Սկսվել է փետրվարը: Օրացուցային հիշեցումը անտեղի կլիներ, եթե խոսքը չվերաբերեր հայոց փետրվարին, ամիս, որ հայոց նոր պետականության ու նոր պատմության սկիզբը դրեց: Ամիս, որ Լեռնային Ղարաբաղի պատմության նոր էջ գրեց: Նաև ամիս, երբ ՀՀ առաջին նախագահը հրաժարական տվեց՝ անցյալ դարից սահմանելով, որ նախագահական ընտրությունները Հայաստանում ձմռանը տեղի ունենան: Ինչպիսի՞ն կլինի 2015-ի փետրվարը: Ներքին ու արտաքին քաղաքականության զիգզագների հանրագումարում քայլ առա՞ջ, քայլ հե՞տ կանենք: Փետրվարի 2-ին սկսվեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Իշխանություն-ոչիշխանություն հարաբերությունները դարձել են ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններ, այս հարթակում երկու կողմից էլ հնչում են հայտարարություններ, որոնք շարունակություն չեն ունենում. կողմերն ընդունել ու ընդունում են քաղաքական ստատուս քվոն մինչև հերթական ընտրություններ, ԲՀԿ-ն իրեն ազատ է համարում անել քաղաքական հայտարարություններ Հայաստանում ու Հայաստանից դուրս, բայց հայերի շրջանակում՝ հանուն իմիջի ու վարկանիշի: Փետրվարի 5-ին ԲՀԿ-ն յուրայինների համաժողով է հրավիրել, որին ՀԱԿ-ը չի մասնակցելու ֆորմալ պատճառով, «Ժառանգությունը» կմասնակցի, բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համաժողովը վերստին կարձանագրի իրավիճակն ու իրավիճակի փոփոխման անհրաժեշտությունը՝ առանց կոնկրետության, օրինակ, կառավարության հրաժարական չի պահանջի: Մի զիլ զուռնա կզրնգա՝ համաժողովրդական թեմայով, թեև այս դեպքում համաժողովրդականը ժողովրդի հետ փաստացի կապ չունի: Ժամանակներն են այդպիսին: ՀՅԴ-ն խրվել է իր շարքերում՝ ով կա, ով չկայի պարզաբանման, ղեկավարների ընտրության մեջ և քաղաքական կյանքին մասնակցում է սահմանադրական բարեփոխումների կտրվածքում: Մյուս հարցերում ՀՅԴ-ն կա ու չկա: ՀԱԿ-ը ժամանակ ուներ ինքն իր հետ ու ԲՀԿ-ի հետ առերեսվելու ու իր անելիքը ճշտելու: Որևէ փոփոխություն ՀԱԿ-ի ռազմավարության ու մարտավարության մեջ չի լինի, թեթևակի կսմիթները առ ԲՀԿ կշարունակվեն ու կհակադարձվեն: Ի՞նչ ունեն կիսելու: Քաղաքագիտական հաշվարկով՝ ոչինչ: ԲՀԿ-ն ունի իր ընտրազանգվածը՝ հավաքված ճիշտ նույն մեթոդներով ու սկզբունքներով, ինչ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ի ընտրազանգվածը նրան այլևս պետք չէ: Առավել ևս, որ այդ ընտրազանգվածը պայմանական մեծություն է քաղաքական մարդահամարում: Եռյակը անցած շաբաթ նիստ արեց, ամբողջ 5 հարց գտավ ¥12-ից՝ 5, ինչ ըմբռնում¤ ու արդեն արտահերթ նիստ, փակ լսումներ է պահանջում: Իմա՝ ամեն ինչ կշարունակվի, ինչպես սկսվել էր: Կլինեն հայտարարություններ ու պահանջներ, արտահերթ նիստերի ու նստաշրջանների ստորագրահավաքներ, որոնց դեմ ՀՀԿ-ն կամ կգործադրի բոյկոտի փորձված տարբերակը, կամ քննարկման դաշտ կտա՝ կանխավ հայտնի պահելով որոշումը: Սա երկարատև խաղ է, որտեղ ուժերը պետք է հավասարաչափ բաշխել ու ժամանակի մեջ տանուլ չտալու համար հընթացս չկրակել բոլոր փամփուշտները: Բոլորն էլ հասկանում են՝ Հայաստանում արտահերթ ընտրական գործընթացների խնդիր չկա: Միայն մեկ դեպքում են հնարավոր արտահերթ ընտրություններ՝ եթե խնդիրը դրվի դրսից: Բայց այդ դեպքին անիմաստ է պատրաստվելը, եթե ոչիշխանության ակտիվացման ու իշխանության հրաժարականի խնդիր դրվի, ուրեմն արդեն հայտնի ու ընտրված է իրավահաջորդը: Տնտեսական հարցերը՝ դոլար-դրամ տատանումներ, գնաճ, տրանսֆերտների կրճատում, սոցիալական չդադարող բողոքներ, քաղաքական դաշտ չեն մտնում, նշանակում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության խոսակցություններ կլինեն, իսկ նա կպաշտոնավարի՝ անկախ կատարվում, թե չի կատարվում կառավարության ծրագիրը, տնտեսական ինչ վիճակ է երկրում:
Ոչ այն պատճառով, որ կա՝ Հովիկ Աբրահամյանն է, չկա՝ Հովիկ Աբրահամյանն է: Կա պրոզաիկ բացատրություն. բոլոր նրանք, ովքեր վարչապետի պաշտոնավարությունն ու պաշտոնանկությունը (Հովիկ Աբրահամյանի անձը կապ չունի) կանխատեսում են չափանիշների ու ցուցանիշների հիման վրա, սխալվում են, որովհետև առաջնորդվում են հրապարակային, տրամաբանական, հայտնի փաստերով՝ հաշվի չառնելով, թե, պաշտոնական պարտականություններից բացի, ինչ պարտականություններ ունի ու ինչ հանձնարարություններ է կատարում կամ ձախողում վարչապետը: Եթե կարողանում է կատարել՝ կաշխատի, եթե ոչ՝ չի աշխատի, սա է բանալին, որ բացում ու փակում է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքի դռները: Քաղաքական ու տնտեսական փաթեթավորումը ամենահեշտն է՝ մի շաբաթում կձևավորվի այս կամ տրամագծորեն հակառակ տեսակետը, ու՝ գնաց:
Անցած շաբաթ Հայաստան եկավ ու գնաց Իրանի արտաքին գործերի նախարարը: Նախագահին հանդիպեց, ԱԺ նախագահին, վարչապետին, արտաքին գործերի նախարարին, ու՝ ի՞նչ: Արարողակարգային հանդիպումներ եղան, երբ, ինչպես միշտ, քննարկվում են «երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցե՞ր»: ՀՀ նախագահը, օրինակ, ջերմությամբ հիշեց 2013-ին Թեհրան այցը և նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպումը, բայց պատասխան այցով նրան Հայաստան չհրավիրեց, թեև հիշում էր նրա հետ «պայմանավորվածությունները, որոնց իրագործման, բարեկամ Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու և խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է ու շահագրգիռ»: Զարիֆն էլ ասաց, թե հայ-իրանական հարաբերությունները կարող են աշխարհի համար լավ օրինակ լինել՝ ինչպես մահմեդական և քրիստոնեական երկրները կողք կողքի խաղաղ ապրում են, ու շեշտեց, որ Իրանը շահագրգիռ է առանց սահմանափակումների բոլոր ոլորտներում զարգացնել բարեկամ և վստահելի գործընկեր Հայաստանի հետ հարաբերությունները: ԱԺ նախագահը անդրադարձավ Մեղրիի հէկի և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծերին, կարևորեց Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների համագործակցության ընդլայնումը, բարձր գնահատեց Թեհրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, հույս հայտնեց, որ ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նաև ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակությունը: Վարչապետը գոհ էր Հայաստանի և Իրանի քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ուզում էր առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնել: Արտգործնախարարն անդրադարձավ համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, տարածաշրջանային հրատապ խնդիրներին: Որևէ մեկը հասկացա՞վ՝ ինչի մասին են խոսել, ի՞նչ են պայմանավորվել: Պաշտոնական բառակույտի մեջ կողմնորոշվելու հնարավորություն տվեց Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ասուլիսում. «Վստահաբար, քաղաքական կամք գոյություն ունի Հայաստանի և Իրանի միջև նախագծերի իրականացումը առաջ տանելու համար: Տեխնիկական որոշ խնդիրներ հաղթահարել ենք: Իրանական կողմն է Մեղրիի հէկի կառուցողը, ներկայացրել ենք տեխնիկական որոշակի պարամետրեր, դրանց պատասխանը ստանալուց անմիջապես հետո արդեն բացվում են առաջընթացի հնարավորությունները: Երկաթգծի հետ կապված եռակողմ շատ լավ քննարկումներ են եղել, լավ որոշումներ են կայացվել, հուսով ենք, որ դա արագ առաջ կընթանա»: «Մնացած ոլորտներում՝ գազի, էլեկտրաէներգիայի, շատ լավ բանակցություններ են եղել Իրանում, ընդհանուր համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք գուցե արդյունք կտան: Որոշակի ֆինանսական խնդիրներ եղել են, Հայաստանի կառավարության շատ լավ դերակատարության արդյունքում մեծ մասը լուծվել է: Հուսով ենք՝ քաղաքական կամքը թույլ կտա լուծել մյուս խնդիրները նույնպես»: Պատասխաններ, որ ավելի շատ հարցեր են առաջացնում, բայց միջպետական հարաբերությունների բարձր մակարդակում այդ հարցերը, որպես կանոն, մնում են վարագույրի հետևում: Հայաստանից Իրան տարեկան արտահանվում է 100 միլիոն դոլարի ապրանք, որը ՀՀ ընդհանուր արտահանման 7 տոկոսն է, 100 միլիոնից 80-ը էլեկտրաէներգիան է՝ Իրանից ստացված գազի դիմաց: Իրանից Հայաստանը ներկրում է տարեկան 200-220 միլիոն դոլարի ապրանք՝ 40 տոկոսը գազն է: Ներմուծման ընդհանուր ծավալում Իրանի մասնաբաժինը չի հասնում 5 տոկոսի: Իրանի բնակչությունը 80 միլիոն է՝ կողքներիս 80-միլիոնանոց շուկա է, բայց այդ շուկան մեզ չի հետաքրքրում: Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկում իրանցիներն առաջարկում էին ներդրումներ անել, գործարկել, մի քանի տարի շահագործել և նվիրել Հայաստանին անվճար: Բանակցություններն ավարտվել էին, նախնական պայմանագրերը կնքվել, մի գիշերվա մեջ հայկական կողմը որոշեց ավելի վատ պայմաններով 5-րդ բլոկը «Գազպրոմին» տալ: «Գազպրոմին» անցավ Իրան-Հայաստան գազամուղի Հայաստանի տարածքով անցնող հատվածը, որը զրկեց Իրանին և Հայաստանին իրանական գազը սեփական հայեցողությամբ օգտագործելու հնարավորությունից: Հայաստանի տարածքով իրանական գազը տարանցելը Ռուսաստանը կանխեց: Մեղրիի հԷկի շինարարությունը պետք է սկսվեր 2012-ին, Իրան-Հայաստան նոր բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը պետք է սկսվեր 2010-ին: Այս պարագայում ՀՀ արտգործնախարարին մնում է ամեն ինչ ասելով ոչինչ չասելու տարբերակը, ԻԻՀ արտգործնախարարին՝ հույս ունենալ, որ գուցե ստացվի: Արևելյան դիվանագիտությունը սպասելու ու սպասեցնելու արվեստին տիրապետում է լավագույնս, գիտի ժպտալ, երբ այլևս ոչնչի չի սպասում ու ոչինչ չի առաջարկում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Անցած շաբաթվա դիմանկարն անավարտ կլիներ առանց Իսրայելի ու Բելառուսի նախագահների: Ռեուվեն Ռիվլինը Հոլոքոստի հիշատակման օրը ՄԱԿ-ի ամբիոնից խոսեց Հայոց ցեղասպանության մասին, հիշեց, որ «1915 թվականին Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել», իսկ Իսրայելը «մինչ օրս դա չի ճանաչել որպես Ցեղասպանություն»: Ո՞Ւմ էր ասում՝ չասաց: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Բելառուսը դուրս կգա ԵԱՏՄ-ից, եթե Ռուսաստանը շարունակի առևտրային պատերազմը: Հայաստանի նախագահը Ծիծեռնակաբերդում ընթերցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Տպավորիչ տեսարան էր՝ մոմերով, լույսերով, աշխարհիկ ու հոգևոր տերերով ի Հայաստանս և ի սփյուռս: ՈՒ մենք բոլորս հիմա գիտենք, թե որոնք են Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային իրավական հիմքերը, գիտենք, որ ցեղասպանությունը կատարվել է 1894-1923 թթ., որ 1919-1921 թթ. օսմանյան ռազմական արտակարգ ատյանները «Իրավական և մարդկային օրենքների դեմ» ծանր ոճիր գործածներին տվել են իրավական գնահատական, ինչն առաջ էլ գիտեինք, բայց չգիտենք, թե մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց ու հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակել միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար արձանագրելուց, ցեղասպանությունը ճանաչած պետություններին ու միջազգային կառույցներին երախտագետ լինելուց, չճանաչածներին ճանաչելու կոչեր ուղղելուց բացի ի՞նչ ենք ուզում, ու այդ ի՞նչ թղթածրար է, որ դեռ մշակվում է՝ արտահայտելու Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում: Ե՞րբ է ի հայտ գալու խորհրդավոր թղթածրարի բովանդակությունը: Եթե մեր կարգախոսն է` «Հիշում եմ և պահանջում», ու արդեն պարզել ենք՝ ինչ հիշել, ի՞նչ ենք պահանջում: Չասեք, թե դա էլ «հայորդիների գալիք սերունդների» գործն է` նրանք էլ մեզ նման անհասկացող են լինելու «համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման» գործում, քանի դեռ այդ նպատակներն անվանված չեն: Պաշտոնապես: