ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գտեք որևէ ընդհանրություն, որ տարբերություն չէ

Գտեք որևէ ընդհանրություն, որ տարբերություն չէ
06.10.2013 | 13:42

Ամսվա սկիզբը որոշակիորեն Հայաստանի համար սկսում է տարբերվել մյուս օրերից. սա էլ 2013-ի աշնան առանձնահատկությունն է: Սեպտեմբերին «մաքսայնացվեցինք», հոկտեմբերին «ստրասբուրգվեցինք»: ՀՀ նախագահը, ինչպես նրանից առաջ և նրանից հետո այլ երկրների նախագահներ, ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, հարցերի պատասխանում, և ամեն ինչ նորմալ է, մի քիչ ինքնագովազդ, մի քիչ քննադատություն, խնդիրներ-խոստումներ, ամեն ինչ՝ խաղի ընդունված կանոնների շրջանակներում: Հայաստանի նախագահին, ի թիվս ԵԽԽՎ այլ պատգամավորների, հարց է տալիս Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորը, և այդ հարց ու պատասխանը դառնում է սենսացիա` ստվերում թողնելով թե՛ նախագահի ելույթը, թե՛ մյուս հարց-պատասխանները: Պատահականությո՞ւն է, դիտավորությո՞ւն: Ոչ մեկը, ոչ մյուսը: Օրինաչափություն է: Օրինաչափություն, որ եվրոպական մակարդակով վկայում է Հայաստանի Հանրապետության` իբրև պետության, չկայացածությունը: Առնվազն` բարոյահոգեբանական հարթության մեջ: Եթե Հայաստանի պատգամավորը նման հարց է ուղղում իր երկրի նախագահին, նշանակում է, որ երկրում խախտված է ամենակարևորը` պետության պատվախնդրության ընկալումը: Ամբողջ մեկ ամիս կարևորագույն հարց է դրված եղել քննարկման, ով չի ալարել, իր տեսակետը հայտնել է Մաքսային միության, թե Եվրոպական միության հետ ասոցացում թեմայով` ո՞րն է Հայաստանի համար առավել կարևոր ու կենսական: «Ժառանգության» իրավատեր նախագահն անգամ այդ խնդիրը կապել է երկրի անկախությունը վտանգելու հետ, բայց «Ժառանգության» անդամը և խորհրդարանական խմբակցության պատգամավորը առավել կարևոր համարում է կազինոն: Ինքնաբնութագրական հարց է: Սեփական արժեհամակարգը բացահայտող նախ և առաջ: Բայց և` սեփական քաղաքական անզորությունն ու քաղաքական սնանկությունը: Եվ բնավ ընդդիմադիր պատգամավորի հարց չէ, որովհետև ընդդիմադիր պատգամավորը, իր քաղաքական ուղղվածությունից ելնելով, պարտավոր է պետության մասին մտածելով` առաջարկել և պաշտպանել այլընտրանքային զարգացման իր տեսակետը, ոչ թե երկրի նախագահին ձախողակ խաղամոլի իմիջում հաստատել: Կա նաև մեդալի հակառակ կողմը. առաջին հայացքից անցանկալի այս հարցը հրաշալի հնարավորություն է նախագահի համար` եվրոպական մակարդակով ակնհայտ դարձնելու խորհրդարանական ընդդիմության որակը և չասելով` ասելու. իշխանությանը մեղադրո՞ւմ եք, հիացեք ընդդիմության «մտքի խորությամբ»: Նույնքան հրաշալի, ուղղակի գտնված հնարավորություն է նախագահի համար անբովանդակ սենսացիայի շրջանակներում անխոցելի մնալ իր բավականին խոցելի դիրքերում: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մտածող քաղաքացի, որ, ի դժբախտություն իրեն, ապրում է ոչ միայն հացիվ, այլև բանիվ գիտակցությամբ, բոլոր իրավունքներն ուներ նախագահի ստրասբուրգյան ելույթից, առավել ևս հարց ու պատասխանից ակնկալելու հոդաբաշխ բացատրություն` ի՞նչ եղավ ու ի՞նչ է լինելու հարցերին:

Փաստորեն, Սերժ Սարգսյանի ելույթը իրավիճակի մեկնության ու հայտնիության շրջանակներից ոչ մի քայլ ոչ ներս էր, ոչ դուրս, ոչինչ ոչ հերքվեց, ոչ հաստատվեց: Հայաստանը ներկա է լինելու Վիլնյուսում և պատրաստ է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու, Հայաստանը շարունակում է գնալ դեպի Եվրոպա, բայց 20 տարի շարունակ իր չլուծվող խնդիրներով Հայաստանը չի կարող կատարել այն պահանջները, որ ներկայացնում է Եվրոպան: Եվրոպան, որ չի կատարում իր պարտավորությունները: Հայ-թուրքական հարաբերությունները, փակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի հարցը, Ադրբեջանն իր ավանդական կեցվածքով` որտե՞ղ է Եվրոպան չլուծված հարցերի այս թնջուկում, ո՞ւմ կողմում, ո՞րն է արդարության եվրոպական ընկալումը: Եվրոպան վերջապես որոշակիություն դրսևորելո՞ւ է, թե՞ քաղաքակրթական իր բարձունքից չի իջնելու մինչև մեր կիսաասիական «վայրենիությունը», որ միանշանակ ասի` Հայաստանը կարո՞ղ է ասոցացման համաձայնագիր ստորագրել` առանց խոր և համապարփակ, ազատ առևտրի համաձայնագրի, թե՞ առանց տնտեսական համաձայնագրի ասոցացման քաղաքական համաձայնագիրը լավագույն մտադրությունների հավաստագիր է` ոչինչ չպարտավորեցնող և ոչ մի հետևանք չունեցող փաստաթուղթ: Եվրամիությունը, ընդհանրապես Արևմուտքը, ի վերջո, կողմնորոշվելո՞ւ են, թե ինչ են անում` Հայաստանն իսպառ հանձնում են ռուսական վարձակալությա՞ն, թե՞ ուզում են և պատրաստ են հնարավորություններ ստեղծելու, որ Հայաստանը վերջապես անկախ երկիր դառնա, գործընկեր երկիր, որը կարողանում է իր ներքին ու արտաքին հարցերը իր երկրի ներսում լուծել կամ լուծել հավասարության պայմաններում: Երբ այս հարցերի պատասխանները ստանալու փոխարեն, Հայաստանի պատգամավորները, առավել ևս ընդդիմադիր, գնում են դեպի բացարձակ անհեթեթություն ու հետո էլ հպարտանում, թե ճիշտ հարց են տվել, պատգամավորի թեկնածուի գրանցմանն անհրաժեշտ փաստաթղթերում պարտադիր է դառնում բժշկի վկայականը` մասնավորապես հոգեթերապևտի: «Ժառանգությունը», հարկավ, կասի, որ իր պատգամավորի հարցը նախապես չէր քննարկել, ինչը միանգամայն բնական է. ի վերջո խորհրդարանը նախակրթարան չէ, որտեղ սովորելու են գնում և տնային աշխատանք են կատարում, բայց վերադարձից հետո գոնե պետք է հանձն առնի պարզելու` ինչո՞ւ և ի՞նչ գերագույն նպատակով հարցը տրվեց, ստացա՞վ ակնկալած արդյունքը: Եվ ո՞րն էր այդ արդյունքը: Համենայն դեպս, սա բոլորովին էլ առաջին դեպքը չէ, երբ Զարուհի Փոստանջյանն ինքնատիպության մեջ ինքն իրեն գերազանցում է: Նաև` Ստրասբուրգում:
Հայկական դիվանագիտությունը կարող էր և պարտավոր էր, օգտագործելով հին ու նոր կապերը, նախնական ջանքեր գործադրել նախագահի համար ելույթի և հարցուպատասխանի հնարավորինս «փափուկ» և նպաստավոր պայմաններ ու մթնոլորտ ստեղծելու նպատակով, համաեվրոպական մակարդակով բացատրելով, որ այս իրավիճակում Հայաստանն այլ ելք չունի, որ հիմա Եվրոպան պետք է գործողության մեջ մտնի ու մտնի իրեն ոչ բնորոշ ակտիվությամբ ու արդյունավետությամբ` պահպանելու Հայաստանը հայերի և հենց Եվրոպայի համար: Իրական թվերով ու խոսուն փաստերով բացատրելով, որ տնտեսությունը այս պայմաններում չի զարգանում ու չի կարող զարգանալ, եթե չլինեն դիվերսիֆիկացիայի հնարավորություններ ստեղծող ներդրումներ, եթե շարունակվեն Հայաստանն ամայացնող, Ռուսաստանը շենացնող արտագնա աշխատանքն ու արտագաղթը, եթե Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը մնա և կապվի բացառապես ՀԱՊԿ-ի անհուսալի համաձայնագրի հետ, եթե Լեռնային Ղարաբաղի հարցը ևս մեկ տասնամյակ տրվի Ադրբեջանին իբրև ռազմական հզորությունն ավելացնելու ու հարձակողական զինուժ կուտակելու հիմնավորում: Հավելելով ևս մեկ տասնյակ «եթե»-ներ, որոնք բարձրաձայնվելու պարագայում կորցնում են բանակցային արժեքը, բայց կան իբրև փաստ, հայկական դիվանագիտությունն իրոք ունի Եվրամիության ու Արևմուտքի հետ բանակցելու ազդեցիկ օրակարգ: Օրակարգ, որ թույլ է տալիս հավասարը հավասարի դիրքերում վարել խոսակցությունը, ոչ թե դռան տակ նստել ու սպասել, թե երբ քեզ ներս կկանչեն, որ ասեն` ինչ ես անելու ու ինչ չես անելու, որ մեր դեպքում պակաս կարևոր չէ: Եվ այս խնդիրներում իշխանություն-ընդդիմություն-այլընտրանքություն-այլուրեքություն գոյություն չունեն, այս խնդիրներում կա մեկ շահ` պետության, մեկ նպատակ` պետության, մեկ խնդիր` պետության, անձնականն ու կուսակցականը 64-երորդական նշանակություն ունեն այս դեպքում: Եթե ուզում ես քեզ հարգեն, լուրջ ընդունեն, նախ ինքդ պիտի քեզ հարգես ու քեզ լուրջ պահես: Ե՞րբ է այս գիտակցությունը Հայաստանի քաղաքական էլիտայում դառնալու գիտելիք:
Փոխարենը քննարկման նյութ է դառնում` արժե՞ր Զարուհի Փոստանջյանին ձայնի իրավունքը զիջել և անհեթեթ սկանդալի հնարավորություն տալ: Իսկ գուցե ԱԺ էթիկայի հանձնաժողովը իր վիճելի իրավասությունների ու ընթացակարգերի առկայությամբ հանդերձ` «Ժառանգության» պատգամավորի պահվածքը քննարկի ազգային արժանապատվության, պատգամավորական պատվախնդրության, պարզ բարոյականության, մարդկային տաբուներ ունենալու տեսակետից, բնավ չսահմանափակելով քաղաքական իրավունքներն ու ազատությունները, թե՞ չի գտնվի որևէ կազմակերպություն կամ պատգամավոր, ում այդ հարցը ընդհանրապես հետաքրքրում է:
Իր մաքսային զիգզագներով և եվրոպական լարից չիջնելու պատրաստակամությամբ Հայաստանը ի հայտ է բերում և բացահայտ խոստովանում իր քաղաքական անանկախությունը, որի մեջ մեղադրում է Եվրոպային, Արևմուտքին, Ռուսաստանին, թե ընդունում է նաև իր մեղքը, կարևոր չէ: Կարևորը փաստն է, որից հետևություններ չեն արվում: Ոչ այն պատճառով, որ բավարար գիտակցություն չկա: Չկա բավարար քաղաքական կամք, որովհետև հետևություններ անելուց հետո կոնկրետ քայլեր պետք է անել: Ամբողջ աշխարհը ոչ մեր բարեկամն է, ոչ մեր թշնամին. սա հասկանալու համար գերբնական խելք ու ջանքեր պետք չեն: Վաղուց անտի հաստատված խաղի կանոններ կան, որտեղ մեր հայկական «հնարամտության» վրա կարող են ժպտալ, բարեկրթորեն դուռը ցույց չտալ, բայց և աթոռ չառաջարկել: Ոչ այս քաղաքականությունը վարող իշխանությանը, ոչ այս մակարդակում դոփող ընդդիմությանը: Իսկ ժողովրդին հիշում են սովորաբար ընտրությունների նախօրեին: Պատմությունը բավականին քմահաճ է, բայց սթափ` ճիշտ ընտրության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ջուրը միշտ կա, և դա նրա հիշողությունն է: Ջուրը հոսում է, և դա նրա իմաստնությունն է: Ջուրը արտացոլում է իրեն նայողին, և դա նրա անմիջականությունն է: Ջուրը գոլորշանալուց ու սառցակալելուց հետո էլ մնում է ջուր, և դա նրա հավատարմությունն է: Ջուրը միակն է, որ և երկրի վրա է, և երկրում, և հողի տակ, և դա նրա հավերժությունն է: Ջուրը մաքրում է բոլոր հետքերը, և դա նրա բարությունն է: Ջուրը վերադառնում է, և դա նրա սերն է: Գտեք մարդու և ջրի որևէ ընդհանրություն, որ տարբերություն չէ: Եթե գտնեք, դարձրեք քաղաքականության հիմք և ջրի պես անհաղթ կլինեք:

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ