Օրերս աշխարհի լրատվամիջոցներում ամեն առումով հատկանշական մի տեղեկություն երևաց այն մասին, թե Մեծ Բրիտանիայի իշխանությունները Հինքլի Փոյինգի հրվանդանում և երկրի հարավ-արևմուտքում ատոմակայաններ կառուցելու վերաբերյալ 26 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ շինարարության պայմանագիր են կնքել չինական GNC ու CNNC և ֆրանսիական EDF ընկերությունների հետ։ Դա Եվրոպայում ԱԷԿ-ի կառուցման առաջին նախագիծն է, որն ապահովված է պետական երաշխիքով։ Բացի այդ, ինչպես հայտարարել է այցով ՉԺՀ-ում գտնվող Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը, իր երկրի կառավարությունը չինական կորպորացիաներին թույլ է տվել տիրանալ այն ԱԷԿ-ների օպերատոր ընկերությունների բաժնետոմսերի ծրարին, որոնք բրիտանական տարածքում կկառուցվեն նրանց կապիտալի մասնակցությամբ։ Նա ասել է. «Դա կլինի ևս մեկ մեծ քայլ Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի փոխհարաբերություններում» և, որ առանձնապես հատկանշական է, ընդգծել է, որ «ապագայում նոր էլեկտրակայաններում չին ներդրողների մասնաբաժինը կարող է մեծացվել՝ ընդհուպ մինչև բաժնետոմսերի հսկիչ ծրարը»։ Համագործակցության հուշագիրը ենթադրում է նաև բրիտանական ընկերությունների մասնակցություն Չինաստանի միջուկային ծրագրին։
Այսպիսով, տվյալ ԱԷԿ-ի շինարարությունը ոչ միայն ցույց կտա, որ «Ֆուկուսիմա» համավախը հաղթահարված է, ու եվրոպական երկրները հարկադրված են վերադառնալու ատոմային էներգետիկային որպես իրենց երկրների էներգետիկ կայունության ապահովման աղբյուրներից մեկին, այլև հարաբերությունների նոր մակարդակ է խոստանում Լոնդոնի ու Պեկինի միջև։ Դրան ավելացնենք, որ հիմա արդեն ֆունտ ստեռլինգն ուղղակիորեն կփոխանակվի յուանի հետ, լոնդոնյան Սիթին կդառնա չինական արժույթի առևտրի խոշորագույն կենտրոնն աշխարհում, չինացիներն իրավունք են ստացել երկրում բացելու իրենց բանկերի մասնաճյուղեր, իսկ յուանի գործարքներ անող լոնդոնցի ֆինանսիստներն ակնկալում են, որ հեռանկարում այն կմրցակցի դոլարի հետ։ Այնպես որ, Շանհայ կատարած այցից հետո անգլիացի դպրոցականներին Լոնդոնի քաղաքապետի խորհուրդը, թե՝ «սովորեք մանդարին լեզուն բրիտանական դպրոցներում», միայն ուղղակի ինքնատիպ երևալու ցանկություն չէ («մանդարինը» Չինաստանի պաշտոնական լեզուն է՝ հյուսիսչինական խոսվածքի հիման վրա)։
Սակայն վերադառնանք ատոմային էներգետիկային և հարց տանք. «Ինչո՞ւ է Լոնդոնը, որը դեռ այդ ոլորտում «գլոբալ օրենսդիր է», որոշել երկարաժամկետ և սերտ հարաբերություններ հաստատել չինական միջուկագետների հետ»։ Չէ որ երկար ժամանակ աշխարհում ատոմային էներգետիկայի զարգացման հիմնական շարժիչ ուժը Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, որոշ չափով էլ Ռուսաստանն են եղել, բայց ոչ Չինաստանը։ Չէ՞ որ Չինաստանը ներկա պահին ընդամենն ունի շահագործվող 17 միջուկային ռեակտոր, որոնք ապահովում են էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների ընդամենը 1 %-ը, իսկ առաջին ատոմակայանը բացվել է 1970-ի փետրվարի 8-ին։ Բայց 2020 թ. Չինաստանում էներգիայի ընդհանուր արտադրության մեջ ատոմային էներգետիկայի բաժինը ծրագրվում է հասցնել 6 %-ի, ինչը պահանջում է 70-80 ԳՎտ հզորություն, ուստի հիմա երկրում ակտիվորեն կառուցվում է 27 նոր ռեակտոր, և դա կազմում է աշխարհի բոլոր «ատոմային նորակառույցների» 40 %-ը։ Բայց, ամենայն հավանականությամբ, դրանով չեն բավարարվի։
Երբ Ֆուկուսիմայի աղետից հետո ատոմային էներգետիկայի զարգացման վրա կոշտ արգելք դրվեց, Չինաստանի իշխանությունները որոշեցին, որ եթե ԱԷԿ-ներում անվտանգության խստագույն պահանջներ կիրառվեն, ապա վթարներից կարելի է խուսափել և ատոմային էներգետիկայից էլ բնավ հարկ չի լինի հրաժարվել։ ՉԺՀ-ի նախարարների կաբինետն ընդունեց մի շարք օրենքներ ու դրույթներ երկրում ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ։ Ի դեպ, դրանից հետո շատ կանխատեսողներ ենթադրություններ են անում, որ անվտանգության նոր չափանիշների վերաբերյալ չինացի գիտնականների մշակումներն ամբողջ աշխարհում ատոմային էներգետիկայի վերելք կապահովեն և Չինաստանը կդառնա ատոմային անվտանգ էներգետիկայի զարգացման դրոշակակիր։
Վերջին ժամանակներս Պեկինը «ցուցադրական տեմպերով» ներխուժել է նաև ատոմային էներգետիկայի համաշխարհային շուկա։ Այսպես, ընթացիկ տարվա սկզբին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ այդ երկրների ընկերությունները համաձայնագիր ստորագրեցին միջուկային էներգետիկայի ասպարեզում համագործակցության վերաբերյալ։ Այն առնչվում է կատարելագործված միջուկային ռեակտորների հետազոտության և մշակման, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանների շահագործման ու արդիականացման նոր ծրագրերին (նկատեք, Ֆրանսիան դեռևս ատոմային էներգիայի համաշխարհային հիմնական սպառողներից է, և այդ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 75 %-ից ավելին արտադրվում է ատոմակայաններում)։ Ընդ որում, առանձնահատուկ նշվեց, որ երկրներն սկսել են ատոմային էներգետիկայի ասպարեզում համագործակցել դեռ 30 տարի առաջ, երբ Ֆրանսիան միակ երկիրն էր, որն իր վրա համարձակություն էր վերցրել Չինաստանին օգնություն ցուցաբերելու միջուկային էներգետիկայի տեխնոլոգիաների զարգացման գործում։ Համատեղ միջուկային էներգետիկ ծրագրի իրականացման ընթացքում կուտակված փորձի հիման վրա էլ հենց Չինաստանը յուրացրեց մինչև 10 միլիոն կիլովատտ հզորությամբ ատոմակայանների նախագծման, շինարարության ու շահագործման նոր եղանակները։ Իսկ հիմա ֆրանսիացիներն ընդգծում են, որ «չինական ձեռնարկությունների հետ համալիր և բազմակողմանի համագործակցությունը համախմբում է իրենց դիրքերն իբրև առաջնային գործընկերների»։
Զարգանում են հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ։ Այսպես, երրորդ երկրների տարածքում ատոմակայանների համատեղ շինարարության հնարավորության քննարկումից բացի, չինական կողմը վերջերս «Ռոսատոմին» առաջարկեց լողացող ատոմակայանների «տորմիղի» համատեղ արտադրություն և շահագործում։ Բայց ռուսական շատ փորձագետներ կարծում են, որ թեև Պեկինին կարելի է նորեկ համարել միջազգային ատոմային մրցավազքում (Չինաստանը մինչև վերջերս միայն մի քանի ռեակտոր էր կառուցել Պակիստանում), «եթե նա լրջորեն ձեռնամուխ լինի գործին, ապա կկարողանա շատ վտանգավոր մրցակից դառնալ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի համար»։ Նրանց խիստ անհանգստացրել է Չինաստանի ցանկությունը՝ մասնակցելու Թուրքիայի սևծովյան առափնյա գոտում ատոմակայանների շինարարության մրցույթին, ընդ որում, Պեկինը ոչ միայն կարող է նախագիծն ապահովել բավարար ֆինանսավորմամբ, այլև պատրաստ է Թուրքիային հանձնելու ատոմակայանների կառուցման իր տեխնոլոգիաները և էլեկտրականության գնման երաշխիք էլ չի պահանջում։ Եվ ահա այստեղ մի բան էլ ռուսների համար «խիստ անհաճո» բրիտանական նախադեպը։ Ասենք, առայժմ նրանք իրենց «ռսավարի» հանգստացնում են, թե «չինացիները կարող են արտասահմանում միայն սահմանափակ քանակությամբ ռեակտորներ կառուցել, ընդ որում՝ հին տեխնոլոգիաներով»։
Արդյո՞ք այդպես է։ Աշխարհում կարո՞ղ են, արդյոք, հրապուրիչ դառնալ չինական ատոմային տեխնոլոգիաները։ Սկսած 2000-ական թվականներից, Չինաստանը սկսել է ատոմային նոր շուկա ստեղծել, բայց ազգային ատոմային քաղաքականությունը կողմնորոշվում է դեպի «ցզիչժուհուա» (ինքնավարություն), որը ենթադրում է սեփական տեխնոլոգիաների զարգացում և առավելագույն օգտագործում։ Մինչև հիմա Չինաստանի ատոմային էներգետիկայի բազան ֆրանսիական տեխնոլոգիական նվաճումներն են եղել։ Հատկանշական է, որ Չինաստանում ԱԷԿ-ները դասում են «կանաչ էներգետիկայի» շարքը և համարում են, որ դրանց շինարարության դեպքում անհնար է յոլա գնալ առանց «Ֆեն-շույի» ավանդույթների, այն է՝ «գլխավորն այն է, որ հարևանությամբ կենդանի ջուր լինի»։ Բայց կան նաև պակաս տարաշխարհիկ, բայց և «ոչ ստանդարտ» գիտական մշակումներ։ ՈՒղղություններից մեկն ատոմային էներգետիկայում թորիումի օգտագործումն է և որպես «խաղաղ ատոմի դաշտում նոր դերակատար» դրա կիրառումը։ Որպես տեղեկանք. թորիումը ծանր ռադիոակտիվ մետաղ է, անունը ստացել է ի պատիվ սկանդինավյան որոտի աստված Թորի, կիրառվում է ատոմային էներգետիկայում։ Մեկ տոննա թորիումն արտադրում է այնքան էներգիա, որքան 200 տոննա ուրանը կամ երեքուկես միլիոն տոննա քարածուխը։ Թորիումի ընդհանուր պաշարները երկրագնդի վրա երեք անգամ, գուցե և ավելի, գերազանցում են ուրանի պաշարները։ Եվ ահա, ինչպես նշում են լրատվամիջոցները, «2013-ը Չինաստանում դարձավ թորիումի տարի»։ Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիայում թորիումի ոլորտում հետազոտություններ կատարելու համար պետությունն արդեն հատկացրել է 350 միլիոն դոլար, այդ հետազոտություններում զբաղված է 140 մասնագետ, որոնց թիվը 2015-ին կհասնի 700-ի։ Համարվում է, որ որպես ատոմակայանների վառելիք թորիումի օգտագործումն անչափ շահեկան է մի շարք պատճառներով. նախ, այն շատ տարածված է և հեշտ արդյունահանվող, երկրորդ, ռեակտորների աշխատանքի հետևանքով «զինապլուտոնիում» չի գոյանում, երրորդ, զերծ է անվերահսկելի ռեակցիայի վտանգից։ Թորիումն ինքնըստինքյան ընդունակ չէ տրոհվելու, այն պետք է մշտապես «նեյտրոնահարել», ու եթե կայանքն անջատվում է, ռեակցիան դադարում է։ Իսկ այդ գործոնը շատ կարևոր է Ֆուկուսիմայի վթարից հետո, երբ հենց անվտանգությունն աշխարհում ատոմային էներգետիկայի «վարկի» անկման պատճառ դարձավ։ Այնպես որ, անգամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱՏԷՄԻԳ) է, օրինակ, արդեն խոստովանել, որ ապագան թորիումինն է։ Եվ պատահական չէ, որ ձեռներեց չինացիներն ուզում են թորիումը վերածել ատոմային էներգետիկայի փրկության միջոցի։ Ավելին, ինչպես երկյուղով նշում են ռուս փորձագետները, «իրենց փոքրիկ, բայց հուսալի աշխարհաքաղաքական գործիքի»։ Չինաստանն ուզում է թորիումային տեխնոլոգիայի արտոնագիր ստանալ, իսկ հաշվի առնելով ներդրումների ծավալները, Պեկինը լիովին ընդունակ է հասնելու դրան։ Ավելորդ չէր լինի հիշեցնել նաև, որ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, սկսել է չինացի գիտնականների հետ համագործակցել հաջորդ՝ չորրորդ, սերնդի միջուկային ռեակտորի մշակման ու ստեղծման գործում։ Խոսքը, այսպես կոչված, «վազող ալիքի վրա» գործող ռեակտորի մասին է, որն ընդունակ է աշխատելու «աղքատ ուրանով»։ Նման կայանքում վառելիքի այրումն ընթանում է շատ դանդաղ, ինչը թույլ կտա էլեկտրաէներգիայի արտադրությունը 100 տարի անընդհատ ապահովել առանց լրացուցիչ բեռնման և բանած միջուկային վառելիքի փոխման։ Այդ ռեակտորներն աչքի են ընկնում խնայողությամբ, ոչ մեծ չափսերով, հուսալիությամբ ու էժանությամբ և կարող են զգալի պահանջարկ ունենալ։ Ծրագրված է այդ ռեակտորների առաջին փորձնական նմուշները ներկայացնել արդեն 2030 թ., իսկ այդ նախագծի իրականացման համար հատկացված ընդհանուր գումարը մեկ միլիարդ դոլարից ավելի է։ Այնպես որ, շատ հնարավոր է, որ մի 5-10 տարի հետո Կենտրոնական կայսրությունն ազատվի սպառողի կարգավիճակից և դառնա միջուկային տեխնոլոգիաների առաջատար մատակարար։ Իսկ որ նա հիմա արդեն դարձել է «ատոմի զարգացման շարժիչ ուժ» և ատոմային էներգիայի վերածնության գլխավոր նախաձեռնողներից մեկը, ստիպված են ընդունել նույնիսկ ամենահոռետեսները։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից