ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հարավային հոսքից» հրաժարվում են հանուն Արևմուտքի նկատմամբ հաղթանակի

«Հարավային հոսքից» հրաժարվում են  հանուն Արևմուտքի նկատմամբ հաղթանակի
05.12.2014 | 11:28

Դեկտեմբերի 1-ից աշխարհի գլխավոր սենսացիոն նորությունը դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան հրաժարվում է Սև ծովի հատակով դեպի Բուլղարիա և Բալկանյան թերակղզու սլավոնական այլ երկրներ «Հարավային հոսք» գազամուղի շինարարության իր նախագծից։ Հայտարարությունը հնչեց Ռուսաստանի նախագահի` Թուրքիա կատարած պետական այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում։ «Հարավային հոսքի» հարցում Եվրահանձնաժողովի ոչկառուցողական դիրքորոշման պատճառով Մոսկվան, սակայն, ոչ թե հրաժարվում է իր մտահղացումից, այլ պարզապես վերահասցեագրում է իր էներգապաշարների մատակարարումները։ Վ. Պուտինի խոսքերով ասած, Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրականացումը։ Նա նշեց, որ մինչև հիմա չի ստացվել Բուլղարիայի թույլտվությունը երկրի բացառիկ տնտեսական գոտի այդ նախագծի մուտքի վերաբերյալ։ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, որը ռուսական պատվիրակության մեջ էր, ասաց, որ «Հարավային հոսք» նախագիծը փակված է։
Սակայն սրանք մի փոքր սխալ մեկնաբանություններ են. մարդիկ պարզապես ռիսկի են դիմում և գազի բաշխման իրենց որոշ լիազորություններ փոխանցում են Թուրքիային, իսկ «Հարավային հոսքի» փոխարեն տեղի կունենան «Երկնագույն հոսք» գազամուղի վերակառուցում ու հնարավորությունների ընդլայնում։ Թեև այստեղ, երևի, գործ ունենք գլուխկոտրուկի հետ։ Առայժմ այդ հաղորդագրությունները հրապարակավ «վատ լուրեր» են անվանել միայն Սերբիայի և Բոսնիայի Սերբական Հանրապետության իշխանությունները։ Նրանք «Հարավային հոսք» նախագծի ձախողման գործում ուղղակիորեն մեղադրում են Արևմուտքին, իսկ ավելի ճիշտ՝ այսօրվա Գերմանիային։ Այսպես, Բոսնիայի Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ իր համար անհասկանալի են Եվրոպայի տարբեր երկրների դիրքորոշումները, որոնք խոչընդոտում են «Հարավային հոսք» գազամուղի շինարարությանը։ «Մի քանի տարի առաջ կառուցվեց նույն ակունքներից սնվող «Հյուսիսային հոսքը», որը հասավ Գերմանիա ու Եվրոպայի զարգացած երկրներ, և այնտեղ գազի մատակարարման կրճատումներ չեն եղել ՈՒկրաինայի ամբողջ ճգնաժամի ընթացքում։ Ինչո՞ւ մեզ չեն թողնում նույն պայմաններով կառուցել «Հարավային հոսքը»։ Ինչո՞ւ պիտի մենք մտահոգվենք, որ ապագայում էներգետիկ առումով ապահովված չենք»,- հայտարարել է Դոդիկը PTPC հեռուստաալիքի եթերում։ Նրա ասելով, Արևմուտքը բոսնիացի սերբերին դնում է մի վիճակում, երբ նրանք ստիպված են ռուսական գազի տարանցման համար վճարել արևմտյան միջնորդ երկրներին։ «Մենք տուժում ենք խոշորների հակամարտության պատճառով»,- Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին է մեջբերում Բելգրադի ТАНЮГ գործակալությունը։
Իսկ բուլղարներն առայժմ հոխորտում են։ Բուլղարիայի խորհրդարանում «բլեֆ» են համարել «Հարավային հոսքից» հրաժարումը և փորձում են ձևացնել, թե իրենց «վեջը չէ»։ Ընդգծված արձագանք չկա Եվրամիության ու Եվրահանձնաժողովի կողմից։ Եվրամիությունում ոմն աղբյուր (անանուն է, երևի, որովհետև ինքն է գիտակցում իր ասածի անմտությունը) բարբաջել է, թե, իբր, «իսկական պատճառը հեռու է հայտարարվածից»։ «Հարավային հոսքի» ստեղծումը մեծ փողեր արժե։ Այն պայմաններում, երբ նավթի ու գազի գներն ընկնում են, «Հարավային հոսքի» շինարարությունը տնտեսապես անշահավետ է դառնում,- «Ինտերֆաքս» գործակալությունը մեջբերում է եվրոպացի այդ աղբյուրից։- Այդ նախագիծը «Գազպրոմի» վրա մեծ փողեր կնստեր, ու հիմա նրա համար ավելի հարմար է գտնել փոքր Բուլղարիա և նրա վրա բարդել նախագծի ձախողման մեղքը»։ Աղբյուրն ընդգծել է, որ «Եվրամիությունում երբեք չեն ասել, թե «Հարավային հոսքը» մեզ դուր չի գալիս»։ «Մենք միայն հայտարարել ենք, որ եթե ընկերությունն ուզում է բիզնես անել ԵՄ-ում, ապա նա պետք է պահպանի Եվրամիության օրենսդրությունը։ Այնպես, ինչպես, եթե եվրոպական որևէ ընկերություն ուզենա աշխատել Ռուսաստանում, ապա պետք է պահպանի ռուսաստանյան օրենսդրությունը»,- պարզաբանել է նա։ Իբր, «Հարավային հոսքի» հանդեպ բռնած դիրքով Եվրամիությունը ցանկացել է «պաշտպանել իր սպառողներին»։ Իսկ սերբ ներկայացուցիչների արտահայտություններից մենք հեշտորեն տեսնում ենք, որ եվրոպական աղբյուրը ստում է, եվրոպական սպառողի շահերի պաշտպանության ոչ մի մտահոգություն էլ չի եղել։ Հատկանշական է, որ «պոչ է խաղացնում» նաև Եվրահանձնաժողովը։ Այնտեղ դեկտեմբերի 2-ին հրաժարվեցին մեկնաբանություն անելուց, հայտարարելով, թե Եվրահանձնաժողովն առայժմ պաշտոնապես չի ծանուցվել «Հարավային հոսքից» Ռուսաստանի հրաժարվելու մասին, և քանի դեռ մանրամասները հայտնի չեն, եվրահանձնակատարները կլռեն։ Ավելին, Եվրահանձնաժողովը ԵՄ երկրների կառավարությունների հետ հանդիպում կանցկացնի 2014 թ. դեկտեմբերի 9-ին` «Հարավային հոսքի» առնչությամբ։ Հանդիպումը ծրագրված էր մինչ ՌԴ-ի կողմից նախագծի կասեցումը, ավելացրել են Եվրահանձնաժողովում։
Եվրահանձնակատարները, ի տարբերություն ԵՄ-ի ամերիկամետ քաղգործիչների, հիանալի են հասկանում, որ Արևմուտքը «ինքն իր գլխին սարքեց»։ Ընդսմին համոզված են, որ այդ բանը հասկանում են նաև Եվրամիությունում, ուղղակի իներցիայով ստում են։ Որպեսզի ոչ ոք կասկած չունենա, որ եվրոպացիները ստում են, բերենք ապացույցներ։ Որքան էլ թանկ լիներ «Հարավային հոսքը», այն շահութաբեր էր լինելու։ ՈՒ եթե հարավային երթուղով դեպի Եվրոպա գազ փոխադրելու գաղափարը խոստումնալից չլիներ, ռուսներն առհասարակ հրաժարված կլինեին նրանից և ոչ թե նրա ուղղությունը կփոխեին դեպի Թուրքիա։ Ի դեպ, արդեն գործող գազամուղի վերափոխումը միշտ ավելի թանկ նստող գործ է, քան «զրոյից» նոր գազամուղի կառուցումը, այդուամենայնիվ, Ռուսաստանը պատրաստ է դիմելու այդ քայլին։ Ինչո՞ւ։ Եվրահանձնաժողովի ու Եվրամիության սուտը երկու տարրում է. 1) նավթի գներն են ընկնում, ոչ թե գազի, 2) գերմանացիները, բռնելով անորոշ դիրք և փաստորեն հաճոյանալով ԱՄՆ-ին ու Եվրոպայում նրա խամաճիկներին, չեն ուզում, որ «Հյուսիսային հոսքը» և Եվրոպայի ներսում ռուսական գազի գների որոշման իրենց բացառիկ իրավունքը մրցակից ունենան։ Նրանք ուզում են, որ, ինչպես բացահայտորեն մատնանշել է Բոսնիայի Սերբական Հանրապետության նախագահ Մ. Դոդիկը, «սլավոնները ռուսական գազի տարանցման համար վճարեն միջնորդ երկրներին»։ ՈՒստի «Հարավային հոսքը» սառեցնելու Վ. Պուտինի խոսքերը միանշանակ անկեղծ են թվում. «Նկատի ունեմ, որ հիմա պետք էր անցնել Սև ծովում այդ խողովակաշարային համակարգի շինարարությանը։ Մենք չենք կարող ծովում շինարարություն սկսել, քանի դեռ Բուլղարիայից թույլտվություն չենք ստացել։ Ռուսաստանը չի կարող ծովում սկսել շինարարությունը, հասնել բուլղարական ափերին ու կանգ առնել։ Դա ուղղակի անհեթեթություն է, կարծում եմ, դա բոլորին է հասկանալի»։
Աշխարհը բախվել է սկզբունքի հակամարտության։ Միանգամայն ակնհայտ է, որ Մոսկվան չի հրաժարվել ՈՒկրաինան շրջանցող գազատարի կառուցման ծրագրից։ Սակայն շեշտը դրվում է Թուրքիայի վրա։ Ինչո՞ւ։ Հավանաբար խնդիրն այն է, որ Մոսկվան Անկարային առաջարկել է շատ լայն մի սակարկություն. մասամբ փոխանցում են գազի տնօրինման իրավունքը, և հատկապես Բալկաններում` Հունաստանի սահմանագլխին։ Անհրաժեշտություն է առաջանում ստեղծելու հսկայական գազամուղ կետ, իսկ այնուհետև ամեն ինչ նորից կախված կլինի ԵՄ-ից ու Եվրահանձնաժողովից։ Իսկ փոխարե՞նը։ Սա արդեն էական հարց է. իսկ ի՞նչ հարցում թուրքերը, ըստ էության, կարող են և պետք է զիջեն Ռուսաստանին։ Այն, որ գազի հարցում Մոսկվան Բուլղարիայի փոխարեն ընտրում է Թուրքիան` հասկանալի է, ի տարբերություն շատերի։ Թուրքիան հրաժարվել է հակառուսական պատժամիջոցներին մասնակցելուց։ Իսկ թե Թուրքիայից ինչ կարող է կորզել Ռուսաստանի նախագահ Պուտինը, ծայրաստիճան հետաքրքիր է, բայց այդ հարցը հստակ պատասխան ունենալ չի կարող, թեև հասկանալի է, որ առերես բանակցությունները, որոնք մեկ-մեկուկես ժամի փոխարեն տևել են ավելի քան երեք ժամ, երևի, եղել են տարողունակ ու բովանդակալի։
Ինչպե՞ս պետք է Հայաստանն ու մեր ազգը վերաբերվեն դեպի Թուրքիա Ռուսաստանի քաղաքականության շրջադարձի հերթական քայլին։ Չէ՞ որ դա, միաժամանակ, տեղի է ունենում Թուրքիայում հայերի ցեղասպանության ողբերգական 100-րդ տարելիցի շեմին։ Ընդ որում, նկատելի էր, որ Անկարայում դեկտեմբերի 1-ին Վ. Պուտինի հայտարարությունների ոչ բոլոր ծայրերն են իրար բռնում։ Հասկանալի է, որ տնտեսական առումով «Հարավային հոսքը» Բուլղարիայի համար «համեղ նախագիծ» էր, և որ նրան ԱՄՆ-ն ու ԵՄ-ն են ստիպել հրաժարվելու դրանից` իրենց Երրորդ էներգետիկ ծրարով։ Բայց այդ դեպքում ի՞նչն է ՌԴ-ի իշխանություններին հնարավորություն տալիս մտածելու, թե իրենք կկարողանան այդ գազը Եվրոպա հասցնել Թուրքիայով և Հունաստանով, եթե Վաշինգտոնն ու Բրյուսելը հաստատ այդ երկրների առջև նույն պայմանները դնեն, իսկ նրանք, անկասկած, նույնպես, եթե ոչ ավելի, կախում ունեն ԵՄ-ից ու ԱՄՆ-ից։ «Թուրքիայի ձեռքերը ոլորելը» հեշտից էլ հեշտ է Արևմուտքի համար, եթե հիշենք, թե ներդրումների առումով որ երկրներն են առջևից ընթանում թուրքական տնտեսության մեջ. խոսքը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասին է (Իսրայելով հանդերձ)։ Հունաստանի հարցը շատ ավելի հեշտ է, նա դեռ անցած տարվանից է գտնվում ԵՄ-ի և ԱՄՀ-ի արտաքին կառավարման ներքո։
Առայժմ կարելի է միայն վարկածներ ու ենթադրություններ կառուցել։ ՈՒ թվում է, որ Մոսկվայի այդ բարդ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական խաղում խնդիրներից մեկը կարող է լինել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հնարավոր ապագա «խաղերից» Թուրքիային «հետ պահելու» փորձը, անգամ կոնկրետ Արցախի և Ադրբեջանի հակամարտության շրջանակներում։ Հասկանալի է, որ Ռուսաստանի նպատակն է վտանգազերծել Կովկասի իր մասը, չէ՞ որ ԱՄՆ-ի մտադրությունը` Վրաստանը վերածելու «սիրիական ընդդիմադիրների» ¥պետք է հասկանալ` նույն «Իսլամական պետություն» խմբավորման մեջ մտնող իսլամական արմատականների¤ պատրաստման բազայի և «Գուանտանամոյի բանտերի նախկին կալանավորների (այդ թվում՝ նույն արմատական ահաբեկիչների) «աքսորավայրի» (որոնց շատ հեշտ կլինի «ժամանակավորապես դուրս թողնել» դիվերսիոն-քայքայիչ գործողությունների մասնակցության համար), արդեն լայնորեն հայտնի է ամբողջ աշխարհին։ Եվ Վրաստանի ղեկավարությունը համաձայնությամբ է պատասխանել ամերիկացիներին։ Մոսկվայի մյուս խնդիրն է Թուրքիային համոզել նվազագույնի հասցնելու իր ներգրավվածությունը Սիրիայի և Իրաքի գործերում, չէ՞ որ այդ մասին էլ է (Սիրիայի և Իրաքի մասին) Պուտինը խոսել Անկարայում։
Բայց դա համաշխարհային գլոբալ քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Եվ այնուամենայնիվ, Հարավային Կովկասի վերաբերյալ կոնկրետ ի՞նչ կարող էին Անկարայում քննարկել Պուտինն ու Էրդողանը։ Առայժմ վաղ է պնդել, ինչպես դա արդեն անում են Ռուսաստանի անմնացորդ նվիրյալները, թե, իբր, «Մոսկվան և Անկարան ձևափոխում են Մեծ Մերձավոր Արևելքը»։ Ռուսաստանը, ինչպես ոչ մի այլ երկիր, համարժեք ու խելամիտ գիտակցել և գիտակցում է, որ առանց Իրանի մասնակցության Մեծ Մերձավոր Արևելքում ոչ մի հարց լուծվել չի կարող։ Նույն բանը (ընդ որում՝ սեփական մաշկի վրա զգալով) մի քանի անգամ խոստովանել են նաև թուրքերը, սկսած 1991-92 թթ., իսկ ամենավերջին անգամ հենց Իրաքում ու Սիրիայում 2013-14 թթ.։ Այսպիսով, այն ենթադրությունը, թե Ռուսաստանն ու Թուրքիան ուզում են «ձևափոխել Մեծ Մերձավոր Արևելքը», ճիշտ կլիներ միայն այն դեպքում, եթե դեկտեմբերի 1-ին Պուտինի ու Էրդողանի կողքին կանգնած լիներ Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Բայց արդեն ամբողջ աշխարհին է պարզ, որ Թեհրանը Մոսկվայի հետ «իր սիրախաղն» ունի, ու պատահական չէ ամենևին, որ դեկտեմբերի 1-ին տխրահռչակ Ջեն Պսակին Ռուսաստանին սպառնում էր «նոր պատժամիջոցներով», եթե «մթերք և ապրանք` նավթի ու գազի դիմաց» ռուս-իրանական գործարքը սկսի իրականորեն աշխատել և իրականացվել։ Այսպիսով, հազիվ թե խոսված լինի Մեծ Մերձավոր Արևելքը ձևափոխելու ռուս-թուրքական համատեղ երկկողմ նախագծի մասին։ ՈՒ հազիվ թե խոսք եղած լինի Անդրկովկասի ռուս-թուրքական երկկողմ «վերաձևման» մասին, նկատի ունենալով երկուսի համար էլ Իրանի կարևորությունն ու արժեքավորությունը, ինչպես նաև այն, որ Վրաստանը շարունակում է մնալ իբրև ԱՄՆ-ի «չհայտարարված» գաղութ։
Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը ներկայումս անցնում է 30 մլրդ դոլարից, իսկ 2020-ին նրանք մտադիր են նշաձողը հասցնել 100 մլրդ դոլարի։ Զարգացման հիմնական ռեզերվները գտնվում են զբոսաշրջության և էներգետիկայի ասպարեզում։ Համեմատության համար Իրանի և Թուրքիայի միջև շրջանառությունը ընթացիկ տարվա տասն ամսում կազմել է ընդամենը 11 մլրդ 229 մլն դոլար, բայց այստեղ էլ տարեկան միջին հեռանկարով կողմերը ենթադրում են առևտրական գործարքների ծավալը հասցնել 35 մլրդ դոլարի։ Մոսկվան ևս խոսում է Անկարայի համար երկնագույն վառելիքի գինն իջեցնելու հնարավորության մասին։ Վերջապես կողմերը տարբեր ոլորտներում մոտ տասը փաստաթուղթ են ստորագրել, ինչպես նաև` ևս մեկ հուշագիր, որով հավաստվում է, որ Ռուսաստանը շարունակելու է Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի շինարարությունը։ Թուրքիան խնդրել է հնարավորություն ընձեռել մեծացնելու իր սննդամթերքի մատակարարումները` ԵՄ անդամ երկրների մթերքների մատակարարումները ներմուծող այլ աղբյուրներից լրացնելու Մոսկվայի վարած քաղաքականության շրջանակներում։ Այսինքն, թղթի վրա ամեն ինչ, կարծես, վատ չէ, սակայն դեկտեմբերի 2-ին Թուրքիայում բացված բիզնես-ֆորումում արդեն Արևմուտքը սկսեց ճնշում գործադրել Անկարայի վրա։ Հետագայում ևս հարկ կլինի սպասել Թուրքիայի վրա Արևմուտքի ճնշման սաստկացում։
Ենթադրական վարկածներից մեկը կարող է լինել հետևյալը. Իրանն ու Ռուսաստանը ձգտում են «ամերիկյան խաղից դուրս բերել» Թուրքիային։ ՈՒղղություններն էլ հասկանալի են. Կովկասն ու Մերձավոր Արևելքը։ Չէ՞ որ Անկարան դարձյալ Արևմուտքի կողմից օգտագործվում է որպես Կովկասի ու Մերձավոր Արևելքի դեմ ուղղված «խոյ»։ Սակայն, նույնիսկ եթե այդպես էլ է, ապա Հայաստանը դրանից մազաչափ անգամ օգուտ չի ունենա։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ