ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կա՞ն գլադիատորներ Հայաստանում

Կա՞ն գլադիատորներ Հայաստանում
13.02.2015 | 12:10

Հայաստանի քաղաքական բառապաշարում մոդայիկ ևս մեկ բառ հայտնվեց՝ այսպես: Ասված է՝ այսպես: Ինչպե՞ս: Երեկ ՀՀԿ-ն վճռեց երկարամյա լռությունից հետո գնահատել ու հակահարված տալ ԲՀԿ-ին: Ոմանք կատարվածը միանգամից որակեցին՝ ՀՀԿ-ն պատերազմ հայտարարեց ԲՀԿ-ին: Իրականում, սակայն, ՀՀԿ-ն դուրս եկավ իր փափուկ խրամատից ու ընդունեց ԲՀԿ-ի վաղուց իրեն նետած մարտահրավերը: Ինչո՞ւ հիմա: Ի՞նչ է փոխվել: Ինչո՞ւ հիմա պարզվեց, որ կրկեսի վերածվելու հայրենիք չունենք: Կրկեսը, ի դեպ, Հռոմում եղել է գլադիատորների մարտերի արենա և Հայաստանում կարծես վերակենդանանում է նախնական իմաստը: Բայց կա՞ն գլադիատորներ Հայաստանում, որ պատրաստ են մենամարտի:

Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հավակնությունները միշտ էլ կասկածելի են դարձել, բայց եթե հիմա է դա գիտակցվում ու քաղաքական ասպարեզը զուտ քաղաքական դարձնելու հարց է դրվում, հարվածի տակ է հայտնվում նաև Գագիկ Ծառուկյանի բիզնես նախագիծ կուսակցությունը: Առավել ևս՝ երբ Գագիկ Ծառուկյանն այլևս ԱԽ անդամ չէ (ԱԽ նախագահը՝ Անվտանգության խորհրդի կարևոր դերից ելնելով՝ ինչո՞ւ ԱԽ քարտուղար չի գտնում երկրում արդեն համարյա մեկ տարի), շուտով կկորցնի նաև անձեռնմխելիությունը պատգամավորական մանդատի հետ, իսկ դրա հիմքերը կային և նախորդ գումարման խորհրդարանում: Այլևս տեխնիկայի խնդիր է նրա տնտեսական գործունեության և օրենքի հարաբերության պարզաբանումը: Թերևս ամեն ինչ վաղուց ու լավ հայտնի է այդ առումով և խնդիրը հիմա դարձյալ տեխնիկական է՝ որ մասը բացահայտել, որ մասը՝ դեռ ոչ: Հարցը արդեն ՀՀԿ-ԲՀԿ կամ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան փոխհարաբերությունների ոլորտում չէ, քաղաքական դաշտում իրոք կատարվելու է վերադասավորություն և այդ վերադասավորության ուղիղ արդյունքը լինելու է սահմանադրական բարեփոխումների անցկացումը, որի մասին Սերժ Սարգսյանը նունպես խոսեց ՀՀԿ խորհրդի նիստում և գործնականում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները լինելու են, հետևաբար իշխանության գալու հավակնություններ ունեցող բոլոր կուսակցությունները և գործիչները հարկադրված են այլևս այս մեկնակետից սկսել իրենց պայքարը:
Ի՞նչ կլինի Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի հետ: Ո՞ր կետում Ռուբիկոնը անցավ Գագիկ Ծառուկյանը և ո՞ր կետում կանցնի Սերժ Սարգսյանը:
Ի վերջո, սա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության վերջնական կրախն է, և հիմա ոչիշխանական եռյակը, եթե դեռ մնացել է, պետք է պարզի իր կարգավիճակը: Բնական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին այլ ելք չի մնում, եթե ոչ շարունակել քաղաքագիտական վերլուծությունը զարգացնել նոր իրավիճակում ու Գագիկ Ծառուկյանին վերջնականապես դարձնել արմատական ընդդիմություն: Նա մեղադրելու է իշխանությանը քաղաքական հալածանքի մեջ՝ Գագիկ Ծառուկյանի հեղափոխական ելույթների համար, թեև հեղափոխությունը Հայաստանի քաղաքական բառապաշարում ինքն էր ջնջել:
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը աննախադեպ կոշտ էր ու կատեգորիկ: Հայաստանում կարծես ավանդույթ է դառնում սխալների համար ներողություն խնդրելը, բայց եթե առաջին նախագահը դա արեց, երբ վաղուց հրաժարական էր տվել ու որոշել էր վերադառնալ, երրորդ նախագահը արեց իր պաշտոնավարության ընթացքում: Ե՞րբ է անելու երկրորդ նախագահը: Հավանաբար՝ երբեք: Ոչ այն պատճառով, որ հանրայնորեն դատապարտելի քայլեր չի արել ու իր խառնվածքին դեմ է, Ռոբերտ Քոչարյանը այս պայմաններում շանս է ստանում ձեռքի տակ հավաքելու ԲՀԿ-ն: Ճիշտ է՝ նույնը կփորձեն անել առաջին ու երրորդ նախագահները, բայց նրա շանսերն առավել են՝ նախ ինքն է կուսակցությունը ծրագրել, հետո նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը չի առաջադրվի, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ավելի քիչ ռեսուրսներ ունի նախագահական հավակնությունների համար: Որ ԲՀԿ-ն շատ ավելի ծանր ընտրության առաջ է, քան Գագիկ Ծառուկյանը, ակնհայտ է: Բարոյական, քաղաքական, մարդկային ընտրությունը անխուսափելի է: Ի՞նչ քայլեր կանի ԲՀԿ-ն: Գագիկ Ծառուկյանը շատ կարճ ժամանակ ունի մտածելու: Նրա գլխավոր հարցը մնում է մեկը՝ հրապարակ հանե՞լ ժողովրդին ու գնալ բաց առճակատմա՞ն, քաղաքական հալածյալի խրամատում դիրքավորվել ու պատգամավորական անձեռնմխելիությունը կորցնելուց հետո գոնե համաժողովրդական պաշտպանության զրահ հագնել, թե՞ գնալ իրավական ճանապարհով ու իրավական հարթության մեջ փորձել ապացուցել անբասիր գործարարի ու բարերարի իր համբավը: Երկու ճանապարհն էլ դրական ոչինչ չեն խոստանում: Իր մոսկովյան այցով Գագիկ Ծառուկյանը ոչ միայն հաջողության չհասավ, այլև ճիշտ հակառակ արդյունքը ստացավ. նա այլևս անձեռնխելի չէ Հայաստանում, Կրեմլին ոչ մի հեղափոխություն-մեղափոխություն, շարժում-մարժում որևէ տեղ պետք չէ, առավել ևս ԵԱՏՄ անդամ Հայաստանում, որտեղ կա իշխանություն և իշխանության ուղիղ պարտքն է քաղաքական դաշտը քաղաքական տեսքի բերել:
Կասի՞ Սերժ Սարգսյանը իր վճռական խոսքը քաղաքական դաշտը մաքրելու վերաբերյալ նաև սեփական կուսակցության դեպքում: Անգրագիտության հարթության մեջ քաղաքական համարվող գործիչների առատությամբ ՀՀԿ-ն մրցակից չունի, ու՝ ի՞նչ, նրանք և՞ս հրաժեշտ կտան քաղաքականությանը՝ վերադառնալով իրենց բուն գործունեության տարածք, թե՞ նրանք մնում են անձեռնմխելի ՀՀԿ-ի տարածքում լինելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսպես՝ Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն այսօր ժամը 12-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում խորհրդի նիստ են հրավիրել, երեկ արդեն ԲՀԿ-ն խոստացավ պատասխանել Սերժ Սարգսյանին: Սոցիալական ցանցերում իրավիճակի քննարկումներում շատերն էին վստահ, որ Գագիկ Ծառուկյանը կհեռանա երկրից՝ ԱԽ անդամ և ԱԺ պատգամավոր չլինելով, վարչապետին տրված՝ ստուգումների հանձնարարականի կատարումից առաջ: Սա էլ տարբերակ է: Գուցե ոչ պահեստային: Այս տարբերակը շատ ավելի նախընտրելի է բոլորի համար:

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ