Սիրելի՛ հայ ժողովուրդ,
ես ուզում եմ մի կարևորագույն հարցի շուրջ միասին խորհենք մարդկային և անկողմնակալ տրամաբանությամբ:
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի Լեռնային Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանը զինված ուժեր չունի։
Հայաստանի ընդդիմությունը ցույցեր է անում Երևանում՝ հայտարարելով, որ պետք է իշխանությունը փոխենք, որպեսզի փրկենք Արցախը։
Հայ ժողովրդի մեծ մասը՝ միգուցե ցավը սրտում, բայց փաստացի ապրում է իր կյանքով և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում։
Մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ այդ ռուս խաղաղապահները մեր՝ հայերիս փոխարեն Արցախում մեր հայրենակիցներին են սատարում, աջակցում, պաշտպանում՝ վտանգելով և զոհելով սեփական կյանքը։
Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելը նյարդայնանցում է ադրբեջանցիներին, որովհետև նրանց ներկայությունը թույլ չի տալիս նույնիսկ այն իրավիճակում, երբ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և ռուս խաղաղապահն այսօր փաստացի կանգնած է Ադրբեջանի տարածքում թույլ չտալով բնաջնջելու արցախահայությանը։
Մի՞թե դժվար է հասկանալ, որ ամբողջ աշխարհում միայն ու միայն մեզ՝ հայերիս է հարկավոր, որ ռուս խաղաղապահները լինեն Արցախում․․․
Փաստացի ռուս խաղաղապահները հայի փոխարեն հայ են պաշտպանում Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս ճանաչված Արցախում և շնորհակալություն ստանալու փոխարեն քննադատություններ ու վիրավորանքներն են ստանում Հայաստանի իշխանությունից, ընդդիմությունից, իր առօրյա կյանքով ապրող հայ ժողովրդից։ Եվ փաստացի Արցախում մեր հայրենակիցներին պաշտպանում, օգնում և իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր եղբայր ռուս խաղաղապահները։
Եվ այս ամենը գիտակցելով, ինչպե՞ս կարող է բանական մարդը այդ ռուս խաղաղապահներին շնորհակալություն ասելու փոխարեն՝ քննադատի, վիրավորի…
Սիրելի՛ ժողովուրդ, ժամանակն է ուշքի գալու, որպեսզի ավելի լուրջ փորձանքների մեջ չհայտնվենք։
Մհեր ԱՎԵՏԻՍՅԱՆ