Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քաղաքական ամառն իր հիմնական պատկերի մեջ

Քաղաքական ամառն  իր հիմնական պատկերի մեջ
20.07.2012 | 04:20

2012-ի հուլիսի վերջ, Հայաստան: Երկրի գոյության բոլոր մյուս հայտանիշներն առայժմ քննարկման հարթություն չբերելով` անդրադառնանք քաղաքական դաշտին հետխորհրդարանական և նախանախագահական ընտրությունների կտրվածքով:

Բաժանումը մնում է առավել քան հստակ:
Իշխանական դաշտում են ՀՀԿ-ն` իր բացարձակ մեծամասնությամբ, ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն` իր պարտիզանական կեցվածքով:
Ընդդիմադիր դաշտում են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»:
Մյուս կուսակցություններին առայժմ չենք անդրադառնում:
Չենք անդրադառնում նաև ժողովրդին, որին ներկայացնելու պատիվն ունեն կուսակցությունները: Առայժմ:
Քաղաքական դաշտում են Հայաստանի Հանրապետության երեք նախագահները. առաջինը` իբրև ընդդիմադիր, երկրորդը` իբրև թոշակառու, երրորդը` գործող: Իշխանական դաշտում երեքն էլ ունեն իրենց հենարան քաղաքական ուժերը, երեքն էլ ձգտում են իշխանության. երկուսը հասնելու, երրորդը` ամրապնդելու և շարունակելու: Եթե հետընտրական ՀՀԿ+ՕԵԿ կոալիցիան ուրվագծում է իշխանության դեմքը և գրեթե ինտրիգի տեղ չի թողնում, առավել քան ինտրիգային է ընդդիմադիր դաշտը: Խորհրդարանական ընտրություններից հետո ոմանք դեռ չկենսագործված հավակնությունների վերքերն են ապաքինում, ոմանք այդ վերքերը խրոխտաբար հաղթանակ են ներկայացնում, ոմանք գտել են առավել քան հարմարավետ հարթություն և տեղավորվել են այնտեղ` սպասելով, որ կգա իրենց ժամանակը, չի գա, այդպես էլ վատ չեն ապրում:
ՀՅԴ-ն բարձրաձայնում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը և առաջարկում խորհրդարանական հանրապետության անցնել` հիմնավորելով կառավարման այդ համակարգի առավելությունները և համարելով, որ Հայաստանի դեպքում այդ մոդելն առավել արդյունավետ կաշխատի: Այլ կուսակցություններ առայժմ չեն կիսում ՀՅԴ-ի ոչ գաղափարները, ոչ էնտուզիազմը այս հարցում: Գոնե չեն բարձրաձայնում իրենց տեսակետները: Սա առավել մշուշոտ և հեռագնա հեռանկար է Հայաստանի համար, եթե ընդհանրապես հնարավոր համարվի: Մասնավորապես` պետք են սահմանադրական փոփոխություններ, ուրեմն և` հանրաքվե, որը ժամանակ է ակնկալում, անհրաժեշտ մթնոլորտ և պայմաններ, որոնք դոմինանտ չեն, եթե ընդհանրապես կան: Խորհրդարանում իր 5-տոկոսանոց ներկայությամբ 2012-ին ՀՅԴ-ն ընդամենը հաստատեց, որ ինքը գործում է քաղաքական դաշտում, բայց հիմնավորապես հրաժեշտ տվեց իշխանության հասնելու հեռանկարին, նվազագույնը 5 տարով: Հայաստանի կյանքը բոլոր ոլորտներում ՀՅԴ-ին լիուլի հնարավորություններ կտա պահպանելու երբեմն չափավոր, երբեմն որոտընդոստ, երբեմն կառուցողական, երբեմն անհաշտ ընդդիմադիրի ոչ միայն կեցվածքը, այլև պահվածքը: Եվ կուսակցությունը կարող է հանգիստ լինել վաստակած դափնիների համար, որոնց տերևներն արդեն չեն նվազի, եթե չավելանան: Հանուն պատշաճության ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում կարող է առաջադրել իր թեկնածուին (ավանդույթները գալիս են դեռ առաջին նախագահական ընտրություններից, Սոս Սարգսյանի նվիրական ոտնահետքերով կարող են գնալ ոչ պակաս արժանավոր ու ականավոր այլ ՀՅԴ-ականներ), կարող է և չառաջադրել` պաշտպանելով այլ կուսակցության ներկայացուցչի, կարող է չպաշտպանել ոչ մեկին` կառչելով խորհրդարանական կառավարման իր տեսակետին:

«Ժառանգությունը», որ քաղաքական դաշտ մտավ իբրև ամերիկյան նախագիծ և Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ հայտնվեց խորհրդարանում առաջին անգամ (երկրորդ նախագահն ինքն է ասել, որ պատգամավորության թեկնածուների ցուցակը համաձայնեցվում էր իր հետ, ճիշտ է` նա ասել է ՀՀԿ-ի մասին, բայց չորրորդ գումարման խորհրդարանի կազմից ակնհայտ է, որ խոսքը չէր կարող չվերաբերել բոլոր պատգամավորներին), երկրորդ անգամ, մնալով ամերիկյան նախագիծ, ընդամենը պահպանեց անվանական դիրքերը, իսկ իրականը մնում է ինտրիգային դաշտում: Եվ խնդիրը բնավ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատ վերցնել-չվերցնելը չէ (ի դեպ, Ընտրական օրենսգիրքն ակնհայտորեն լրացման կարիք ունի` ընտրված պատգամավորը կամ պետք է մինչև առաջին նստաշրջանը հրաժարվի մանդատից, եթե նպատակահարմար չի համարում օրենսդիր աշխատանքը, կամ պարտավոր է աշխատել), անգամ նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելը չէ (բացահայտորեն Րաֆֆի Հովհաննիսյանը, հակառակ իր որոշակի խարիզմատիկ դրսևորումների, Հայաստանի չորրորդ նախագահ լինելու շանսեր ունի տեսականորեն), խնդիրը «Ժառանգության» առաքելությունն է, այն առանձնահատկությունը, որ այս կուսակցությունը տարբերելու է մյուսներից, առանձնահատկությունը, որ այլ կուսակցությունների համեմատությամբ գերադասելու կամ ստորադասելու հնարավորություն է տալու ընտրողին: Առայժմ իրավապաշտպան հասարակական կազմակերպության իմիջը «Ժառանգությանն» ավելի է հաջողվում, քան քաղաքական դաշտում որևէ դերակատարություն: Առավել ևս` համախմբողի ու լիդերի դերը, դեր, որ անցյալ հինգ տարիներին «Ժառանգությունը» լիակատար ձախողումով կատարել է և ուզում է շարունակել: Հավանաբար, այդպես է սահմանված ու այդքանի համար է վճարված:
Խորհրդարանական ընտրություններով ՀԱԿ-ը բացահայտ դարձրեց իր ընտրությունը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կատարել էր շատ ավելի վաղ` մինչև 2008 թվականն ապրած 10 տարիներին: Առաջին նախագահը չընտրեց ժողովրդին: Առաջին նախագահը մնաց ինտրիգային դաշտում, որովհետև փորձառության անցած տասնամյակը նրան միայն ապացույցներ էր տվել, որ ժողովուրդը քաղաքականության մեջ որոշողը չէ: Առաջին նախագահի պատմական պրագմատիզմը թելադրեց նպատակին տանող կարճ ճանապարհի հաշվարկ, որն ինքը պարբերաբար և նրբացված անվանում է «քաղաքագիտական վերլուծություն»: Հաշվարկ, որը նրան պարտադրեց իշխանության հետ հարաբերություններ հարթակից ու փողոցից անկախ հարթության մեջ: Քաղաքական երկխոսությունը կոալիցիայի հետ, որի արդյունքները տեսանելի ու կանխատեսելի էին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ով չէր կարող տեղյակ լինել անդրօվկիանոսյան և ռուսական մանևրներին ու ստիպված էր հանգրվանել սեփական տրամաբանության ու բանականության ուսերին, ՀԱԿ-ի նահանջն էր 2008-ին ժողովրդի հետ նվաճած իր դիրքերից: ՀԱԿ-ը հարկադրված էր նահանջել, կանխավ ապահովելով երաշխիքներ, որ պահպանելու է դեմքն ու ավելացնելու քաղաքական կշիռը: Քաղբանտարկյալներին ազատ արձակելուց, մի քանի տարի Ազատության հրապարակի ժողովրդին պահպանելուց հետո գոնե փոքրիկ, բայց տեսանելի հաղթանակ էր պետք ՀԱԿ-ին, մինչդեռ խաղի կեսին խաղի պայմանները փոխվեցին և ՀԱԿ-ՀՀԿ (ճիշտ է` ՀԱԿ-ը բանակցում էր կոալիցիայի հետ, բայց ակնհայտ էր, որ շախմատ խաղում են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը) երկխոսությունը գնաց այն ճանապարհով, որ ձեռնտու էր ՀՀԿ-ին: Երաշխիքները չաշխատեցին, և Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական պրագմատիզմն արեց մնացած միակ հնարավոր քայլը. նա որոշեց օգտագործել տիրակալների հազարամյակներով իրեն արդարացրած սկզբունքը` «Բաժանիր, որ տիրես»: Այդպես սկսվեց անվերապահ սերը առ ԲՀԿ: Առաջին նախագահը ոչ միայն զգաց, ոչ միայն հասկացավ, ոչ միայն համոզվեց, այլև փաստի առաջ կանգնեց, որ անդրօվկիանոսյան արևն իրեն ոչ լուսավորում, ոչ տաքացնում է, իսկ ռուսական դաշտում նա արդեն մենակ չէր, նա միակից դարձավ շարքային, ընդդիմության առաջնորդը հավասարվեց ընդդիմադիրներին, ովքեր Քրիստոսի ծննդից առաջ էլ աշխարհում արդարություն, հավասարություն ու երջանկություն են որոնել, ոմանք հավատում են, որ մինչև Քրիստոսի երկրորդ հայտնությունը կգտնեն: Գործնականում նա ընտրում էր` ընտրություն չունենալով. եթե եռանկյան մի անկյունից ինքդ ես հեռացել, մյուսից քեզ են հեռացնում, մնում է երրորդ անկյունը միայն: Անգամ եթե այդ անկյունը բազմաբնակ է: Ի պատիվ առաջին նախագահի` նա փորձում է փոփոխական հաջողությամբ գոնե այդ մարտում պահել դեմքն ու դիրքը: Փորձում է և, այլ խաղ չունենալով, հարկադրված է չհասկացված մարգարեի քղամիդը ուսերին առած` առաջ մղել իր մունետիկներին, որ ավետեն իր հաղթական գալուստը, բայց նրան արդեն ոչ ոք չի սպասում: Որքան էլ մունետիկները հաղթանակ-հաղթանակ հանգերգեն, մարդիկ իրական հաղթողներին թողած` չեն լսելու նրանց կոչ ու կանչերը: Առաջին նախագահը նաև ստոիկաբար է դիմակայում զինակիցների կորստին: Ճիշտ է` մեկ-մեկ իրեն թույլ է տալիս մարդկային դրսևորումներ և թուլությունն արտահայտում է նրանց այլևայլ որակումներ տալով` մոռանալով, որ ինքն էր ասել` ժամանակը ցույց կտա, ով է ճիշտ: «Հանրապետության» դուրս գալը ՀԱԿ-ից վաղուց արդեն անակնկալ չէր, բայց ակնհայտորեն ՀԱԿ-ը և անձամբ առաջին նախագահը չէին սպասում, որ Արամ Սարգսյանը` քաղաքական դաշտի թիվ մեկ քրիստոնյան, կհեռանա: Իսկ Արամ Սարգսյանն էլ իմաստ չէր տեսնում իր սկզբունքներին ու տեսակետներին հակառակ ընթացքը շարունակելու մեջ, թեկուզ գիտեր, որ, հեռանալով ՀԱԿ-ից, կարող է գնալ ոչ մի տեղ: Որքան էլ պարադոքսալ է, ՀԱԿ-ում ընտրություն չուներ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց իրական ընտրություն ունեին ու ունեն թե՛ կուսակցությունների ղեկավարները, թե՛ անհատները (Դավիթ Շահնազարյանը հենց այդ ընտրության իրավունքն օգտագործեց, Հրանտ Բագրատյանն էլ երկար ընտրում էր` ՀԱ՞Կ, թե՞ ԲՀԿ` որտե՞ղ է կյանքն ավելի ապահով ու ցուցակն ավելի խոստումնալից): Լևոն Զուրաբյանն արդեն սկսել է մունետիկել առաջին նախագահի առաջադրման գաղափարը 2013-ի նախագահական ընտրություններում, բայց պատմությունը սովորեցնում է, որ մունետիկները բարձրաձայնում են որոշումները, իրենք որոշումների կայացման հետ կապ չունեն, անգամ եթե խորհրդարանական խմբակցության ղեկավար են: Երկրորդ անգամ նույն պարտության գետը Լևոն Տեր-Պետրոսյանի պրագմատիզմը նրան կարգելի մտնել, նա նախագահական ընտրություններում այլևս թեկնածու չի առաջադրվի, եթե իրավիճակը 180 աստիճանով չփոխվի, բայց նման փոփոխություն 2012-ի ամառը չի խոստանում: Թերևս` աշունն էլ: ՀԱԿ-ն այլևս այն կամրջին է, որ երկու ափերը ոչ թե միացնում, այլ բաժանում է: Վերադարձ դեպի հարթակ և հրապարակ` անիմաստ է, այնտեղ այլևս չկա ոչ 2008-ի, ոչ արաբական գարնան հովերով ակտիվացած ժողովուրդը, իսկ մենակ մնալ կարելի է նաև խորհրդարանում` ավելի քաղաքակիրթ է, քաղաքականապես օրինաչափ, օրինաչափորեն հեռանկարային:
Հարցերի հարցը մնում է ժողովուրդը, ում 2008-ին ոգեկոչեց և ումից այդպես անգլիական հեռացավ ՀԱԿ-ը, ում պարբերաբար տուն էին ուղարկում Կարեն Դեմիրճյանը 1998-ին, Ստեփան Դեմիրճյանը 2003-ին... Ժողովուրդը, որի ոչ մի հարց լուծված չէ, ժողովուրդը, որ քվեարկության երկու տարբերակ է սովորել` ոտքերով և փողով: Առաջին դեպքում արտագաղթում է, երկրորդ դեպքում` ապահովում վճարողի հաղթանակը: Ո՞Ւմ հետ կլինի ժողովուրդը, և ո՞վ կլինի ժողովրդի կողքին, ինչպե՞ս Հայաստանի քաղաքական դաշտը դարձնել հայկական և Հայաստանի քաղաքական կուսակցությունների որոշումների ընդունումն ապահովել Հայաստանի Հանրապետության սահմաններում` ահա հարցերի ու հարցերի հարցի պատասխանը:
Հուլիսյան Հայաստանի քաղաքական դաշտը, որքան էլ անձրևային երաշտը մշուշի ու խորհրդավորության պատրանքներ պարգևի, շատ պարզ պատկեր ունի` 2013-ի նախագահական ընտրություններից հետո ո՞վ ինչո՞վ է զբաղվելու խնդրի լուծման որոնումները վերադասավորում են բոլոր հայտնիներին անհայտ դիրքում: Բայց այդ մասին` արար երկրորդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ