ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շագրենի կաշվի մեր տարբերակը

Շագրենի կաշվի մեր տարբերակը
10.10.2014 | 01:04

Չէ, դուք, հարկավ, կարող եք ասել՝ այսպես չի լինում: Համաձայն եմ: Բայց հոկտեմբերի 10-ը այն օրն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որ արթնացել է ՀՀ-ում, հաջորդ օրն արթնանալու է արդեն այլ երկրում: Եվրասիական տնտեսական տարածքում՝ պետություն մի քանի մայրաքաղաքներով, որոնցից ոչ մեկը Երևանը չէ: Սա տարբերակ առաջինն է: Իշխանությանը: Կա տարբերակ երկրորդը՝ ոչիշխանությանը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որ հոկտեմբերի 10-ին արթնացել է ՀՀ-ում, հաջորդ օրը կարթնանա այն երկրում, որտեղ հոկտեմբերի 10-ին, երեկոյան ժամը 18-ին, Ազատության հրապարակում հայտարարվելու է իշխանափոխության սկիզբ: Դուք, հարկավ, կարող եք ասել՝ այդպես չի լինում: Համաձայն եմ: Բայց՝ խոստացել են: Դժվար-դժվար, բայց հասան այդ կետին: Աբովյանից Վանաձոր, հանրահավաքներում «Ժառանգությունը» ակտիվ-ակտիվ իշխանափոխություն էր ուզում, ՀԱԿ-ը համոզում-պահանջում էր, ԲՀԿ-ն ծանրումեծ ասում էր՝ եթե իշխանությունը չանի այն, ինչ պիտի անի… ՈՒ՝ այդպես: Հոկտեմբերի 6-ին Վանաձորում ԲՀԿ-ն ասաց. «Մեկ հարցում մենք միասնական ենք՝ այս իշխանությունները երկիրը տարել են կործանման, հասցրել են փակուղի, և այս իշխանությունները պետք է հեռանան»: Վարդան Օսկանյանը չկար: Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, չկար: Կար Նաիրա Զոհրաբյանը, որ նոր էր վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ամեն քայլափոխի հանդիպել էր Հայաստանից «մազապուրծ փախած» հայերի ու հասկացել էր՝ վերջ: Իշխանափոխություն է պետք: Եվ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի գնում Ստրասբուրգ: Ողջ կազմով: Մի քանի օրով: Գոնե:
Կա, հարկավ, երրորդ տարբերակը՝ հոկտեմբերի 10-ին ու հաջորդ օրերը բոլորս արթնանում ենք ՀՀ-ում: Այսինքն՝ Մինսկում Հայաստանին Եվրասիական տնտեսական տարածք չեն ընդունում: Այսինքն՝ երեկոյան, Ազատության հրապարակում իշխանափոխություն չի սկսվում: Մաթեմատիկոսները կհաշվարկեն ու կասեն, որ չորրորդ ու հինգերորդ տարբերակներն էլ կան՝ Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին, Ազատության հրապարակում հանրահավաքը ամփոփում է իր 12 չընդունված կետերը, նոր ժամանակ է տալիս իշխանությանը, ու՝ վերջ: Հայաստանը անդամակցում է ԵՏՄ-ին ու Ազատության հրապարակում հանրահավաքը Հայաստանում սկսում է իշխանափոխության գործընթացը: Վեցերորդ ու յոթերորդն էլ կան: Հոկտեմբերի 10-ը օր է, որ ամեն ինչ հնարավոր է: Իսկ ի՞նչ է մեզ պետք:
Անցյալ տարվա սեպտեմբերից, երբ մեր կյանքում որոշման տեսքով հայտնվեց Մաքսային միությունը, ամբողջ մեկ տարի, այդ միության, ապա նաև ԵՏՄ-ի մասին ասվեց ամեն ինչ, չասվեց գլխավորը՝ ի՞նչ է փոխվելու մեզնից յուրաքանչյուրի կյանքում: Ի սկզբանե հարցը քաղաքականացվեց, թեպետ խոսքը, կարծես, տնտեսական միության մասին է: Համենայն դեպս՝ շնորհիվ ղազախների, որ կտրականապես դեմ եղան վերպետական մարմնի ստեղծմանը և պաշտպանեցին միության մյուս անդամների քաղաքական անկախությունը ևս: Որքան էլ ցավալի է, Հայաստանի պարագայում դա ապրիորի հարց է՝ իսկ ունե՞նք անկախություն, որ վտանգենք: Մեր անկախությունը անցած տասնամյակներում մենք «Գույք` պարտքի դիմաց» բանաձևով օտարել ենք, սեփականաշնորհել ու վաճառել ենք Ռուսաստանին: Անփոխադարձ սիրո սկզբունքով: Տնտեսության մեջ՝ հաստատ: Հայաստանի պարագայում ամենացավոտ հարցը ԼՂՀ-ԵՏՄ փոխհարաբերությունն է: Այսօրվա ու վաղվա մեջ: Որովհետև ԵՏՄ-ն բաց միություն է, և ԵՏՄ բոլոր անդամները առանց բացառության շահագրգռված են իրենց կուռ շարքերում Ադրբեջանը տեսնել: Հայաստանին ոչ ոք ոչինչ չի հարցնում: Ադրբեջանը պետք է Ռուսաստանին՝ կանխելու համար Արևմուտքի հետ նավթագազային գործարքները: Ադրբեջանը պետք է Ղազախստանին, որ փորձում է թուրքալեզու պետությունների միություն տեղծել ու գլխավորել: Ադրբեջանը պետք է Բելառուսին, որ ընդլայնում է ապրանքաշրջանառությունը Բաքվի հետ ու զենք է վաճառում՝ ինչպես և Ռուսաստանը:

ՈՒկրաինայի կորստից հետո ԵՏՄ-ն այլևս Եվրոպայում նոր հենման կետ չունի ու չի ունենալու, ընդլայնումը կատարվելու է Ասիայում: Ռազմավարական համագործակցությունը Բաքվի հետ Մոսկվային, Մինսկին, Աստանային օրինաչափորեն թելադրելու է Ադրբեջանը ԵՏՄ բերելու քաղաքականություն, հեռանկարում ունենալով Թուրքիային: Անկարան ԵՏՄ անդամ չի դառնա: Ոչ միայն չվտանգելու համար ԵՄ անդամակցության գործընթացը, այլև իմաստ չտեսնելով անդամակցել մի միության, որը ԵՄ-ի հետ համեմատության բոլոր կետերում զիջում է: Անկարան իր «կրտսեր կեսին» կգործուղի իբրև ներկայացուցիչ՝ իրեն վերապահելով լայն ու ընդլայնվող համագործակցության տարբերակը: Առավել ևս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս սեպարատ բանակցություններում քննարկվում է Ղարաբաղի հարցի լուծման Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին ձեռնտու տարբերակը՝ Հայաստանը հանձնում է «օկուպացված» շրջանները, Թուրքիան բացում է Հայաստանի հետ փակ սահմանը, Ռուսաստանը իր զորքերն է տեղակայում սահմանին… Ի՞նչ է ստանում Ղարաբաղը: Հարցրեք ռուսներին, թուրքերին, ադրբեջանցիներին: Ադրբեջանի ԵՏՄ անդամակցության պայմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է՝ այդպես են նրանք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: Իսկ մե՞նք:
Ի՞նչ ենք մենք ընտրել: Թվերի լեզուն խոսուն է: Համեմատեք ինքներդ՝ Եվրամիության տարածքում՝ 4,3 միլիոն քառակուսի կիլոմետր, ապրում է 506 միլիոն մարդ, ԵՏՄ տարածքում՝ 20,3 մլն քառակուսի կիլոմետր, ապրում է 170 միլիոն մարդ: ԵՄ-ում կա 28 պետություն և 24 պաշտոնական լեզու, ԵՏՄ-ում՝ 3 պետություն և 1 պաշտոնական լեզու: ԵՄ-ի ՀՆԱ-ն 16100 միլիարդ եվրո է` համաշխարհային տնտեսության 25 %-ը, ԵՏՄ-ինը՝ 2100 միլիարդ եվրո՝ 3 %-ը: Մեկ բնակչի ՀՆԱ-ն ԵՄ-ում՝ 25900, ԵՏՄ-ում՝ 11300, միջին աշխատավարձը ԵՄ-ում՝ 1820 եվրո, ԵՏՄ-ում՝ 490: ԵՄ-ից արտահանումը՝ 1700 միլիարդ եվրո է, ԵՏՄ-ից՝ 400, ԵՄ ներմուծումը 1700 միլիարդ եվրո է, ԵՏՄ՝ 260: ԵՄ-ի մասնաբաժինը համաշխարհային առևտրում շուրջ 20 % է, ԵՏՄ-ինը՝ 0,5 %: Այս թվերը արդեն կարող եք անվավեր համարել, հաշվարկները արվել են նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումն ու կիրառումը: Նոր հաշվարկներ չկան, երբ լինեն, լինելու են ի վնաս ԵՏՄ-ի: Որովհետև բացի Ռուսաստանից` ԵՄ-ն իր ապրանքները արտահանելու ու ներմուծելու այլ տարածքներ ունի, իսկ փոխադարձ պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի տնտեսական կացությունն ավելի է վատացրել՝ ինչ բարձրաձայն ասում են ռուս ոչ միայն տնտեսագետները, այլև քաղաքական գործիչները: Հավելեք՝ համաշխարհային շուկայում նավթի գնի անկումը, որ ակցիա չէ, այլ գործընթաց: Անցյալ սեպտեմբերին մենք խելամտորեն ու հեռատեսորեն ընտրեցինք այն տարածքը, որտեղ կարող էին մեր ապրանքները մրցունակ լինել՝ ինչպես երկար-բարակ բացատրվեց: Բայց երկար-բարակ լռության մատնվեց, որ այդ ընտրությամբ մենք տնտեսական հետամնացության դատապարտեցինք առանց այդ էլ հետամնաց տնտեսությունը՝ կանխելով նոր տեխնոլոգիաների մուտքը: Մեզ բացատրվեց, որ մեր առաջ բացվում է վիթխարի շուկա: Իսկ այդ շուկան արդեն բաց էր միջպետական պայմանագրերով՝ եթե գործեին: Մեզ բոլորովին չբացատրվեց, թե տնտեսության դիվերսիֆիկացիայի ինչ հնարավորություններ ենք ստանալու: Փոխարենը մեծագույն հաղթանակ ներկայացվեց, որ այսուհետ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողներին Ռուսաստանից չեն վտարի: Այսինքն՝ արտագաղթը բազմապատկելու նոր պայմաններ ենք ստեղծել, ուրիշ ի՞նչ ենք ուզում ռազմավարական գործընկերոջից: Անվտանգություն: Թե ինչ ձևաչափ ունի այդ անվտանգությունը, արդեն դժվար է բանաձևել: ՀԱՊԿ-ը բացահայտորեն այն կառույցը չէ, որ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը: Գյումրու ռուսական ռազմաբազան դառնում է ամենամեծ վտանգը Հայաստանի համար՝ սա արդեն ակնհայտ է:
Սեպտեմբերի 30-ին իշխանությունից իր 12 պահանջների կատարումն ակնկալող ոչիշխանական քառյակը հանրահավաքները սկսեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ժողովրդի կարծիքը տեղերում իմանալու համար: Առաջին իսկ հանրահավաքից պահանջը դարձավ մեկը՝ իշխանափոխություն: Հայաստանի մարզերը 10 օրում հեղափոխականացրած եռյակը ի՞նչ է անելու հոկտեմբերի 10-ին՝ իրականում հարց է: Բոլոր ընտրություններում վճռական խոսքը ասել է Երևանը: Կհավաքվի՞ այսօր Ազատության հրապարակում ոչիշխանության ակնկալած «կրիտիկական զանգվածը», մայրաքաղաքը տեղից կշարժվի՞: Եթե նույնիսկ հավաքվի, ոչիշխանական եռյակը, ունենալով իշխանափոխության նախադրյալներ, վերստին տուն չի՞ ուղարկի աշնան կեսին գարուն որոնողներին: Առաջին անգամ Հայաստանում ոչիշխանությունը ունի ֆինանսական միջոցներ՝ սա միակ տարբերությունն է նախորդ համանման իրավիճակներից: Քաղաքական դաշտում վերջապես վերադասավորում է տեղի ունենում, որ համապետական ընտրություններից հետո կասեցվեց, բայց տրամաբանորեն պիտի կայանար:
Ո՞րն է իշխանության ռեսուրսը: Եղել է, թե չի եղել ընդդիմություն Հայաստանում, Հայաստանի ժողովուրդը բոլոր ընտրություններում ձայն է տվել իր ընդդիմադիր համարած թեկնածուին՝ հավատացել է, թե չի հավատացել նրա հաղթանակին: Այսինքն՝ ժողովուրդը, որ ջանադիր հեռացվում է Հայաստանից, իր գերակշիռ մասով ընդդիմադիր է, իշխանությանը մնում է իր վարչական ռեսուրսը, մեկ էլ՝ հարազատ օլիգարխները, որ նորից պիտի պաշտպանեն իրենք իրենց՝ ի դեմս իշխանության: Իսկ նրանք ուժեղ են: Հայաստանում, որպես կանոն, իշխանությունը մնում կամ փոխվում է դրսի՝ հիմնականում Ռուսաստանի միջամտությամբ: Ռուսաստանին Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, նոր անկայունության ու քաոսի կետ պետք չէ: Բայց պետք է, որ իշխանությունը մշտապես զգա իր զգոն ներկայությունը ոչ իշխանության տեսքով: Ինչպես միշտ՝ Մոսկվայում տարատեսակ խոստումներ են տրվել՝ եթե ժողովուրդ հավաքվի, եթե ժողովուրդը ցանկանում է, եթե… Ոչ մի «եթե» չկա: Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Մինսկ՝ ստորագրելու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը: Նա ընտրել է իր տարբերակը: Ինչքան ժողովուրդ էլ հավաքվի Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի համար քիչ է լինելու՝ Հայաստանում իշխանափոխության համար: Ոչիշխանական եռյակը ընդդիմություն դառնալու իր վերջին, վճռական փորձից հետո բավարարվելու է համապետական ընտրություններից առաջ իր նկատմամբ հարգալից վերաբերմունքով՝ թիկունքում ունենալով երկրաչափական պրոգրեսիայով ավելացող N+ զանգված: Ցավոք: Որովհետև, ինչ-ինչ, բայց եռյակը մի հարցում ճիշտ է՝ Հայաստանը դատարկվում է, և այս ընթացքով արտագաղթին արդեն պետական քաղաքականության կարգավիճակ տված իշխանությունը սպառում է երկրի ռազմավարական ամենակենսական ռեսուրսը՝ մարդկանց: Ամեն ինչ կարելի է վերականգնել՝ ժամանակի մեջ, բացի մարդու կորստից, իսկ որ հեռացածները չեն վերադառնում, ԳԵԼԱՓ-ի հարցումներ պետք չեն՝ հասկանալու համար: Շագրենի կաշին մեր դեպքում կրճատվում է՝ մեր ցանկությունները չկատարած: Եվ ի՞նչ ենք մենք անելու ռուս-բելառուս-ղազախ շրջանակում՝ դառնալով մասը մի միության, որի հետ չունենք սահմաններ: Ավանդաբար Հայաստանի կյանքում ճակատագրական էր փետրվարը, բայց ժամանակները փոխվում են ու աշունն է դառնում այն ժամանակը, երբ երկիրը փոխում է ընթացքը: Իսկ գուցե երեք-չորս տարիները՝ մինչև համապետական հերթական ընտրությունները, դառնան հենց այն ժամանակը, երբ շագրենի մեր կաշին դադարի կրճատվել ու սկսի կատարել մեր ցանկությունները: Անգամ անվերջ անկումը գտնում է հենման կետ ու սկսում վերընթացը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Կարող է գործել և բոլորովին այլ տարբերակ: Այդ դեպքում՝ շատ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ կփոխվեն. և՛ իշխանությունը «գործ» կանի, և՛ ոչ իշխանությունը: Բայց դա մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 11-ին ու 12-ին Երևանը նշելու է իր 2796-ամյակը, նաև՝ Ազատության հրապարակում:

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ