայնքներից¤ մասնակցում է շաբաթական երկու անգամ կազմակերպվող դասընթացներին:
Ջեմմա Հարությունյանն առանձնակի հպարտությամբ ներկայացրեց Ճապոնիայի դեսպանի նվերը՝ տարեցների համար շարժական խնամքի ծառայությունների մատուցման հարմարավետ՝ 54 հազար դոլար արժողությամբ մեքենան:
Մեր զրույցի ավարտին տիկին Հարությունյանը նշեց նաև երիտասարդության համար ժամանցի լավագույն կենտրոններից մեկի՝ նորաբաց համայնքային կենտրոնի և մանկապարտեզի մասին ու հավելեց, որ տարեկան 140 միլիոն դրամ կազմող համայնքային բյուջեի ճիշտ բաշխման շնորհիվ հնարավոր է լուծել Ամասիայի փնջում ներառված համայնքների խնդիրների մեծ մասը, մնացածի համար ակնկալում է կառավարության հետևողական աջակցությունը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ