ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պատից կախված ամեն հրացան մի օր կրակում է

Պատից կախված ամեն  հրացան մի օր կրակում է
18.07.2014 | 01:00

Պատերազմի հոտ կա օդում: Այն կարող է սկսվել ղարաբաղյան «հանդերձարանից», որտեղից նախորդ օրը դուրս էր եկել հայտնի բարերար Լևոն Հայրապետյանը և… «չէր վերադարձել»:
Այո, ինչ-որ բան այն չէ: Այլապես «ուրբաթախոս» Սերժ Սարգսյանը չէր մտահոգվի` «պատից կրակող» և համառություն հանդես բերող ադրբեջանական զենքի առնչությամբ, որը «գնվել» էր «վարպետ» Պուտինից, ու հրադադարից այս կողմ գրեթե ամեն օր կրակում է:
Վերջին օրերի դիվերսիան` Քարվաճառում, Սերժ Սարգսյանի հայտարարությունը, Հայրապետյանի ձերբակալությունը, ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների խոր անհանգստությունները, Օլանդի կազմակերպած հանդիպմանը ադրբեջանական կողմի բացասական վերաբերմունքը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը, հայ զինվորների Շանզ Էլիզեում քելքը… նոր իրավիճակ են ստեղծել ոչ միայն ռուս-հայկական տանդեմում, այլև տարածաշրջանային կոնսենսուսում:
Դիվերսիայի մասով կարելի է կարծել, որ նման դեպքեր էլի եղած կլինեն: Ակնհայտ է. մերոնք, որ նախկինում կարծես «վաբանկ» չէին գնում, այս անգամ թե՛ հռետորաբանության, թե՛ կոնկրետ քայլերով ցանկացան միջազգային հանրությանը ցույց տալ, թե ինչ ասել է քնած մարդուն Եվրոպայի սրտում կացնահարած ադրբեջանցիների «վերադարձ» ազատագրված տարածքներ, և թե որքան անհնար է «յոթ» շրջանները «վերադարձնելը» մարդակեր, կացինը ձեռքին քնող Ադրբեջանին, որի հետ «բազարի» է նստել Ռուսաստանը:
Իր հայտարարությամբ ի՞նչ էր կանխում Սերժ Սարգսյանը` պատերա՞զմը, թե՞ այլ անցանկալի զարգացումներ, թե՞ երկուսը միասին, հասարակ մահկանացուներիս տրված չէ իմանալ: Սակայն, երբ այդ հայտարարությունից մեկ-երկու օր անց ձերբակալվում է Ղարաբաղի համար, բառիս բուն իմաստով, «կանգնած», Ղարաբաղում Սուվորովի ու Մադաթովի անվան ռազմական ուսումնարան կառուցող Լևոն Հայրապետյանը, անհնար է գոնե «մասնակի» կասկածներ չունենալ, որ իսկապես «ինչ-որ» բան է հասունանում: Քանզի, երբ ցանկանում ես ինչ-որ բան ասել «մեկին», «կողքինների» միջոցով ես «հղումը» կատարում:
Չմոռանանք նաև, որ խոսակցություններ կան Պուտին-Սարգսյան առաջիկա հանդիպման մասին` Աբրահամյան-Մեդվեդև այդպես էլ որևէ արդյունք չգրանցած հանդիպումից հետո: Կարելի է կարծել` ծանր դիսկուս է սպասվում, որովհետև ռուս փորձագետները չեն թաքցնում, որ գերնպատակը Ղարաբաղ ռուսական խաղաղապահներ մտցնելն է, ինչը մնացած ոչ մի խաղացողի սրտով չէ, և այս խաղում Հայաստանը Ռուսաստանի հետ «մենակ» մնալ… չի կարող և չի էլ կարելի:
ՈՒստի բոլորին այսօր մի հարց է հետաքրքրում` ի՞նչ կլինի. պատրա՞ստ է արդյոք Հայաստանը սպասվող զարգացումներին:
Նախ կամենք ու աղոթենք, որ դրանք հայոց ուսի չափով լինեն, և պատերազմը մեր դռնից երբեք չներխուժի: Ի դեպ, փորձագիտական մակարդակներում, այս պահին մասամբ անհնար են համարում պատերազմի վերսկսումը, համարելով, որ միջազգային հանրությունը երբեք թույլ չի տա Ադրբեջանին ու Ռուսաստանին` վտանգել իրենց նավթային ուղիները այս «գծում», ապա և կարծում են, որ Ռուսաստանը չի կարող երկու ճակատով պատերազմել և ՈՒկրաինայում դեռ երկար «խրված» կմնա: Հետո էլ` բլիցկրիգը շատ անհայտ, առավել ստույգ` հայտնի «ճակատագրի» կարող է վերածվել Ադրբեջանի համար` Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի հանգույն:
Իսկ մեր դեպքում… ինչպես միշտ, պակասում է շատ բան, սակայն առաջին հերթին այն, ինչի մասին խոսում էր մեծ բանաստեղծը` դիմելով «ո՛վ, հայ ժողովրդին».
-Որի ուժը իր միասնության մեջ է լո՛կ:
Կա՞ այսօր նման գիտակցություն ու միասնություն հայոց մեջ:
Ավա՜ղ… Հարցրու քառյակին, «այլոց» և «ամենոց»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ