ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բաքվի պաշտոնական լեզուն քրեակենցաղայինն էլ մնացել է

Բաքվի պաշտոնական լեզուն քրեակենցաղայինն էլ մնացել է
24.06.2014 | 00:09

Մոսկվայի «առատաձեռնությանը» Բաքուն պատասխանեց ռուսական «երեք տառերի»` Արևելքի առատաձեռնությանն արժանի շռայլությամբ և դա մատուցեց առայժմ բանավոր` Ադրբեջանի «պաշտոնական» լեզվով։
Մեր` սովետական մարդկանց վաստակած ընդհանուր փողերով կառուցված Գաբալան հենց այնպես «շաբաշ» տրվեց Բաքվին, իսկ հետո «թաքուն», որ «բարեկամ հայերը» չիմանան, ահռելի գումարով հարձակողական զենք ընծայեցին ռուսները թուրք-ադրբեջանցիներին: Հետաքրքիր է, Բաքուն Սովետին ոչ մի պարտք չունե՞ր, որ Գաբալան (և ոչ միայն Գաբալան) պարտքի դիմաց չվերցրեց Ռուսաստանը: Թե՞ միայն Հայաստանն էր ամբողջ Միությանը պարտք, որ մեր ունեցած-չունեցած պարտքի դիմաց «վերգիր» արեցին ռուսները: Այս քաղաքական թալանը, կարծում եմ, մի օր իրավական, քաղաքական և դիվանագիտական փորձաքննության և հետաքննության նյութ է դառնալու: Սա հետո, չնայած ամեն մի «հետոն» այսօր է իր ծիլերը գցում: Դառնանք Բաքվում Վ. Պուտինի հետ Ալիևի հանդիպման ժամանակ (2013 թ. օգոստոս) հնչած «դիվանագիտական փայլուն» արտահայտությանը, որի մասին կարելի էր գրել մի սուր և կծու պամֆլետ, եթե այն չլիներ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերանայման առիթ, քանի որ դեպքը միջազգային սկանդալի նյութ է: Զարմանալի է, որ Ռուսաստանի պես պետությունը, որը միջազգային հարաբերություններում միշտ նախանձախնդրորեն է պաշտպանել սեփական երկրի և պաշտոնյաների արժանապատվությունը, այս անգամ «բաց թողեց ականջի կողքով», գուցե ձեռնտո՞ւ չէր «հասկանալը», քանի որ Ադրբեջանին դեռ շատ զենք ունի վաճառելու:
Դիվանագիտական հանդիպման ժամանակ կողմերից մեկի մայրենի լեզվով հնչել է «սեռական բնույթի» հայհոյանք մյուս կողմի արտգործնախարարի հասցեին, և դա անտեսվել է: «Սիկտի՛ր, պարոն Լավրով»,- հնչել էր բարձր ամբիոնից: Վ. Պուտինը չէր կարող և պարտավոր էլ չէր տիրապետելու ադրբեջաներենին, այն էլ «մատերշինայի» մակարդակով: Իսկ Սերգեյ Լավրո՞վը` հայի արյունով և արտաքինով թիֆլիսեցին նո՞ւյնպես չհասկացավ: Ոնց էլ լինի, նա այդ «երեք տառի» թուրքերեն տարբերակը գոնե մի քանի անգամ լսած կլիներ Թիֆլիսի «թուրքի մեյդանում» կամ շուկաներում:
Պարզվում է` դիվանագիտական հարաբերություններում հույժ կարևոր և անհրաժեշտ պայման է Արևելքի «նրբություններին», տվյալ դեպքում՝ թուրք-ադրբեջանական «պաշտոնական» լեզվին տիրապետելը ոչ միայն ԱԳ նախարարության շարքային աշխատակիցներին, այլև նախարարին և առավել ևս նախագահին: Մեր` հայերիս բախտը բերել է. մեզ Աստված տվել է լեզուներ սովորելու ունակություն, և դրա շնորհիվ է, որ նույնիսկ ավստրալական բինդիբու ցեղի առաջնորդը հայի ներկայությամբ չի համարձակվի խոսել իրենց «պաշտոնական» լեզվով:
Եվ զարմանալին այն էր, որ նա` հզոր Ռուսաստանի պատկառելի ԱԳ նախարարը, լսելով իր հասցեին ասված հայհոյանքը, հանդիսավորությամբ գնաց ստորագրելու «հումանիտար» չգիտեմ` ինչ խնդիրների կարգավորման, թե խորացման փաստաթուղթը:
Ասում են` աշխատանքից հեռացվել է արարողակարգը վարող պաշտոնյան: Հետաքրքիր է, ՌԴ ներկայացուցիչները Բաքվին հարցրե՞լ են պատճառը… Եթե ռուսական կողմին բացատրել են, թե իբր «լեզվի սայթաքում է» եղել, որը պատշաճ չէ Ադրբեջանի նման «քաղաքական բարձր մշակույթ» ունեցող երկրի համար, ապա միամտություն կլինի ռուսների կողմից դրան հավատալը: Սերգեյ անվան տառադարձության հետ ոչ մի նմանություն չունեցող «դիվանագիտական-քաղաքական» այդ բառեզրը (տերմինը) Բաքվի կարծիքով՝ գործածվել-արտասանվել է ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Սա «լեզվի սայթաքում» չի եղել. նման դեպքում արարողավարը պետք է ասեր «Սերաֆիմ, Ստեպան, Սիմյոն և այլն», որ համարվեր լեզվի սայթաքում, ապա ներողություն պիտի խնդրեր, ուղղեր իր սխալը և այնուհետև շարունակեր արարողությունը: Բայց ոչ մի նման բան: Հիշենք Ալիևի անխռով դեմքը. այն «անակնկալից» նույնիսկ չփոխվեց. նախագահը շարունակում էր «լեզվավարժանք» անել Պուտինի հետ: Լավրովի հայ լինելը շատերին է հայտնի, և այդ «ողջույնը» նրան էր ուղղված: Սակայն պետք չէ միամիտ լինել. եթե նույնիսկ Լավրովը ծագումով հայ է, բայց նա Հայաստանի ԱԳ նախարարը չէ, այլ հզոր և հենց Ադրբեջանին զենք վաճառող պետության նախարար է, և այդ խոսքի համար Ռուսաստանը Բաքվին բողոքի նոտա պիտի հղեր` պետական բարձրաստիճան պաշտոնյային երկու երկրների նախագահների ներկայությամբ վիրավորանք հասցնելու համար և որ, ամենակարևորն է, պետք է քաղաքական սկանդալի բնույթ տար և դադարեցներ զենքի հետագա վաճառքը: Դա, ի դեպ, համազոր է պետությանը վիրավորանք հասցնելուն:
Եթե Ռուսաստանն այս վիրավորանքը «կուլ տվեց», ապա վաղը ստիպված է լինելու հանդուրժել Բաքվի նաև «գործնական առաջարկները»: Նախադրյալներ կան. Պուտինը այդ «երեք տառը» շալակած գնացել է Հեյդարովիչի տուն` «ազերչայ» խմելու, Պուտինը Իլհամչիկի մոտ գլուխ է գովել, թե` «Տեսա՞ր` ոնց հիմարացրինք «խիտրի» հայերին ու քեզ զենք տվեցինք, իսկ տնտեսական հարաբերություններն էլ ֆանտաստիկ չափերի կհասցնենք: Զենքի համար միամիտ մնա, էլի կտանք, փողը… համա՜, համա՜, շատ չուշանա»:
Հիմա անդրադառնանք այն հանդիպման շատ թե քիչ դիվանագիտական մասին, որտեղ շոշափվեցին իրավական հարցեր: Պատկերացնո՞ւմ եք, Ալիևը Ղարաբաղի խնդրի կարգավորման համար առաջարկեց հետևել միջազգային իրավունքի «տառին ու ոգուն»:
Վերջապես թուրքը խոսեց իրավունքից, այլ ոչ թե կացինը գործի դրեց: Ասում են` ամեն մարդ իր ճիշտն ունի, բայց ճշմարտությունը մեկն է: Հրաշալի առիթ է, որ Հայաստանի արտգործնախարարը միջազգային հանրությանը, Մինսկի խմբին և անձամբ Իլհամ Հեյդարօղլու Ալիևին գրավոր և բանավոր ներկայացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք միջազգային իրավունքի տեսակետից անթերի են և անխոցելի: Իսկ Դուք` մեր հարգարժան պատմաբան-միջազգային իրավագետներ, օգնեք նախարարին` կազմելու այդ փաթեթը, քանի որ նա բազմիցս ջանասիրաբար ապացուցել է, որ ինքն այդ գործում «կաղում է»: Ճիշտ ժամանակն է «բավարարելու» հարևան դարձած երկրի նախագահի պահանջը և համենայն դեպս լուսավորելու նաև Եվրոպային, ում քաղաքական ուղղորդումներով 1991 թ. արցախյան խնդիրը փակուղի մտավ. այդ մարդիկ լավ գիտեին այդ գործի ընթացքը, որ ինքնորոշման և տարածքային ամբողջության սկզբունքները կարելի է հակադրել և շահարկել ի վնաս հայերի և Ղարաբաղի։
Ահա այսպիսի երկրներով ենք շրջապատված, մեկի հետ դաշնակից ենք, որը զենք է վաճառում իր դաշնակցի թշնամուն, մյուսի հետ թշնամի ենք, որի զբաղեցրած տարածքի մեծ մասը պատմական Հայաստանի մասն է, իսկ ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ երբ Ռուսաստանը միամտություն ունեցավ կովկասյան թաթարներին հայրենիք ու պետություն նվիրելու, այդտեղ հայերը արդեն կառուցել էին Բաքուն, զարգացրել էին նավթարդյունաբերությունը, թատրոններ էին կառուցել, արդյունաբերություն ու մշակույթ ստեղծել։ Եթե նախկին կովկասյան թաթարներն իսկապես ուզում են «իրենց երկրից» հայերի հետքերը վերացնել, որ անլիարժեքության բարդույթից չտանջվեն, թող սկսեն Բաքուն և նավթահանքերը ոչնչացնելուց ու իրենցը ստեղծեն։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Տեսանյութ

''Сиктир'' вместо Сергей Лавров
Դիտվել է՝ 2677

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ